Կրկնաքվեարկության դաշտը բացվեց

30/10/2015 schedule00:38

Երեկ առավոտյան, մինչ ԱԺ լիագումար նիստում կվերսկսվեր «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀԿ-ի հեղինակած նախագծի քննարկումը, որով նախատեսվում է դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեի ժամանակ թույլատրել նույնականացման քարտերով քվեարկությունը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկում էր հրավիրվել:

Փակ քննարկումը, սակայն, որեւէ արդյունք չտվեց: Ոչ իշխանականները շարունակել էին պնդել իրենց դիրքորոշումը, ՀՀԿ-ն էլ՝ իրենը, ու ընդհանուր դիրքորոշում այդպես էլ չձեւակերպվեց: Ոչ իշխանականները պնդում են, որ նույնականացման քարտերով քվեարկությունը թույլատրելը լայն դաշտ է բացում կրկնաքվեարկությունների համար եւ պահանջում են հավելյալ վերահսկող մեխանիզմներ ներդնել: Ու քանի որ ID պլաստիկ քարտերի վրա հնարավոր չէ դրոշմակնիք դնել, ինչպես անձնագրերում, սույն ուժերն առաջարկում են մատների թանաքոտման պրակտիկան կիրառել կամ որեւէ այլ մեթոդ գտնել: ՀՀԿ-ն էլ պնդում է, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը քիչ ժամանակ է մնացել ու հնարավոր չէ որեւէ բան հասցնել, ID քարտերով քվեարկությունն արգելելն էլ նշանակում է՝ ոտնահարել այդ մարդկանց ընտրելու սահմանադրական իրավունքը:  

Արդեն լիագումար նիստում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե իշխանությունների մտքին տեղ լինի, ուզում եք ձեռքերը թանաքոտեք, ուզում եք` ոտքերը, միեւնույն է՝ կեղծելու են: «Մենք` քաղաքական ուժերս, խորհրդարանում քննարկում ենք, թե ինչպես վարվել մարդկանց հետ` նրանց ընտրական իրավունքն իրացնելու գործընթացներում: Հարց է առաջանում` մարդկանց մենք հարցրե՞լ ենք` իրենք ցանկանո՞ւմ են, որ իրենց հետ այդպես վարվենք: Մատները թանաքոտելը, կարծում եմ, վատ գաղափար է, բայց այդ գաղափարն արդեն զարգանում է` ձեռքի վրա կնիք դնելով: Առանց այդ էլ Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ մասնակցությունն այնքան էլ բարձր չէ, եւ ես մտահոգություն ունեմ, որ եթե մենք մարդկանց մատները թանաքոտենք, մարդկանց ձեռքերի վրա կնիքներ դնենք` առանց նրանց հարցնելու, էդ մարդիկ ընդհանրապես չեն գա ընտրության, կասեն` ախպե՛ր, գնացեք, ինչ ուզում եք արեք, հետո կգան նրանք, ում փող են տալիս կամ բերում են, եւ այն մարդիկ, ովքեր գոնե ընդդիմության համար պետք է գային, քվեարկեին, զզվելու են այդ ընտրություններին մասնակցելուց: Մեկը ես` չեմ ուզում ձեռքս թանաքոտեն եւ կնիք դնեն»,- հայտարարեց Մարուքյանը: Նրա սույն հայտարարությանը բավական խիստ արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (տես էջ 1, 5):

Բուռն քննարկումը վերաճեց բուռն լեզվակռվի: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը որոշել էր պատասխանել Հրանտ Բագրատյանի նախօրեի ելույթին: Վերջինս, հիշեցնենք, հայտարարել էր, որ Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի մի քանի շրջան հանձնվի Ադրբեջանին: «Որովհետեւ համարում են, որ նախագահը չի զիջելու: Ինստիտուտը (նկատի ունի երկրի կառավարման ձեւը) պիտի փոխվի»,- ասել էր Բագրատյանը: Արծվիկ Մինասյանն ասաց. «Թե՛ գործող, թե՛ առաջարկվող Սահմանադրությամբ խաղաղության թե պատերազմի հարցերի լուծման բացառիկ իրավունքը վերապահված է ԱԺ-ին: Նոր, արհեստածին բաներ պետք չի մտածել, չահաբեկենք, չվախեցնենք մեր ժողովրդին մի բանով, որը չկա»: Բագրատյանը պահանջեց իրեն ձայնի իրավունք տալ: «Ես չե՛մ ընդունում այս ձեւը: Չի՛ կարող մի պատգամավոր մյուսի վրա խոսա: Ի՞նչ եք ձեր վրա վերցնում, պարոն Մինասյան: Ես ուզում եմ բանավեճի գնալ Սահմանադրության հեղինակների հետ, քո հետ հենց հիմա դուրս գանք՝ բանավիճենք: Եվ չի կարելի վեր կենալ մյուսի վրա կարծիք հայտնել, ես ինձ կյանքում թույլ չեմ տա ուրիշի կարծիքի վրա կարծիք հայտնել: Մանավանդ ձեր ասածի մեջ 90 տոկոսը սխալ էր»: Երբ Արծվիկ Մինասյանը տեղից ինչ-որ բան ասաց, Բագրատյանը բորբոքվեց եւ սկսեց գոռալ. «Ձերը 1000 տոկոսով ա սխալ, հանրապետությունից բան չթողեցիք, արա՛: Հենց դո՛ւ չես թողել: Բա 18-20 թիվը ո՞վ էր: Սենց բաներ մի՛ արեք, մանավանդ դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, արա՛: Մեջ խի՞ եք ընկնում, իա՛»: «Բա էսօրվա հանրապետությունը ինչի՞ հետեւանք է»,- գոռում էր Մինասյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի րոպե շարունակ փորձում էր հանդարտեցնել իրար վրա գոռացող երկու պատգամավորներին. «Պարոն Բագրատյան, պարոն Բագրատյան»: «Ընձի մի՛ ասա, իրա՛ն ասա, իրա՛ հետ եք քիփ: Ընձի ա ասում, արա՛»,- ասաց Բագրատյանը: Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ես բոլորի հետ էլ քիփ եմ, խնդրում եմ դադարեցրեք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ եթե չկա էլեկտրոնային ընթացակարգ նույնականացման գործընթացը ստուգելու, դա դառնալու է «բառդակ»: «Եթե մենք ցանկանում ենք ունենալ հանրաքվե, որը հավատ կներշնչի, ուրեմն բազմակի քվեարկությունները կանխելու համար հստակ միջոց պետք է ընդունել՝ թանաքոտումը, որը առաջարկում են 5 խմբակցություններ: Միակ քաղաքական ուժը, որը ընդդիմանում է սրան՝ ՀՀԿ-ն է: Ընտրակեղծարարին ցանկացած անեծք հասնում է: Ես խորհուրդ եմ տալիս մեր իշխանություններին՝ մտածեք այս անեծքի մասին: Ավելի մեծ անեծք, քան այն, ինչ բերում է ժողովրդի կամքի աղավաղումը, խեղաթյուրումը՝ չկա: Դա լինելու է ձեր ամենամեծ մեղքը: Բոլոր ընտրակեղծարարներին ասում եմ՝ մի բերեք ձեր գլխին ժողովրդի այդ անեծքը»,- ասաց Զուրաբյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, թե սա այն հարցը չէր, որ պետք է 2-3 օր քննարկել ու ժամավաճառությամբ զբաղվել ԱԺ-ում: Հետո էլ դիմեց Զուրաբյանին. «Ես նոր եմ հասկանում, թե ինչու են անիծված նրանք մինչեւ այսօր, որ որեւէ հաջողության չեն հասել: Այնքան այլանդակություններ են արել ընտրությունների ժամանակ 90-ականներին, այնքան մեխանիզմները, որ առաջարկում են, դրանք բոլորը իրենք կիրառել են, մենք արմատախիլ ենք անում արդեն 20 տարի, անում ենք, անում, չենք կարողանում ամբողջովին արմատախիլ անել»: Ըստ նրա, բոլոր քաղաքական ուժերն ուզում են քնեն, արթնանան ու հակասահմանադրական ճանապարհով հայտնվեն բուրգի գլխին. «Ձեւավորեք ձեր հանձնաժողովները, վստահված անձինք, դրանից լավ վերահսկողության ձե՞ւ: Ի՞նչ եք ընկել՝ ապակողմնորոշում ժողովրդին նույնականացման քարտերի խնդրով: Եթե ասեինք, որ այդ քարտով չեն կարող քվեարկել, դուք պիտի ասեիք՝ այդ 180 հազարը մեր «ոչ»-երն են, դուք զրկում եք նրանց: Ինչ էլ բերեինք՝ դուք պիտի օգտագործեիք այս ամբիոնը»:

ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք միանշանակ դեմ են նախագծին, քանի որ դա նպաստելու է կեղծիքներին: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, թե ազատ են քվեարկելու: ՀՅԴ-ն էլ ձեռնպահ քվեարկեց: Օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց 81 «կողմ», 16 «դեմ», 14 «ձեռնպահ» ձայներով:

Տպել
1644 դիտում

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը