Եթե «Ալյանսը» պատվիրատու չունի, պետք է ներողություն խնդրի. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշման դեմ բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: Ինչպես տեղեկացրել ենք՝ կոմիտեն մերժել էր Ստյոպա Սաֆարյանի դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության նախապատրաստած նյութերի հիման վրա Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցության անդամների դեմ քրգործ հարուցել:

«Ալյանս» կուսակցության մի շարք անդամներ համացանցում Սաֆարյանի անունով կեղծ էջ էին բացել եւ նրա մասին վիրավորական ու սպառնալից արտահայտություններ տեղադրել ոչ միան այդ էջում, այլ նաեւ որոշ ԶԼՄ-ներում: Սաֆարյանն էլ դիմել էր Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

«Ես դիմումում գրել էի, որ իմ անվան շահարկումով, իմ նկարների օգտագործումով պարզապես հանրության մոտ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե գործում է իմ մասին էջ, որտեղ անձնական վիրավորական գրառումներ, զրպարտություններ են կատարվում, ինձ հետ կապ չունեցող, բայց ինձ վերագրվող «մեկնաբանություններ» ու «լուրեր» տեղադրվում: Այդ էջում ու ԶԼՄ-ներով իմ հասցեին արվել են նաեւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Մենք առանձնացրել էինք այն գրառումների հեղինակներին, որոնք մեր կարծիքով իրական օգտատերեր են (այդպիսի գրառումներ կատարածների մեծագույն մասը եղել են կեղծ օգտատերեր): Ոստիկանությունում ու Քննչական կոմիտեում այդ մարդկանցից երկուսը խուսափել էին իրենց հայտարարությունների համար պատասխանատվություն ստանձնելուց, բացատրություններ էին տվել եւ հայտարարել, որ իրենք սպառնալիք չեն տվել, որ իրենց խոսքերը փոխաբերական իմաստ են ունեցել, ուղղված են եղել այլ երկրում ապրող նույնատիպ անունով այլ մարդու եւ այսպես շարունակ: Այս ամենից զատ քննիչն իր պաշտոնական գրության մեջ նաև «տեղեկացրել» է, որ նրանցից երրորդն էլ կեղծ է եւ հայտնաբերել հնարավոր չէ: Զավեշտալին այն է, որ Քննչական կոմիտեի քննիչն իր որոշման մեջ նույնպես այն կարծիքն է հայտնել, որ կարելի է նման սպառնալիքներ օգտագործել եւ հետո ասել, որ դրանք փոխաբերական իմաստով են օգտագործվել եւ անմեղ բաներ են, կամ համաձայնել, որ դրանք ինձ չեն վերաբերում, այլ երրորդ երկրում ապրող մեկին: Իրականում եզրակացությունս մեկն է, որ քննիչը քաղաքական որոշում ունի, որ չքրեականացնի համացանցում ու ԶԼՄ-ներով իմ հանդեպ կատարված ապօրինությունը: Նման քաղաքական որոշումը կարող է թելադրվել շատ հայտնի վայրերից… Առավել զավեշտալի է, թե ինչպես են հասուն տղամարդիկ սոցցանցերում ու հրապարակավ հոխորտում ու սուր ճոճում, իսկ քննչական մարմիններում մեղա գալիս, բանասեր դառնում ու մեղմասացությունների դիմում, սակայն ոչ միայն նրանք, այլ նաեւ իրենց կուսակցության ղեկավարը քաջություն չունեցան հրապարակավ ներողություն խնդրել բանական մարդուն անհարիր պահվածքի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մերժել է Ուրիխանյանին

Քաղաքագետի հետ զրուցեցինք նաեւ «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Նարեկ Ալոյանի կողմից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանն ուղղված դիմումի մասին, որով առաջարկվել էր ուսումնասիրել «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» հիմնադրամի գործունեության հաշվետվությունը՝ հայտարարելով, թե այն հանցակազմ է պարունակում: Ալոյանը նշել էր, որ քանի որ Արդարադատության նախարարությանը ներկայացված հաշվետվության մեջ 4 միլիոն 814 հազար դրամ գումարը չի հիշատակվել որպես հիմնադրամի կանոնադրական նպատակների վրա ծախսված գումար, ինքը եկել է այն եզրահանգման, որ հնարավոր է այն յուրացված, վատնված լինի հիմնադրի կողմից:

Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազորից գրություն են ստացել, որով տեղեկացվում են, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» հիմնադրամի ղեկավարության կողմից իրավախախտումներ թույլ չեն տրվել ու բացակայում են գումարների յուրացման կամ վատնման դեպքերը:

Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե իրականում, նրա կարծիքով ո՞րն է Ուրիխանյանի նպատակը, ինչո՞ւ է նա սեւեռվել իր եւ «Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի» գործունեության վրա:

««Այլանս» կուսակցության վարչության անդամի կողմից բուն ինստիտուտի գործունեության օրինականությունը կասկածի տակ դնելը ցույց է տալիս, որ թիրախն ամենեւին Ստյոպա Սաֆարյան ֆիզիկական անձը չէ, այլ նրա եւ իր հիմնադրած ինստիտուտի գործունեությունը: Թերեւս եկեք չմոռանանք, որ նախկինում ՌԴ դեսպանը, որը Տիգրան Ուրիխանյանի հարսանիքի պատվավոր մասնակիցն էր, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ քավորը, խոսել էր 100-ից ավելի ՀԿ-ների մասին, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ: Հետեւաբար եկեք ընդունենք, որ թիրախի ընտրությունը պատահական չի եղել, կեղտոտ կամպանիան, այդ թվում եւ սպառնալիքները, այդ թվում ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի կողմից իմ անձի ու գործունեության թիրախավորումն ունեցել են հստակ քաղաքական նպատակ. այն է՝ կազմակերպությունը եւ ես չհամագործակցենք Ռուսաստանի համար անցանկալի միջազգային կազմակերպությունների հետ, որոնք նրա կարծիքով գունավոր հեղափոխություններ են անում, հակառուսական տրամադրություններ խթանում: Եվ քանի որ հենց մեր ինստիտուտի փորձագետներն են հատկապես ապրիլյան պատերազմից հետո հետազոտություններ գրել, հրապարակավ մեկնաբանություններ ու հարցազրույցներ տվել Ղարաբաղի հարցով Ռուսաստանի որդեգրած հակահայկական, հակաարցախյան քաղաքականության, Ադրբեջանին սպառազինելու ու այլնի մասին, ԵՏՄ-ի մեր երկրի անդամակցության դեմ ու դրանից դուրս գալու անհրաժեշտության մասին, բնականաբար պատահական չէ մեր ընտրությունը: Ըստ իս՝ դրանով «Ալյանսը» հստակ դարձրեց, թե ով է իր գործողությունների պատվիրատուն: Նպատակն էր ցույց տալ, որ ինստիտուտը փողեր է լվանում: Դա մեսիջ կլիներ մեր գործընկերոջը՝ NED-ին (ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ) հրաժարվել մեզ հետ գործունեություն ծավալելուց կամ այն շարունակելուց: Այսինքն ակնհայտորեն փորձ էր արվում NED-ին հասկացնել, որ ձեր փողերը վատնվում են այստեղ. մեզ էլ ցանկանում էին դնել մի վիճակում, որ վախենանք ու խուսափենք նման կազմակերպությունների հետ համագործակցելուց: Պարզապես սխալ հաշվարկ էին արել ու սխալ պատկերացումներ ունեին մեր մաքրության, ինքնուրույնության ու վճռականության մասին: Արժե հիշել, որ մեր հարևան Ադրբեջանում էլ միջազգային կառույցների հետ համագործակցող տեղական ինստիտուտները և կազմակերպությունները փակվեցին ֆինանսական «չարաշահումների» հիմնավորումով, նույնատիպ զրպարտագրերի հիման վրա ու թիրախում կրկին նույն NED-ն ու այլ դոնոր կազմակերպություններն էին: Ձեռագիրը նույնն է, բայց բարեբախտաբար Հայաստանի իրավապահ մարմինները, տվյալ դեպքում՝ Ոստիկանությունը, ի պատիվ իրեն, բարձունքի վրա գտնվեց ու մեր բոլոր ֆինանսական փաստաթղթերի, հաշվետվությունների բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրեց մեր օրինավորությունը թե ֆինանսները տնօրինելու, թե նաև գործունեության ու ֆինանսական հաշվետվությունները օրենքի պահանջներին համապատասխան ներկայացնելու առումներով: Մեր գործունեության մեջ մենք եղել ենք ու լինելու ենք հաշվետու և օրինապահ, նաև հպարտանալու ենք NED-ի նման հեղինակավոր ու այլ միջազգային կազմակերպությունների հետ թափանցիկ համագործակցությամբ և չենք պատրաստվում բավարարել որևէ մեկի քմահաճույքները, կամ տեղի տալ նրանց սպառնալիքների առջև»,- ասաց Սաֆարյանը:

Անդրադառնալով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ներկայացված դիմումին՝ քաղաքագետն ասաց, որ ժամանակին օմբուդսմեն դառնալու հայտ ներկայացրած Նարեկ Ալոյանը նույնիսկ իր դիմումի երկու թիվ չի կարողացել գումարել իրար ու դրանցից հանել մյուսը և արդյունքում 20 միավորի սխալ է կատարել:

«Եվ երբ մարդն իր՝ նման աղաղակող սխալներով դիմումն ուղիղ եւ անգովազդ չի ներկայացնում ոստիկանությանը, այլ հրապարակում է մամուլի միջոցներով, դրանով իսկ ցույց տալով, որ նպատակը Ինստիտուտի ու նրա հիմնադիր անձի «խարդախ» գործունեության մասին կասկածներ սերմանելն է, ակնհայտ է դառնում, որ նպատակը քաղաքական է: Ուստի ես պնդում եմ, որ դիմողը պետք է հայտարարի, որ հանիրավի է մեղադրել Ստյոպա Սաֆարյանին եւ ինստիտուտին, ինչպես փորձել է կասկածներ սերմանել, այդպես հրապարակավ էլ պարտավոր է փարատել դրանք իր հայտարարությամբ: Ես սա կհամարեմ արժանապատիվ պահվածք՝ եթե չունեն այլ քաղաքական նպատակ եւ այլ պատվիրատու: Ես այն մարդը չեմ, որ ցանկանամ որեւէ մեկի ազատազրկումը, բայց ներողություն չխնդրել սեփական պահվածքի համար միգուցե ոստիկանության ու քննչական կոմիտեի համար կարեւոր չէ, մինչդեռ ինձ համար կարեւոր է»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

Տպել
1651 դիտում

Օլանդը Ֆրանսիայի հաջորդ նախագահին հորդորել է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Հայտնի է Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացողը

Ափսոս, որ Օբամայի աշխատակազմում աշխատելու ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը

«Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում». Ֆրանսուա Օլանդ

Թրամփի հայտարարությունը համահունչ էր նախկին վարչակազմերի կիրառած լեզվի հետ. Սփայսեր

Թուրքիան ԵՄ-ից պահանջում է իր հետ հաստատել առանց վիզային ռեժիմ

«Հին երեւան» ներդրումային ծրագրի հեռանկարները աղոտ են

Չինացի զույգը իրենց տունը վերածել է դամբարանի (Լուսանկար)

Գյումրիում ջահերով երթի ժամանակ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)

Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոն

Հովիկ Աբրահամյանը չի լքել Հանրապետական կուսակցությունը

Նալբանդյանը չի բացառում, որ առաջիկայում կհանդիպի ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հայաստան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահը

ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Հյուսիսային Կորեային,եթե շարունակվեն հրթիռների փորձարկումները

ԵԽԽՎ նախագահը հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում. նա պետք է հրաժարական տա

Վրաստանի նախագահը հանդիպել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չպետք է լինեն. Փաշինյան

Թուրքերը մեծ քանակությամբ Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի տոմսեր են գնում

Քաղաքացու երկու կենսաթոշակի վճարումը արագորեն դադարեցրել են, իսկ վերականգնել չեն շտապում

Դոնալդ Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ