ՀՀ-ն բանակցությունների համար նախապայմաններ ունի, տարածքներ հանձնելու թեման կասկածելի է

23/04/2016 schedule10:59

Ապրիլի 21-22-ին պաշտոնական այցով Երեւանում էր  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այս այցը որոշակի հստակություններ մտցրեց ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակում եւ պատկերացում տվեց, թե ինչ ուղղություններով են հնարավոր հետագա զարգացումները: Նաեւ երեւան եկան մինչ այժմ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված որոշ հանգամանքներ:

ԵՏՄ նիստն ու «նոտան»

Մասնավորապես, հայտնի դարձավ այն «գինը», կամ դրա մի մասը, որ ռուսական կողմը վճարեց ապրիլի 13-ին Մոսկվայում ԵՏՄ նիստին Հայաստանի մասնակցության դիմաց: Սերգեյ Լավրովի Երեւան ժամանելու օրը ՌԴ ԱԳ նախարարությունը ղարաբաղյան հակամարտությանը նվիրված մեկնաբանություն հրապարակեց: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում ռուսական կողմը առաջնորդվում է նրանով, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը եւ 1995 թվականի ղարաբաղյան հակամարտությունում հրադադարի ամրապնդման մասին համաձայնագիրը անժամկետ բնույթ են կրում եւ նախկինի պես կազմում են հակամարտության գոտում հրադադարի հիմքը։ Դա սկզբունքային դիրքորոշում է, որն ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ «Եռյակի» ընդհանուր մոտեցմանը։ Այն շարադրված է եղել ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության նոտայում, որը ապրիլի 12-ին հղվել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությանը»,- նշվում էր մեկնաբանության մեջ: Կցված էր նաեւ համապատասխան փաստաթուղթը` ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության պաշտոնական նոտան: Սա աննախադեպ փաստաթուղթ է, ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ընթացքում միակը, որ հասցեական ուղղված է Ադրբեջանին եւ փաստացի արձանագրումն է այն բանի, որ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երեւանյան այցը, հիշեցնենք, հարթ չանցավ: Սերժ Սարգսյանը բավական կոշտ հայտարարություններ արեց ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, այն աստիճան, որ ռուսական կողմը դրանք խմբագրած տեղադրեց կառավարության կայքում: Ըստ որոշ գնահատականների, Սարգսյանն ակնարկեց, որ ՀՀ-ն Ռուսաստանից ակնկալում է պատերազմական գործողություններ սկսելու համար Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություն, ինչպես նաեւ` Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի դադարեցման ուղղությամբ գործնական քայլեր: Սպասվում էր, որ ԵՏՄ նիստին ՀՀ-ի մասնակցել-չմասնակցելը կախված կլինի նրանից, թե Կրեմլը ինչպես կարձագանքի այս ակնկալիքներին: Հիմա արդեն պարզ է, որ Ռուսաստանն ընտրել է դրանցից մեկը բավարարելու հնարավոր ամենաանաղմուկ ճանապարհը`պաշտոնական նոտա ԵԱՀԿ-ի «պատերի մեջ», որ փաստորեն հղվել է ԵՏՄ նիստի նախորդ օրը: Հիշեցնենք, մինչեւ վերջին պահը ՀՀ կառավարությունը չէր հաստատում վարչապետի մասնակցությունը Մոսկվայի նիստին: Նոտայի մասին հայտարարվեց Լավրովի երեւանյան այցի շրջանակներում, ինչը թերեւս նույնպես հայկական կողմի պահանջն էր: 

Հաշտեցման միտումներ

Լավրովի այցի շրջանակներում ռուսական եւ հայկական լրատվամիջոցներով ինտենսիվ ինֆորմացիոն «արտահոսքեր» էին  հայտնվում ղարաբաղյան բանակցությունների վերսկսման, նոր առաջարկությունների, հայկական կողմի վրա հնարավոր ճնշումների, ընդհուպ մինչեւ Ադրբեջանին որոշ տարածքներ վերադարձնելու հնարավորության մասին: Տպավորություն կար, որ Մոսկովյան «աղբյուրները» խնդիր ունեն լուծելու եւ բավական նյարդային ֆոն էին ստեղծել այցից առաջ: Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ընթացքում, սակայն, այդ ամենը չհաստատվեց, դեռ հակառակը, պարզ դարձավ, որ վերջին շրջանում խիստ լարված հայ-ռուսական հարաբերությունները կարգավորման միտում ունեն: ՌԴ ԱԳ նախարարն, օրինակ, մի քանի անգամ հայտարարեց, որ ՌԴ-ն պաշտպանում է Հայաստանի այս կամ այն նախաձեռնությունները: «Մենք պաշտպանում ենք ՀԱՊԿ-ում առաջնահերթությունները, որ ներկայացրել է Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող», «Հայաստանը ԱՊՀ տարածքում մեր առանցքային գործընկերն է, եւ մենք ողջունում ենք Երեւանի նախաձեռնությունները՝ ուղղված կազմակերպության հեղինակության եւ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ասուլիսից առաջ իր խոսքում ասում էր ՌԴ ԱԳ նախարարը:

Բանակցությունների նախապայմանները

Դեռեւս մինչեւ ապրիլյան պատերազմը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, «ՀԺ»-ն գրել էր, որ պաշտոնական Երեւանը ղարաբաղյան հարցում նոր ծրագիր ունի: Խոսքը հակամարտության շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման մասին էր`կրակի ուղղությունը որսացող սարքեր,  դիպուկահարների հեռացում, դիտորդների տեղակայում եւ այլն: Փորձ էր արվում ամենատարբեր ուղիներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ համաձայնել այս առաջարկներին: Սրա մասին ավելի հաճախ խոսում էին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, իսկ Ռուսաստանն ավելի անտարբեր էր: Երեկվա ասուլիսում, սակայն, ՌԴ ԱԳ նախարարին հարց ուղղվեց. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ կոնկրետ քայլեր եք քննարկել ձեր հայ գործընկերոջ հետ»: Սա այն հարցն էր, որ հնարավորություն էր տալիս Լավրովին խոսել «իր բերած առաջարկի», «հողերի հանձնման», «ՌԴ-ի միջնորդությամբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն օր առաջ կազմակերպելու» եւ «տեղեկատվական արտահոսքի» մյուս կտորների մասին: Սակայն Լավրովը հարցին հետեւյալ կերպ պատասխանեց. «Այս փուլում կարեւոր ենք համարում անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք կողմերի միջեւ անժամկետ կնքված հրադադարի համաձայնագրերի որեւէ  խախտում: Համաձայնագրերը, որ կնքվել են դեռեւս 1994-1995թթ., ամբողջությամբ ուժի մեջ են: Այս համաձայնագրերի պահպանման համատեքստում Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցվել են քայլեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել: Դրանք վերաբերում են սահմանային միջադեպերի հետաքննման եւ վստահության ամրապնդման մյուս միջոցառումներին: 2011 թվականին ԵԱՀԿ-ն ճանապարհային քարտեզ էր մշակել այս ուղղությամբ»: Այս մտքերը նա նաեւ հայտնել էր իր բացման խոսքում: ՌԴ ԱԳ նախարարը նաեւ ասաց, որ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան այժմ պետք է կենտրոնանա այս խնդրի վրա, եւ ՌԴ-ն պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Բեռլինը գիտակցի այս հարցում իր վրա ընկած ողջ պատասխանատվությունը:

Ինչ է նշանակում Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը: Սա նշանակում է, որ Հայաստանը ԼՂ հարցով բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար նախապայմաններ է դրել, որոնցից մեկը վստահության ամրապնդման մեխանիզմները կյանքի կոչելն է: Դա երաշխիք կհանդիսանա հրադադարի երկարաժամկետ պահպանման համար: Ենթադրվում է, որ այլ նախապայմաններ էլ կլինեն, որոնց գոյության մասին, սակայն, այս պահին տեսանելի ցուցիչներ չկան: Այն, որ առայժմ ղարաբաղյան խնդրում զարգացումներ պետք է սպասել միայն վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, հիմնավորվում է նաեւ հետեւյալով. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջան կատարած իրենց այցի արդյունքները երկու օր առաջ զեկուցում էին Բեռլինի ԵԱՀԿ գրասենյակում, եւ ոչ թե Վիեննայի կենտրոնակայանում: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս ապրիլի 7-ին «Ռիա նովոստին», հղում անելով Գերմանիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրին, գրեց, որ Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկել է 7 կետից կազմված պլան, որը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, կայունությանն ու վստահությանն ուղղված միջոցառումներին եւ երկխոսության ուղով հակամարտության կարգավորմանը: Այսինքն, Գերմանիան ներկայում կենտրոնական դերակատարում է ստանձնում այս հարցում, ի հեճուկս վերջին օրերին ռուսական ԶԼՄ-ների համատարած կանխատեսումների, թե Մոսկվան եւ անձամբ Պուտինը հեսա ուր որ է, մի երկու օրվա մեջ լուծելու է ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն, իհարկե, կցանկանար հնարավորինս շուտ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, ինչին դեմ չէ նաեւ Ադրբեջանը: Սակայն դա կնշանակեր կրկին մտնել երկար տարիների շրջափուլի մեջ, երբ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, իսկ ՌԴ-ն ուզած ժամանակ խնդիրն օգտագործում է իր երկրի շահերից ելնելով եւ իր ուզած եղանակով, ինչպես եղավ ապրիլի լույս 2-ի գիշերը: Այս իմաստով հակամարտության պատմության մեջ բեկումնային պահ է առաջացել, եւ կարծում ենք, պաշտոնական Երեւանը բոլոր հնարավորություններն ունի առավելագույնը քաղելու համար: Մասնավորապես, եթե իսկապես հաջողվի շփման գծում պայմաններ ստեղծել խաղաղության երկարաժամկետ պահպանման ուղղությամբ, դա գրեթե հավասարազոր կլինի հարցի լուծմանը, որովհետեւ դրանից հետո արդեն կողմերը կանցնեն հանգիստ պայմաններում հակամարտության կարգավորման հիմնարար փաստաթղթի մշակման երկար տարիների աշխատանքին:

Կարգավիճակ եւ հողեր

Այս օրերին հանրության շրջանում մտահոգություն է առաջացել՝ կապված հարցի կարգավորման տարբերակների հետ. մասնավորապես խոսվում է որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու եւ դրա դիմաց ոչինչ չստանալու մասին: Նշենք, սակայն, որ այս մտահոգությունները փարատել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեռեւս երեւանյան իրենց ասուլիսի ընթացքում: Այդ օրերին Բաքվում Սերգեյ Լավրովը կրկին խոսել էր հարցի լուծման նոր առաջարկությունների մասին: Եվ լրագրողի հարցին՝ «առաջարկությունների ի՞նչ փաթեթ եք քննարկում, հաշվի առնելով Լավրովի հայտարարությունը, թե Մոսկվան նոր առաջարկներ ունի», ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը պատասխանել էր. «Որեւէ նոր փաստաթուղթ, Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի, գոյություն ունեն համանախագահների առաջարկություններ, որոնք վերջին տարիների ընթացքում քննարկվել են, դրանք հիմնված են կարգավորման երեք սկզբունքի եւ 6 էլեմենտների վրա, որի մասին համանախագահող երկրների նախագահները մի քանի անգամ խոսել են»: Պոպովը ներկայացրեց նաեւ երեք սկզբունքները` ուժի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը: «Վեց էլեմենտներից ամենակարեւոր երկու էլեմենտներն են`1.տարածքների վերադարձը, 2.Ղարաբաղի ստատուսային հարցերի լուծումը: Կրկնեմ եւս մեկ անգամ հակառակ ձեւով` Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծում եւ տարածքների վերադարձ: Այս երկու սկզբունքներին պետք է վերաբերվել որպես մեկ ամբողջություն, չի կարելի մեկը մյուսին ստորադասել»,- ասաց ռուս համանախագահը: Լրագրողի ճշգրտող հարցին, թե գիտակցո՞ւմ են արդյոք համանախագահները եւ այն երկրները, որ նրանք ներկայացնում են, որ Ղարաբաղը որեւէ ստատուսի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Պոպովը պատասխանեց. «Այս թեման ներկա պահին հանդիսանում է բանակցությունների նյութ»:

Ինչ բանակցությունների մասին է խոսքը, սակայն,  պետք է միայն ենթադրել: Չի բացառվում, որ այժմ, այնուամենայնիվ, մի քանի պրոցես զուգահեռ է տարվում. «Բեռլինյան պատասխանատվությանը» զուգահեռ, միջնորդները փորձում են հստակեցնել, թե բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու դեպքում ինչ փաստաթուղթ է դառնալու քննարկման առարկա: Ինչպես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում հայտարարեց, ղարաբաղյան բանակցությունների ընթացքում մշակված բոլոր փաստաթղթերը շրջանառությունից դուրս են եկել եւ ի պահ հանձնվել ԵԱՀԿ-ին, միակ փաստաթուղթը, որ դեռեւս դարակում չէ, Կազանի փաստաթուղթն է: Վերջինը, սակայն, Ադրբեջանը մերժել է, ինչը երեկ հաստատեց նաեւ Սերգեյ Լավրովը: Հնարավոր է, որ այժմ համանախագահները փորձում են նոր շունչ տալ այդ փաստաթղթին, որպեսզի բանակցությունների վերսկսման պարագայում խոսելու «թեմա» լինի:

Տպել
4056 դիտում

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)