Երևան
-3 °C
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Թե ինչպիսին է այցի օրակարգը, մանրամասն հայտնի չէ: Պաշտոնական հաղորդագրությունները սահմանափակվում են ընդհանուր-դիվանագիտական ձեւակերպումներով` «Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր»: Իսկ օրակարգային հարցերի պակաս մեր երկրների միջեւ չկա:
Որքան էլ անակնկալ հնչի, Վրաստանը մեր արտահանողների համար երկրորդ շուկան է Ռուսաստանից հետո: Հայաստանից արտահանվող ապրանքների ավելի քան 8 տոկոսը ուղղվում է դեպի Վրաստան: Բացի առեւտրաշրջանառությունից, Վրաստանը մեզ համար չափազանց կարեւոր է որպես տրանզիտային ճանապարհ: Հենց Վրաստանով են տեղափոխվում այլ երկրներից Հայաստան ներմուծվող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների մեծագույն մասը:
Եվ ուրեմն ինչ «օրակարգային հարցեր» կան հայ- վրացական հարաբերություններում: Առաջին հերթին խոսքը տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցերն են: Հայաստանը ՌԴ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը անցնում է Վերին Լարսի անցակետով եւ այդ ճանապարհը տարվա ընթացքում մի քանի ամիս փակ է լինում եղանակային պայմանների պատճառով` մեկ բուքուբորան է, մեկ ջրհեղեղները քշում- տանում են ճանապարհի մի հատված եւ այլն: Հիմա քննարկվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը:
Մյուս հարցը, որը նույնպես օրակարգային է, էներգետիկ ենթակառուցվածքներն են: Հայաստանի էլեկտրաէներգահամակարգի արդյունավետ աշխատանքը կախված է նրանից, թե որքան է մեր ներքին ցանցը կապակցված այլ, ավելի խոշոր ցանցերի հետ: Հայաստանը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով կապված է թե Իրանի հետ, եւ թե Վրաստանի: Սակայն այդ գծերի թողունակությունը ցածր է եւ չի ապահովում անհրաժեշտ փոխհոսքերը հարեւան երկրների հետ: Ներկայումս կառուցվում են նոր հաղորդման գծեր դեպի Վրաստան եւ Իրան: Սակայն բացի մեր էներգահամակարգի արդյունավետ աշխատանքը ապահովելուց, ներկայումս խնդիր է դրված Հայաստանը դարձնել տրանզիտ տարածք մի քանի երկրների միջեւ էլէներգիայի փոխանակման համար:
Կա ծրագիր, որով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը Վրաստանի եւ Հայաստանի տարածքով պետք է միանա Իրանի համակարգին: Այդ դեպքում Հայաստանը կստանա եկամուտներ այդ երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի առեւտրից եւ փոխհոսքերից, ինչը կբարելավի մեր էներգետիկայի ֆինանսական վիճակը: Այս դեպքում նույն կերպ կշահի նաեւ Վրաստանը: Սակայն ծրագիրը անընդհատ ձգձգվում է: Օրինակ, Հայաստան-Իրանի բարձրավոլտ հաղորդագծի շինարարությունը պետք է սկսված լիներ դեռ 2012-ին եւ հիմա պետք է ավարտված լիներ: Սակայն շինարարությունը ձգձգվեց եւ հիմա կանխատեսվում է, որ այն կավարտվի լավագույն դեպքում հաջորդ տարի:
Կառուցման փուլում է նաեւ դեպի Վրաստան ձգվող գիծը: Բայց այս հարաբերություններում միայն տեխնիկական կամ ֆինանսական խնդիրները չէ, որ դեր են խաղում: Խնդիրը նաեւ հայ-վրացական ոչ միանշանակ հարաբերություններն են: Ռուս- վրացական պատերազմից հետո դրանք չեն կարգավորվում:
Թերեւս հենց դա է վերը նշված երկու «օրակարգային հարցերի» ետեւում եղած հիմնական խնդիրը: Դժվար է նույնիսկ վստահաբար ասել, թե ումից է կախված այդ խնդիրների լուծումը` վրացակա՞ն, թե ռուսական կողմից: Վրացական կողմը պնդում է, որ մասնավորապես Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհների գործարկման հարցում ինքը դեռ անցած տարի արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը եւ հիմա սպասում է ռուսական կողմին: Ռուսական կողմը ոչ հերքում է դա, ոչ հաստատում, ու այդպես՝ ամիսներ շարունակ: Եթե այդ խնդիրները լուծվեն, ապա Հայաստանը հնարավորություն կունենա Ռուսաստանին կապող միանգամից երկու լրացուցիչ ցամաքային ճանապարհ ունենալ` մեկը անցնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսեթիայի տարածքով, մյուսը` Աբխազիայի: ՀՀ վարչապետի այցից հետո թերեւս պարզ կդառնա՝ խնդրի լուծումը կախված է վրացակա՞ն կողմից, թե ռուսական: Դե իսկ աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունների քննարկումը, թերեւս շատ կարճ կտեւի. այդտեղ կատարյալ անորոշություն է:
Նույնը նաեւ էներգահամակարգերի կապակցման դեպքում: Մինչ այժմ դեռ հասկանալի չէ, կա՞ն արդյոք քաղաքական խոչընդոտներ այդ հարցը լուծելու համար: Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ, հնչեցին հավաստիացումներ, թե խնդիրներ չկան, սակայն դրանք բավականին կասկածելի են թվում: Անցած տարի Վրաստանը հայտարարեց Իրանից գազ գնելու եւ ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին: Նույնիսկ բանակցություններ տեղի ունեցան Իրանի եւ Վրաստանի միջեւ: Այդ գազը Վրաստան պետք է հասներ Հայաստանի տարածքով: Իսկ Հայաստանի տարածքում գազային ամբողջ համակարգը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Ու շատ շուտով վրացիները հրաժարվեցին այդ մտադրությունից եւ շարունակում են գազ ստանալ Ռուսաստանից: Իհարկե, կարծիքներ հնչեցին, որ իրանական գազը գնելու մտադրության մասին վրացական կողմը հայտարարեց ռուսների հետ բանակցություններում լրացուցիչ խաղաքարտեր ստանալու համար: Բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստան, Վրաստան, Իրան, Հայաստան հարաբերություններում տնտեսական տրամաբանությանը զուգահեռ խիստ ընդգծված քաղաքական տրամաբանություն էլ է գործում: Իսկ քաղաքական տրամաբանությունը ավելի դժվար է հաշվարկել, հաշվարկելիս էլ միշտ չէ, որ հնարավոր է ճշգրիտ պատասխան ստանալ:
Այլ կերպ ասած, Վրաստանում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը քննարկելու է «օրակարգային» այնպիսի հարցեր, որոնց լուծման հարցում ավելի մեծ դեր խաղում է երրորդ` ռուսական կողմը: Իսկ ռուսական կողմը այդ «օրակարգային» հարցերի քննարկմանը չի մասնակցելու: Այնպես որ, շատ հետաքրքիր է, թե ինչպիսի արդյունքներով է վերադառնալու մեր պատվիրակությունը:
Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից
«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց
Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը
Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր
Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են
Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի համար տեքստի մրցույթ է հայտարարվել
Նախարար Հակոբ Արշակյանի այցից հետո Կենտրոնական ավտոկայանում միջադեպ է տեղի ունեցել
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է անում չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին
ՄԻԵԴ-ը Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ չի քննել․ Վահե Գրիգորյանը հերքում է հրապարակումները
ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան
Պանթյուրքական շարժումները ժամանակակից Իրանում․ ի՞նչ կառույցներ են ղեկավարում դրանք
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ. բողոք կներկայացնի նաեւ պաշտպանը
«Իմ քայլը» խմբակցությունը մյուս շաբաթ հանդիպում է նախատեսում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ․ Մակունց
Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում (լուսանկարներ)
Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզպետների տեղակալներն ազատավել են աշխատանքից
Դատարանը վերացրել է «Ֆլեշի Բարսեղի» նկատմամբ ընտրված խափանման միջոցը
ԱՄՆ-ն կարող է հայտնվել Ռուսաստանի հրթիռների թիրախում․ Պուտինի կոշտ արձագանքը
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը նշանակվել է Գեղարքունիքի ոստիկանապետ
Գագիկ Մկրտչյանը արյունաքամ էր լինում, ասում էր՝ մի բան արեք, օգնեք, կարող ա մահանամ. նախկին ոստիկանի ցուցմունքը
© 2019 Հայկական ժամանակ