Ինչպես եւ որտեղից գտնել 55 միլիարդ դրամ առանց կախարդական փայտիկի

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախօրեին հայտարարեց, թե այս տարվա պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 62 միլիարդ դրամից 1 տրիլիոն 72 միլիարդ դրամ: Եվ դա շուրջ 80 միլիարդ դրամով պակաս է այս տարվա բյուջեով նախատեսված գումարից:

Սա փաստորեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այս տարվա բյուջեն թերակատարելու մասին առաջին պաշտոնական հայտարարությունն է: Եվ ուրեմն 2016 թվականի բյուջեն թերակատարվելու է հենց 80 միլիարդ դրամով: Բայց հաջորդ տարի կառավարությունը մտադիր է հավաքագրել 1 տրիլիոն 130 միլիարդ դրամ եւ դա արձանագրել է 2017 թվականի պետբյուջեի նախագծում: Իսկ դա նշանակում է որ հաջորդ տարի պետք է հավաքագրվի մոտ 55 միլիարդ դրամով ավելի հարկ, քան այս տարի:

Իրատեսակա՞ն է արդյոք այս կանխատեսումը: Նման կասկածներ հայտնելու բոլոր հիմքերը կան: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Այս տարի բյուջեով նախատեսված գումարը թերակատարվելու է, դա արդեն իսկ անխուսափելի է, եւ այդ մասին կառավարությունը ըստ էության պաշտոնապես հայտարարում է: Միաժամանակ իր առաջ նպատակ է դնում հաջորդ տարի 55 միլիարդ դրամով ավելի շատ գումար հավաքել: Ինչպես արդեն նշել ենք, կառավարությունը բյուջետային մուտքերի ավելացման կանխատեսումները հիմնավորում է Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության աշխուժացմամբ եւ պղնձի միջազգային գների սպասվող աճով:

Համարենք, որ պղինձը հաջորդ տարի կթանկանա, ասենք, 20 տոկոսով: Ու համարենք, որ մի այդքանով էլ կմեծանա գունավոր մետաղներ արդյունահանող ընկերությունների վճարած հարկերը: Եթե նայենք այդ ընկերությունների վճարած հարկերի տարեկան ծավալները, ապա կպարզվի, որ պղնձի 20 տոկոս թանկացման արդյունքում մեր բյուջեն կստանա լրացուցիչ ընդամենը 3-4 միլիարդ դրամ գումար: Դա, իհարկե, շոշափելի գումար է, սակայն շատ ու շատ քիչ է կառավարության նախատեսած 55 միլիարդ դրամի լրացուցիչ հարկերի սպասումից: Էլ չենք խոսում այն մասին, որ պղինձը կարող է եւ չթանկանալ ընդհանրապես, կարող է նույնիսկ էժանանալ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում տնտեսության աշխուժացման հեռանկարին, ապա այստեղ իրավիճակը ավելի կանխատեսելի է: Նույնիսկ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները իրենց անուղղելի լավատեսությամբ չեն կանխատեսում շոշափելի տնտեսական աճ Ռուսաստանում: Լավագույն դեպքում, ըստ պաշտոնական կանխատեսումների, աճը կարող է կազմել 1-1.5 տոկոս: Իսկ անկախ, շատ ավելի վստահելի ու գիտակ տնտեսագետների կանխատեսումներով՝ ՌԴ տնտեսությունը 2017 թ. կունենա զրոյական աճ, կամ նույնիսկ՝ անկում:

Իսկ դա նշանակում է որ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները չեն աճելու, եթե նույնիսկ չնվազեն: Դա նշանակում է, որ հայկական ապրանքները ավելի շատ չեն վաճառվելու Ռուսաստանում: Նույնիսկ կարելի է պնդել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազելու է, քանի որ շատ շուտով, համենայն դեպս՝ մինչեւ հաջորդ տարի թուրքական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցները վերանալու են, եւ հայկական շատ ապրանքներ, որոնք այդ պատժամիջոցների շնորհիվ որոշակի սպառում էին գտել Ռուսաստանում, դուրս են մղվելու այնտեղից:

Եվ ուրեմն, բնակչության գնողունակությունը, որը զգալիորեն պայմանավորված է ՌԴ-ից ստացվող տրանսֆերտներով, չի աճելու: Ռուսաստանում ապրանքներ վաճառող մեր տնտեսվարողները լրացուցիչ եկամուտներ չեն ունենալու, ու հետեւաբար նաեւ լրացուցիչ հարկեր չեն վճարելու:

Բյուջեի եկամուտները 55 միլիարդ դրամով ավելացնելու ամենաարդյունավետ միջոցը, իհարկե, ստվերային տնտեսության կրճատումն է: Այսինքն, այն տնտեսվարողները, որոնք իրենց եկամուտի մի մասը թաքցնում ու հարկեր չէին վճարում, պետք է գոնե մի քիչ դուրս գան ստվերից: Տեխնիկապես սա բյուջեի եկամուտները ավելացնելու ամենակարճ ու ամենահեշտ միջոցն է: Բայց՝ միայն տեխնիկապես: Գործնականում այդ «ստվերը» հայտնի օլիգարխների վերահսկողության տակ է, եւ նրանց «լույս աշխարհ» բերելը ակնհայտ քաղաքական գործընթաց է: Հույսեր փայփայել, որ օլիգարխները իրենց եկամուտների մի զգալի մասը այլեւս չեն թաքցնի, թերեւս անիմաստ է, հաշվի առնելով, որ հաջորդ տարի ընտրություններ են, եւ նրանք գործող իշխանությանը սատարելու դիմաց հստակ երաշխիքներ կպահանջեն այդ նույն իշխանությունից: Կպահանջեն ու, բնականաբար, կստանան:  Իսկ այդ պարագայում նրանց «ստվերի» կրճատման գործընթացի ականատեսը համենայն դեպս հաջորդ տարվա ընթացքում մենք դժվար թե դառնանք:

Իսկ մինչ այդ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը շարունակում է գուժել մեր տնտեսության հետընթացը: Այս տարվա օգոստոսին, մասնավորապես, մանրածախ առեւտրի ծավալները անցած տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 5.6 տոկոսով: Այսինքն, մինչ կառավարությունը համեմատաբար վարդագույն կանխատեսումներ է անում հաջորդ տարվա համար, մեր բնակչությունը շարունակում է աղքատանալ: ԱՎԾ-ի ներկայացրած զեկույցի համաձայն, օրինակ, մշակող արդյունաբերության կողմից ապրանքների միայն մեկ երրորդի պարագայում է աճ գրանցվել: Ապրանքատեսակների  2/3-ում նվազում է, այն էլ՝ բավականին զգալի: Թե ինչ պետք է անի կառավարությունը, որպեսզի ավելի շատ ապրանքներ արտադրվեն ու ավելի շատ սպառվեն ու դա հանգեցնի հարկային եկամուտների աճին, ճիշտն ասած, այնքան էլ չի հասկացվում:

Եվ ուրեմն հաջորդ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հեռանկարները շարունակում են մնալ անորոշ: Գուցե այդ մասին հայտնի կդառնա, երբ ԱԺ-ում սկսվեն բյուջեի նախագծի քննարկումները: Գուցե կառավարությունը թեւքի մեջ պահում է մի հաղթաթուղթ, որը մինչ այժմ ոչ մեկին ցույց չի տվել: Բայց դա մոտավորապես կախարդական փայտիկ է, որը, ինչպես խոստովանել է Կարեն Կարապետյանը, ինքը չունի:

Տպել
15609 դիտում

Ողբերգական ավտովթարի մասնակից Ճըվճվ Արոյի որդին կմնա կալանքի տակ. բողոքը մերժվել է

Սպառողին այլեւս պատահական միս չի հասնի. ՀՀ ողջ տարածքում սպանդանոցներ կհիմնվեն

Հանք շահագործողները կհրապարակեն մինչ օրս գաղտնի պահվող տեղեկությունները

Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել. ՄԱԿ

M-6 միջպետական ճանապարհին գտնվող թունելներն այսօրվանից կփակվեն (լուսանկարներ)

ՀՔԾ-ն կոնկրետ հարցերին վերացական պատասխաններ է տալիս. «Մարտի 1-ի» գործով առաջընթաց չկա

Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում. Արամ Սարգսյան

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում

Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. Կարեն Կարապետյան

Թուրքիայում զանգվածային ձերբակալում են Աֆրինի գործողությունների մասին գրառում անողներին

Հայաստանի մի մասում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է՝ բքի պատճառով

Սերժ Սարգսյանն հանդիպել է Ֆրանսիայի Սենատի բարեկամության խմբի անդամների հետ (լուսանկարներ)

Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան

«Ոսկու շուկայի» սեփականատիրոջ կինն ու որդին մեղադրվում են թմրամիջոց ներկրելու մեջ. Ժամանակ

Ամեն ինչի համար փող կա, աղքատների նպաստների համար փող չկա

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նորանշանակ նախագահի հետ (լուսանկարներ)

Տնտեսական աճի կանխատեսումներն ավելի արագ են աճում, քան տնտեսական աճը

Ս. Սարգսյանի խորհրդակցության հետքերով. ինչ էր իրականում բացահայտվել շուկաներում. Ժողովուրդ

Էդվարդ Նալբանդյանը կանխատեսել է, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն ինչքան կձգի. Ժամանակ

Ծաղկաձորում առաջին անգամ կայացել է ձյան վոլեյբոլի բաց առաջնություն