«Ավրորան» եւ պատերազմող Հայաստանը

26/04/2016 schedule09:55

Կիրակի՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ «Ավրորա»   մրցանակաբաշխությունը, որն իր տեսակի եւ մասշտաբների մեջ միակն է աշխարհում:

Ինչպես հայտարարել են գաղափարի հեղինակները, «Ավրորա» մրցանակաբաշխությամբ հայ ժողովուրդը իր երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ, վտանգելով սեփական կյանքը, փրկել են հայերին: «Շնորհվելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից`«Ավրորա» մրցանակի նպատակն է իրազեկել աշխարհում իրականացվող վայրագությունների մասին եւ պարգեւատրել այն մարդկանց, ովքեր էական աշխատանք են կատարում`վերհանելով այդ խնդիրները»,- բացատրում են գաղափարի հեղինակները`գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գիեգորյանը: Միջոցառմանը մասնակցելու համար Երեւան էին ժամանել աշխարհում շատ հայտնի եւ մեծ հարգանք վայելող անձնավորություններ`Նոբելյան մրցանակակիրներ, մեծ հումանիստներ, տարբեր երկրներում եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններում նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, հոլիվուդյան աստղ եւ այլն: Այս բոլոր անհատականությունները եւ հատկապես դերասան Ջորջ Քլունին արդեն մի քանի օր է, չեն իջնում տեղական հեռուստաէկրաններից եւ ԶԼՄ-ների էջերից: Իհարկե, այս «հավաքույթը»,  ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին միջազգային հյուրերի եւ աստղային հայտնի ընտանիքի ներկայությունը, մեծ ճանչում բերեց թե՛ Հայաստանին, եւ թե՛ Ցեղասպանությանը: «Ավրորայի» ամբողջ հմայքը, սակայն,  բոլորովին էլ անհատները չեն:

Կարեւոր խոսակցություն Մատենադարանում

Մրցանակը հանձնելու նախորդ օրը, ապրիլի 23-ին,  Մատենադարանում կայացավ «Avrora Dialog» ֆորումը, որը թերեւս նաեւ որոշիչ եղավ գլխավոր մրցանակի չորս հավակնորդներից մրցանակակրի ընտրության հարցում:

Հայաստանի մայրաքաղաքում, Մատենադարանի շենքում այդ օրը կենտրոնացել էին մարդիկ եւ խոսակցություն էին ծավալել թեմաներից, որոնց մասին աշխարհում ամենաշատը խոսելու իրավունք վաստակել են հենց իրենք` խաղաղություն, կարեկցանք, մարդասիրություն, օգնություն, բռնությունների եւ մարդկային արժանապատվության ոտնահարման անթույլատրելիություն: Բնականաբար, քննարկումների մեխը փախստականների խնդիրն էր, որպես մեր ժամանակներում կատարվող ցեղասպանությունների կամ ցեղասպանության փորձերի հետեւանք:

Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, որը նաեւ «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամ է, ասաց. «Ես մեծ ցավով պետք է ասեմ, որ այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, կշարունակվի, եւ եթե հիմա որոշումներ չընդունվեն, ավելի մեծ հումանիտար ճգնաժամի առաջ կկանգնենք, քան 2-րդ համաշխարհային պատերազմից հետո: Ինչ պետք է անել. երկարաժամկետ կտրվածքով` մենք պետք է սովորենք հարգել մարդկային արժանապատվությունը, եթե մենք դա կարողանանք սովորել, մարդիկ չեն խեղդվի ծովերում»,- ասաց նա: Որպես կարճաժամկետ նպատակ նշեց փախստականների ճամբարներում այսօր տիրող վիճակը, որտեղ նույնիսկ ջուրը չի բավականացնում մարդկանց: Նոբելյան մրցանակակիրը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ փախստականների ճամբարներում, որտեղ միլիոնավոր մարդիկ են տեղավորված, դպրոցներ չկան  եւ մի ամբողջ սերունդ մեծանում է առանց կրթության, առանց հիգիենայի տարրական պայմանների եւ սնունդի: Շիրին Էբադիի կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է ճամբարներում համապատասխան պայմաններ ստեղծել:

Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի նախկին ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին էլ հարց բարձրացրեց. «Ի՞նչ ենք մենք անում աղքատությունը եւ աղքատների տառապանքները նվազեցնելու համար, մենք ունե՞նք ընդհանուր քաղաքականություն: Որպես պակիստանցի, որ զբաղվում է այդ հարցերով, ես կարող եմ ասել, որ կառավարությունները միտում ունեն փախստականներին իրենց քաղաքական հարցերի համար օգտագործելու: Կոչ եմ անում` ձեր երկրում համ հարեւան երկրում փախստականների առկայությունը չօգտագործել քաղաքական նկատառումներով, նրանք իրական մարդիկ են, կանայք եւ երեխաներ, որոնց մասին պետք է հոգ տանել»: Հոլոքոստի ուսումնասիրության Կեւինի անվան ինստիտուտի ավագ կուրատոր Սթիվեն Լաքերթը հիշեցրեց, որ 100 տարի է աշխարհն ունի փախստականների խնդիր, եւ  դա մի հարց է, որ չի լուծվել, իսկ Առնոլդ Զարցմանի անվան ամբիոնի պրոֆեսոր, միջազգային հակամարտությունների լուծման մեջ մասնագիտացած Էդվարդ Լաքը հայտարարեց, որ ամեն հաջորդ ցեղասպանությունը կանխելու միակ երաշխիքը նախորդ ցեղասպանության նկատմամբ մարդկության արձագանքն է: «Այս գործը դեռեւս սաղմնային վիճակում է գտնվում, մեծ ջանքեր գործադրվել են, սակայն այդ նախաձեռնությունները չեն դարձել ընդհանուր քաղաքականություն եւ գործողություն: Որոշ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ ուշացել են, սակայն նրանք ունեն ընտրության հնարավորություն: Այս միջոցառումը շատ կարեւոր է եւ հիացմունք եմ զգում, որ սահմանվել է մի մրցանակ, որը անհատներին է խրախուսում»,-ասաց նա: Հինա Ջիլանիի կարծիքով, միջազգային հանրությունը որոշ երկրների ներքին գործերին միջամտելու համար օրինական հիմք պետք է ունենա: Նրա կարծիքով, ՄԱԿ-ի լիազորությունները պետք է ընդլայնվեն. «Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Նամիբիայում ես տեսել եմ, որ կա անհրաժեշտություն միջամտություն թույլ տալու համար, բայց իմ նշած երկրներում եղել են ներխուժումներ, ինչը ծանր եւ բարձիթողի վիճակ է ստեղծել այդ երկրներում: Պետք է կենտրոնական իշխանություն եւ որքան ավելի հնարավորություններ ընձեռվեն քաղաքացիական հասարակության հզորանալու համար, այնքան կշահենք»,-ասաց նա: Էդվարդ Լաքն էլ ավելացրեց, որ նման երկրների պարագայում պետք է ոչ թե խոսել վատ կառավարությունների մասին, այլ մատնանշել կոնկրետ կառավարիչների, հիշեցնել, որ գոյություն ունի միջազգային դատարան: «Կան երկրներ, որտեղ լիդերները չեն ցանկանում հեռանալ, պետք է նոր գործիքներ մտածել օգնելու այդ լիդերներին հեռանալ, պետք է անհատական սեկտորի հետ աշխատել, մենք՝ որպես քաղաքացիներ, որտեղ էլ որ ապրենք, պետք է կառավարություններից պատասխանատվություն հայցենք»:

Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը այս համատեքստում խոսեց արաբական գարունների մասին՝ նշելով, որ այն երկրները, որտեղով արաբական գարուններ են անցել, իշխանությունները միանգամից չեն ջախջախվել, այլ տարբեր միջազգային կազմակերպություններից եւ առանձին երկրներից աջակցություն են ստացել, եւ իրադարձությունները վերաճել են քաղաքացիական պատերազմների:

Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ Արյե Նայերն էլ հիշեցրեց, որ բոլոր նշված երկրները ընդհանուր բնորոշիչ ունեն՝ կոռուպցիան, մարդու իրավունքների եւ ազատությունների ճնշումներ:

Սեղանի շուրջ կանանց տեղ տվեք 

Քննարկումների հարթակներից մեկն էլ վերաբերում էր Միջազգային մարդասիրական խնդիրներում կանանց դերին: Ամբիոնը զբաղեցրին 5 կին՝ տարբեր աշխարհամասերից, տարբեր մշակույթի եւ լեզվի կրող, շքեղ տեսարան ստեղծելով: Նրանք էին` ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ ԱԱԽ ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդենբերգը, Նոբելյան դափնեկիր, խաղաղության լիբերիացի ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամ Լեյմա Գբովեն, քենիացի մի  աղջիկ՝ Ժոզեֆին Կուլեան, որը Սամբուրու աղջիկների հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրենն է եւ զբաղվում է փոքրիկ աղջնակներին հասուն եւ ծեր տղամարդկանց հետ ամուսնություններից փրկելով, Պակիստանի կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի գլխավոր քարտուղար Սեիդա Ղուլամ Ֆաթիման, որը «Ավրորայի» հավակնորդ էր եւ Մարգարիտ Բարանկիցեն` Բուրունդիից, «Խաղաղության անունը տան» հիմնադիրը, որը հաջորդ օրն արժանացավ «Ավրորայի» գլխավոր մրցանակին: Այս կանայք գտնում են, որ որպեսզի աշխարհում խաղաղություն լինի, կանայք պետք է ներգրավվեն համաշխարհային խնդիրների լուծման գործում, պետք է որոշում կայացնողների մեջ լինեն: Նենսի Սոդենբերգը հիշեցրեց հայտնի ուսումնասիրության մասին, ըստ որի՝ այն «խաղաղությունները», որոնց հաստատման գործում կանայք ներգրավված են եղել, ավելի կայուն են, եւ որ կանանց մասնակցությունը նման գործընթացներում 20 տոկոսով ավելի է ամրապնդում խաղաղության համաձայնագրերը:  «Եթե աշխարհում ամեն ինչ լավ լիներ, կարելի էր չխոսել այս մասին, բայց եթե այսքան խնդիրներ կան, ինչու մեր տաղանդը չօգտագործել՝ նպաստելու համար դրանց լուծմանը»,- ասաց նա: Նոբելյան մրցանակակիր Լեյմա Գբովեն էլ ասաց. «Աշխարհը երկու աչքով պետք է նայի այն ամեն ինչին, որ տեղի է ունենում,  տղամարդիկ պետք է դադարեն ձեւացնել, թե իրենք ամեն ինչ գիտեն, միայն կինը գիտի, թե ինչ է կատարվում իր տանը, իսկ աշխարհը բոլորիս տունն է»: Այս քննարկման ժամանակ Մարգարիտ Բարանկիցեին հարց ուղղվեց, թե ինչպես կծախսի ինքը 100 հազար դոլար մրցանակի գումարը, եթե դառնա «Ավրորայի» գլխավոր մրցանակակիր:

Մարգարիտ Բարանկիցեն, որը Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել ու խնամել որբերին ու փախստականներին, 2008 թվականին  հիմնել է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ, հարցին այսպես պատասխանեց. «Իմ խնամքի տակ են 80 հազար մարդ, 5 հազար երեխաներ, որ պետք է դպրոց հաճախեն, 300 ուսանողներ, որոնց պետք է համալսարաններ ուղարկել, կանայք, ծերեր, ինչքան էլ փող տաք ինձ, միեւնույն է, չի բավականացնի: Դուք պետք է տեսնեք այդ երեխաներին, նրանք հրաշք են, մարդկության ադամանդները, սակայն միջազգային հանրությունը այդ երեխաներին թողած, զենք է գնում, այդ երեխաներին պետք է դպրոց ուղարկել, եթե նրանք բոլորը դպրոց հաճախեն, աշխարհը դրախտ կլինի»:

 «Ավրորան» եւ պատերազմող Հայաստանը

Հաջորդ օրը Բարանկիցեին շնորհվեց «Ավրորա» մրցանակը,  100 հազար դոլար, եւ մեկ միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կհատկացվի նրա ընտրությամբ այն միջազգային կազմակերպություններին, որոնք ոգեշնչել եւ օգնել են իրեն՝ գործել։ «Ավրորայի» մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր), հնարավորություն է տրվել 25 հազար դոլար նվիրատվություն ստանալ եւ ուղղել այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել եւ օգնել են նրանց:

Տրվել է նաեւ լրագրողական մրցանակ, քանի որ կարեւորվում է վերոնշյալ բոլոր խնդիրների տարածման գործում լրագրողների մեծ դերը: Լրագրողների միջազգային կենտրոնը (International Center for Jornalism (ICFJ)) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ New York Times-ի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմակին պարգեւատրել է «Սկզբունքային լրագրություն» մրցանակով`աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

Պատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանի համար տեղի ունեցած միջոցառման նշանակությունը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել: Տվյալ դեպքում խոսքը միայն միջազգային ուշադրության կենտրոնում լինելու մասին չէ (համաշխարհային ամենահեղինակավոր թերթերն ու լրատվական գործակալությունները լուսաբանել են «Ավրորան»), այլ թե ինչպիսի բովանդակություն է այդ ուշադրությունը գրավում:

«Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը ինչպես նաեւ նախորդ օրվա ֆորումը, միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան անցավ, վարում էին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեվիդ Իգնատիուսը:

Հ.Գ. Գլխավոր մրցանակակրի անունը հայտարարելով՝ հոլիվուդյան աստղ Քլունին ասաց.  «Եթե ուզում ենք գոյատեւել որպես տեսակ, իրավունք չունենք հայացք թեքել ոչ Սիրիայի, ոչ Հարավային Սուդանի, ոչ Կոնգոյի ժողովրդից (...) Մենք հարգում ենք 1,5 մլն կյանքերը, որոնք նահատակվեցին 101 տարի առաջ՝ ողբերգությունը իր անվամբ կոչելով Հայոց ցեղասպանություն: Հիտլերն ասել էր` «ո՞վ է հիշում այսօր հայերին»: Ահա պատասխանը. ամբողջ աշխարհը, ահա թե ով»:

Տպել
2388 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ