Հանրապետականներն անտեսում են Սերժ Սարգսյանի կարգադրությունը

Երեկ Հանրապետական խմբակցությունը տապալեց Ազգային ժողովի նիստը` քվորում չապահովելով:

Խորհրդարանական այդ մեծամասնության ներկայացուցիչները խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ չէին եկել նիստերի դահլիճ: Իսկ նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ներս մտավ բավականին ծուլորեն եւ մոտ երկու րոպե ուշացումով: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 66 պատգամավորի ներկայություն, մինչդեռ երեկ դահլիճ էին մտել 34-ը: Իսկ 69 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցությունից եկել էին ընդամենը վեց պատգամավոր՝ Գալուստ Սահակյանն ինքը, փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաեւ՝ Գագիկ Մինասյանը, Գագիկ Մելիքյանը եւ Խոսրով Հարությունյանը:

Ընդհանրապես այս քառօրյայի օրերին ՀՀԿ-ականներն ԱԺ-ում բավականին փոքրաթիվ էին, նրանցից շատերը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են հանրապետության տարբեր ընտրատարածքներում եւ արդեն իսկ զբաղված են իրենց նախընտրական գործունեությամբ: Նրանք մեծ դժվարությամբ էին գալիս գոնե քվեարկություններն անցկացնելու համար ու շատ արագ էլ հեռանում էին: Դահլիճում մնում էին մի քանի պատգամավորներ, նիստը նախագահողն ու կառավարության այն ներկայացուցիչները, որոնք զեկուցում էին քննարկվող նախագիծը: Հատկանշական է, որ ՀՀԿ-ականներից նիստին մասնակցում էին հիմնականում այն մի քանի պատգամավորները, որոնք կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում են եւ մտահոգվելու խնդիր չունեն: Օրինակ, 8-րդ եւ 19-րդ հորիզոնականներում գտնվող Մարգարիտ Եսայանն ու Խոսրով Հարությունյանը: Կամ էլ այն պատգամավորները, որոնք արդեն գիտեն, որ հաջորդ խորհրդարանում չեն լինելու եւ այս նիստերը իրենց համար ԱԺ-ում գտնվելու, փիլիսոփայական մտքեր արտահայտելու կամ հարցազրույցներ տալու վերջին օրերն են: Նրանք, ինչպես, օրինակ, Համլետ Հարությունյանը, օգտվում են այդ վերջին հնարավորությունից:

ԱԺ վերջին քառօրյայի օրերի քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը շատ կարճ ներկայացնում էր նախագիծն ու խնդրում այն ընդունել: Նրան հարց էր տալիս միայն Խոսրով Հարությունյանը, որը յուրաքանչյուր օրինագծի դեպքում իր պարտքն էր համարում կառավարության առաջարկությունը համարել շատ տեղին եւ հաջողված, առանց որի մեր տնտեսությունը փուլ կգար: Ու այդպես քննարկումն ավարտվում էր: Անցած երեք օրերին ԱԺ-ն քննարկել է մոտ 50 նախագիծ, այն դեպքում, երբ սովորական պայմաններում յուրաքանչյուր քառօրյայի ընդամենը 6-7 օրինագիծ է քննարկվում: Միայն փետրվարի 28-ին Խոսրով Հարությունյանն ու կառավարության համապատասխան ներկայացուցիչը քննարկել են 29 նախագիծ: Այսինքն, ռեկորդ սահմանելով՝ յուրաքանչյուր 10 րոպեն մի նախագիծ են մի կողմ դրել: Դրա համար Սերժ Սարգսյանը թերեւս պարտավոր է այս գումարման ԱԺ-ի ավարտին նրան հատուկ պարգեւ տալ կամ պատասխանատվության ենթարկվել, որ թերի քննարկումների արդյունքում դրանք անորակ են ստացվել:

Խնդիրն այն է, որ այդ քննարկումների ժամանակ որեւէ ընդդիմադիր հարց կամ տեսակետ չէր հնչում, քանի որ ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչները ՀՀԿ-ականների նման քվեարկությունից հետո արագ հեռանում էին: Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, ինչո՞ւ են ՀՀԿ-ականները լքել խրամատը՝ հարցրինք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: «Վանաձորյան ընդդիմության բոյկոտը վարակիչ է, միամիտ լոռեցիների վանաձորյան բոյկոտը հասավ նաեւ մայրաքաղաք Երեւան, պառլամենտ... Իսկ եթե ավելի լուրջ՝ չեմ կարող ասել: Ոչ միայն մեր կուսակիցները, բազում կուսակցություններից չկան պատգամավորներ»,- պատասխանեց Շարմազանովը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ նման կիսատ-պռատ քննարկումների պայմաններում ընդունված նախագծերը բազմաթիվ թերություններ կունենան, որոնք դեռ հետո են ի հայտ գալու, եւ որոնք ուղղելու համար կառավարությունը նորից խորհրդարան է գալու:

ԱԺ-ն մինչեւ ապրիլի 2-ի ընտրությունները ունի եւս մեկ քառօրյա, որը, ժամանակացույցի համաձայն, պետք է տեղի ունենա մարտի 20-23-ը, բայց արդեն իսկ կարելի է պնդել, որ այն նույնպես կտապալվի՝ քվորում չլինելու պատճառով: Դրանք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի  ամենաթեժ օրերն են, եւ որեւէ պատգամավոր հազիվ թե գա ԱԺ: Թերեւս Գալուստ Սահակյանն իր փոխնախագահների հետ միասին նորից կմտնեն դահլիճ, կհայտարարեն, որ նիստը չի կայանա ու կհեռանան:

Բայց ԱԺ նիստեր կան նաեւ ապրիլի 2-ի ընտրություններից հետո: Այս՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են մայիսի 31-ին, նոր ԱԺ-ի լիազորություններն ուժի մեջ են մտնելու կամ նորընտիր պատգամավորները կարող են նիստի մասնակցել արդեն հունիս ամսից: Իսկ մինչ այդ ժամանակացույցով դեռ երեք քառօրյա էլ նախատեսվում է: Սակայն դրանք նույնպես չեն կայանա, քանի որ չընտրված պատգամավորները դժվար թե խորհրդարան գան:

Բայց այստեղ կա եւս մի խնդիր՝ ընտրությունների օրվա խնդիրը: Հիշեցնենք, որ ընտրությունների նշանակված ժամկետը հակասում է գործող Սահմանադրությանը: Եվ իշխանությունները բոլորովին էլ մտադիր չեն փոխել օրը՝ քվեարկության համար ընտրելով ապրիլի 20-30-ն ընկած որեւէ օր:Եթե ընտրությունների օրը փոխվի, այս ԱԺ-ն մինչ այդ կկարողանա մի քանի լիարժեք քառօրյաներ անցկացնել: Բայց նոր Սահմանադրությունը ընտրությունների երկրորդ փուլ է նախատեսում: Իհարկե, իշխանություններն ամեն ինչ կանեն, որ առաջին փուլով սահմանափակվեն, սակայն իրենց նկատմամբ հասարակական մեծ դժգոհության եւ ընտրությունների նկատմամբ հասարակության ցածր վստահության պատճառով մեծ է հավանականությունը, որ որեւէ ուժ ու հատկապես իրենք չկարողանան մեծամասնություն ունենալ: Իսկ կայուն մեծամասնություն կազմելու համար էլ մեկ շաբաթում չկարողանան կոալիցիա ձեւավորել ու վերջապես ընտրությունների երկրորդ փուլ հայտարարել: Այս դեպքում էլ չի բացառվում, որ ոչիշխանական ուժերը որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկների պահանջ ներկայացնեն: Ու մինչ այդ ետընտրական գործընթացներն ավարտվեն, մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփի արդյունքները, նոր պատգամավորներին մանդատներ բաժանի, նոր Ազգային ժողովի լիազորությունների ուժի մեջ մտնելու ժամկետը՝ մայիսի 31-ը, անցած լինի: Եվ կառաջանա հաջորդ սահմանադրական ճգնաժամը, որ ավարտվել են գործող ԱԺ-ի լիազորությունները, բայց նորը դեռ չի ձեւավորվել, որ ուժի մեջ մտնի: Իսկ որպեսզի նման սահմանադրական ճգնաժամ չառաջանա, իշխանությունները Խոսրով Հարությունյանի միջոցով մեկ օրում 29 նախագիծ են քննարկում ու բոյկոտում մյուս նիստերը:

Տպել
18372 դիտում

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է

2018-ին բացահայտված հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառվել է 84.8 մլրդ դրամի վնաս

Շոկային պարտությունից հետո «Արսենալը» պետք է փորձի դուրս չմնալ Եվրոպա լիգայից

«Մենք ստացանք մեր լուծումը». ռեստորանատերերի խնդիրը կառավարությունը կարգավորեց

Ն. Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման իրականացումը

Արմավիրի քաղաքապետարանը սկսում է քաղաքը մեքենաների թափքերից մաքրելու ծրագիր

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կրկին հետաձգվել են