Բիբինը էն մարդն է, որ...

13/06/2015 schedule14:06

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը երեկ չէր բարեհաճել գալ Ազգային ժողով եւ ներկա գտնվել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության հարցով խորհրդարանական լսումներին, ինչը խիստ վիրավորել էր պատգամավորներին:

ՀԷՑ-ի տնօրենն իր չգալու մասին առավոտյան էլեկտրոնային փոստով էր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին տեղեկացրել: Նախօրեին էլ նա հարցազրույց էր տվել պրոռուսական 2 լրատվամիջոցների եւ ՀԷՑ-ում ստեղծված խայտառակ վիճակի ողջ մեղքը, ըստ էության, գցել ՀՀ կառավարության վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախ՝ հայտարարեց, որ վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիան կթանկանա 6.93 դրամով, հետո կրկին նշեց, որ ՀԷՑ-ի ճոխ ծախսերը՝ ավտոմեքենաների ու շքեղ բնակարանների վարձակալությունները, չեն ներառվելու սակագնի մեջ: «ՀԷՑ-ի փնթի աշխատանքի համար մենք չենք վճարելու»,- ասաց Նազարյանը՝ նշելով, որ Բիբինի հարցազրույցը հունից հանել է իրեն: «Ինքը որեւէ կերպ չի տեսնում ընկերության սխալները: Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, ինչի՞ չեք նշում այն մասին, թե դուք ինչ խնդիրներ ու թերացումներ ունեք, ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակը շտկելու համար»,- ասում էր ՀԾԿՀ նախագահը:

Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցության հետ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ էլ Բիբինը փորձել է ամբողջ մեղքը գցել արտադրող կայանների վրա ու չի անդրադարձել ընկերությունում առկա թերացումներին ու սխալ մենեջմենթին: Նազարյանն ասում էր, թե 2007-ից սկսած՝ տարեկան մինչեւ 1.5-2 տոկոսով կորուստներն ավելի բարձր են եղել, քան սակագնում ներառված տեխնոլոգիական կորուստներն են: Հաջորդ ճոխությունը, որ իրեն թուլ է տվել Բիբինը, աշխատավարձերն են: 2007 թվականից ամեն տարի 1 միլիարդ դրամի չափով ՀԷՑ-ի աշխատավարձի ֆոնդն ավելացել է, եւ դա եղել է շահույթի հաշվին: 2007-ից մինչեւ այսօր 6 մլրդ 500 մլն դրամ ավելի աշխատավարձ է տրամադրել ընկերությունը, քան նախատեսված էր սակագնով:

«Հիմա կասեք՝ ի՞նչ է եղել, իրենց շահույթն է, ոնց ուզում են, թող տնօրինեն: Բայց, ցավոք, այդպես չէ: Իմ ասած թվերը լրջագույն թվեր են, որոնք եթե չլինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի: Հետո խորտակվող նավի նման ՀԷՑ-ը սկսել է կարճաժամկետ վարկեր վերցնել՝ բարձր տոկոսներով, ու մտածել, որ իր ծախսերը նորմալ երեւույթ են: Արդյունքում՝ ընկերությունը դարձել է անվճարունակ».- ասում էր Նազարյանը:

Մի քանի ժամ շարունակ նա, ամբիոնի մոտ կանգնած, պատասխանում էր պատգամավորների եւ հ/կ-ների ներկայացուցիչների հարցերին: Ընթացքում հայտարարեց, որ ՀԷՑ-ին այլեւս ոչ ոք վարկ չի տալիս, որ հանձնաժողովը մեծ լիազորություններ չունի՝ նրանց վրա ազդելու համար, եւ այլն: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց. «Դուք տեղյա՞կ էիք, թե ինչ բարեգործություններ են արել ՀԷՑ-ում: Անկախ նրանից՝ դա սակագին է, սակագին չէ, սա բեռ է, ծախս է, որ իմ հաշվին, հարկատուների հաշվին, մարդիկ արել են հետեւյալ բարեգործությունները. մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, իրենց բառերով՝ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, Հովիկ Աբրահամյանի եկեղեցին, տարբեր այլ եկեղեցիներ, հազար ու մի խնդիրներ: Ո՞վ է թույլ տվել ՀԷՑ-ին, իրենք էլ թող պատասխանեն, դուք էլ նայեք, յոթ հատ եկեղեցի են վերանորոգել, ի՞նչ իրավունքով: Հարցս, բայց, այսպիսին է՝ ո՞վ է դիմել այս բարեգործությունները անելու համար»:

Մեջբերելով Նազարյանի հայտարարությունը, որ ՀԵՑ-ը տնտեսապես չհիմնավորված վարկեր է վերցրել, Մանուկյանը պնդեց, թե այդ 200 միլիոն դոլարի վարկերի երաշխավորողը կառավարությունն է եղել: «Այսինքն՝ կառավարությունը այդ հարցը այն ժամանակ չէ՞ր կարող տալ Բիբինին, որ ինչի՞ ես այսպիսի բարձր տոկոսներով վարկեր վերցնում, ինչը ներդրում չէ եւ հետո դառնալու է պարտք»,- հարցնում էր Մանուկյանը՝ շարունակելով՝ արդյո՞ք կառավարությունը չի երաշխավորել, որ «Նաիրիտի», «Քիմպրոմի», «Գլենդել Հիլզի» պարտքերը չմուծվեն: «Բիբինի տվյալներն եմ ասում: 10 միլիարդ պարտքերի մեջ 30 տոկոսը կազմում է բնակչությունը: Ես այդպիսի օրինակ չգիտեմ, որ բնակչությունը չմուծի, 3 միլիարդի մասին է խոսքը, եւ հոսանք ստանա»,- նշեց նա: Նազարյանը հայտարարեց, թե այդ բարեգործությունների մասին մամուլից գիտի, դրանք արվել են ՀԷՑ-ի շահույթի հաշվին, դա նրանց իրավունքն է եւ իրեն չի էլ հետաքրքրում:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Բիբինի չներկայանալը խորհրդարան լկտի եւ արհամարհական վերաբերմունք է իրենց նկատմամբ: Իսկ լսումները իմաստ ունեին, քանի որ իմացան, որ Բիբինը թքած ունի ՀՀ օրենսդիր մարմնի վրա: «Ես, որպես ՀՀ քաղաքացի, իմ հետեւություններն անպայմանորեն կանեմ համապատասխան ատյաններին»,- ասաց Զոհրաբյանը:

Ընդհանրապես, պատգամավորները երեկ շատ բուռն էին: Տիգրան Ուրիխանյանը, օրինակ, հեռակա կարգով դիմելով Բիբինին, ասում էր. «Евгений, опомнись: Սթափվի՛ր, Եվգենի»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նիստը վարող Վարդան Այվազյանին խորհուրդ տվեց Բիբինի նամակը հետ ուղարկել: «Ոչ էլ կարդայիք: Ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք իշխանությունների նկատմամբ: Ես առաջարկում եմ համապատասխան հետեւություններ անել: Այդ մարդն իրավիճակին չի տիրապետում ոչ թե քաղաքականության իրականացման, այլ նաեւ մասնագիտական առումով»,- ասաց Հարությունյանը:

Լեւոն Զուրաբյանն առաջարկում էր ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից, իսկ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկում էր ազգայնացնել ՀԷՑ-ը:

Արտահերթ ելույթով հանդես եկավ Վարդան Այվազյանը, ով որոշեց պատասխանել Նիկոլ Փաշինյանին: Այվազյանը նախ՝ խորհուրդ տվեց հասկանալ՝ ինչ է տեղի ունենում, եւ փորձել լուծել խնդիրը: «Ընդունում եմ Փաշինյանի ներկայացրած տվյալները, բայց նա մի բան չնշեց՝ անցած տարի, երբ սակագինը բարձրացնում էին, ՀԷՑ-ի պարտքը 37 միլիարդ էր, 13 միլիարդը պակասել է: Բայց հանկարծ տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ դոլարի փոխարժեքը «թռավ», ու եթե հարեւան երկրներում՝ 30-40%-ով, Հայաստանում՝ 17%-ով»,- ասաց Այվազյանը: Ըստ նրա, պարտքի գոյացման պատճառներից մեկն այն էր, որ անցյալ տարի ատոմակայանը 90 օր չի աշխատել եւ որպեսզի հոսանքը չանջատեն, ՋԷԿ-ից են թանկ հոսանք գնել: «Հիմա Բիբինը ծախսել է-չի ծախսել՝ էտի Բիբինի խնդիրն է, ես էն մարդն եմ, որ իրա դեմն էլ եմ ասում»,- ասում էր նա: Այվազյանն անդրադարձավ նաեւ Բիբինի՝ ԱԺ չներկայանալուն: «Կազմակերպությունն ո՞վ է, որ մեր երկրի դեմ կարողանա խոսել, բացահայտ եմ հայտարարում՝ չի եկել, Աստված իրա հետ, իրա մեղքը իրա վիզը, ինքը շատ կփոշմանի, որ չի եկել: Բայց, նորից եմ ասում, կառավարությունն ասում է՝ եկեք այդ դոլար-դրամի փոխարժեքի ծախսերը մի տարվա ընթացքում փակենք: Առաջարկում եմ՝ եկեք քննարկենք էներգետիկ ռազմավարությունը, փոխենք կառուցվածքը, քննարկենք ռիսկերի հավասարակշռմամբ սոցիալական խմբերի փոխհատուցման խնդիրը, թե չէ՝ Բիբինն էս է արել, էն է արել: Բիբինն ո՞վ է, էտ ո՞վ է, մի հատ շարքային, կներես, ինձի համար մանուկ ՍՊԸ է: Կարգավորման մեխանիզմներ ունենք, եւ հստակ հայտարարում եմ, որ որեւէ շռայլության ծախս չի կարող մտնել սակագնի մեջ»,- խրոխտ տոնով ասում էր Վարդան Այվազյանը՝ հայտարարելով, թե Բիբինը չի այս երկրում որոշողը: Սակայն «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը բացատրեց նրան, թե ով է Բիբինը. «Բիբինը այն մարդն է, ով այսօր արհամարհել է ԱԺ-ն: Բիբինը էն մարդն է, ով այսօր ձեր հրավերը չի ընդունել: Բիբինը էն մարդն է, որ այսօր 131 պատգամավորներին, քաղհասարակությանը, նախարարին, հանձնաժողովին արհամարհել է եւ չի եկել: Բիբինը այդ մարդն է»: Թեւան Պողոսյանը կոչ արեց բարձրացնել Բիբինի՝ Հայաստանում աշխատանքի իրավունքի հարցը: «Ի վերջո, որպես տուրիստ, կարող է գալ-գնալ, բայց ինքը այստեղ է աշխատում: Պետք է զրկենք, առնվազն՝ մինչեւ ինքը սկսի հարգել»,- ասաց Պողոսյանը: Նա ասում էր, որ պետք է ընդունել դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկը եւ միջազգային անկախ աուդիտ անցկացնել այդ համակարգում: «Այսօր մի քանի անգամ նշեցիք, որ մենեջմենթի խնդիր կա: Մինչեւ մենեջմենթը չփոխվի, ղեկավար համակարգը չփոխվի, ի՞նչ տարբերություն, համակարգին ինչ ենք անելու: Լավ, 7 դրամն էլ ավելացրեցինք: Եթե նույն գողերն են, նույն սխալ մենեջմենթն է, ի՞նչն է փոխվելու: Եկեք, ուրեմն, մենեջմենթի խնդիրներից սկսենք առաջինը»,- հորդորեց Պողոսյանը, ով նաեւ կոչ էր անում՝ կանգնեցնել թանկացման գործընթացը եւ նախ՝ ամբողջությամբ քննարկել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում էներգետիկ համակարգում: 

Երեկ ելույթ ունեցավ նաեւ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ով ասում էր, թե քննարկումների ժամանակ անտեսվում է վերջին տարիներին էներգետիկ համակարգում կատարած մեծածավալ աշխատանքը, որի արդյունքում լուրջ հետաքրքրություն է առաջացել էներգետիկայի ոլորտում ներդրումներ անելու համար: Իսկ այդ ներդրումները վերադարձնելու միակ տարբերակը սակագներն են, կուտակված պարտքը եղել է օբյեկտիվ պատճառներով: «Եթե հանձնաժողովն այդ գումարը չնախատեսի սակագներում, ապա դա համակարգում կառաջացնի շղթայական սնանկացում»,- հայտարարեց Զախարյանը: Նա ասում էր, թե բարեփոխումների ծրագիր են մշակել՝ սպառողներին տրվող էլէներգիայի որակը բարձրացնելու վերջնական նպատակ ունենալով՝  հաշվի առնելով համակարգի անվտանգ ու հուսալի շահագործումը, բնակչության սոցիալական վիճակը, բիզնեսի ծախսերը: «Վստահեցնում եմ՝ կարվի ամեն ինչ՝ ինքնարժեքի իջեցման եւ շահութաբերության բարձրացման ուղղությամբ»,- ասաց Զախարյանը՝ նշելով, որ 2018-ին շահագործման կհանձնվեն ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, ինչը հնարավորություն կստեղծի ապահովել էլէներգիայի հոսքը ՀՀ-ի տարածքով դեպի Իրան եւ ՌԴ, ինչը կմեղմի սակագնի վրա եղած ճնշումները:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, սակայն, պնդում էր, որ մենք վճարել էինք ՀԷՑ-ի վատ մենեջմենթի, թերի եւ ապաշնորհ աշխատանքի համար: «Ինձ համար անհասկանալի է, որ մենք չենք փորձում ստիպել, մոտիվացիոն մեխանիզմներ դնել, որ ՀԷՑ-ը ինքը կարգավորի: Մենք պետք է պահանջենք արտադրողականության աճ: Ու խնդիրը այստեղ ոչ թե Բիբինն է, այլ մենք ենք, որ պետք է ստիպենք, որ Բիբինը ամեն լումայի եւ դրամի համար դողա, ինչը չի կատարվել առնվազն՝ այսքան ժամանակահատվածում»,- հայտարարեց փորձագետը:

Արամ Մանուկյանն էլ իր ելույթի ժամանակ հայտարարեց. «Էներգետիկ համակարգում ամենաթողություն է եւ անտերություն: Բիբինը կարողանում է այսպես խոսել, որովհետեւ նրա բերանը լեզու է դրել կառավարությունը: Եւ այս բոլոր երաշխիքները՝ կորուստների հետ կապված, դեբիտորական անհուսալի պարտքերի հետ կապված, մաշվածության հետ կապված, բոլոր նորմատիվները մշակվում են կառավարությունում: Ի՞նչ եք ուզում, ումի՞ց եք պահանջում, Բիբինն էստեղ չի՝ դրա համար էսպիսի բանե՞ր եք անում, Բիբինի գործերը մենք, ի միջի այլոց, տալու ենք դատախազություն, բայց կապ չունի, իմ ասածն ուրիշ տեղ ա, բա մեր կառավարությո՞ւնը, ինքը համաձայն չի՞: Ռոբերտ Նազարյանը կարող է գների վրա ազդե՞լ, ո՛չ, Երվանդ Զախարյանը կարող է ազդե՞լ, ո՛չ, անգամ Հովիկ Աբրահամյանը չի կարող ազդել: Խնդիրները ուրիշ տեղ են լուծվում, եւ էս մարդկանց միջոցով դիմում են նրանց, Հովիկ Աբրահամյանի եկեղեցու կառուցման համար ե՞ս եմ դիմել, թե՞ դուք եք դիմել: Պարզ չի՞՝ ով է դիմել: Հայաստանի իշխանությունները չեն կարող խոսել էլցանցի եւ «Գազպրոմի» հետ, որովհետեւ բոլոր էդ թողտվությունները արվել են համատեղ»:

Տպել
3477 դիտում

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)