Փոփոխություններով դեպի հաղթանակ․ ՀՀ քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց կարգախոսները

Փոփոխություն, խաղաղություն, անվտանգություն, և իհարկե, հաղթանակ․ Հայաստանի քաղաքական ուժերն առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց կարգախոսներում հիմնականում հենց այս բառերն են շեշտադրում։

Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9-ը քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ, 4-ը՝ կուսակցությունների դաշինքներ: Ընդհանուր առմամբ՝ առավելագույնը 198 պատգամավորական մանդատների համար կպայքարի մոտավորապես 1500 թեկնածու:

«Մենք կարող ենք», այսպիսի կարգախոս է ընտրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի համամասնական ցուցակում ընդգրկված է 101 անձ:  

«Ելք» դաշինքն ընտրել է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսը։ Այս դաշինքի կազմում ներառված են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, իսկ համամասնական ցուցակում ընդգրկվել է 120 անձ, որից 112-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով:

«Ծառուկյան» դաշինքի համար «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»։ Դաշինքում ներգրավված են «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները, իսկ համամասնական ցուցակում ընդգրկված է 187 անձ, որոնցից շուրջ 140-ը կառաջադրվեն նաև ռեյտինգային ցուցակներով:

«Կոնգրես-ՀԺԿ»՝ «Հայ ազգային կոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցություններին միավորած դաշինքի կարգախոսն է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»։ Դաշինքի կազմում ընդգրկված է 133 անձ։

«Նոր սկիզբ, արդար Հայաստան», այսպիսին է Հայ հեղափոխական դաշնակցության կարգախոսը, որի ցուցակում ընդգրկված է 170 անձ։

6-րդ գումարման Ազգային ժողովում հայտնվելու համար կպայքարեն նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացրած 173 թեկնածուները՝ «Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը. հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով։

«Առաջ, Հայաստան», «Հավատանք, որ փոխենք», «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսներից հետո այս անգամ Հայաստանի իշխող «Հանրապետական» կուսակցությունը որոշել է հանդես գալ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով։

Ընտրությունների համամասնական ցուցակում 197 անձ ընդգրկած կուսակցության խոսնակ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հինգշաբթի երեկոյան կուսակցության գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար շարունակում է առաջնահերթ մնալ անվտանգությունը:

«Անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացու հուզող խնդիր է, և մենք` որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանենք և զարգացնենք մեր ազգային անվտանգությունը, որովհետև առանց ուժեղ անվտանգության համակարգի դժվար թե կարողանանք խոսել այլ որորտներում զարգացումների մասին»,­- ասել է Շարմազանովը:

Այս պահին, թերևս, ամենաշատ քննարկվածն ու քննադատվածը իշխող կուսակցության կարգախոսն է։

«Հայկական Վերածնունդ»-ի վերանվանված «Օրինաց երկիր» կուսակցությունն ընտրություններին կգնա «Քվեարկի՛ր հանուն վերածննդի» նշանաբանով և 136 հոգանոց ցուցակով։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ, որում ընդգրկված են «Ժառանգություն» և «Համախմբում» կուսակցությունները և նրանց է միացել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նաև դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարն է, որոշել է հանդես գալ «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ» կարգախոսով։ Դաշինքի նախընտրական ցուցակում ներառված է 148 անձ:

Սակայն քաղտեխնոլոգներն այնքան էլ չեն հավանում ընտրությունների մասնակիցների կարգախոսները։

«Անկեղծ ասած, այս պահին ես գրեթե չեմ հիշում որևէ կուսակցության կարգախոս, սա արդեն նշանակում է, որ դրանք լավը չեն»,-armtimes.com-ին ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերի մեծ մասը չի օգտագործում կարգախոսների ռեսուրսը։

«Չհիշվող կարգախոսները որևէ նոր բան չեն տալու։ Կարգախոսը պետք է լուծի առնվազն երկու խնդիր, ճանաչելի դարձնի բրենդը, առիթ տա, որ այդ բրենդը հոլովելով հաճախակի հիշեն նրանց, այս անգամ շատ քիչ են այդ խնդիրները լուծող կարգախոսները։ Գրեթե բոլորն այդ կարգախոսներում օգտագործում են փոփոխության մեսիջը և հենց այդտեղ է խնդիրը, այդ բառն արժեզրկվում է, քանի որ բոլորն են խոսում դրա մասին և այդ փոփոխություն բառը որևէ ձևով չի ասոցացվում կոնկրետ քաղաքական ուժի հետ»,-ասում է Հակոբյանը։

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն էլ նշում է, որ կարգախոսներն ընդհանուր առմամբ շատ բան չեն փոխում։

«Կարգախոսն ընդամենը երկու բառով արտահայտություն է, սակայն մինչև այդ կարգախոսին հասնելը դեռևս շատ քայլեր պետք է կատարվեն, երբ այդ քայլերը չեն կատարվում, այդ կարգախոսը դառնում է ընդամենը բառեր և այժմ քաղաքական ուժերի մոտ այդ կարգախոսները զուտ բառերի դերակատարություն ունեն և ոչ ավելին»,-armtimes.com-ին ասում է Արմեն Բադալյանը։

Տպել
3599 դիտում

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան

Ստեփանավանում քարաթափման հետեւանքով մոտ 4 խմ քար է լցվել ճանապարհի երթեւեկելի հատված

«Փողոցային» երաժշտությունը հասավ Վանաձոր. 22-ամյա տղան նվագում ու երգում է քաղաքի փողոցներում

Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա»ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին

ԱԱԾ-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

Քաղաքական պատճառներով հետաձգված աշխարհի ամենակարեւոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը՝ Կլասիկոն, կկայանա դեկտեմբերի 18-ին

Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Ապօրինի կերպով վաճառակետ մուտք գործելու համար հարուցվել է քրեական գործ․ ՔԿ (տեսանյութ)

Բաթոյանն ահազանգել էր 10 տարեկան երեխայի մուրացկանության մասին. ոստիկանությունը պարզել է՝ նա 21 տարեկան է

Պետությանը պատճառված 12 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. ՔԿ

«Ռեալ»-ը՝ անդունդի եզրին. սկսվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրը

Վրաստանն ու Մեծ Բրիտանիան կնքել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Դպրոցներում կաֆել-մետլախ չենք կարող խփել, իսկ պոլիկլինիկաներում կարող է գործել շտապ օգնության ծառայություն. Ա. Թորոսյան

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

Ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի, ազգային պատկանելիության պատճառով. փոխնախարար