ՀՀԿ-ն ընդդեմ Կառավարության

19/06/2015 schedule10:24

Իշխող Հանրապետականի պատգամավորները երեկ հավակնում էին խլել ոչ իշխանականների դափնիները: Մեկը մյուսի հետեւից այնպիսի քննադատության ենթարկեցին «Ակցիզային հարկի մասին» կառավարության ներկայացրած օրինագիծը, որ Արծվիկ Մինասյանի, Էդմոն Մարուքյանի, Միքայել Մելքումյանի ելույթները համարյա ստվերում մնացին:

Սույն օրինագծով, հիշեցնենք, նախատեսվում է նոր տեսակի հարկ սահմանել ավտոգազալցակայանների վրա: Ըստ այդմ՝ գազալցակայանները պարտավոր են հազար խորանարդ մետրի համար շուրջ 8 հազար 400 դրամ ակցիզային հարկ վճարել, ինչը նշանակում է միանգամից 8.4 տոկոս գնաճ: Դա, իր հերթին, բնականաբար, բերելու է տրանսպորտի սակագնի թանկացմանը: Բացի այդ՝ նույն օրինագծով առաջարկվում է 10 տոկոսով բարձրացնել ծխախոտի եւ խմիչքի ակցիզային հարկը: «Էս նեղ մաջալին ի՞նչ իմաստ ուներ նման թանկացումներ բերել, մանավանդ՝ տեղական արտադրողներին մեծ վնաս է հասցվելու, հատկապես՝ երբ ԵՏՄ շրջանակներում մեծ քանակությունով ռուսական էժան օղի է ներմուծվում:  Ունե՞ք ուսումնասիրություններ, թե ինչ ազդեցություն կունենա այս նոր հարկային բեռը տեղական շուկայի վրա: Գնահատվե՞լ է ազդեցությունները, քանի որ հնարավոր է՝ աշխատատեղերի կորստի խնդիր ունենանք, տեղական արտադրողները հնարավոր է՝ փակեն իրենց ձեռնարկությունները, դոմինոյի էֆեկտ լինի, թանկանա նաեւ հանրային տրանսպորտը»,- հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Օրինագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պնդում էր, թե տեղական արտադրողը ներմուծողի նկատմամբ ավելի շահեկան վիճակում է լինելու, իսկ օրենքն ուժի մեջ է մտնելու 2016թ. հունվարից: Պատգամավորների հարցերին պատասխանելիս Միրումյանն ասում էր, թե իրենք սույնով ակնկալում լրացուցիչ 9 միլիարդ դրամի մուտք պետական բյուջե եւ որ գազալցակայաններում գազի գինը սիմվոլիկ է թանկանալու:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե նախաձեռնությունը չի դիմանում տնտեսագիտական որեւէ տրամաբանության: «Եթե ճնշում կա, ասեք՝ որտեղի՞ց է: Ես վստահ եմ, որ այս առումով գոնե դրսից ճնշում չկա: Այս փոփոխությունների բացասական ազդեցությունները մինչեւ այս տարվա վերջ բերելու են հսկայական թվով աշխատատեղերի կրճատման: Սրա նպատակը մեր քաղաքացիների գրպանին հսկայական հարված հասցնելն է»,- ասաց Մինասյանը եւ հավելեց. «Ես ձեզ մեղադրում եմ, դուք պաշտպանում եք բենզին եւ դիզվառելիք ներկրվող անձանց շահերը»:

Այնուհետեւ գրոհի անցան ՀՀԿ-ականները: Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ սույն նախագիծն ԱԺ է ուղարկվել արտահերթ նիստից առաջ՝ երեկոյան, եւ տնտեսական հանձնաժողովում չի քննարկվել: Իր ելույթի ժամանակ նա փորձում էր ընտրել հնարավորինս մեղմ բառեր: «Ինը միլիարդ դրամի համար քաղաքացու բարեկեցությունը, քաղաքացուն առանց ցնցումների տանելու... այդ քաղաքացուն ասել, որ այդ գումարը վերցնում եմ քեզանից գերշահույթ ապահովող...»,- նա շարունակ կիսատ էր թողնում նախադասությունները՝ թերեւս, կոշտ բառեր թույլ չտալու համար: «Տասը տոկոսից ավել թանկացում է գնում, եւ այդ ամբողջ թանկացումը նստած է ամբողջ տրանսպորտային ցիկլի 80 տոկոսի վրա: Ի՞նչ եք կարծում, վաղը տրանսպորտի գինը չի՞ բարձրանա: Ի՞նչ եք կարծում, մնացած մուլտիպլիկատիվ էֆեկտը չի՞ աշխատելու: Հիմիկվանից ասեք, որ վերցնում եք այդ գումարը, հետո ո՞ւր եք ուղղելու: Չի կարելի այս ձեւի ցնցումներով գնալ»,- ասում էր Այվազյանը: Նա նշեց, որ բյուջեն լցնելը գերնպատակ չպետք է լինի, իսկ տնտեսական խնդիրների լուծման համար այսօր ոչ ստանդարտ լուծումներ են անհրաժեշտ: «Հիմա ո՞րն է լավ, զարգացնենք, որ մարդիկ փող ունենա՞ն, թե՞ էս գլխից ֆիսկալ նպատակով վերցնենք այդ գումարը: Նորից եմ կրկնում՝ ինչի՞ համար ենք վերցնում այս գումարը: Ծրագիր բերեք, թե որ ուղղությամբ եք դա ծախսելու: Մեր գերնպատակն է՝ ՀՀ քաղաքացու արժանավայել, նորմալ, աշխատողին, կոնկրետ քաղաքացուն նորմալ, բարեկեցիկ կյանքով ապահովելը: Այսօր այն իրավիճակն է, որ ... Այսինքն՝ ի՞նչ ենք մենք ուզում անել, չի բռնում մեկը մյուսին»,- ասում էր Այվազյանը: ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, հայտարարեց, թե սույն նախագիծը «փռշտացող նախագծերից» է: Ասածի տրամաբանությունն այն էր, որ ցանկացել են արտահերթով սղացնել այն: «Էլէներգիայի գինը թանկացավ, հլը դեռ չասած, թե մենք աղքատության ինչ մակարդակ ենք ունենալու եւ ինչ փոխհատուցում պետք է տանք, որ աղքատության շեմը չթողնենք բարձրանա, հիմա էլ բերում ենք, սոցիալական ամենանեղ շերտի համար գներ ենք բարձրացնում: Սա չի՛ կարելի: Ես չգիտեմ՝ ոնց եք հաշվել, բայց մինչեւ այդ հաշվելը դուք պետք է ասեք, պետք է գնահատական տաք՝ ինչքա՞ն է ազդելու մեր տնտեսության վրա էլէներգիայի թանկացումը, ինչքա՞ն է հարկ ավելանալու այս թանկացումից, ավելացված այդ հարկից ինչքա՞ն է գնալու սոցիալական շերտի ապահովման կարիքների համար, որպեսզի աղքատության շեմը չավելանա»,- ասում էր Հակոբյանը՝ նշելով, որ թանկացումներն արդեն ձնագնդի են դառնում: 

Օրինագիծը քննադատեց նաեւ Խոսրով Հարությունյանը, ասաց, որ հատկապես գազի ոլորտում գնի բարձրացումը բերելու է տրանսպորտային բոլոր ծառայությունների թանկացման, դա էլ, իր հերթին՝ այլ ծառայությունների թանկացման: «Պարոն Միրումյան, դուք գիտե՞ք՝ մարզերում ինչքան մարդիկ, մեր գյուղացիները գազը լցնում են նիսիայով: Գիտե՞ք: Մարդիկ մոտենում են, ստորագրությամբ լցնում են, որ իրենց առօրյա հոգսերը հոգան»,- ասում էր Հարությունյանը:

Ի վերջո, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կապ է հաստատել կառավարության հետ եւ պայմանավորվել, որ հիմա օրինագիծը կընդունվի 1-ին ընթերցմամբ, իսկ 2-րդ ընթերցումը տեղի կունենա աշնանը: 

Տպել
1672 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ