Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես

03/02/2015 schedule10:03

Շաբաթ օրը անհավատալի իրադարձություն է տեղի ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում: ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչների եւ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության համակարգող, Արցախի ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա ղեկավարած ավտոերթի տասնյակ մասնակիցներ: ԼՂՀ ոստիկաններն ու նրանց «օգնականները» ջարդուփշուր են արել երթի մասնակիցների տասնյակ ավտոմեքենաներ: Երթի մասնակիցները հազիվ են հեռացել դեպքի վայրից՝ վերադառնալով Երեւան: Հիմնադիր Խորհրդարանի ձախողված ավտոերթը դեպի Ղարաբաղ կրում էր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Միջադեպի հետեւանքով մի քանի մարդ հոսպիտալացվել է. երեկ նրանք արդեն դուրս էին գրվել հիվանդանոցից: Կիրակի երեկոյան Հիմնադիր Խորհրդարանը հրապարակեց դեպքի վայրից «փրկված» վիդեոկադրեր: 24 ժամվա ընթացքում այդ տեսանյութը ավելի քան 200 հազար դիտում ունեցավ youtube-ում: Եւ սա զարմանալի չէ. Սեֆիլյանի եւ նրա համախոհների ջարդի տեսարանները սահմռկեցնող են իրենց դաժանությամբ եւ լկտիությամբ: Դժվար է հավատալ, որ նման բան հնարավոր է 21-րդ դարի հայկական իրականության մեջ: Հայաստանի եւ Սփյուռքի օգտատերերը հայհոյախառն մեկնաբանություններ են գրում դաժան ծեծն իրականացնող անձանց հասցեին: Մարդիկ շոկի մեջ են, նրանք չեն հասկանում, թե Ղարաբաղի իրավապահները ինչպե՞ս կարող էին այդպիսի դաժանություն ցուցաբերել Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարի, ՀՀ քաղաքացիների, հայերի հանդեպ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը անհրաժեշտ է գտնել, եւ սա բխում է Հայաստանի, Ղարաբաղի, Հայության շահերից:

Հիմնադիր Խորհրդարանի (նախկինում՝ Նախախորհրդարան) «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթը դեպի Արցախ չի կայացել:

Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանագլխին, Բերձորի մերձակայքում երթի ավտոշարասյունը դիմավորել են ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչները: Նրանք արգելել են ավտոշարասյան մուտքը Ղարաբաղ: Ավելին՝ քաղաքացիական հագուստով եւ ոստիկանության համազգեստով անձինք դաժան ծեծի են ենթարկել ավտոերթի մասնակիցներին, ջարդուփշուր արել նրանց ավտոմեքենաները: Ավտոերթի մասնակիցները բառիս բուն իմաստով մազապուրծ են եղել եւ բազմաթիվ վնասվածքներով վերադարձել Հայաստան: Ավտոերթի մի քանի մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց: Երեկվա դրությամբ նրանք բոլորն արդեն դուրս էին գրվել հիվանդանոցներից, եւ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: 

 

Ինչից սկսվեց

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցները նախատեսել էին իրազեկման ավտոերթ անցկացնել դեպի Արցախ: Հիմնադիր Խորհրդարանի հունվարի 31-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Ավտոերթի նպատակը արցախցիների իրազեկումն ու նրանց մասնակցության ապահովումն է Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ին հայաստանյան ռեժիմի հեռացման եւ դրանից հետո ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորման ու մեր երկրի ապագաղութացման միջոցով մեր միավորված պետության ինքնիշխանության հաստատման, ազատագրական պայքարին»:

Ավտոերթն ի սկզբանե նախատեսված էր 2014թ. դեկտեմբերի 20-ին, սակայն այն հետաձգվեց Նախախորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո: Նախախորհրդարանի՝ 2014թ. դեկտեմբերի 20-ի  հաղորդագրության համաձայն, Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բ.Սահակյանը եւ արցախյան մի խումբ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ փոխվարչապետ Ա.Աղաբեկյանը, ՆԳ նախարար Կ.Աղաջանյանը, ԱԱԾ տնօրեն Ա.Ղարամյանը, ասել էին, որ ավտոերթը կարող է անցանկալի հետեւանքներ առաջացնել Արցախի համար: ԼՂՀ իշխանությունների կարծիքով, Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ԼՂ-ՀՀ ամուր կապն առաջին հերթին հիմնված է ՀՀ իշխանությունների նկատմամբ արցախցիների հավատի եւ վստահության վրա, մինչդեռ ՀՀ իշխանությունների դեմ նմանատիպ միջոցառումները կարող են սասանել այդ հավատն ու վստահությունը: Չհամաձայնելով Արցախի ղեկավարության փաստարկների հետ՝ այնուամենայնիվ, շարժման համակարգող խումբը որոշել էր հետաձգել դեպի Արցախ ավտոերթը՝ «ժամանակ տալով պաշտոնական Ստեփանակերտին՝ շարժման տեսակետները ծանրութեթեւ անելու եւ կողմնորոշվելու համար»:

Հունվարի 21-ին, արդեն, հայտարարություն էր տարածել Արցախի ազատամարտիկների միությունը՝ անթույլատրելի համարելով «այսպես կոչված, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կողմից հունվարի 31-ին «Դեպի Արցախ», կազմակերպվելիք «Մեծ ավտոերթը»: «Հավաստիացնում ենք, որ չենք թույլատրելու դրա իրականացումը, քանի որ ժողովրդի անունից խոսող, սակայն նույն ժողովրդի իրական ցանկություններին եւ մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլեւ ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող հանցավոր ծրագիր է»,- ասված էր միության հայտարարության մեջ:

 

Արցախը ողջունում է Ձեզ

Ավտոերթը Երեւանից մեկնարկեց հունվարի 31-ի առավոտյան: Ժամը 15-ի սահմաններում ստացվեցին լուրեր այն մասին, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին, ավելի կոնկրետ՝ Սյունիք-Արցախ սահմանագծի մոտ, ոստիկանական մեքենաներով անձինք հարձակում են գործել շուրջ 40 ավտոմեքենաներից կազմված ավտոշարասյան վրա՝ բռնություն կիրառելով ավտոերթի մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանի, ավտոերթին միացած Իգոր Մուրադյանի նկատմամբ: ՀԽ տարածած տեսանյութում (տե՛ս youtube.com, «Ռեյդային ստուգումներ» Արցախում) ոստիկանը, ով մեքենաներից մեկի վարորդին ներկայանում է որպես ավագ տեսուչ Նարիմանյան, ի պատասխան հարցմանը, թե ինչո՞ւ են փակել ճանապարհը, ասում է՝ «չեն փակել, ընդհանուր ռեյդային ստուգում է»: Սակայն «ստուգումները», փաստորեն, կատարվում են բավական տարօրինակ ձեւով. ոստիկանները նախ առգրավում են ավտոերթը ուղեկցող օպերատորների տեսախցիկները, հետո անհայտ քաղաքացիական անձանց հետ սկսում են մահակներով ծեծել մարդկանց եւ ջարդուփշուր անել մեքենաները: Տեսանյութում նաեւ պարզ երեւում է, որ ճանապարհին իշխող բլուրներին կանգնած էին հատուկ ջոկատայիններ՝ ինքնաձիգներով եւ դիպուկահար հրացաններով: «Ոստիկանները սկզբում թույլատրեցին երթը լուսաբանող օպերատորներին նկարահանել, որպեսզի պարզեն, թե քանի օպերատոր կա: Դա պարզելուց հետո համազգեստով ոստիկանները հարձակվեցին 3 օպերատորների վրա (Արմեն Ադամյան, Անուշավան Շահնազարյան, Արսեն Խեչոյան), բռնությամբ առգրավեցին եւ ամբողջությամբ ոչնչացրին նրանց տեսախցիկները: Այնուհետեւ հարձակում կատարվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ՀԽ քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ավտոերթին միացած քաղաքագետ Իգոր Մուրադյանի, ՀԽ նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի եւ ազատամարտիկ Պավել Մանուկյանի վրա: Այս ամենից հետո ոստիկաններն անցան լայնածավալ հարձակման, սկսեցին մարդկանց դուրս հանել մեքենաներից եւ ծեծի ենթարկել, մեքենաներից պոկել եռագույն եւ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դրոշները եւ մահակներով ջարդել մեքենաները: Այս ամենն իրականացրել են ԼՂՀ ոստիկանության համազգեստով եւ քաղաքացիական հագուստով աշխատակիցները եւ ոչ թե արցախցիները»,- նշված է ՀԽ հայտարարության մեջ: ՀԽ ներկայացուցիչների պնդմամբ, բռնություն է կիրառվել անգամ Ժ.Սեֆիլյանի կնոջ եւ երեխաների նկատմամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծանր վնասվածքներ էր ստացել «Նոյան Տապան» գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը, ով տեղափոխվեց հիվանդանոց: Ի դեպ, այս ամենը տեղի է ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ տեղադրված է հետեւյալ գրությամբ ցուցանակը՝ «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»:

 

Մեկնաբանություններ

«Այն, որ կփորձեին թույլ չտալ մտնել Արցախ, կանխատեսելի էր, բայց որ կհարձակվեն լեգենդար հրամանատարի, ազատամարտիկների, կանանց, երեխաներին կսկսեն խփել, իհարկե, տրամաբանությունից դուրս է: Մենք չէինք սպասում, որ մեր դիմաց նման գազանների դուրս կբերեն»,- «Ազատություն» ռ/կ-ին պատմել է շարժման ակտիվիստ, ականատես Գեւորգ Սաֆարյանը:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի կարծիքով էլ, ԼՂՀ իշխանություններն օրեր շարունակ նախապատրաստել են Արցախի հասարակությանը ավտոերթի դեմ՝ քարոզչական ամենատարբեր միջոցներով մարդկանց մոտ ստեղծելով թյուր կարծիք Հիմնադիր Խորհրդարանի մասին, նրանց համոզելով, որ ավտոերթի մասնակիցները զինված են, եկել են «երեւանցի զինվորներին» Ղարաբաղից տանելու եւ այլն:

Միջադեպը հետաքրքիր են մեկնաբանում նաեւ ԼՂՀ իրավասու մարմինները: ԼՂՀ ոստիկանության ներկայացմամբ, իրենք ոչ թե ծեծել են մարդկանց, այլ իրականացրել են «բացատրական աշխատանքներ». «Ս/թ. հունվարի 31-ին Հիմնադիր Խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում, եւ նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը ԼՂՀ: Հաշվի առնելով նշված հանգամանքները եւ հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին՝ ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների եւ շարունակել սադրանքները նաեւ ոստիկանության նախազգուշացումներից հետո»,- ասված է ԼՂՀ ոստիկանության հայտարարության մեջ:

Միջադեպին անդրադարձել է նաեւ Արցախի հեռուստաընկերությունը: ԱՀ-ի ռեպորտաժը, սակայն, ավելի շատ նման էր ոստիկանական պաշտոնական հաղորդագրության, քան լրագրողական լուսաբանման: Տեսանյութում փորձ է արվել ցույց տալ, որ ավտոերթը հրահրվել է «դրսի ուժերի» կողմից: ԼՂՀ ոստիկանության գնդապետ Սամվել Պետրոսյանը հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ոչ թե խոսում է այն մասին, թե ԼՂՀ օրենսդրության ո՞ր կետով է արգելված ՀՀ քաղաքացիների կողմից ավտոերթի անցկացումը ԼՂՀ տարածքում, այլ ավելի շատ անում է քաղաքական հայտարարություններ. «Սահմանին մենք խնդիրներ ունենք, եւ բոլոր տեսակի ապակայունացման գործերը մեզ ձեռք չի տալիս, եւ մեր գործողությունները լինելու են օրենքին համապատասխան, եւ բոլոր իրավախախտ դեպքերը մեր կողմից կանխվելու են: Եթե ինչ-որ ուժեր փորձում են այլ պետության շահերի օգտին աշխատել, դա չի լինելու»: Տեսանյութում ցուցադրված է միայն ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների եւ մյուս կողմից՝ Ժ.Սեֆիլյանի, Վ.Ավետիսյանի եւ Ի.Մուրադյանի հանդիպումից ընդամենը մի քանի վայրկյան, որի ժամանակ գնդապետն ասում է. «Ոստիկանության պահանջն է, որ դուք ենթարկվեք մեր պահանջին եւ կատարեք մեր պահանջը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած արարք, որն իրավախախտման է հանգեցնելու, խիստ դատապարտելի է»:

Իսկ թե ի՞նչ է եղել դրանից հետո, ի՞նչ են պատասխանել ավտոերթի ղեկավարները, ինչպես են նրանց ծեծել՝ Արցախի հեռուստատեսությունը չի ցուցադրել: Ավելացնենք, որ ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելու փաստի առթիվ, ըստ news.am-ի, ԼՂՀ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:

 

Պատճառ եւ հետեւանք

Անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ ոստիկանների եւ քաղաքացիական անձանց կողմից բռնությունները երթի մասնակիցների նկատմամբ խիստ դատապարտելի են, մարդկայնորեն էլ շատ դժվար է հասկանալ այդ հրեշավոր արարքը: Բայց հարցը ունի քաղաքական կողմ: Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը դե ֆակտո մեկ միասնական տարածք են, որքան էլ դե յուրե ԼՂՀ-ն հայտարարվում է անկախ պետություն: Ու չնայած ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ԼՂՀ-ն օբյեկտիվորեն ունեն անվտանգության միասնական խնդիր եւ կիսապատերազմական վիճակում են, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում անվտանգության հարցը տեսականորեն կարող է շահարկվել եւ գործնականում հաճախ շահարկվում է իշխանությունների կողմից, այնուամենայնիվ, ԼՂՀ-ում այս վիճակն ավելի սրված է: Կարելի է ասել՝ ԼՂՀ-ն ամբողջությամբ սահմանային գոտի է, եւ այս իմաստով մի փոքր դժվար է Արցախի հանրությունը համեմատել, օրինակ, Երեւանի հանրության հետ: Արցախի ժողովուրդն ապրում է պատերազմի ամենօրյա վտանգի պայմաններում, հետեւաբար՝ անվտանգության հարցն այնտեղ շահարկելն ավելի հեշտ է, քան Հայաստանում: Արցախի ժողովուրդն ավելի փոքրաթիվ է, ավելի փակ, եւ այս պայմաններում ընդդիմադիր որեւէ շարժում, որեւէ այլախոհություն կարող է ընկալվել՝ որպես արտաքին ուժերի միջամտություն, դավաճանություն, Արցախում վիճակն ապակայունացնելու, հետեւաբար՝ Ադրբեջանի քաղաքականությանը նպաստելու փորձ: Այսինքն՝ խնդիրն ինչպես օբյեկտիվ է, այնպես էլ սուբյեկտիվ:

Ինչպես տեսանք, Արցախի իշխանություններն այս դեպքում հիանալի օգտագործել են այս խաղաթուղթը: Բայց երեւի ավելի կարեւոր է այն, թե ի՞նչ հետեւանքներ կունենա սա ներհայկական ճակատում: Հունվարի 31-ի բռնություններից հետո Հայաստանում կրկին ակտիվացել են «հայաստանցի-ղարաբաղցի» տրամադրությունները, որովհետեւ ԼՂՀ ոստիկանությունը, փակելով ճանապարհը Հայաստանի քաղաքացիների՝ հայ մարդկանց դեմ, ծեծելով նրանց, ըստ էության, ցույց տվեց, որ Արցախը Հայաստանից տարանջատ պետություն է: Համենայնդեպս, շատերը Հայաստանում այսպես են ընկալել այդ արարքը: Եթե Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների նպատակը ժողովրդին պառակտելը, Հայաստանի եւ Արցախի միջեւ սեպ խրելը չէ, անօրինական բռնությունների կազմակերպիչներին ու իրականացնողներին պետք է պատժեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ որ միջադեպը բացասաբար կազդի ԼՂՀ-ի ժողովրդավարական իմիջի վրա՝ այդ թվում կօգտագործվի ադրբեջանական քարոզչության կողմից, կարող եք չկասկածել:

Արամ Սարգսյան

Տպել
5374 դիտում

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել