Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

20/10/2018 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 14-ի համարում:

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունից մի քանի ժամ առաջ՝ հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան, ձերբակալվել է «Ռայթ իրավաբանական խումբ» կազմակերպության նախագահ, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Ռայթի» անունն առաջին անգամ հնչեց այս տարվա գարնանը, երբ Վահե Գրիգորյանը եւ նրա գործընկեր Կարո Բադալյանը ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ անվտանգության մարմինները ճնշում են գործադրում իրենց վրա: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին նրանց գրասենյակ եւ ստիպել տեղեկություններ հայտնել իրենց հաճախորդների՝ Գլխավոր պողոտայի բնակիչների մասին, որոնք դիմել են կազմակերպությանն իրավաբանական օգնություն ստանալու եւ իրենց շահերը դատարանում ներկայացնելու խնդրով:

Ասուլիսից 10-15 օր անց՝ հունիսի 10-ին, ԱԱԾ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում քրեական գործ է հարուցվել «դեպքի» առիթով, որի հիման վրա հետագայում էլ մեղադրանք է առաջադրվել «Գլխավոր պողոտա» կոչվող աֆյորայի իրականացմանը խոչընդոտող  երիտասարդ փաստաբանին: Երեկ հրավիրված ասուլիսում նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Վահե Գրիգորյանին մեկ տարի շարունակ հետապնդել են, անգամ անվտանգության մարմիններն առաջարկել են համագործակցել իրենց հետ՝ տեղեկություններ տալ հաճախորդների մասին, բայց նա գրավոր մերժել է այդ առաջարկը:

Հունիսի 10-ից սկսած Վ.Գրիգորյանին որպես վկա պարբերաբար հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, սակայն քանի որ փաստաբաններին օրենքը թույլատրում է իրենց «գործունեության ընթացքում հայտնի դարձած հանգամանքների մասին» ցուցմունք չտալ, ուստի նա հրաժարվել է ցուցմունք տալուց: Գործի են դրվել հին, փորձված «կագեբեական» մեթոդները՝ ճնշում են գործադրել մի անձնավորության նկատմամբ, որի որդին 2003-ին օգտվել է «Ռայթի» ծառայություններից: Մարդուն սպառնացել են գործ հարուցել իր եւ որդու նկատմամբ, բացատրել են, որ միեւնույն է՝ Վահեին չի կարող փրկել՝ նա նստելու է, ավելի լավ է մտածի իր ընտանիքի մասին, եւ 65-ամյա, սրտի հիվանդությամբ տառապող (մարտին սրտի վիրահատություն է տարել), ճարտարագիտականի դասախոս մարդը չի դիմացել շանտաժին ու դարձել է զրպարտիչ: 

Ցուցմունք տալու հաջորդ օրը նա գրավոր դիմել է մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտարարելով, որ անմեղ մարդու է զրպարտել եւ զղջում է դրա համար: Սակայն ցուցմունքը բավական է եղել Վահե Գրիգորյանին ձերբակալելու համար: Հոկտեմբերի 10-ին քննիչը կալանքի սանկցիայով մտել է Կենտրոն դատարան: Դատավոր Հրաչ Հովհաննիսյանը երեկոյան ժամը 8-ին սկսել է քննել միջնորդությունը: Ի պաշտպանություն Վահե Գրիգորյանի 10 փաստաբան են մասնակցել այդ խայտառակ նիստին: Կալանելու հիմքերը դատարանում այդպես էլ չեն հրապարակվել՝ հայտարարել են, որ դա նախաքննության գաղտնիք է, փաստորեն՝ պաշտպանական կողմին զրկել են հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից, բայց նիստի տեւողությունից (9 ժամ) հասկանալի է, որ միջնորդությունն այնքան անհիմն է եղել, որ անգամ Հրաչ Հովհաննիսյանի ձեռքը չի գնացել կալանքի սանկցիան տալու:

Ժամը 10:30-ին լրացել է մեղադրյալին կալանքի տակ պահելու 72 ժամը, եւ փաստաբանները միջնորդել են Վահեին անհապաղ ազատել, բայց դատարանը չի քննել ո՛չ այդ միջնորդությունը, ո՛չ էլ իրեն հայտնված բացարկները: Նիստն ավարտվել է առավոտյան 5-ին՝ 6,5 ժամ մարդը պահվել է ապօրինի կալանքի տակ: Լուսադեմին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «վտանգավոր» հանցագործ Վ.Գրիգորյանը կալանավորվել է: Այժմ՝ մեղադրանքի մասին: Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 178-ի 3-րդ մասով՝ խարդախություն՝ 4-8 տարի ազատազրկում եւ 325-ի 2-րդ մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: 2003թ. Վահե Գրիգորյանը տնտեսական դատարանում ներկայացրել է «Կռեյն» ընկերության շահերը:

Ընկերությունը ավելացված արժեքի հարկի գծով մոտ 23 մլն դրամի գերավճար է ունեցել, որն ըստ օրենքի ենթակա է վերադարձման: Բայց քանի որ մեզանում ընդունված չէ  պետությունից նման գումարներ ստանալը՝ սովորաբար տնտեսվարող  սուբյեկտները «հրաժարվում» են իրենց գումարներից՝ հօգուտ բյուջեի, ուստի ընկերության տնօրենը, որը գտնվում է ԱՄՆ-ում, որոշել է իր փողը ետ ստանալ դատական կարգով: Նա պայմանագիր է կնքել «Ռայթի» հետ եւ լիազորել Վահե Գրիգորյանին՝ դատարանում ներկայացնելու իր շահերը: Տնտեսական դատարանը բավարարել է հայցը, ապա վճռաբեկ դատարանը մերժել է ֆիննախի բողոքը՝ հաստատելով տնտեսականի վճիռը: Այդ օրից անցել է 2 տարի, «Ռայթ իրավաբանական խումբը» սկսել է զբաղվել Բուզանդի փողոցից բռնագաղթված անձանց գործերով, 4 ընտանիքների դիմումները Վ.Գրիգորյանն արդեն ուղարկել է Եվրոդատարան:

Սրանք այն ընտանիքներն են, որոնք հրաժարվել են պայմանագրեր կնքելուց եւ փոխհատուցման գումարները մինչ օրս չեն ստացել: Սա զայրացրել է իշխանությանը, եւ հրահանգ է իջեցվել՝ ամեն գնով գործ սարքել տաքգլուխ փաստաբանի նկատմամբ: ԱԱԾ-ն փորփրել է բոլոր հնարավոր ուղղություններով, վերջապես մի «լուսավոր» գլուխ հիշել է «Կռեյնի» գործը: ԱԱԾ են բերել «Կռեյն»-ի տնօրենի հորը եւ ստիպել են ցուցմունք տալ, որ ինքը փաստաթղթեր է կեղծել, այդ մասին իմացել է նաեւ Վահե Գրիգորյանը, սակայն դրանցով դիմել է դատարան ու շահել դատը: Ապա՝ ստացված գումարից 3 հազար դոլար Վ.Գրիգորյանն իրեն է տվել, իսկ գումարի մնացած մասը ըստ մեղադրանքի՝ յուրացրել, իսկ իրականում՝ փոխանցել ընկերության ղեկավարի նշած հասցեով:

Անգամ այս սուղ ինֆորմացիայից բազում հարցեր են ծագում՝ ո՞ւմ գույքն է «խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով» հափշտակել Գրիգորյանը: Ենթադրվում է, որ պետք է լինի տուժող, որի հայտարարության հիման վրա հարուցվի քրգործը՝ չկա: Ինչո՞ւ չի գործ հարուցվել «վկայի» նկատմամբ, որը խոստովանել է իր կատարած կեղծիքի մասին: Ի՞նչ կարծիքի է այս ամենի մասին ԱՄՆ-ում գտնվող անձը՝ ընկերության տնօրենը: Պաշտպանական տակտիկային չվնասելու նպատակով ձեռնպահ ենք մնում ավելին հրապարկելուց, միայն նշենք, որ Գրիգորյանի անմեղության օգտին խոսող փաստերը դատարանում պայթյուն են առաջացնելու:

Ազատություն Վահեին

Հոկտեմբերի 7-ին ձերբակալված Վահե Գրիգորյանը այն 14 անձանցից է, որ փաստաբանական արտոնագիր է ստացել այս տարվա գարնանը՝ դատական կարգով: Նա 30 տարեկան է, համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո ծառայության է մեկնել Ղարաբաղ, որտեղ նրան առաջարկել են աշխատել զինդատախազության համակարգում: Նա զինդատախազության քննիչ է աշխատել, դատախազի օգնական, ապա դիմում է գրել եւ կամովին ազատվել աշխատանքից ու ստեղծել «Ռայթ իրավաբանական խումբ» կազմակերպությունը, որը իրավաբանական ծառայություններ է մատուցել տարբեր անձանց: Երեկ ի պաշտպանություն Վահե Գրիգորյանի հրավիրված ասուլիսում ներկա էին նաեւ նրա վստահորդները՝ Բուզանդի փողոցի բնակիչները:

Նրանք սիրով ու գորովանքով էին արտահայտվում երիտասարդ փաստաբանի մասին: «Գիտե՞ք, ինչ ազնիվ մարդ էր, մեկ տարի է զբաղվում է իմ գործով, դեռ մի դրամ չեմ վճարել, ի՞նչ յուրացման մասին կարող է խոսք լինել՝ պատահել է նա իր գրպանից է կլիենտի պետտուրքը վճարել»,- ասում էր մի տարեց մարդ: «Բարեկիրթ, հոգատար մարդ է Վահեն, երբ ինքը խոսում էր՝ մենք հանգստանում էինք»,- ասում էր Բուզանդի փողոցից վտարված մի կին: Կողքից մի տղամարդ անընդհատ կրկնում էր. «Մեզ մեր տները չեն հետաքրքրում, մենք ուզում ենք մեր Վահեին ազատել»:

Քաղբանտարկյալ է

Ասուլիսի մասնակից փաստաբանները՝ Տիգրան Աթանեսյանը, Ռուբեն Ռշտունին, Արթուր Գրիգորյանը, Հակոբ Թադեւոսյանը, Զառա Դանիելյանը, միակարծիք էին՝ Վահե Գրիգորյանի կալանքը պայմանավորված է նրա մասնագիտական եւ քաղաքացիական դիրքորոշմամբ: Նրանց կարծիքով՝ Հայաստանն իր հարեւանների նկատմամբ զրկվեց մի մեծ առավելությունից՝ քաղբանտարկյալ ունեցավ: «Սա մարտահրավեր է փաստաբանությանը, սպառնալիք՝ փաստաբանական ինստիտուտին, ոտնձգություն՝ ժողովրդավարությանը: Մեզնից յուրաքանչյուրը, փաստորեն, պոտենցիալ մեղադրյալ է եւ կարող է ցանկացած պահի հայտնվել Վահեի վիճակում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Վահե Գրիգորյանն արդարացվի, եւ այս խայտառակ դեպքը ամեն գնով հասցնելու ենք միջազգային հանրությանը»,- ասում էին փաստաբանները: Ասուլիսից հետո մեզ հետ կապվեց փաստաբան Ենոք Ազարյանը եւ ասաց, որ մի խումբ փաստաբաններով որոշել են միջնորդել դատախազությանը՝ փոխել Վահե Գրիգորյանի խափանման միջոցը, իրենք ճանաչում են Վահեին եւ երաշխավորում են նրա համար:

Արմինե Օհանյան

Տպել
1361 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին