Լիբերմանը Հարավային Կովկասում էր. իսրայելա-ադրբեջանական գործընկերության վտանգները

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 12-ին եւ 13-ին այցելել էր Վրաստան եւ Ադրբեջան: Վրաստանում Լիբերմանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Մամուկա Բախտաձեի, պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Դա Իսրայելի պաշտպանության նախարարի առաջին այցն էր Վրաստան:

Լիբերմանն իր վրացի գործընկերների հետ քննարկել է նաեւ Իրանում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը: Նրա այցի ընթացքում Վրաստանի եւ Իսրայելի միջեւ ստորագրվեց կիբերանվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հռչակագիր: Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարի՝ նախանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները:

«Ինչ վերաբերվում է պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ մենք հստակեցրինք չորս հիմնական ուղղություն. կիբերանվտանգություն, պահեստային ծառայության ստեղծման աջակցություն, ահաբեկչության դեմ պայքար եւ հայրենիքի պաշտպանություն», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Այդուհանդերձ, այցի մանրամասները չեն հրապարակվում: Շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ Իսրայելի եւ Վրաստանի ռազմական համագործակցությունը կարող է բացասաբար ընդունվել Ռուսաստանում՝ կապված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտության հետ: Իսրայելը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին:

Լիբերմանի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվությունն էլ ավելի աղքատիկ է: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ առկա տնտեսական, ռազմական, մշակութային եւ զբոսաշրջային ոլորտներում հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Լիբերմանը վստահություն է հայտնել, որ իր այցը կնպաստի համագործակցության խորացմանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Լիբերմանի այցի նախօրեին հրապարակած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ այցի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգությանը եւ ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Իսրայելի համագործակցությանը վերաբերող հարցեր: Թե՛ տարածաշրջանային անվտանգությունը, թե՛ Ադրբեջանի ռազմական համագործակցությունը, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանի համար:

Լիբերմանի՝ Վրաստան կատարած այցը կարելի է դիտարկել որպես վրաց-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցությունը վերակենդանացնելու փորձ: Մինչեւ 2008 թ. պատերազմը Վրաստանի եւ Իսրայելի հարաբերություններն այս հարթությունում շատ խորն էին: Ինչպես հետագայում պարզվեց՝ դրա մեջ իր զգալի ավանդն ուներ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, էթնիկ հրեա Դավիթ Կեզերաշվիլին, որը պաշտոնանկությունից հետո հայտնվեց խոշոր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, իսկ վրաց-իսրայելական ռազմատեխնիկական համագործակցությունը աստիճանաբար սառեց:

Ադրբեջանի պարագայում իրավիճակն այլ է: Իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցությունը բավական խորը արմատներ ունի, որոնց վրա, դատելով Լիբերմանի այցից, բացասական հետք չի թողել անգամ Aeronautics defense systems-ի հետ կապված սկանդալը: Ինչեւէ, այս հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին հայտնի կդառնա, ամենայն հավանականությամբ, պոստֆակտում: Ադրբեջանցի փորձագետների շրջանում կարծիքներ են հնչում, որ հանդիպման ընթացքում առաջընթաց կգրանցվի երկու երկրների ռազմաարդյունաբերական համագործակցության, ինչպես նաեւ այլ ուժային կառույցների ենթակայության տակ գտնվող ոլորտներում:

Վերջինը հատկապես հետաքրքրական է Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում: Հարկ է հիշել, որ 2014 թ. օգոստոսին Իրանի օդային տարածքում էր հայտնվել Ադրբեջանից բաց թողնված հետախուզական ԱԹՍ: Իսկ այս տարվա ապրիլին Իսրայելի վարչապետը ներկայացրել էր փաստաթղթեր, որոնցում իբր ապացուցվում էր Իրանի կողմից միջուկային ծրագրի շարունակում: Այդ փաստաթղթերը եւս կարող էին Իսրայելում հայտնվել Ադրբեջանի օգնությամբ: Իսկ մեկ շաբաթ առաջ Լիբերմանը հարցազրույց էր տվել Ազատություն ռադիոկայանի իրանական ծառայությանը եւ կոշտ քննադատության արժանացրել Իրանի իշխանություններին՝ նշելով, որ չի հանդուրժի Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում:

Իրանը, բնականաբար, եւս մտահոգ է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների խորացմամբ: Իսրայելը Իրանի կողմից դիտարկվում է որպես ակնհայտ թշնամական երկիր, ուստի այդ մտահոգությունները բացասաբար են ազդում նախեւառաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: Բաքվում էլ պարբերաբար կասկածում են Իրանին հակակառավարական կրոնական ուժերին սատարելու մեջ, ուստի, կարելի է ասել, որ Ադրբեջանը բոլոր հետեւանքները գիտակցելով է գնում Իսրայելի հետ մերձեցմանը:

Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական համագործակցությունը մտահոգիչ է նաեւ Հայաստանի համար: Այդուհանդերձ, խանգարել դրան մենք ի զորու չենք, իսկ հայ-իսրայելական հարաբերությունները, չնայած դեռեւս մինչեւ հեղափոխությունը տեղի ունեցած որոշակի աշխուժացմանը, այն մակարդակի վրա չեն, որպեսզի Իսրայելը՝ հարգելով այդ հարաբերությունները, հրաժարվի Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունից: Թեեւ, փորձը ցույց է տալիս, որ անգամ դաշնակցային հարաբերությունները խոչընդոտ չեն դաշնակցի հակառակորդին զենք վաճառելու համար:

Տպել
527 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց