Մինչեւ երբ է Սերժ Սարգսյանը փախչելու Ալիեւի հետ հանդիպումից. թայմ-աութը կարող է ձգձգվել

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չբացառեց, որ Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կարող է տեղի ունենալ իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Մինչեւ հիմա հայկական կողմն ավելի շատ հակված էր մերժել այս հանդիպումը:

Ըստ պաշտոնական մեկնաբանության՝ Հայաստանը չի վերադառնում բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ չեն կատարվում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, կապված շփման գծում միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ներդրման հետ: Սույն պայմանավորվածությունները, ինչպես հայտնի է, արգելափակվել են ԵԱՀԿ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, որտեղ Ադրբեջանը վետո է դնում մշակված մեխանիզմների ֆինանսավորման նախագծի վրա: Արդյոք այս առումով որեւէ տեղաշարժ կա՞ եւ այդ պատճառո՞վ է Նալբանդյանը հավանական համարում իր եւ Մամեդյարովի հանդիպումը:

Նշենք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկու ուղղություն ունեին` ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնում եւ շփման գծում կրակի ուղղությունը որսացող սարքերի մոնտաժում, որոնք թույլ կտան ֆիքսել, թե որ կողմն է խախտում զինադադարը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հարցազրույցներից տպավորություն է ստեղծվում, որ ներկայում խոսքը  միայն առաջին` Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին է:

Չի բացառվում, որ տեսնելով, որ այս հարցերն էլ փաթեթային լուծում չունեն, որոշում է կայացվել առանձնացնել դրանք՝ գոնե ինչ-որ արդյունք ունենալու համար: Այսինքն, գուցե Ադրբեջանը ի վերջո համաձայնել է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման ծրագրի ֆինանսավորմանը, ինչի արդյունքում էլ հայկական կողմը վերանայել է նախարարների մակարդակով հանդիպման իր դիրքորոշումը: Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանը ոչնչի էլ չի համաձայնել, պարզապես Հայաստանի վրա  բանակցությունների վերադառնալու ճնշումներ են գործադրվել:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ ասել էր, որ ԵԱՀԿ արտգործնախարարների Համբուրգի նիստի ժամանակ, որին մասնակցելու է նաեւ Սերգեյ Լավրովը, այլ հարցերի շարքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Երեկ էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայկական կողմին մեղադրել է հանդիպումից փախչելու մեջ: Մամեդյարովը դեռ նոյեմբերին էր հայտարարել, որ Ադրբեջանը իր համաձայնությունը տվել է Համբուրգում հանդիպելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկին: Նա երեկ ասել է, որ Հայաստանը դեռ այս հանդիպման վերաբերյալ պատասխան չի տվել. «Նրանք նաեւ հանդիպումից են փախչում եւ այդպիսով չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին»:

Ոտքի վրա «Ազատություն»ռ/կ-ի լրագրողի հարցերին Նալբանդյանի պատասխանից էլ էր ակնհայտ, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չունի Համբուրգի հանդիպման մասով: «Չեմ բացառում, բայց դեռեւս այդ հանդիպումը հաստատված չէ»,- ասաց ԱԳ նախարարը: Եթե Ադրբեջանը վաղուց համաձայնել է դրան, եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես Ջեյմս Ուորլիքն էր թվիթերում գրել`անհամբեր սպասում են այդ հանդիպմանը, ինչն է խանգարում, որ այն հաստատվի: Բնականաբար` Հայաստանը: Սերժ Սարգսյանը իր վերջին հրապարակային ելույթներում պնդում է, որ Հայաստանը երբեք չի մերժում բանակցությունների առաջարկությունը: Կոնկրետ Համբուրգի հանդիպումը մերժում է, կամ առնվազն`փորձում է հասնել գոնե Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասով պայմանավորվածությունների կատարմանը:

Այս ընթացքում շատ քննարկվեց նաեւ 7 շրջաններ հանձնելու թեման եւ ներկայում բանակցությունների սեղանին դրված կարգավորման տարբերակի հարցը: Կարծում ենք՝ Կիսելյովի հարցազրույցում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Կազանում Հայաստանը պատրաստ էր ստորագրել կարգավորման հայտնի տարբերակը, մինչդեռ Ալիեւը վերջին պահին հրաժարվեց, այդքան մեծ ուշադրության արժանի չէ:

Նախ, դա նոր բան չէր, դրա մասին Սարգսյանը խոսում է գրեթե բոլոր միջազգային հարցազրույցներում: Եվ հետո ավելի կարեւոր է, թե ապրիլյան պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պարագայում Հայաստանն ինչի է պատրաստ եւ անպատրաստ: Երեկ Մամեդյարովը հայտարարել է, թե ուղղությունը, որով ընթանում են բանակցությունները, ոչ ոքի համար գաղտնիք չէ: «Քննարկվող փաստաթղթում նշվում է, որ հայկական զորքերը պետք է փուլ առ փուլ դուրս բերվեն գրավյալ տարածքներից: Կարգավիճակի հարցը եւս քննարկվում է: Սակայն նախնական փուլում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նշանակում է թաղել խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է նա:

Պաշտոնական Երեւանի դիրքորոշման համաձայն էլ՝ «Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ եւ քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարց լուծում չի կարող գտնել»: Այսինքն, առայժմ ամեն ինչ իր տեղում է, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են տարբեր մոտեցումներ ունենալ ԼՂՀ կարգավիճակի հարցում, իսկ սա նշանակում է, որ խուճապի մատնվելու կարիք այս առումով գոնե չկա:

Հիշեցնենք նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահ է փոխվում, եւ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ: Ավանդույթի համաձայն, նոր համանախագահներին ժամանակ է տրվում՝ խնդրին տիրապետելու համար: Իսկ Հայաստանում կամ Ադրբեջանում  համապետական ընտրությունների շրջանում բանակցությունները սառեցվում են, նույնիսկ եթե կողմերը չափազանց մոտ են լինում վերջնական համաձայնության: Այնպես որ, Համբուրգի հանդիպումը կկայանա, թե չի կայանա, առանձնապես էական էլ չէ:

Տպել
10196 դիտում

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

ՀՀԿ-ն պնդում է՝ Փաշինյանը մարտի 1-ին անկարգություններ է հրահրել, այնինչ, այդ մասին խոսք չկա անգամ մեղադրանքում

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) 26 մլն դրամ եւ 50 հազար դոլար ունի

Ազատ առեւտուր եւ ինտեգրացիա. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երեւանում

Գրոհային մարտավարական խմբեր. Փաշինյանը հետևել մարտավարական զորավարժությանը

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Փարիզյան ֆորումը եւ Հայաստանի դիվանագիտության հերթական քայլը

Վեհափառը դա Աստծուց է. Շարմազանովը՝ Գարեգին Բ-ի մասին

Ինչու Արգամ Աբրահամյանը չի առաջադրվել. պարզաբանում են ԲՀԿ-ից