Սամվել Ալեքսանյանն ու Իշխան Զաքարյանը դուրս մնացին ԵԿՄ նոր վարչության կազմից

«Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԵԿՄ հայտարարությունը նորություն չէր: Ուրիշ ձեւ չէր էլ կարող լինել: Եթե այդ կառույցում ուրիշ ձեւ հնարավոր լիներ՝ մենք անպայման այնտեղ կլինեինք: Մենք գիտենք, որ հնարավոր չի այդ կառույցում այլ կարծիք ունենալ: Մենք բոլորս էլ գիտենք, որ Երկրապահը միշտ էլ իշխանության կողքին է, դրա համար այսօր այն մարդիկ, որ դեմ են ՀՀԿ-ի քաղաքականությանը՝ Երկրապահում չեն»,- անդրադառնալով շաբաթ օրը Մարզահամերգային համագումարում տեղի ունեցած ԵԿՄ 11-րդ համագումարին՝ մեզ հետ զրույցում այդ մասին հայտարարեց ԵԿՄ վարչության նախկին անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

ԵԿՄ-ն շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում ընդունված հայտարարությունում մասնավորապես ասվում էր. «Երկրապահը չի կարող անտարբեր մնալ պետության, ազգի ճակատագրի նկատմամբ, ուստի եւ մեր շարքերին կոչ ենք անում ցուցաբերել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, ակտիվորեն մասնակցել բոլոր համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, սատարել երկրապահ թեկնածուներին:

ԵԿՄ-ն, ի բարօրություն հայ ազգի, ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախ պետության, շարունակելու է աջակցություն ցուցաբերել ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, երկրապահ Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին»: Ի դեպ, այդ համագումարի ընթացքում վարչության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է Մանվել Գրիգորյանը, որն այդ պաշտոնին է 1999 թվականից: Նրա ընտրությունը ԵԿՄ վարչության անդամ Սեյրան Սարոյանի առաջարկությամբ իրականացվել է բաց քվեարկությամբ:

Ընտրվել է նաեւ նոր վարչություն: Գործող վարչության 121 հոգու փոխարեն նոր վարչության կազմում ընդգրկվել է 165 ԵԿՄ-ական: ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված վարչության մեծացումը: Վարդանյանն ասաց, որ նոր վարչությունում ընդգրկվել են նաեւ այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնց հետ ԵԿՄ-ն համագործակցության հուշագրեր է կնքել:

Չնայած ԵԿՄ վարչության ընդլայնմանը՝ նոր վարչության կազմից դուրս են մնացել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի ղեկավար, Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը, «Պատանի երկրապահի» նախագահ, լեյտենանտ Վարդուհի Մարոնյանը, «Երիտասարդ երկրապահ»-ի նախագահ Էդգար Բարսեղյանը, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Վերջիններս նաեւ չեն մասնակցել համագումարին: Վարդան Վարդանյանն ասաց, որ նրանց բոլորին էլ համագումարին մասնակցության մանդատ ուղարկվել էր. «Եթե մարդը պատվիրակ է ու չի գալիս, ինչպե՞ս առաջադրվի ու ընտրվի»,- նկատեց նա: Նշենք, որ եթե Իշխան Զաքարյանի դեպքում ԵԿՄ համագումարին չմասնակցելու պատճառը թերեւս «Ծառուկյան դաշինքում» նրա ներգրավվածությունն է, ապա Սամվել Ալեքսանյանի դեպքում խնդիրն ավելի շատ անձնական է:

Գրիգորյանի ու Ալեքսանյանի միջեւ սեւ կատու էր անցել ԵԿՄ տասներորդ համագումարից հետո։ Մամուլի հրապարակումների համաձայն Սամվել Ալեքսանյանը նեղվել էր գեներալի խոսքերից: Երբ ԵԿՄ համագումարին վարչության կազմը համալրվել էր Սամվել Ալեքսանյանով՝ շատերի զարմանքին ի պատասխան Մանվել Գրիգորյանը անհաջող կերպով փորձել էր պաշտպանել Ալեքսանյանին. «Հա, Ալեքսանյանն օլիգարխ ա, իրա մասին սաղ էլ կարան ինչ ուզեն՝ ասեն, բայց դե, վերջիվերջո, ինքն էլ ա մարդ, մեր պետության անդամն ա: Դա չի նշանակում, որ ինքը օլիգարխ ա, ուրեմն չպետք է ասենք, որ ինքը երկրապահի անդամ չի եղել»,- ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե Ալեքսանյանը խելոք չպահի իրեն, հրաժարական կտա:

ԵԿՄ 11-րդ համագումարին չէր մասնակցում նաեւ Պաշտպանության նախկին նախարար, ԵԿՄ անդամ Սեյրան Օհանյանը: Չնայած մամուլի հրապարակումներին՝ նրան ԵԿՄ-ից հեռացնելու հարց չի քննարկվել:  

Նշենք, որ ԵԿՄ վարչության նոր կազմում են, օրինակ, ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, նրա եղբայր Արման Գրիգորյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը (Տարոն Մարգարյանի աներձագը) եւ ուրիշներ:
ԵԿՄ 11-րդ համագումարին մասնակցել են Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մարզպետներ, քաղաքապետներ, Հանրապետական խմբակցության պատգամավորներ եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Տպել
10846 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան