Ուսուցիչներն աշխատանքի կընդունվեն առանց մրցույթի, իսկ տնօրեններին չեն քննի ինչպես աշակերտի

12/05/2016 schedule21:30

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում երեկ մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար անցկացվող քննությունները: Միայն այս գործընթացի արդյունքում (ի դեպ, հինգ տարի ժամկետով) հավաստագիր ստացած հավակնորդներն են, որ հնարավորություն են ունենում աշխատել տնօրենի պաշտոնում:

Հավաստագրման սույն քննություններն առաջինն էին կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նշանակումից ի վեր, եւ երեկ դպրոց այցելած նախարարից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով որքանով է նպատակահարմար ու արդյունավետ տնօրենների հավաստագրումը: Այս եւ այլ հարցերի շուրջ նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ: 

- Ճիշտն ասած՝ բավականին ճնշող տպավորություն ունեցա, որովհետեւ տեսա շատ բազմավաստակ տնօրեններ, որոնք աշակերտի նման նստած գրավոր էին գրում: Իմ կարծիքով, արմատապես պետք է բեռնաթափել բյուրոկրատական այս խոչընդոտները: Քննությունների ընթացակարգը կպարզեցվի: Օրինակ նրանք, ովքեր մեկ անգամ  հավաստագրում են անցել, վերահաստատելու համար երեւի պարզապես զրույցի կհրավիրվեն՝ իրենց կատարած աշխատանքի մասին խոսելու: Իսկ այս տարի ես խնդրել եմ, որ այսպես ասած այդ բանավոր քննության հանձնաժողովի կազմում լինեն Աիդա Թոփուզյանը, Էդվարդ Ղազարյանը, Նորայր Ղուկասյանը, մարդիկ, որոնց տնօրենները հարգում են, որոնց հետ զրուցելը իրենց չի ճնշի: Մնացած փոփոխությունները կլինեն հաջորդ տարի: Ավելի շատ թող տնօրենը ներկայացնի՝ ինքը իբրեւ տնօրեն ինչ արդյունք ունի, ինչի է հասել, քանի աշակերտով է ընդունել դպրոցը, հիմա ինչ պատկեր է եւ այլն: Այդ զրույցի մեջ ավելի հեշտ կզգացվի՝ տնօրենը գիտակցո՞ւմ է իր առաքելությունը, նվիրվա՞ծ է, թե՞ ոչ:

- Այդ դեպքում էլ սուբյեկտիվության գործո՞նը չի մեծանա:

- Իմ խորին համոզմամբ, տնօրենը պետք է իր կենսագրությամբ գա եւ մասնակցի մրցույթին: Այս համակարգը նայելով՝ ես չեմ կարծում, որ շատ մեծ, դրական արդյունքներ տվել է: Տվել է այն իմաստով, որ տնօրենները ծանոթացել են օրենսդրությանը, վերապատրաստվելիս ստացել են կառավարմանը վերաբերող որոշակի գիտելիքներ, բայց նրանց այս ձեւաչափով, այսպես խիստ ստուգվող աշակերտի կարգավիճակում դնելն, օրինակ ինձ համար, իբրեւ կրթության ոլորտի մարդու, վիրավորական է: Այդ զգացումը ես ունեցա եւ իրենց խոստացա, որ ընթացակարգը կվերանայվի: Բայց ձեր ասածը նույնպես պրոբլեմային է: Պիտի փորձենք, որ նույնիսկ բազմավաստակ տնօրենը իսկապես հնարավորություն ունենա նոր կամ փոփոխվող օրենսդրությանը, զարգացող կառավարման համակարգին համահունչ գնալ: Այստեղ վերապատրաստումների ձեւաչափը եւ քննությունը մի քիչ պետք է պարզեցվի, հեշտացվի:

- Եթե չեմ սխալվում, գործող տնօրեններից ոչ մեկը այս ընթացքում քննությունների արդյունքում չի զրկվել հավաստագիր ստանալու հնարավորությունից...

- Այո, ես չեմ կարծում, որ սրա հետեւանքով մենք հասել ենք մի վիճակի, որ դպրոցներում կարողացել ենք սերնդափոխություն իրականացնել կամ տնօրեններ են դարձել միայն շատ լավ հատկություններով մարդիկ: Եթե ես տեսնեի, որ այս համակարգը կիրառվելու հինգ-վեց տարվա մեջ բերել է այդ արդյունքներին, կշարունակեինք, բայց նաեւ դժգոհություն շատ կա ե՛ւ տնօրենների, ե՛ւ մանկավարժների մասով: Օրինակ, ուսուցիչներին մրցույթով ընտրելու իդեան ժամանակին մերն էր, բայց հիմա ես համոզում ունեմ, որ պետք է այդ մրցույթը վերացվի, որովհետեւ դա միայն ավելացնում է կոռուպցիոն ռիսկերը: Երբ տնօրենին տալիս ես բացարձակ ազատություն, որ մրցութային շեմն անցած երեք-չորս թեկնածուից մեկին նշանակի, սա իսկապես ռիսկ ունի իր մեջ: Քաղաքացիների ընդունելության ժամանակ ես հանդիպեցի Տավուշի մարզից մի աղջնակի, որը կարմիր դիպլոմով ավարտել էր մագիստրատուրան եւ հինգ տարի փորձում էր մարզի որեւէ դպրոցում ուսուցիչ աշխատել: Բոլոր մրցույթներին մասնակցել է, հավաքել է հարյուր միավոր եւ չի նշանակվել: Այսինքն՝ տնօրենները կարող էին նախապատվությունը տալ բակալավր ավարտածին կամ տղայի:

- Բայց մյուս կողմից առանց մրցույթի էլ իրեն չէին ընդունի, եթե  պահանջվող կաշառքը չէր տալիս:

- Եթե մենք դա վերացնենք, գոնե այդ չափով կոռուպցիոն ռիսկը կնվազի: Իհարկե, չի վերանա, նորից կլինի սուբյեկտիվ գործոնը: Մենք մեկ այլ խնդիր ունենք. շատ դպրոցներում կան ուսուցիչներ, որոնք աշխատում են, լավ էլ աշխատում են հատկապես լեզուների գծով, բայց մանկավարժի որակավորում չունեն: Եվ երբ, ասենք, մեր տեսչությունը ստուգում է՝ ասում է, որ նրանք իրավունք չունեն աշխատելու: Ուրեմն մենք պետք է նաեւ մագիստրանտական կրթության մանկավարժական ծրագիր անենք, որ կարողանան մեր մյուս բուհերը ավարտած մասնագետները արագ մանկավարժի որակավորում ստանան:

- Պարոն նախարար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հարցազրույցը սկանդալային ստացվեց, նրա որոշ հայտարարություններ հանրության շրջանում մեծ զայրույթ առաջացրին, շատերը կարծիք հայտնեցին, թե ժամանակն է, որպեսզի որեւէ երիտասարդ գիտնական գա նրան փոխարինելու: Դուք ի՞նչ կարծիքի եք:

- Ես շատ հարգում եմ պարոն Մարտիրոսյանին եւ հասկանում եմ՝ ինքը ինչ է նկատի ունեցել: Նա նկատի ունի, որ զենք արտադրելը փոքր երկրի համար շատ դժվար է, որովհետեւ զենքի շուկան այսօր տիրապետվում է երեք-չորս գերտերութան կողմից, եւ միայն փոքր ծավալներով արտադրելը կապված է հսկայական ծախսերի հետ, որն ի վերջո իրեն չի կարող արդարացնել: Սա սկզբունք է, եւ փոքր երկրների մեծ մասը զենք ներմուծում է, չի արտադրում: Իսկ գիտությունների ազգային ակադեմիան ինքը ստատիկ հիմնարկ է, եւ աշխարհում այդ համակարգում հիմնականում բազմավաստակ, մեծ փորձ ունեցող մարդիկ են աշխատում: Մենք պետք է կարողանանք զարգացնել գիտություն-բարձրագույն կրթություն համակարգը, պետք է կարողանանք այնպես անել, որ բուհական համակարգում իսկապես զարգանա ֆունդամենտալ գիտությունը եւ պետք է մոտեցնենք ակադեմիայի եւ բուհական համակարգի գիտական ծրագրերը, ինչը պիտի նպաստի երիասարդության հոսքին դեպի գիտություն: Սա արդեն մեկ այլ մեծ խնդիր է: Այսօր գիտնականը, հատկապես բնագիտության մեջ աշխատելու համար Հայաստանում մոտիվացիա պիտի ստանա: Այսինքն՝ նա պետք է հասկանա, որ իր գիտելիքը օգտագործելով, գիտությամբ զբաղվելով, կարող է ունենալ նաեւ նյութական բավարարվածության այնպիսի մակարդակ, որն իրեն հնարավարություն տա ազատ ստեղծագործել: Գիտության մեջ կադրերի արտահոսքը շատ է եւ սա արդեն խնդիր է, որ պետք է լուծենք: Պետք է կարողանանք  բնական գիտությունների ձեւավորված բազան պահպանել եւ երիտասարդացնել: Բայց դրա համար պետք է իսկապես ձեւավորենք մոտիվացիա:

- Պատկերացնո՞ւմ եք՝ դրան ինչպես պետք է հասնել:

- Այո, ես մտածում եմ, որ մենք պետք է քայլ առ քայլ վերականգնենք մեր ռազմաարդյունաբերական համակարգը, մենք ունենք ռազմավարական դաշնակիցներ, եւ պարտադիր չէ, որ մենք այդ համակարգի մեջ մտնենք ամբողջական ցիկլ ունենալով: Մենք իսկապես կապված ենք շատ մեծ ծրագրերով, եւ կարող է Հայաստանը դառնալ շատ լուրջ գիտական մտքի կենտրոն: Մեր դաշնակիցների, ինչպես նաեւ ասենք ՆԱՍԱ-ի հետ մեր գիտնականներն արդեն աշխատում են: Եթե Հայաստանը կարողանա մեկ կոմպոնենտում, մի ուղղությամբ էլ խորանալ, կմտնի շուկա: Բայց կմտնի շուկա սեգմենտով, ոչ թե ամբողջական արտադրանքով: Այստեղ ես համաձայն եմ, որ ամբողջական արտադրանք տալու համար երկիրը շատ մեծ ներուժ եւ պոտենցիալ պիտի ունենա, բայց սեգմենտային ձեւով եւ առաջին անհրաժեշտության այդ պարզ պաշտպանական միջոցների իմաստով մեր երկիրը պոտենցիալ ունի, իհարկե:

- Իսկ այս պահին  ԳԱ ակադեմիայի համակարգի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Չե՞ք կարծում, որ եղած քիչ միջոցներն էլ ոչ արդյունավետ են օգտագործվում:

- Մենք հիմա գիտությունը ֆինանսավորում ենք երկու ուղղությամբ, մեկը գիտությունների ազգային ակադեմիան է՝ իր ֆունդամենտալ ինստիտուտներով, մյուսը՝ գիտության պետական կոմիտեն: Կոմիտեն օգտագործում է թեմատիկ ֆինանսավորման ձեւաչափը, եւ դրա մեջ ընդգրկված է ամբողջ սպեկտրը: Այս համակարգը իսկապես շատ ծավալված է Հայաստանում, եւ առանց այն էլ նրանց ֆինանսավորումը բավական սուղ է: Պետք է կարողանանք այդ ֆինանսավորման օգտակար գործողության գործակիցը  մեծացնել, ինչը իր հետ պիտի բերի աշխատավարձի բարձրացման՝ ցանցային համակարգի ձեւավորման միջոցով: Այսինքն՝ ինչպես բարձրագույն կրթության մեջ մենք խոսում ենք, որ անհրաժեշտություն է, որ ուսանողները կարողանան ներքին շարժունակություն ունենալ, այնպես էլ գիտնականները  իմ խորին համոզմամբ պետք է ունենան ներքին շարժունակություն, եւ եթե մի տեղ կա լավ լաբորատորիա, մենք հնարավորություն չունենք այդ շքեղությունը տասնյակ տեղերում ապահովել, բոլոր գիտնականներին այդ լաբորատորիան պիտի հասու լինի:

Պետք է տարբեր հաստատությունների (ակադեմիա, համալսարան, առանձին ինստիտուտներ, գիտության կոմիտե) միջեւ պատերը կամաց-կամաց վերանան, որ կարողանա պետությունը նույնպես նպատակաուղղել իր քաղաքականությունը: Եվ իհարկե ամեն ինչ պիտի անենք, որ մեր պաշտանության բնագավառի գիտական ուղղությունները եւ երիտասարդացումը պրիորիտետ լինեն: 

Տպել
32380 դիտում

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար