Ժիրայրին ուզում էին նշանակել Հայաստանի դիկտատոր. վարչապետի թեկնածու` Սերժ Սարգսյան

Երեկ 1999 թվականի հոկտեմբեր 27-ի պետական ողբերգության տարելիցն էր: 17 տարի է անցել այն չարաբաստիկ օրվանից, երբ մի խումբ «ռոմանտիկներ» ավտոմատներով մտան Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ գնդակահարեցին ԱԺ նախագահին, վարչապետին, ԱԺ երկու փոխնախագահներին, երեք պատգամավորի եւ մեկ նախարարի: Սա իրողություն է, պատմություն, որի նմանը կարելի է հանդիպել շատ այլ երկրների եւ ժողովուրդների անցյալում:

Մեր երկրի համար, սակայն, դժբախտաբար հոկտեմբերի 27-ի ողբերգությունը առայժմ անցյալ չի դարձել: 17 տարվա ընթացքում պետությանն այդպես էլ չի հաջողվել դուրս գալ այդ օրվա մթնոլորտից, տրամադրությունից, նույնիսկ հռետորաբանությունից:

Ազգային ժողովի նիստերի դահլիճի տեսքը փոխվել է, Երեւանի տեսքն էլ է փոխվել, իշխանություններն էլ են որոշ չափով փոխվել, կառավարիչների նոր սերունդ է աճել, տարբեր ոլորտներում պրոգրես է տեղի ունեցել, մարդկանց կրթական մակարդակը  ավելացել է, քաղաքակիրթ աշխարհի հետ կապն է ինտենսիվացել, ինտերնետի հնարավորություններն են մեծացել: Այս ամենը տեղի է ունեցել,  բայց բանավեճը, թե Հայաստանում ինչպես պետք է իշխանություն փոխվի` զինված հեղաշրջման, թե ընտրությունների միջոցով, մնացել է նույնը:

Մի կողմ թողնենք հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին ու աշխարհաքաղաքական ենթատեքստը: Հիշենք, թե ինչ էին ասում ոճրագործության հեղինակները անմիջապես դա կատարելուց հետո:  «Սիրելի հայրենակիցներ, ձեր արունը ծծողների հերն անիծել եմ, սատկացրել եմ: Բոլորդ դեպի Ազգային ժողով: Բոլորդ դեպի Ազգային ժողով, եւ մենք կհաղթենք: 10 տարի մեր արունը ծծեցին, էսքան հարստությունը թալանեցին, կործանեցին, բան չի մնացել, երկու շենք ա մնացել, էս էլ կվերացնեն, էս էլ կպրծնի, հերիք եղավ, բոլ եղավ: Վազգենը ամենատականքն էր էս ազգի, 5 տարի չթողեց ընտրություն լինի»,-ասում էր նրանցից մեկը: Մեկ ուրիշը լրագրողներին էր դիմում. «Ժողովուրդ ջան, դուք չե՞ք զգում, որ ազգը մեղք ա իրոք, ստեղ հավաքվում եք, լռում եք, ձեն չեք հանում, խի՞: Հիմա ես իմ ջահել կյանքը դրել եմ, ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան որ իմանամ ազգս ապրելու ա»:

Ականատեսների պատմելով, այս խմբի անդամները մտածել են, որ դրսից աջակցություն են ստանալու, իրենցից մեկը դառնալու է վարչապետ, արդար ընտրություններ են կազմակերպելու եւ իշխանությունը վերադարձնելու են ժողովրդին: Գնահատականը, որ խմբի ետեւում այլ անձինք կամ երկրներ են եղել, նրանց ուղեղները լվացել են եւ իրենց շահերի համար որպես գործիք օգտագործել՝ իհարկե, ավելի քան հիմնավոր է:

Բայց դա այլ խնդիր է եւ չի պատասխանում հետեւյալ հարցին. ինչո՞ւ է այս խմբի մոտիվացիան 17 տարի անց շարունակում արդիական լինել: Ինչո՞ւ էին «Սասնա ծռեր» խմբի անդամները գրեթե նույն բաներն ասում ՊՊԾ գունդը գրավելուց հետո: Եթե մի պահ նույնիսկ ընդունենք, որ նրանց ետեւում էլ կան որոշակի ուժեր կամ երկրներ, որ իրենց շահն են հետապնդում, ինչո՞ւ այլ գաղափար չի դրվում գործողության հիմքում:

Երեկ զոհերի հիշատակը հարգելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները «Սասնա ծռերին» ամոթանք էին տալիս, որ նման արյունալի էջ ունենալով հանդերձ՝ կրկին փորձում էին զենքով հարց լուծել: Հակառակ դաշտից իշխանություններին զգուշացնում էին, որ քանի դեռ երկրում ընտրությունների միջոցով իշխանության փոխանցում տեղի չի ունենում, եւ բոլորը հավասար չեն օրենքի առաջ, նման ողբերգություններից ապահովագրված չենք:

Նույն մեսիջը բանտից փոխանցեցին «Սասնա ծռերը»՝  հրապարակելով երկրում արմատական փոփոխությունների իրենց ճանապարհային քարտեզը: Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախոհները շարունակում են պնդել, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած այս ռեժիմից պետք է ազատվել ազգային-ազատագրական շարժման միջոցով` պատրաստ լինելով զոհաբերության: Խոսքը զինված պայքարի մասին է:

Առջեւում խորհրդարանական ընտրություններ են, եւ հանրային քննարկման թիվ մեկ թեման տասնամյակներ շարունակվող այս բանավեճն է` արդյոք իմաստ ունի՞, որ քաղաքական ուժերը մասնակցեն ընտրական պրոցեսին, այն դեպքում, երբ իշխանությունը իր վերարտադրման բոլոր պայմաններն արդեն ստեղծել է, թե՞ միակ ելքը հեղաշրջումն է: Սերժ Սարգսյանը երեկ հաջողությամբ յուղ լցրեց այս կրակին:

«Aljazeera» հեռուստաընկերությունը հրապարակեց Հայաստանի մասին քաղաքական ֆիլմ, որտեղ կային նաեւ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցի կտորներ: Լրագրողի հարցին, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինքը նախատեսո՞ւմ է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Սարգսյանը պատասխանում է, որ  դրա մասին խոսելը դեռ վաղ է. «Մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ, եւ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»:

Կար ժամանակ, երբ Սարգսյանն ասում էր, թե սահմանադրական փոփոխությունները չեն արվում, որպեսզի ինքը իշխանությունը պահպանելու հնարավորություն ստանա եւ բացառում էր վարչապետի պաշտոնում առաջադրումը:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը «Սասնա ծռերի» գործողությունների սեփական գնահատականն ունի: Նույն հարցազրույցում նա հայտարարում է, թե նրանց նպատակը Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի դիկտատոր նշանակելն էր:

Տպել
19548 դիտում

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Աֆղանստանում քննարկվել է խաղաղապահ զորքերի սպառազինությունը եւ տեխնիկական հագեցվածությունը

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ. Աննա Հակոբյանը՝ ԼՂ պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների խնդիրների լուծման մասին

Լուսացույցների տեղափոխություն Սայաթ-Նովայի պողոտա-Չարենցի փողոց խաչմերուկում

Քննարկվում են քրեակատարողական հիմնարկներն օտարալեզու գրականությամբ համալրելու հնարավոր ուղիները

Խարդախությամբ բանկից  փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

Իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ. վարչապետ

Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. հանդիպում նախագահականում

Ստեփանակերտում շուտով երկու նոր մանկապարտեզ կկառուցվի. Արայիկ Հարությունյանը՝ բարեգործական նոր ծրագրի մասին

Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Կալանքը Մայրապետյանի անձնական հաշիվների վրա է, որոնցից ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը. պարզաբանում

ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանում հրապարակվել են ԼԳԲՏ նախարարների անուններ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է

Աշոտ Աղաբաբյանը մտածում է «Հրազդանը» վերականգնելու մասին. գրավը 26 մլն դոլար չէ

Քաղաքական իրավիճակն ազդում է քրեական գործի քննության վրա. Փաշինյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի 30 մլն-ի մասին

«Մարդ կա, մտել է կառավարություն ու սկսել է իր ընկերների հարցերը լուծել, իմ հրահանգով ազատվել է աշխատանքից

Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Հասանովը կհանդիպի Թուրքիայի եւ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետերի հետ