Բակո Սահակյանը թագավոր դառնալու մտադրություն ունի՞. ինչու փոխվեց Սահմանադրությունը

21/02/2017 schedule19:00

Այսօր Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 20-ի Սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ` 87,6 տոկոս «կողմ» ձայնով նոր Սահմանադրությունը համարվում է ընդունված: Նոր Սահմանադրությամբ «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» եւ «Արցախի Հանրապետություն» անվանումները նույնականացվել են, հանրապետությունն անցել է կառավարման նախագահական համակարգի, որտեղ վարչապետի պոստ գոյություն չունի, այսուհետ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միաժամանակ, ուստի այս հունիս-հուլիսին խորհրդարանը կընտրի անցումային շրջանի նախագահ: Վերջինս կղեկավարի մինչեւ 2020 թվականը, երբ նախատեսված են նոր խորհրդարանի եւ նախագահի ընտրությունները: Սրանք են հանրաքվեից հետո մամուլի եւ փորձագետների կողմից ուշադրության արժանացած հիմնական դրույթները:

Այս պահին, ըստ էության, բաց է հարցը, թե որն էր այս փոփոխության իմաստը եւ նպատակը: Գոյություն ունի մեկ վարկած`Սահմանադրությունը փոխվում է գործող իշխանության վերարտադրության համար: Քանի որ Բակո Սահակյանը չէր կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, Սահմանադրության փոփոխությամբ, ահա այդ հնարավորությունը ստեղծվել է:

Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին խոսվում է դեռեւս 2014 թվականից: 2015-ին` Հայաստանում անցկացված հանրաքվեից հետո այդ խոսակցություններն ավելի առարկայական դարձան եւ սկսվեց մշակվել նոր Սահմանադրությունը: Բանն այն է սակայն, որ 2014-ից մինչեւ 2016-ի ամռան ամիսներին բոլոր վստահ էին, որ Արցախը նույնպես գնում է դեպի խորհրդարանական կառավարման համակարգ: Ըստ մամուլի հրապարակումների, նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը հենց այդ տրամաբանությամբ էլ մշակվել է: Բայց ապրիլյան պատերազմը խառնել է բոլոր խաղաքարտերը եւ որոշվել է, որ պատերազմական վիճակում գտնվող Արցախի համար ճիշտ կլինի շատ ավելի կենտրոնացված կառավարման համակարգը` ուժեղ նախագահի ինստիտուտով:

Մինչեւ ապրիլյան քառօրյան, փաստորեն, Հայաստանում եւ Արցախում որեւէ մեկի մտքով չէր անցել, որ Ղարաբաղը գտնվում է պատերազմի մեջ եւ կարող են ռազմական գործողությունների բռնկումներ լինել: Երբ աշխատանքային խումբը մշակում էր խորհրդարանական մոդելով Սահմանադրության նախագիծը, պատերազմի գործոնը ընդհարապես հաշվի չէ՞ր առնում: Եթե հաշվի էր առնում, բայց գտնում էր, որ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի հարմար է նույնիսկ պատերազմի պարագայում, ի՞նչ փոխվեց, որ անցում կատարվեց նախագահականին:

Սահմանադրությունները փոխվում են ըստ անհրաժեշտության: Երկրի ներքին, արտաքին քաղաքական, հանրային կյանքը կազմակերպելու ընթացքում ժամանակի մեջ առաջ են գալիս խնդիրներ, որոնք լուծելու արդյունավետ միջոց է դառնում կառավարման այս կամ այն համակարգը: Այսինքն՝ նախ անհրաժեշտություն է առաջանում անցնել օրինակ խորհրդարանական համակարգի, ապա նոր համապատասխան որոշումն է կայացվում, հանրաքվե է կազմակերպվում եւ այլն: Արցախի դեպքում, փաստորեն նախ որոշում կայացվեց, որ պետք է Սահմանադրական հանրաքվե անցկացնել, հետո ընտրվեց, թե ինչ ուղղությամբ:

Հայաստանի եւ Արցախի ընդդիմադիր հատվածը մեկ պատասխան ունի`դա արվում է իշխող ուժի վերարտադրման համար: Երբ մշակվում էր խորհրդարանական մոդելի սահմանադրությունը, նպատակը Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելն էր: Երբ ընտրվեց նախագահական մոդելը, կրկին նպատակը Բակո Սահակյանին իշխանության գլխին պահելն էր: Եթե Սահմանադրական փոփոխություններով որոշվեր վերականգնել Արցախի թագավորությունը, կհայտարարվեր, որ դա արվում է Բակո Սահակյանին թագավոր կարգելու համար: Չենք կասկածում, որ Բակո Սահակյանը կուզեր թագավոր դառնալ, բայց արդյո՞ք Սահմանադրություն փոխելու միակ նպատակը դա է:

Հանրաքվեի ընթացքին հետեւելու համար Արցախ էր ժամանել միջազգային դիտորդների մեծ խումբ`Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, պատվիրակներ Չեխիայից, Ավստրիայից, ՌԴ-ից, Բասկերի երկրից, Բոլիվիայից: Միջազգային դիտորդների համար էական չէ, թե ինչն էր փոխվում այս հանրաքվեով եւ ինչու: Նրանք հիացած են Արցախով, համարում են, որ այստեղ ժողովրդավարական ինստիտուտները կայացած են, ասում են, որ գնալու են բոլորին պատմեն, թե ինչպես է Արցախի ժողովուրդն այդ բարդ պայմաններում հանգստություն պահպանում, զարգացնում իր մշակույթը, լեզուն եւ հայրենիքը:

«Կարող եմ գերազանց գնահատել հանրաքվեի արդյունքները» ,- այսօր Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ասել է Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչ Վոլֆգանագ Յունգը: «Պետք է մնացած երկրների համար, որտեղ ժողովրդավարության պակաս կա, Արցախն օրինակ ծառայի»,- ասել է Բասկերի երկրի խորհրդարանի նախկին անդամ Ռաֆա Լարեյնային: «Մենք Արցախի ժողովրդավարության մասին պատմելու ենք ամենուր: Այս տարվա մարտին Լեհաստանում զեկույց ենք ներկայացնելու, որտեղ կներկայացնենք նաև Արցախի խնդիրների մասին»,- ասել է Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալայինը: Այս ոճի հայտարարությունների պակաս չկա:

Արցախի Սահմանադրական հանրաքվեն կարող էր կազմակերպված լինել զուտ քարոզչական նպատակներով, որպես առիթ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, բազմաթիվ հյուրեր ընդունելու եւ նրանց միջոցով ապրելու իր իրավունքի համար պայքարող ժողովրդի մասին աշխարհին կրկին հայտնելու համար: Եթե դա է եղել նպատակը, այս փուլում այն կարելի է մասամբ իրականացված համարել: Բայց եթե Բակո Սահակյանը փոփոխության արդյունքում, այնուամենայնիվ, թագավոր կարգվի, «Արցախի ժողովրդավարությանը» այլ բան չի մնա, քան ինքնասպան լինել:

Տպել
3035 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը