Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

20/11/2018 schedule19:25

Երեկ մենք հրապարակել էինք ԱԺ-ում աշխատող Կարինե Հարությունյանի բողոքը՝ կապված շենքի ներսում տիրող իրավիճակի, ամենաթողության եւ իր աշխատանքը կորցնելու վտանգի հետ:

Հիշեցնենք, ըստ աշխատակցի, ԱԺ-ում տեղի ունեցող անօրինությունները սկիզբ են առել Արա Սաղաթելյանի աշխատանքի անցնելուց հետո:

Ի պատասխան ահազանգի, ԱԺ հանրային կապերի բաժինը ներկայացնում է պատասխան, որը հրապարակում ենք առանց խմբագրման. 

Ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատող Կարինե Հարությունյանի կողմից armtimes.com լրատվական կայքին հայտնած կեղծ տեղեկություններին և զրպարտություններին

ՀՀ ԱԺ աշխատակազմում աշխատող Կարինե Հարությունյանը armtimes.com լրատվական կայքին հայտնել է ամբողջությամբ սուտ տեղեկություններ, որն իր անառողջ երևակայության հետևանքի ծնունդ է, ինչը զուգորդվել է բազմաթիվ զրպարտություններով և նպատակ ունի ստվերել ԱԺ աշխատակազմում իրականացված և իրականացվող բազմաթիվ բարեփոխումները։ Կարինե Հարությունյանը զրպարտչական գործողություններ իրականացնելու և մտացածին տեղեկություններ հայտնելու միջոցով զուր ջանքեր է գործադրում լուծելու իր նեղ անձնական հարցերը։ Հավասար այլ պայմաններում նյութի հեղինակը պարզապես կկանչվեր դատական պատասխանատվության՝ զրպարտության և կեղծ տեղեկություններ տարածելու առթիվ։ Այս փուլում զերծ կմնանք Կարինե Հարությունյանին դատական պատասխանատվության կանչելուց և հանրությանը կներկայացնենք մանրամասն պատասխան հրապարակված ակնհայտ կեղծ տեղեկությունների մասին։

Այսպես, զրպարտողը հայտնել է.

  1. «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում նոր թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են, իբր, աշխատակազմում ամեն ինչից անկախ ապահովվում է բնականոն գործունեությունը: Իհարկե, նոր չէ, որ ԱԺ աշխատակազմում խախտվում են օրենսդրական ու բարոյական նորմերը, սակայն նման խայտառակ ու ակնհայտ ապօրինություններ չեն եղել (ինչի մասին շշուկով խոսում են աշխատակազմում գրեթե բոլորը)»:

Պատասխան։ Տիկնոջ այս պնդումը ծիծաղելի է առնվազն այն պարզ պատճառով, որ վերջինս արդեն առնվազն 6 անգամ նույն պնդմամբ դիմել է դատարան, իսկ դատարանը հայցադիմումները 6 անգամն էլ վերադարձրել է մատնանշելով տիկնոջ կողմից թույլ այնպիսի թերություններ, որոնք թույլ չէին տա նույնիսկ իրավաբանական բուհերի առաջին կուրսի միջին առաջադիմությամբ սովորող ուսանողները։ Հանրությունը բազմաթիվ առիթներ արդեն ունեցել է տեսնելու, որ աշխատակազմն ամեն ինչից անկախ մշտապես ապահովում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Ինչ վերաբերվում է աշխատակազմում գրեթե բոլոր աշխատողների շշուկով խոսելուն, ապա դա հերքվում է այն պարզ իրողությամբ, որ բացի Կարինե Հարությունյանից որևէ աշխատող (շուրջ 50 աշխատող արդեն ատեստավորվել է) երբևէ չի խուսափել ատեստավորումից կամ մրցույթից։ Ի դեպ, Կարինե Հարությունյանը պարբերաբար խուսափել է անգամ ատեստավորման մասին տեղեկացման թերթիկը ստանալու ամենասովորական պրոցեսից։

  1. «Այսպես, դեռ 2017թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած, երբ եկավ աշխատակազմի նորանշանակ ղեկավար (հետո դարձավ նաև գլխավոր քարտուղար) Արա Սաղաթելյանը, հայտարարվեց այն մասին, որ աշխատակազմը ուռճացված է ու ենթակա է կրճատման: Սակայն իրական նպատակը Ս.Սարգսյանի աշխատակազմի/թիմի համար տեղեր ազատելն էր: Ծանոթանալով և քննարկելով, թերևս, իրավական տեսանկյունից պետծառայողների և պետբյուջեի համար ոչ այդքան հաջող արդեն փոփոխված օրենսդրությանը, որոշվեց նորից փոփոխել համապատասխան օրենսդրությունը՝ «կատարելագործելով» և ամրագրելով կոռուպցիոն գործիքակազմերը և իրականացնել կառուցվածքային «փոփոխություններ»»:

Պատասխան։ Վերոնշյալ մեջբերված ամբողջ պարբերության մեջ չկա գեթ մեկ նախադասություն, որ չպարունակի ակնհայտ կեղծ ու ստահոդ տեղեկություններ։ Արա Սաղաթելյանն աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակվել նույն կարգադրությամբ, այն պարզ պատճառով, որ այդ պաշտոնի անվանումն է հենց այդպիսին։ Դեռևս պարոն Սաղաթելյանի նշանակումից տարիներ առաջ ընդունված օրենքով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարը միաժամանակ հանդիսանում է ԱԺ գլխավոր քարտուղարը։ Արա Սաղաթելյանը երբևէ չի հայտարարել, թե աշխատակազմն ուռճացված է, այլ մշտապես հայտարարվել է, որ Աշխատակազմում պետք է իրականացվեն լայն ծավալով բարեփոխումներ, որի մեծ մասն էլ արդեն իրողություն է։ Բարեփոխումների աշխատանքները շարունակվում են մինչ օրս։ Ս.Սարգսյանի թիմից Ազգային ժողովի աշխատակազմ մինչ օրս որևէ մեկը չի տեղափոխվել։ Ա.Սաղաթելյանին աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար նշանակելուց հետո Աշխատակազմում պետական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Կառուցվածքային փոփոխությունները կատարվել են ԱԺ խորհրդի որոշմամբ, որի բարձր արդյունավետությունն ապացուցվել է Աշխատակազմի գործունեության ընթացքում։ Կառուցվածքային փոփոխությունների ողջ գործընթացում հնարավոր չէ գտնել կոռուպցիոն անգամ մեկ հնարավորություն։ Սա ևս ապացուցվել է Աշխատակազմի գործունեության ընթացքում։

  1. «Ստացված «պատվիրանների» իրագործման համար ընտրվեց «ատեստավորումը»՝ սրընթաց ու անփութորեն փոփոխելով, հարմարեցնելով համապատասխան օրենսդրությունը, այդ թվում՝ աշխատակարգերը: Դրանք բազմաթիվ իրավական թերություններով և բացթողումներով հաստատվել են ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ: Այս դեպքում «խաղի կանոնները» փոփոխվեցին «խաղի» ընթացքում՝ ամրագրելով նպատակներին հարմար կոռուպցիոն մեխանիզմներ: Ատեստավորումը սկսեց կիրառվել որպես ոչ յուրայիններից ազատվելու արդյունավետ միջոց: Իսկ Օրենքով նախատեսված արտամրցութային կարգով նշանակումներն ու ձևական մրցույթները կիրառվեցին հիմնականում յուրայինների համար»։

Պատասխան։ Կարինե Հարությունյանի հայտնած երևակայական մտքերի հերթական պարբերությունը, որում կրկին բոլոր նախադասությունները պարունակում եմ կեղծիք, սուտ ու զրպարտություն։ Ատեստավորման պարտադիր պայմանն օրենքի ուժով ընդունվել է դեռևս 2009 թվականին, իսկ Կարինե Հարությունյանի պնդումն այն մասին, թե դա 2017 թվականին հարմարեցվել է կոնկրետ նպատակի համար, մեկ անգամ ևս հաստատում է այն փաստը, որ նա պարզապես չի տիրապետում իր համար պարտադիր իմանալու ենթակա իրավական ակտերը։ Տիկինը պնդում է, թե իբր ատեստավորումը սկսվել է կիրառվել որպես յուրայիններից ազատվելու արդյունավետ միջոց։ Այս պնդումը ծիծաղելի է այն պարզ պատճառով, որ 2017 թվականից մինչ օրս ատեստավորում են անցել շուրջ 50 պետական ծառայողներ, որոնցից չեն կարողացել հաղթահարել ատեստավորումն ընդամենը 4 պետական ծառայող։ Նշված 4 պետական ծառայողներն էլ հետագայում մասնակցել են Աշխատակազմում առկա ուրիշ թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթներին և ճանաչվել հաղթողներ ու նշանակվել այդ պաշտոններում։ Միակ դեպքն աշխատակազմում, որ պետական ծառայողը խուսափել ու խուսափում է ատեստավորմանը մասնակցելուց դա հենց Կարինե Հարությունյանն է։ Ինչ վերաբերվում է արտամրցութային նշանակումներն իբր յուրայինների համար կիրառելուն, ապա Կարինե Հարությունյանն իր դիմումի համաձայն հենց արտամրցութային կարգով է նշանակվել ներկայիս պաշտոնում։ Հարց է առաջանում, ովքե՞ր են այդ յուրայինները, որոնցից մեկն էլ, ըստ տիկնոջ տրամաբանության, պետք է հենց ինքը լինի։ Սկսած 2017 թվականի օգոստոսից Աշխատակազմում իրականացված բոլոր ատեստավորումները, բոլոր մրցույթները տեսաձայնագրվել են և պահպանվում են արխիվում, ուստի պնդումը, թե մրցույթները ձևական բնույթ են կրում, առնվազն ծիծաղելի է։

  1. Հաջորդ անհեթեթ միտքն է՝ «Բավական է ծանոթանալ վերջին մեկուկես տարվա ընթացքում կադրերի տեղաշարժերին ու նոր ընդունվածների հրամաններին, որ հասկանալի և ակնհայտ դառնա ԱԺ աշխատակազմի ղեկավարության գործելաոճը: Ի սկզբանե, թիրախավորել էին 3-4 վարչությունների՝ հիմնականում բարձր պաշտոնները (Արտաքին կապերի, Իրավաբանական, Տեղեկատվական...երևի իրենց մտերիմները հենց այդ ոլորտի «մասնագետներ» են)»։

Պատասխան։ Կարինե Հարությունյանը կիրառում է ամենապրիմիտիվ հնարքը, այն է՝ չասելով ոչինչ ստեղծել տպավորություն, թե ինչ-որ բան է ասում։ Մեջբերված պարբերության հենց առաջին նախադասությունն անբովանդակ նախադասություն է։ Իբր թիրախավորված վարչություններից առաջինում (արտաքին կապեր), որ մատնանշում է ինքը, որևէ բարձր պաշտոն զբաղեցնողի տեղաշարժ պարզապես չի եղել։ Իրավաբանական ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում հիմնականում տեղի են ունեցել բնական առաջխաղացումներ, օրինակ՝ վարչության պետի նախկին տեղակալը նշանակվել է վարչության պետ, քանի որ նախկին պետն այլ աշխատանքի է անցել այլ համակարգում։ Նույն վարչության գլխավոր մասնագետը նշանակվել է բաժնի պետ։ Աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդականը նշանակվել է բաժնի պետ։ Այս բոլոր առաջխաղացմամբ նշանակումները լավագույնս արտահայտում են լավ աշխատանքը գնահատելու կարևոր սկզբունքի կիրառումն Աշխատակազմում։ Ինչ վերաբերվում է տեղեկատվական և վերլուծական վարչությանը, ապա վարչության պետն ու տեղակալը չեն կարողացել հաղթահարել ատեստավորումը, ինչի հետևանքով ազատվել են զբաղեցրած պաշտոններից, բայց ինչպես արդեն նշել ենք, նրանք մասնակցելով մրցույթների նշանակվել են այլ պաշտոններում։ Ի դեպ, նշված վարչության պետի ու տեղակալի պաշտոններն ազատման պահից մինչև հիմա թափուր են, հետևաբար անհիմն են պնդումները, թե այդ պաշտոններն ազատվել են կոնկրետ անձանց նշանակելու նպատակով։ Նշված պաշտոնների համար մրցույթներն արդեն հայտարարված են և ցանկացողները կարող են մասնակցել դրանց։

  1. Կարինե Հարությունյանը, փաստորեն, չի զսպել իրեն անգամ ամենապրիմիտիվ ստախոսությունը չհրապարակելուն։ Հայտնել է, թե իբր՝ «Սկզբից ոմանց բանավոր առաջարկվեց զիջել պաշտոնները: Մի քանիսը համաձայնեցին, մյուս մասը մասնակցեցին ատեստավորման: Ես չհամաձայնեցի զիջել պաշտոնս ու ենթարկվեցի ճնշումների: Բողոքարկեցի՝ սկզբից վերադասության՝ հետո դատական կարգով»։

Պատասխան։ Այս սուտը պետք է դասել ստոր ստերի շարքին, քանի որ այդպիսի բան պարզապես գոյություն չունի։ Չկա որևէ աշխատող, որին առաջարկվել է զիջել պաշտոնը։ Հետևաբար` չկա նաև չեղած առաջարկն ընդունող։ Ատեստավորման մասնակցել են ատեստավորման ենթակա պետական ծառայողների 90 տոկոսը, իսկ մնացյալ 10 տոկոսի ատեստավորման գործընթացն ընթացքում է։

Ինչ վերաբերվում է իբր իր կողմից պաշտոնը «չզիջելուն», ապա անգամ այստեղ է տիկինը խեղաթյուրել իրականությունը։ Այսպես, Կարինե Հարությունյանը շուրջ 50 պետական ծառայողների հետ միաժամանակ ստանալով ատեստավորմանը մասնակցելու տեղեկացումը նախ չի ներկայացել դրան, այնուհետև դիմել է խնդրանքով, որ իրեն արտամրցութային կարգով նշանակեն այլ ստորաբաժանման ավելի ցածր պաշտոնի։ Հաշվի առնելով, որ հավակնում է ավելի ցածր պաշտոնի, խնդրանքն ընդունվել է և օրենքի ուժով կատարվել է արտամրցութային նշանակում։ Հետագայում, երբ արդեն նոր պաշտոնի համար տեղեկացվել է ատեստավորում անցնելու մասին, ինքն այն բողոքարկել է պնդումով, թե պաշտոնի փոփոխության դեպքում ինքն առնվազն երեք տարի ենթակա չէ ատեստավորման, մինչդեռ՝ պետական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքը արտամրցութային նշանակման դեպքում ամրագրում է, որ արտամրցույթով նշանակված պետական ծառայողը ենթակա պարտադիր ատեստավորման։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ Կարինե Հարությունյանը խնդրել էր իրեն նշանակել այլ պաշտոնի կարծելով, թե այդ դեպքում ինքը կազատվի ատեստավորումից։ Այնուհետև ինքը նույն պնդմամբ դիմել է դատարան, իսկ դատարանը պարզապես վերադարձրել է հայցադիմումը։

  1. Կարինե Հարությունյանի անառողջ երևակայության հաջորդ դրսևորումն է, թե իբր՝ «Ամիսներ շարունակ դատավորները տարբեր սխալ, անիմաստ և ձևական պատճառաբանությամբ և մանիպուլյացաներով գործը, որը տրոհվել է արդեն 2 մասի, վարույթ չէին ընդունում (չէ որ ԱԺ-ն է պատասխանողը, բացի այդ, Արսեն Բաբայանը՝ Հր.Թովմասյանի մտերիմը՝ և ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարի տեղակալը Հր. Թովմասյանի հետ միասին ոչ վաղ անցյալում նշանակել են և վերահսկել են գործող դատավորներին, իսկ հիմա հրահանգում են նրանց: Իրավաբանական վարչության պետ Գարեգին Պետրոսյանի (որը նույնպես Հր.Թովմասյանի մտերիմն է և նրա հրահանգով 2 տարի շարունակ վարչության հին աշխատակիցներին հանձնարարականներ չտալով, խոչընդոտում էր իրավաբանական վարչության 2 բաժինների հիմնական գործառույթների իրականացմանը) հայրը` ՀՀ վճռաբեկ դատարանի գործող դատավոր է, ինչը մյուս ատյանների դատավորների համար նույնպես կաշկանդող հանգամանք է)»։

Պատասխան։ Մինչ այս տրված մեր պատասխաններից ակնհայտ է դառնում, որ Կարինե Հարությունյանն իրավաբանությունից պարզապես չունի անհրաժեշտ և բավարար գիտելիքներ, հետևաբար՝ դատարանի գործողություններին իր կողմից տրված գնահատականները, մեղմ ասած, սեփական եսի մասին թերի պատկերացումներ ունենալու հետևանք է։ Տիկնոջ կողմից ստեր տարածելու մոլուցքն այնքան խրոնիկ բնույթ է կրում, որ սկսում է ստեր հրապարակել ակնհայտ իրողություններին հակառակ։ Մասնավորապես, Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կենսագրությունը վաղուց հրապարակված է, որտեղից պարզ է դառնում, որ վերջինս երբևէ նշանակված չի եղել այնպիսի պաշտոնի, որը հնարավորություն կտար վերահսկել գործող դատավորներին։ Ավելին, իրավաբանի դիպլոմ ունեցող տիկինն անգամ չգիտի, որ դատավորները չեն կարող ունենալ որևէ վերահսկող։ Իրավական փորձաքննության վարչության ներկայիս պետ Գարեգին Պետրոսյանը երկար տարիներ աշխատելով նույն վարչության պետի տեղակալ առաջխաղացմամբ նշանակվել է վարչության պետ, երբ վարչության նախկին պետն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատված է եղել աշխատանքից։ Հետևաբար, բացի աշխատանքային հարաբերություններից չէր կարող որևէ այլ հարաբերություն ուշադրության արժանանար։ Իրավաբան համարվող տիկինն անգամ չգիտի, որ վճռաբեկ դատարանի դատավորը չի կարող ունենալ որևէ վերադասություն որևէ այլ դատավորի նկատմամբ, ինչը կարող էր որևէ դատավորի կաշկանդել։ Սրանք պարզագույն գիտելիքներ են, որոնք պարտավոր է ունենալ նույնիսկ իրավաբանական բուհ ընդունվել ցանկացողը։ Ինչ վերաբերվում է Գարեգին Պետրոսյանի կողմից իր ենթակայությամբ աշխատողներին հանձնարարություններ իբր չտալուն, ապա Աշխատակազմում առկա էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով արձանագրված է ամբողջությամբ հակառակ պատկերը։

  1. Տիկնոջ պնդմամբ՝ «Մեկ շաբաթ առաջ վերջապես Վարչական դատարանը հայցս ընդունեց վարույթ, ինչը ենթադրում է՝ համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի, որ «ատեստավորման» գործընթացը պետք է կասեցվեր: Անհրաժեշտության դեպքում «ատեստավորումը» օգտագործվում է որպես հարկադրանքի կամ պատժի միջոց պետծառայողների նկատմամբ: Ինձ դա վերաբերում է առաջին հերթին: Իսկ արտամրցութային կամ պայմանագրային կարգով նշանակումները կիրառում են որպես նվեր, հետագայում կազմակերպելով ձևական մրցույթներ՝ նշանակումները ամրապնդելու համար, ինչը այս պահին արդեն հապշտապ իրականացվում է թվով 29 թափուր պաշտոնների համար հայտարարված 18.10.2018թ. (ս.թ.նոյեմբերի 20,21,22,23,27-ին նշանակված), 25.10.2018թ. (ս.թ.նոյեմբերի 26,27,28-ին, դեկտեմբերի 3,4,5-ին նշանակված), 01.11.2018թ. (ս.թ.նոյեմբերի 15-ին նշանակված), 14.11.2018թ (ս.թ.դեկտեմբերի 14,17,18-ին նշանակված), 16.11.2018թ. (ս.թ.դեկտեմբերի 17,19,20-ին նշանակված) մրցույթների միջոցով): Բայց չէ՞ որ ԱԺ ապարատը հայտարարվել էր ուռճացված և դրա պատճառով էր այն, իբր, ենթարկվել կառուցվածքային փոփոխության»։

Պատասխան։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կիրառման մասին Կարինե Հարությունյանը գրավոր հայտնել է նաև Աշխատակազմին, ինչի առնչությամբ տրվել է սպառիչ պարզաբանում։ Մասնավորապես այն, որ 83-րդ հոդվածը որևէ կապ չունի ատեստավորման արդյունքներն ամփոփող արձանագրությունների և դրա արդյունքում ընդունված որոշման հետ։ Արդեն խոսել ենք այն մասին, որ տիկինը նշանակվել է հենց արտամրցութային կարգով, ուստի պնդումը, թե արտամրցութային կարգով նշանակումը կիրառվում է որպես նվեր, ապա ինքը թող համարի, որ իրեն նվեր ենք մատուցել, թեև՝ արտամրցութային նշանակման համար օրենքով նախատեսված բոլոր պայմանները բավարարել է։ Ինչ վերաբերվում է հայտարարված մրցույթներին, ապա դրանք բաց են մասնակցության համար, դրանց ողջ ընթացքը տեսաձայնագրվում է, հետևաբար՝ անհեթեթ է դրանց օբյեկտիվությունը կասկածի տակ առնելը։

  1. Հերթական ստի համաձայն՝ «Բացի դա, «ատեստավորումը» բոլորի համար չէր, այլ ընտրովի պաշտոնների համար, ինչի մասին վկայում են այն հրամանները, որոնց նախնական ցուցակում ներառված էին թվով 10 պետծառայողներ, սակայն իրականում կամայականորեն ատեստավորվել են ընդամենը 2-ը»։

Պատասխան։ Տիկինը պարզապես ստում է. նախնական և վերջնական ցուցակում եղել են ոչ թե 10, այլ շուրջ 50 պետական ծառայողներ։ Դրանցից ատեստավորվել են շուրջ 40-ը, իսկ ինքը խուսափել է։ Մնացած պետական ծառայողների ատեստավորման գործընթացն ընթացքում է։ Ի դեպ, այդ ցուցակները չեն կարող լինել հրամաններ, քանի որ օրենքով է նախատեսված, թե երբ և որ պետական ծառայողը պետք է անցնի ատեստավորում։

  1. Ավելի զարգացնելով սեփական երևակայությունը, տիկինը պնդում է, թե՝ «Ինձ անհիմն տրվել է «խիստ նկատողություն»: Հետո մի քանի անգամ «հատուկ» վերաբերմունք է դրսևորվել ատեստավորման անիրական հարցաշարերի միջոցով: Հետո, լինելով բուժման ընթացքում, ինձ առաջարկվեց պաշտոնի իջեցում, հակառակ դեպքում ես կազատվեի աշխատանքից: Այլ ելք չէր մնում ու ես համաձայնեցի՝ պայմանով, որ կհանվի անօրինական «Խիստ նկատողությունը» և կպահպանվի աշխատավարձիս չափը: Խոստացան, բայց... խոստումը չպահեցին: Դիմեցի դատարան: Եւ այս ամենը արվում էր Հր.Թովմասյանի մյուս սանիկի՝ Գոհար Մելոյանի համար (ով ԱԺ Իրավաբանական վարչության նախկին պետ Հայկ Սարգսյանի կինն է և ով դեռ մրցույթ չանցած, քանիցս ատեստավորման հանձնաժողովի անդամի կարգավիճակում փորձում է ինձ ատեստավորել): Ես այն բողոքարկեցի վերադասության կարգով, քանի որ նախ իրավաբան եմ ու բոլորը զարմացած ինձ հետևյալ հարցն էին ուղղում. «Ո՞նց, քե՞զ էլ»: Դա ավելի էր պարտավորեցնում գոնե ինքս իմ իրավունքները պաշտպանելու հարցում:»

Պատասխան։ Իր կարծիքով տրված անհիմն «խիստ նկատողությունը» Կարինե Հարությունյանը փորձել է վիճարկել նաև դատարանում, սակայն դատարանը կրկին վերադարձրել է հայցադիմումը։ Հետևաբար` խոսել տրված խիստ նկատողության անհիմն լինելու մասին պարզապես անհեթեթ է։ Ինչպես արդեն ասել ենք՝ տիկին Հարությունյանն ինքն է խնդրել արտամրցութային նշանակման համար, որի վերաբերյալ անձնական գործում առկա է համաձայնությունն իր կողմից ստորագրված։ Նպատակն ակնհայտ է, ենթադրել է, թե տեղափոխման արդյունքում երեք տարով կազատվի ատեստավորումից։ Ինչ վերաբերվում է Գոհար Մելոյանին, ապա վերջինս երկու ամիս աշխատել է Աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդական, այդ ամբողջ ընթացքում Կարինե Հարությունյանի նախկին պաշտոնը եղել է թափուր։ Հետևաբար` անտրամաբանական ու անմիտ է այն պնդումը, թե որևէ մեկի համար որևէ պաշտոն է ազատվել։

  1. Հաջորդ զրպարտությամբ տիկինը հայտնում է, թե իբր՝ «Դատարան դիմելուց հետո նոր իջեցված պաշտոնում կրկին կանչվեցի ատեստավորվելու, այն էլ օրենքի պահանջների բազմաթիվ խախտումներով: Գրավոր դիմում առարկություններ ներկայացրեցի ատեստավորումից առաջ, բայց նորից ոչ մի արձագանք: Այդ պատճառով հենց «ատեստավորման» ժամանակ ներկայացրեցի հիմնավորված առարկություններս, բայց Արսեն Բաբայանը ասաց, որ հարցերիս ատեստավորման հանձնաժողովը լիազորված չէ պատասխանելու (ու քանի որ ես հրավիրել էի լրագրողի և պատգամավորի, որոնք հետո հրաժարվեցին իրենց առաքելությունից), ես այդպես էլ ըստ էության պատասխան չստացա և ավելին՝ ինձ նորից կանչեցին անօրինական (քանի որ վարչական դատարանում հայց ունեմ) ատեստավորման: Նպատակը ակնհայտ է՝ազատվել դատարան դիմած և գլխացավանք դարձած պետծառայողից, որի պաշտոնը արդեն ապօրինաբար՝ պայմանագրային կարգով զբաղեցրել է Հր.Թովմասյանի սանիկ Գոհար Մելոյանը ու որը պետք է շատ շտապ «մրցույթ»-ում հաղթող ճանաչվի: Նույնը վստահորեն կարելի է ասել այլ հայտարարված մրցույթների համար»։

Պատասխան։ Փաստորեն այս վերջին պարբերությամբ Կարինե Հարությունյանը վերջնականապես հաստատում է մեր այն պնդումը, որ ինքը կարծել է, թե արտամրցույթով նշանակվելու դեպքում երեք տարով կազատվի ատեստավորումից, ինչն էլ ամբողջությամբ հաստատում է այն, որ վերջինիս միակ ու հիմնական նպատակն ատեստավորում չանցնելն է։ Համադրելով սա Կարինե Հարությունյանի ատեստավորման վերջին փորձին, որտեղ վերջինս լրագրողի ներկայությամբ ապացուցեց, որ չի տիրապետում աշխատանքային հմտություններին և չունի անհրաժեշտ գիտելիքներ, հասկանում ենք, որ ամենասովորական պարտադիր ատեստավորման գործընթացի «քաղաքականացումը» հետապնդում է սոսկ մեկ անառողջ նպատակ. քողարկել գիտելիքների անբավարարությունը և դրանով փորձ կատարելու լուծել նեղ անձնական հարցեր։

Ի դեպ, Կարինե Հարությունյանի ատեստավորման ողջ ընթացքը տեսաձայնագրված, որն իրեն հատկացվել է։ Եթե տիկինը համոզված է իր պնդումներում, ապա կարող է պարզապես հրապարակել այն, ինչն ամբողջությամբ հակառակը կապացուցի։ Ավելին, եթե տիկինը ցանկանա, ապա այդ տեսաձայնագրությունը կհրապարակվի Աշխատակազմի կողմից։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Կարինե Հարությունյանն անգամ քննադատել է իր հրավերով նշված ատեստավորմանը որպես դիտորդ մասնակցած պատգամավորին և լրագրողին։

Հարգելի խմբագրություն,

հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կետ առ կետ հերքվեց Կարինե Հարությունյանի հիվանդ երևակայության հետևանքները, առաջարկում ենք կայքից հեռացնել ապատեղեկատվությունն ու զրպարտությունը։ 

Հ.Գ. Երևակայությանն այդքան զոռ տալով՝ «Հակահեղափոխությունն ուժգնանում է» վերնագրի հնարման վրա ժամանակ ծախսելու փոխարեն ավելի լավ է պարզապես մեկ անգամ կարդալ այն օրենքները, որոնց իմացությունը պարտադիր է յուրաքանչյուր պետական ծառայողի համար։ 

Լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար                        Հրայր Զորյան 

Տպել
878 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ