Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո ԵՄ ներկայացուցիչները պարբերաբար ակնարկում էին, որ «կոնկրետ քայլեր, այլ ոչ թե խոսքեր են» ակնկալում Հայաստանից: Հետհեղափոխական շրջանում ակնարկներն ավելի հստակ դարձան: Հուլիսի 16-ին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ ԵՄ-ն ակնկալում է հայ գործընկերներից «հստակ գաղափարներ լսել»: «Հստակ գաղափարների» թեզը կարմիր գծով էր անցնում դեսպանի խոսքում եւ ասված էր ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման, որ իր բրյուսելյան այցի ընթացքում ԵՄ առաջնորդների կողմից, բացի հաճոյախոսություններից այլ բան չի հնչել:

Սվիտալսկու հուլիսյան ասուլիսի հիմնական ասելիքն այն էր, որ Հայաստանի կողմից ԵՄ հանդեպ քաղաքականության մեջ փոփոխություն չկա՝ ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության մեջ: Այլ կերպ ասած՝ Սվիտալսկին ակնարկում էր ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման անհրաժեշտության մասին:

Հետխորհրդային տարածքում արտաքին վեկտորի կտրուկ փոփոխությամբ հեղափոխությունների լավագույն օրինակները Վրաստանի 2003 թ. «վարդերի» եւ Ուկրաինայի 2004 թ. «նարնջագույն» հեղափոխություններն են: Դրանց իրոք հաջորդել է տնտեսական աճի որոշակի շրջան ապահովել՝ նաեւ ԵՄ օգնությամբ:

Միայն 2004-ից 2006 թթ. Վրաստանի ստացած արտաքին օգնության ծավալը կազմել է շուրջ 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար: Ճիշտ է, 2008 թ. պատերազմից հետո Վրաստանը զրկվեց արտաքին կապիտալի զգալի մասից եւ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, հայտնվեց ծանր իրավիճակում: Համանման իրավիճակ էր նաեւ Ուկրաինայում 2004 թ. «նարնջագույն հեղափոխությունից» հետո, թեեւ մինչ հեղափոխությունն էլ Ուկրաինայի տնտեսական աճը տպավորիչ էր:

Սակայն, այստեղ ի հայտ է գալիս այն հանգամանքը, որ վերոնշյալ երկրների աշխարհաքաղաքական ուղղվածության փոփոխությունը, թեեւ քողարկված, բայց դրված էր հեղափոխությունների հիմքում: Ռուսական իրականությունում մինչ օրս տեսնում են այդ հեղափոխությունների «արեւմտյան հետքը»:

Միգուցե հենց այդ իրականությունը հաշվի առնելով՝ հուլիսյան ասուլիսի ընթացքում, խոսելով Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների մասին, Սվիտալսկին շեշտել էր, որ հարաբերությունների հիմքը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է՝ այդպիսով բավական լայն տարածք թողնելով հետագա խուսավարումների համար:

Նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ Սվիտալսկու գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրին: Փաշինյանն ընդգծել է ՀԸԳՀ կարեւորությունը, որն «ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը եւ ներքին բարեփոխումները մեր երկրում»: Սվիտալսկին իր հերթին համոզմունք է հայտնել, որ համաձայնագրի շրջանակում կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանում համապարփակ եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչմանը:

Ինչ վերաբերվում է համաձայնագրին, ապա դրա իրականացման ճանապարհային քարտեզը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մշակվել էր դեռեւս ս.թ. հունիսին եւ, Փաշինյանի խոսքով՝ արդեն իսկ փոխանցվել է ԵՄ-ի քննարկմանը: Այս համատեքստում հետաքրքրական է վարչապետի պաշտոնակատարի անդրադարձը ԵՄ-ի կողմից աջակցությանը: Նա, մասնավորապես, նշել է, որ հայ հասարակությունը ավելի մեծ աջակցություն է ակնկալում ԵՄ-ից:

«Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունը եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն»,- ասել է Փաշինյանը:

Սակայն, դրանից զատ Փաշինյանը կարեւորել է առեւտրաշրջանառության եւ ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այսինքն, խոսքը փոխշահավետ տնտեսական համագործակցության, ոչ թե օգնության մասին է:

«Հստակ գաղափարների» տեսանկյունից կարեւոր է նաեւ այն, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Խոսելով դրանց մասին՝ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարեւոր նշանակություն կունենան երկրում ժողովրդավարության ամրապնդման համար: Սվիտալսկին իր հերթին համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ: 

«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին», - ընդգծել է նա: 

Այսպիսով, կարծես, ՀԸԳՀ ճանապարհային քարտեզը բավարարել է Սվիտալսկուն «հստակ գաղափարների» առումով, իսկ առաջիկա ընտրությունները դրա կիրառելիության եւ արդյունավետության առաջին ցուցիչն են լինելու: Ինչ վերաբերվում է տնտեսական համագործակցության սերտացմանը՝ դա ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում՝ արտաքին վեկտոր փոխելու ակնարկներ այլեւս չեն արվում:

Տպել
786 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞