Այսօր Նուբարաշեն վարչական շրջանից մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը:

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը, հիշեցնենք, գլխավորում է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:«Նառան դարձել է մեր ֆիգարոն, ֆիգըռը տու՛տ, ֆիգըռը տա՛մ, աղբի մեքենայի վրա, դագաղների խանութում, տրանսպորտում, հեծանիվով՝ Հրազդան ձորում: Նաիրա վպերյո՜դ»,- ասաց ԲՀԿ անդամ Գեղամ Մելիքսեթյանը՝ հավաքվածներին ներկայացնելով իրենց թեկնածուին:

Կուսակցության անդամներն ասացին, որ քարորզարշավը Նուբարաշեն համայնքից սկսելն ունի իր օբյեկտիվ պատճառները, որոնցից մեկը մայրաքաղաքի ամենախնդրահարույց այս թաղամասի եւ առհասարակ Երեւանի ծայրամասերի վրա ուշադրություն գրավելն է:

Խոսելով քարոզարշավը Նուբարաշենից սկսելու մասին՝ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նուբարաշենը մեր ցավն է, Երեւանի աղետի գոտիներից մեկը: Տարիներ շարունակ մենք անցնում ենք աղբավայրի կողքով եւ անհարմար զգում նայել ձեր աչքերին: Երեք տարի առաջ Ազգային ժողովը վավերացրեց հերթական վարկը, եւ այստեղ պիտի կառուցվեր աղբի վերամշակման գործարան: Գործարանը, բնականաբար, չկառուցվեց, եւ երբ փորձում ես գտնել պատասխանատուներին, եւ պարզել, թե ինչու չի կատարվել պետության պարտավորությունը՝ հասկանում ես, որ մեզ հերթական անգամ խաբել են, կողոպտել, գցել, իսկ պետությունն էլ դրա համար ամեն ամիս տուգանք է մուծում միջազգային բանկերից մեկին»:

Խոսելով նախկին իշխանությունների մասին՝ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ երկար տարիներ եղել է մեկ ուժի քաղաքական մենաշնորհ, եւ որ հեղափոխությունը նրա համար էր, որ այլեւս չլինի մեկ ուժի քաղաքականություն, այլապես երբեք չի լինի իրական ժողովրդավարություն:

«Ես կարող եմ առանց ամաչելու, բաց ճակատով նայել ձեր աչքերին, որովհետեւ արել եմ իմ հնարավորությունների առավելագույնը, թե՛ մեր խորհրդարանում, թե՛ միջազգային կառույցներում, ես ամաչելու բան չունեմ՝ ձեզ նայելուց»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս խոստացավ, որ ինքը չի լինելու կաբինետային քաղաքապետ: «Ես չեմ ունենալու թիկնապահներ, որովհետեւ երեւանցու հետ թիկնապահների բարիկադով չպիտի խոսել, ես ամեն օր ոտքով շրջելու եմ մեր ու ձեր բոլորի փողոցներում: Դուք եք ինձ հուշելու, թե այս կամ այն խնդիրն ինչպես պետք է ճիշտ լուծվի, որովհետեւ հենց դուք եք ամեն օր, ամեն պահի ապրում այդ խնդիրների մեջ:

Քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ Երեւանից այլեւս ոչ-ոք ոչինչ չի գողանալու, եւ որ ինքը ուժեղ է լինելու բոլոր ուժային կառույցներից. «Երեւանում ազգային անվտանգություն էլ չի լինելու, ուժայիններ չեն լինելու, որովհետեւ, եթե քաղաքապետն անկաշառ է՝ ներքեւում որեւէ մեկը չի համարձակվի որեւէ լումա վերցնել»:

Նաիրա Զոհրաբյանը խոստացավ, որ միակ ուժը լինելու է օրենքի ուժը, իսկ առաջնային քայլերից մեկը Երեւանում ապօրինի շինությունների դադարեցումն է, քանի որ քաղաքը ապօրինի շինթույլտվություններից աղավաղվել է: Վերջինս ասաց, որ կիսում է ժողովրդի մտահոգությունները՝ կապված իրենց քվեն ճիշտ տեղ հասցնելու եւ արդար ընտրությունների հետ, սակայն վստահություն հայտնեց, որ այս անգամ ամեն ինչ լինելու է արդար:

«Քաղաքային իշխանությունում ժողովրդի վստահությունը ստանալուց հետո սկսելու ենք թոփ 5 խնդիրները լուծել: Բացի Երեւանի գլոբալ խնդիրներից, մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ յուրաքանչուր վարչական շրջանի սպեցիֆիկ խնդիրների վերաբերյալ: Երեւանի վերականգնումը սկսվելու է քաղաքի ծայրամասերից, Նուբարաշեններից»,-եզրափակեց նա:

ԲՀԿ անդամ Գեղամ Մելիքսեթյանի համոզմամբ՝ Հայաստանում թշնամներ չկան, այստեղ միակ թշնամին աղքատությունն է, գործազրկությունն ու արտագաղթը:

«Հին պատմության մեջ մի օրինակ կար, ասում էին ինչու են հռոմեական զորքերը հզոր, որովհետեւ իրենց առաջից գնում էին լեգիոնները, բարձրաձայնում ամեն ինչ: Դիմավորեք, հզոր գաղափարների եւ ուժի տեր, ժողովրդի պաշտպան, մեր Կեսար Գագիկ Ծառուկյան»- գովաբանական խոսքերի ներքո Գեղամ Մելիքսեթյանը խոսափողը տրամադրեց Գագիկ Ծառուկյանին:

ԲՀԿ առաջնորդը քարորզարշավի եզրափակիչ խոսքում ներկաներին հերթական անգամ հիշեցրեց, որ ինքը գործի մարդ է: «Կան խնդիրներ, կա լուծում: Մենք գործի մարդ ենք: Մենք ոչ թե պաշտոնի կարիք ունենք, այլ մեր խնդիրն է՝ ապացուցել, որ կարող ենք կազմակերպել ոչ թե խոսքերով, այլ մեր ապրածով, մեր արածով, մեր հարգանքով»-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի ամենակարեւոր հինգ կետերը՝ աղբահանության, երթեւեկության, ապօրինի շինությունների դադարեցման, վթարային շենքերի եւ վերելակների խնդիրները:

ԲՀԿ առաջնորդը նուբարաշենցիներին հիշեցրեց, թե ինչպես է նրանց խնդրանքով սպորտ դպրոց կառուցել եւ թե ինչպես է իրենց բոլոր խնդիրներին ականջալուր եղել, մատնացույց արեց իր կառուցած եկեղեցին, որի հարակից տարածքում էլ ընթանում էր քարոզարշավը:

«Մենք անուն ունենք, ճանաչում ունենք, հարգանք, ձեռագիր ունենք, արած գործ ունենք, որ ոլորտին մասնակցել ենք, ձեռք տվել՝ չորը կանաչացրել ենք»,- ասաց Ծառուկյանը: Նա վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից, թե ժողովուրդն ում կընտրի, իրենք շնորհավորելու են եւ չեն նեղանալու, քանզի ընտրությունները անձնական հարցեր չեն:

Վերջինս վստահություն հայտնեց, որ աշխարհում չի կարող գտնվել մեկը, որը կասի, թե Ծառուկյանը մի բան ասեց ու չարեց: «Եթե ես մի բան ասել եմ, ուրեմն իմացեք՝ անհնարինը հնարավոր կսարքեմ, եթե, իհարկե, ես եմ ասել:»,-ասաց նա: Հավելեց, որ ճի՛շտ է, նախորդ իշխանություների կողմից բյուջեն անխնա ծախսվել է, սակայն ինքն իր գրպանից գումար կդնի եւ մինչեւ մյուս տարի բոլոր խնդիրները կկարգավորի:

ՀԺ-ի դիտարկումը, թե ահազանգ է հնչում եւ տարատեսակ լուրեր են պտտվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումարներ բաժանելով ու կաշառք տալով է զբաղված՝ Ծառուկյանը խիստ վրդովվեց: Վերջինս ասաց, որ ցեխ են շպրտում իրենց վրա եւ որ դա միայն շանտաժ է:

«Էդ ո՞վ է ցեխ շպրտում մեր վրա: Մենք այսօր ներկայացնում ենք մեր ծրագրերը, որոնք պատրաստ ենք իրագործելու, խնդրները լուծելու: Եթե մենք փող բաժանենք, որ երեւանցին մեզ ձայն տա՝ իր խնդիրները լուծելու համար, այդ քաղաքացին մեզնից էլ ի՞նչ կարող է պահանջել»,-ասաց Ծառուկյանը՝ եզրափակելով՝ եթե ինչ-որ մեկին կբռնեն փող բաժանելիս, ապա թող խստագույն պատիժ տան:

Տպել
6662 դիտում

Անակնկալ ստուգումներ Երևանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետևանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել նոր քննության. Ռոբերտ Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին