Մենք միավորվել ենք հաղթելու համար. նախընտրական առաջին դաշինքն այլեւս իրականություն է

Երեկ ստորագրվեց ընդդիմադիր դաշտում 2017 թվականի ընտրություններին ընդառաջ նախընտրական առաջին դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիրը:

Շաբաթներ տեւած միջկուսակցական քննարկումներից հետո  «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ստորագրեցին ոչ միայն 2017-ի խորհրդարանական (որը տվյալ դեպքում իշխող ուժի եւ երկրի ղեկավարի ընտրությունն է), այլ նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ փաստաթուղթ:

Հուշագրի համաձայն՝ կողմերը համատեղ գործունեության արդյունքում կսկսեն նաեւ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ բանակցություններ: Հիշեցնենք, որ «մեկ կուսակցություն» գաղափարը պատկանում է ՔՊ-ին, ինչը, փաստորեն, ընդունելի է դարձել նաեւ մյուս երկու ուժերի համար: Դաշինքը դեռ չունի անուն եւ դեռ չի հստակեցրել, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը կամ ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Առայժմ հստակեցրել են այն խնդիրները, որոնց շուրջ համագործակցելու են:

Իսկ արդյոք ուժի մե՞ջ է մնում ամիսներ առաջ հանրահավաքի ժամանակ ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին ստվերային կառավարության վարչապետ հռչակելու վերաբերյալ որոշումը: Լրագրողի սույն հարցին Փաշինյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է դիտարկել այս հուշագրի շրջանակներում: Մենք մեր արտահերթ համաժողովին ասել ենք, որ նախկինում կայացրած որոշումներով կաշկանդված չենք, եւ հիմա բոլոր քննարկումները պետք է սկսվեն զրոյից: Կողմերից որեւէ մեկը չի եկել մյուսներին ինչ-որ լուծումներ պարտադրելու: Վստահ ենք, որ քննարկումների ընթացքում կգանք ընդհանուր հայտարարի»:

Փաստաթղթի ստորագրումից հետո կուսակցությունների ղեկավարները հանդես եկան հայտարարություններով: ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ այս համագործակցությամբ իրենք ցանկանում են ունենալ հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտ, որ կարողանան ժողովրդին դուրս բերել գործող իշխանության կողմից ստեղծված ջլատվող իրավիճակից ու տանել դեպի քաղաքակիրթ պետության:

«Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ սա իրենց կուսակցության 15-ամյա գործունեության երրորդ դաշինքն է: Առաջինը, հիշեցնենք, «Արդարություն» դաշինքն էր, երկրորդը՝ ՀԱԿ-ը: Նրա խոսքերով՝ հոկտեմբերի 27-ից հետո հանրային պահանջով ու ցանկությամբ ձեւավորված «Արդարությունը» դատապարտված էր կրկնօրինակել Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը: ՀԱԿ դաշինքում ունեցել են ինչպես աշխարհաքաղաքական, այդպես էլ ներքաղաքական գործունեության մարտավարական հարցերին վերաբերող տարաձայնություններ:

Եվ ՀԱԿ-ում գիտեին, որ ընտրություններից հետո «Հանրապետությունը» դուրս է գալու դաշինքից՝ հրաժարվելով իր բոլոր հնարավորություններից: «Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից՝ առաջին հերթին եռյակը ձեւավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով եւ ընդհանուր հայտարարի բերելով թե աշխարհաքաղաքական, թե մարտավարական, թե ռազմավարական ու ապագային միտված բոլոր հարցերը»,- ասաց «Հանրապետության» նախագահը:

«Այս միավորմամբ հնարավոր կլինի միս ու արյուն տալ մեր երազանքներին եւ տեսլականին: «Հանրապետության» եւ «Քաղաքացիական պայմանագրի» իմ գործընկերներին հավաստիացնում եմ, որ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ձեռք եք բերել անքննելի, անառարկելի եւ անսակարկելի գործընկերոջ: Վստահ եւ հավատացած ենք, որ միասնաբար կարող ենք լինել ավելին եւ գործել ի շահ Հայաստանի Հանրապետության»,- իր հերթին հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

Այնուհետեւ երեք կուսակցությունների ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ առաջիկա քայլերին, եւ թե այդ ուժերի միջեւ նախկինում եղած որոշակի տարաձայնություններին: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում էր աշնանը ՏԻՄ ընտրությունների շրջանում Ն. Փաշինյանի մի քանի հայտարարություններին, թե ինքը Է. Մարուքյանին ընդդիմադիր չի համարում, քանի որ նա կողմ է քվեարկել այս իշխանությունների ներկայացրած բյուջեին:

Արդյոք նրանք պարզե՞լ են այդ խնդիրը: «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել, հիմքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը: Մենք բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, արձանագրել ենք տարընթերցումները: Եվ այսօր, ի դեմս այս փաստաթղթի, մենք ունենք իրավիճակ, երբ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են, եւ դրանք հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք բռնելու ու համագործակցության հիմքեր ենք դնելու»,- պատասխանեց Փաշինյանը:

«Ցանկացած տարաձայնություն ավելի ցածր արժեք է, քան թե այն ընդհանուր շահը, որը մեզ միավորում է ՀՀ-ի համար»,- իր հերթին հավելեց Է. Մարուքյանը:

Ինչ վերաբերում է եռյակի համագործակցության ընդլայնմանը, Ս. Միքայելյանը նշեց, որ իրենք բաց են այլ ուժեր ներգրավելու համար, եւ դա կարող է լինել միայն իրենց համատեղ համաձայնության դեպքում: Նա չնշեց, թե հիմա է՛լ որ ուժի հետ են բանակցում դաշինքն ընդլայնելու համար՝ հավելելով, որ «Ժառանգության» հետ համագործակցության հարցը փակված չէ:

Հնչեցին նաեւ արտաքին քաղաքական կողմնորոշվածությանը վերաբերող հարցեր: «Հանրապետությունը» եւ ԼՀ-ն հաճախ են հայտարարել, որ կարեւորում են եվրոպական արժեհամակարգը: Նաեւ հայտնի է, որ ՔՊ-ն «ոչ-ոչ»-ի կողմնակիցն է: «Մեր ուժերի մոտ կա համաձայնություն, որ մեր համագործակցությունը որեւէ մետության եւ հակայության դրսեւորում չի ունենալու: Մենք ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնին հակա կամ մետ չենք լինելու: Մեր ելակետը ՀՀ շահերի գերակայության սկզբունքն է, ինչպես նշված է հուշագրում»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Երեկվա միջոցառման ու ընդհանրապես հուշագրի ամենաինտրիգային հարցերից մեկը մեկ միասնական կուսակցության հավակնոտ գաղափարն էր, ինչը երեք ուժերն էլ ընդունել են: «Մենք միավորվել ենք՝ հաղթելու համար, մեր անցած ուղին մաքուր է, մեզ վրա չկան կոմպրոմատներ, բանտերով մեզ չեն վախեցնի: Մենք պայքարել ու պայքարելու ենք այս իշխանությունների դեմ: Մեր թիմը կատարյալ թիմ է, համոզված եմ, որ դուք մեր արդյունքները կտեսնեք: Ինչ վերաբերում է մեկ կուսակցություն դառնալուն՝ իսկ ի՞նչն է ինքնանպատակ: «Հանրապետություն» կուսակցությունը 15 տարի առաջ չենք ձեւավորել, որ ասենք՝ դառնանք 110 տարեկան: Մենք ձեւավորել ենք, որ լավ Հայաստան ունենանք»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Երեք ուժերն էլ հավատում են այս համագործակցությանը, այս դաշինքին ու դրա հաջողությանը: Եվ այդ հաջողությունն ու արդյունքն է, որ կարող են լինել մեկ քաղաքական միավոր ստեղծելու կարեւոր եւ հզոր նախապայմանը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Համախմբումն ու մեկ կուսակցություն դառնալը մի տեսակ խորթ է թվում բոլորին, բայց ժամանակի ընթացքում այն շատ լուրջ արդյունք կտա: Համախմբված՝ մենք շատ ավելի լավ կկարողանանք երկիրը դուրս բերել այս վիճակից եւ տանել դեպի ժողովրդավարություն»,- եզրափակեց Սասուն Միքայելյանը:

Հարց հնչեց, թե ով է լինելու այդ միասնական կուսակցության նախագահը: «Այստեղ կանգնածներից ոչ մեկի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար: Նախագահ կարող է դառնալ ոչ միայն այս երեք ուժերի ներկայացուցիչը, այլ մի այնպիսի անհատ, որը կարողանա առաջնորդել այս երեքին: Կարող է լինել նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչ, եթե հետագայում կմիանան մեզ»,- պատասխանեց Սասուն Միքայելյանը:

Այս համագործակցությամբ խորհրդարանական ընտրություններին ի՞նչ արդյունք եք ակնկալում՝ հարցին Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ինչքան որ ժողովուրդը ձայն կտա»:

«Իսկ մենք հույս ունենք, որ գոնե 50+1, 2 կտա»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է դաշինքի գործունեության ֆինանսավորմանը, ապա դա առայժմ կազմակերպում են դրամահավաքով: «Դրանք սահմանափակ, սուղ միջոցներ են, բայց մենք 1 մլն դրամով կարող ենք 100 մլն դրամանոց էֆեկտ ստանալ, եւ ունենք այդ մեխանիզմն ու փորձը: Փորձելու ենք նաեւ ՀՀ գործարար հատվածին դարձնել այս շարժման մասնակից եւ նրանց շահերը ներկայացնել ապագա խորհրդարանում: Իհարկե, այդ շահերը պետք է համընկնեն մեր արժեքներին: Իսկ որո՞նք են այդ շահերը, ինչի՞ դեմ ենք մենք ընդհանրապես միշտ պայքարել. մենք պայքարել ենք մոնոպոլիաների դեմ, մենք պայքարել ենք հանուն հավասար հնարավորությունների, եւ ես վստահ եմ, որ Հայաստանում կան գործարարներ, կան մարդիկ, որոնք ցանկանում են ունենալ հավասար հնարավորություններով տնտեսություն»,- եզրափակեց Է. Մարուքյանը:

Տպել
1718 դիտում

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին