Ինչ նոր դեմքերի է Հանրապետական կուսակցությունն առաջադրելու Շիրակի մարզում

27/01/2017 schedule11:27

Հանրապետական կուսակցությունը նախատեսում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզում փոխված դեմքերով հանդես գալ: Նախկինում այդ մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված ոչ բոլոր պատգամավորներն այս անգամ կընդգրկվեն ռեյտինգային ցուցակում:

Կլինեն նաեւ նորերը: ՀԺ-ն արդեն գրել է, որ այս անգամ ՀՀԿ-ի ցուցակով է հանդես գալու Մարտուն Գրիգորյանը, որը 2012թ. ընտրություններում մեծամասնական ընտրակարգով որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր առաջադրվել: Ռեյտինգայինով առաջադրվելու են նաեւ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նույն խմբակցության պատգամավոր Արման Սահակյանի ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու մասին էլ շատ է խոսվել: Իսկ նախկիններից հավանաբար չի լինելու Աշոցքի թիվ 33 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Աշոտ Աղաբաբյանը:

Մարզից ռեյտինգային ընտրակարգով, որպես նոր դեմքեր, առաջադրվելու են, օրինակ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Շիրակի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց եւ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հայտարարվեց, թե նրանից հետո մոտ 7000 հոգի ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Հետո պարզվեց, որ դրանց գերակշիռ մասը «Գազպրոմ-Արմենիա» ընկերության աշխատակիցներ են: Ավելի ուշ պարզվեց նաեւ, որ գազային ոլորտի աշխատակիցներին հետեւել են ՀԷՑ-ի աշխատակիցները: Հանրային ծառայության ոլորտի այս ընկերությունները Հայաստանում ամենաշատ աշխատակիցներն ունեն, եւ նրանց ղեկավարներին ռեյտինգային ցուցակ ընդգրկելով՝ ՀՀԿ-ն ցանկանում է նրանց ձայներն իր օգտին ուղղորդել:

Մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզից ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են նաեւ մարզի դատավոր Սուրեն Մնացյանի դուստրը, որը մանկապարտեզի վարիչ է, ինչպես նաեւ դպրոցի ուսուցիչներ: Երեկ փորձեցինք ՀՀԿ-ից պարզել՝ հաստատվա՞ծ է այս մարդկանց թեկնածությունը: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթանում են: ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի երեկվա նիստերին էլ այդ հարցերը չեն քննարկել: Հիշեցնենք, սակայն, որ օրեր առաջ հենց Թադեւոսյանն էր մեզ հետ զրույցում ասել, թե արդեն քննարկում են ռեյտինգային թեկնածուների առաջադրումների վերաբերյալ հարցերը: «Մեր տարածքային կազմակերպությունները թեկնածուների հետ դեռ աշխատում են: Մենք դեռ ժամանակ ունենք, երբ հստակեցնենք ցանկը, այն հաստատի գործադիր մարմինը, դուք այդ մասին կտեղեկանաք: Եկեք դեռ անվանական որեւէ բան չքննարկենք: Իսկ դա կորոշեն կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները»,-ասաց նա:

ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն էլ իր հերթին հավելեց, որ ցուցակը հայտնի կլինի հունվարի վերջին: Ինչ վերաբերում է հարցին, թե ովքեր կընդգրկվեն այնտեղ կամ արդյոք վերը նշված նոր դեմքերը կառաջադրվե՞ն, Մինասյանը նախ չցանկացավ պատասխանել, բայց հետո նաեւ չհերքեց:

Շիրակում ռեյտինգային ընտրակարգով բազմաթիվ թեկնածուներ կառաջադրի «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությունը: Այս կուսակցության մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նույնպես Շիրակի մարզում կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու է իրենց տարածքային կառույցների ղեկավարներին: Ի դեպ, կարծիք կար, թե ՀՎԿ-ն այս մարզում կարող է առաջադրել նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսային՝ Ավետիս Առաքելյանին: Հովհաննես Մարգարյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը նման հարց դեռ չի քննարկել: Ըստ Մարգարյանի, Շիրակի մարզի պատգամավորական թեկնածուների ցանկը եւ խորհրդարանական ընտրություններին վերաբերող բոլոր հարցերը, ամենայն հավանականությամբ, կհստակեցվեն կուսակցության առաջիկա համագումարի արդյունքում եւ համագումարից հետո:

Գաղտնիք չէ, որ թեեւ ընտրատեղամասերը մեծացվել են եւ համապատասխանեցվել մարզերի տարածքներին, բայց այդ մարզերում առաջադրվող ռեյտինգային թեկնածուները կոնկրետ մի շրջանում կաշխատեն: Այսինքն ստվերային կերպով գործելու են նախկին մեծամասնական ընտրատարածքները: Այդպիսով, կոնկրետ Հովհաննես Մարգարյանը հավանաբար կփորձի աշխատել հիմնականում Աշոցքի մարզի նախկին թիվ 33 ընտրատարածքում, որտեղից ինքը 2012 թ. պատգամավոր է ընտրվել եւ որտեղ մրցակցել է ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի հետ: Հիշեցնենք, նախորդ խորհրդարանական ընտրություններում Աղաբաբյանը ստացել էր 15.234 քվե, իսկ Մարգարյանը՝ մոտ տասը հազար: Եվ եթե ՀՀԿ-ն այստեղ իր նախկին թեկնածուին չառաջադրի, ապա Մարգարյանը կամ նրան ներկայացնող ՀՎ-ն կարող է ավելի շատ ձայներ ստանալ: Իսկ ՀՀԿ-ն Աղաբաբյանից երես է թեքել այն բանից հետո, երբ նա սկսեց դժգոհել իշխանություններից իր սեփականությունը հանդիսացող «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ կիրառած խիստ հարկային քաղաքականությունից: Մենք փորձեցինք Ռուբեն Թադեւոսյանից պարզել, թե ինչ սկզբունքներով են ընտրում իրենց ռեյտինգային թեկնածուներին, այն հանգամանքը, որ նրանք նախկինում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ու հաղթել են եւ միաժամանակ ձայներ բերել ՀՀԿ-ին, այս անգամ դեր չի՞ խաղալու. չէ՞ որ հակառակ պարագայում ստեղծված իրավիճակից կարող են օգտվել իրենց մրցակիցները: «Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ժամանակ է անցել, իրավիճակ է փոխվել: Որպեսզի այդ մարդիկ դառնան ռեյտինգային թեկնածու, ձեր ասածն ու շատ այլ հանգամանքներ են հաշվի առնվելու»,- պատասխանեց Ռուբեն Թադեւոսյանը:

Տպել
2779 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը