ՆԱՏՕ-ն եւ Հարավային Կովկասը. բաց խոսակցություն բարդ խնդիրների մասին

Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին ՆԱՏՕ-ն սկսել է ավելի բաց տեքստերով խոսել Հարավային Կովկասում անվտանգության կարեւորագույն եւ զգայուն հարցերի շուրջ: Լինի դա Հայաստանում ՌԴ ռազմաբազայի, միջպետական պայմանագրի հենքի վրա հայ-ռուսական միավորված զորախմբի ձեւավորման, թե նույն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ Ռուսաստանից С-400 ՀՕՊ օպերատիվ-տակտիկական համակարգերի ձեռքբերման հետեւանքների մասին: 

Օրեր առաջ «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում տեղի ունեցած դասընթացի ժամանակ կազմակերպել էր հանդիպում ՆԱՏՕ-ի հարավկովկասյան կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահունի հետ:

Նա հետաքրքիր, երբեմն նաեւ կոշտ հայտարարություններ արեց նշված հարցերի վերաբերյալ: Լահունը ներկայացրեց Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը, ինչից պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ին եթե ոչ ընդհանրապես, ապա շատ քիչ է հետաքրքրում ՌԴ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում: Նույն կազմակերպությունը միայն հպանցիկ հետաքրքրություն է ցուցաբերում հայրենական մամուլը ցնցած հայ-ռուսական միավորված զորախմբի ստեղծման մասին տեղեկատվության նկատմամբ: ՆԱՏՕ-ի համար միակ իրական գլխացավանք կարող է լինել С-400 ՀՕՊ օպերատիվ-տակտիկական համակարգերի Թուրքիա առաքելու վերաբերյալ ռուս-թուրքական հնարավոր գործարքը:  

«Գյումրիում ռուսական ռազմաբազայի, իսկ Երեւանում ավիաբազայի առկայությունը ՆԱՏՕ-ին ընդհանրապես չի հուզում: Մեր համար դա, ընդհանրապես, խնդիր չէ: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի որոշումն է` տեղակայել Հայաստանում ռազմաբազա, սակայն մենք լավ ենք հասկանում, որ այն խնդիր չէ ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ դաշինքի անդամ Թուրքիայի համար: Ռազմական տեսանկյունից այն մեծ նշանակություն չունի, այն ավելի շատ քաղաքական գործոն է»,- ասաց Ուիլյամ Լահուն: Նույն աստիճանի անտարբերությամբ նա խոսեց նաեւ հայ-ռուսական միջպետական պայմանագրի հիման վրա ՀՀ տարածքում միավորված զորախմբի ձեւավորման նախաձեռնության մասին: «Դա մեզ չի հետաքրքրում: Վերլուծաբանների մակարդակով ասվում է, որ այսպես Հայաստանը կորցնում է իր զորքերի նկատմամբ վերահսկողությունը»,- հակիրճ ասաց ՆԱՏՕ-ի հարավկովկասյան կապերի գրասենյակի ղեկավարը:

Այնուհետեւ այս համատեքստում նա բավական ծավալուն ներկայացրեց ՆԱՏՕ-ի՝ որպես սուվերեն պետությունների կոնսենսուսով ձեւավորված կազմակերպության առավելությունները եւ գրավչությունը: «ՆԱՏՕ-ն անկախ եւ սուվերեն պետությունների համագործակցություն է: Սա է մեր եւ ՌԴ-ի հետ համագործակցության ֆորմատների հիմնական տարբերությունը: Ռուսաստանը կայսրություն է եղել եւ այժմ էլ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերում շատ պետությունների նկատմամբ»,- ասաց Լահուն: Նա անգամ նկարագրեց մի ֆանտաստիկ սցենար, որն, ըստ նրա, հնարավոր է ՆԱՏՕ-ի շրջանակներում: «Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որեւէ մեկը ցանկություն հայտնի, որպեսզի Ռուսաստանն իր տարածքում ռազմաբազա տեղակայի, ապա մենք չենք կարող նրան արգելել: Իհարկե, կլինեն հայտարարություններ, բայց արգելել չենք կարող»,- ասաց նա:

Սակայն նույն պաշտոնյան չցանկացավ անգամ հիշատակել, որ սուվերեն ու անկախ պետություններից բաղկացած ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարությունը, չգիտես ինչու, միշտ գլխավորում է ամերիկացի գեներալ: Իսկ երբ ժամանակին ԽՍՀՄ-ը Կուբայի համաձայնությամբ «Ազատության կղզում» ցանկանում էր միջուկային մարտագլխիկներով  հրթիռներ տեղակայել, սկսվեց Կարիբյան ճգնաժամը: ԱՄՆ-ից անգամ հայտարարեցին, որ կեղտոտ ռազմական նավերը կխորտակեն օվկիանոսում, բայց թույլ չեն տա նրանց` մոտենալ Կուբային: Իսկ Կուբան ՆԱՏՕ-ի անդամ չէր, ավելին՝ ԽՍՀՄ դաշնակից էր: Թե ինչպես կարձագանքի ԱՄՆ-ն, եթե ասենք նույն ՆԱՏՕ-ի անդամ Լատվիան ինչ-որ հրաշքով մի օր հայտարարի, որ ցանկանում է իր տարածում տեղակայել ՌԴ ռազմաբազա, դժվար չէ կանխատեսել: 

Ինչեւէ, ի տարբերություն վերը նշված խնդիրների, պարզվում է ՆԱՏՕ-ն բավական զգայուն է վերաբերվում Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարին: Խոսքը, հատկապես, Թուրքիայի՝ Ռուսաստանից С-400 ՀՕՊ օպերատիվ-տակտիկական համակարգերի ձեռքբերման հետեւանքների մասին է: «Տակտիկական եւ օպերացիոն մակարդակում ՆԱՏՕ-ում կան ստանդարտներ, սակայն ոչ բոլոր պետություններն են դրանց ամբողջ ծավալով հետեւում: Դրանք պարտադիր չեն բոլոր անդամների համար նաեւ զենքերի մասով: Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, ապա ՆԱՏՕ-ն ունի ինտեգրված համակարգ, որի մաս է կազմում նաեւ Թուրքիան, ուստի ՀՕՊ համակարգերի ձեռք բերման հարցում կարեւոր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների կարծիքը»,- պարզաբանեց Լահուն:

Լահուի խոսքերից պարզ դարձավ, որ Թուրքիան «լավ օրից չէ», որ փորձում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: Արեւմտյանն ուղղակի թանկ է: Դրանց հիմնական արտադրողն Արեւմուտքի տեխնոլոգիապես զարգացած մասն է, ուստի գներն էլ «եվրոպական» են կամ «ամերիկյան»:  

«Թուրքիան ժամանակին փորձում էր այս խնդիրը լուծել չինական համակարգերի միջոցով, քանի որ դրանք էժան են: Սակայն դաշնակիցները զգուշացրեցին, որ դրանք չեն կարող միացվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին: Մտահոգություն կար, որ այս կերպ Չինաստանը կարող է որոշակի ծրագրեր ներբեռնել մեր համակարգ եւ տեղեկություններ կորզել այնտեղից: Արդյունքում Թուրքիան ձեռք չբերեց այդ համակարգերը: Նույն խնդիրն է առաջանալու Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պարագայում, ուստի հավանաբար նույն պատճառաբանությամբ Թուրքիային թույլ չեն տա միանալ ՆԱՏՕ-ի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին»,- եզրափակեց նա:

Տպել
2331 դիտում

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների