Կարեն Կարապետյանը փողը կճարի, բայց որտե՞ղ այն ներդնել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` նախօրեին մեկնարկած պաշտոնական այցը Մոսկվա, իհարկե, ունի ոչ այնքան գործնական, որքան քաղաքական նշանակության: 10-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ Ռուսաստանում ՀՀ վարչապետին ընդունում են պաշտոնական այցով:

Բայց անդրադառնանք այցի գործնական բաղադրիչին: Եթե փորձենք պատկերացում կազմել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մասին այս այցը նկարագրող պաշտոնական հաղորդագրություններից, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ հարաբերությունները փայլուն են: Ըստ այդ հաղորդագրությունների՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը առանձնազրույց են ունեցել,  պատվիրակությունների ընդլայնված կազմով աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ ողջույնի խոսքեր են փոխանակել, ապա լրագրողների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իրենց ելույթներում նրանք հայ-ռուսական հարաբերություններին նվիրված դիֆերամբներ են ձոնել:  Մեդվեդեւն ասել է, թե Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները աճել են 70 տոկոսով...: Կարեն Կարապետյանն ասել է թե « վերջին տարիներին համաշխարհային բարդ կոնյունկտուրայի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է առաջ շարժվել: Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում»...: Հետո երկուստեք ասել են, որ կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը եւ մարդկային շփումների սերտացմանը, որ կընդլայնեն համագործակցության ոլորտները եւ այլն:  

Սակայն հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ այդքան լավ է, մեղմ ասած: Հայաստանից Ռուսաստան արտահանման 70 տոկոս աճը իրականում բլեֆ է: Նախ, ինչպես բազմիցս նշվել է, վիճակագրության մեջ կան ակնհայտ զեղծարարություններ: Մասնավորապես, անցած տարվա ցուցանիշներում նշված էր, թե առաջին եռամսյակում ՌԴ է արտահանվել մոտ 20 հազար տոննա լոլիկ այն դեպքում, երբ այդքան հզորություններ Հայաստանում չկան: Մեկ այլ ցուցանիշով թեթեւ արդյունաբերության ապրանքների արտահանման այնպիսի ծավալ է արձանագրված, ըստ որի, ավելի շատ արտահանվել է, քան արտադրվել է Հայաստանում: Եվ երկրորդ` 2016 թվականին արձանագրված արտահանման 70 տոկոս աճը ստացվել է այն բանի շնորհիվ, որ 2015 թվականին արտահանումը կտրուկ նվազել էր:

Ինչ վերաբերում է Հայաստանում «ռուսական կապիտալի լայնորեն ներկայացված» լինելուն, ապա այստեղ պատկերը ավելի տխուր է: Օրինակ, 2014 թվականի առաջին 9 ամիսներին Ռուսաստանից ՀՀ տնտեսության մեջ կատարված ներդրումների զուտ ներհոսքը 38 միլիարդ դրամ է կազմել: 2015 թվականի նույն ժամանակահատվածում` արդեն 14 միլիարդ դրամ: Իսկ ահա անցած տարվա 9 ամիսներին զուտ ներհոսքի ցուցանիշը արդեն բացասական թիվ էր` մինուս 72 միլիարդ դրամ: Այսինքն, եթե պատկերավոր ասենք, ռուսական կապիտալը ոչ թե ներհոսում է Հայաստան, այլ արտահոսում է` փախչում է գլխապատառ տեմպերով: Դա, անշուշտ, առաջին հերթին պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության վիճակով, որը արեւմտյան պատժամիջոցների պատճառով հայտնվել է շատ բարդ կացության մեջ:

Բայց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո սպասվում է, որ ՌԴ մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ պետք է ուժեղանա: Օրինակ, «Գազպրոմ» ընկերությունը մինչեւ  վերջերս Հայաստանի հետ վարում էր կոշտ գնային քաղաքականություն: Նույնիսկ պահեր եղան, երբ Ռուսաստանը եվրոպական երկրներին գազը ավելի թանկ էր վաճառում, քան Հայաստանին: Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո «Գազպրոմի» քաղաքականությունը կտրուկ փոխվեց եւ նույնիսկ այդ ընկերությունը համաձայնեց իր վրա վերցնել Հայաստանում գազի սակագնի նվազեցման արդյունքում սպասվող ֆինանսական վնասները: 

Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամենայն աջակցություն է ցուցաբերելու Կարեն Կարապետյանին եւ ուժեղացնելու են նրա դիրքերը ՀՀ իշխանության վերնախավում: Հիմա խոսքն այն մասին է, թե ինչպես է դա արտահայտվելու: Ինչպես արդեն նշել ենք, համառ լուրեր են շրջում այն մասին, որ ՌԴ իշխանությունները քաղաքական որոշում են ընդունել առաջիկայում 300 միլիոն դոլարի ներդրում «ուղարկել» Հայաստան: Դա պետք է լինի օտարերկրյա մասնավոր ներդրումներ ՀՀ տնտեսության մեջ: Ինչ խողովակներով կգան այդ գումարները, ում սեփականությունը կլինեն, դա այնքան էլ էական չէ: Էականն այն է, թե որտեղ են դրանք ներդրվելու: 

Այնպես չէ, որ այդ գումարը պետք է ուղղակի «լցվի» Հայաստան: Այդ ներդրումները պետք է իրականացվեն կոնկրետ ընկերություններում, կոնկրետ բիզնեսների մեջ եւ շահութաբեր լինեն: Երեկ Կարապետյանը պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ առաջարկը ռուսական կողմը դրական է ընդունել: Սա կարող է լինել հենց այն խողովակը, որով ռուսական ներդրումները կարող են հոսել դեպի ՀՀ տնտեսություն: Բայց հոսքի խողովակը գտնելը դեռ գործի մի մասն է:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանի հիմնական գործը եղել է այնպիսի ոլորտներ գտնելը, որտեղ կարելի է ներդրումներ անել: Պետք է նկատել, որ այդ գործում Կարապետյանը, համենայն դեպս առայժմ, որեւէ շոշափելի հաջողության չի հասել: Այսինքն՝ փողը, ըստ էության, կա, սակայն չկան այնպիսի բիզնեսներ, որոնք կհետաքրքրեն ռուս մասնավոր ներդրողներին: Տնտեսության աննկարագրելի մոնոպոլիզացիան, եկամտաբեր ոլորտների «մեջ-մեջ» արված լինելը, հումքի ու էներգակիրների թանկ լինելը, տրանսպորտային լրացուցիչ ծախսերը եւ բազմաթիվ այլ հանգամանքներ վանում են նույնիսկ ռուս ներդրողներին:  Այդ նույն գումարները ռուսները կարող են ներդնել Ռուսաստանում եւ ստանալ ավելի էժան ու մրցունակ արտադրանք: Այնպես որ, միայն փող ճարելը չի լուծում  խնդիրը: Ինչեւէ, առաջիկայում պարզ կդառնա, թե ՀՀ վարչապետի այս ուշագրավ այցը ինչ գործնական արդյունքներ է տվել:

Տպել
4798 դիտում

ՀՀ-ից արտագաղթը շարունակում է կրճատվել. դրական դինամիկան պահպանվում է. Միգրացիոն ծառայության ղեկավար

Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը. կոնգրեսական

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

Կրասնոյարսկում անտառային հրդեհներն արդեն ներառել են 836 հազար հեկտար տարածք

Վթար Մաշտոցի պողոտայում. 2 հոգի հոսպիտալացվել են

Ինտերպոլը չեղարկել է Թուրքիայի կողմից հետախուզվող քուրդ գործչի նկատմամբ կարմիր ծանուցումը

Բացահայտվել է արագ սննդի կետից կատարված գողությունը. կասկածյալը 16 տարեկան է

Աղբարկղերի հաջորդ խմբաքանակը սպասվում է օգոստոսի կեսերին. Հովսեփ Կուբատյան

38-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 32.99 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի եզրափակչում են

Վանաձորի բանտի պետի տեղակալը, անվտանգության գծով տեղակալն ու հսկիչը կասկածվում են թմրամիջոցներ փոխանցելու մեջ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սեւանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն