Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի եւ մյուսների քաղաքական թշնամանքը. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին թիվ 11 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարելու է 160 ռեյտինգային թեկնածու:

Միանշանակ պարզ է, որ ընտրապայքարը թեժ է լինելու, չեն բացառվում նաեւ նախընտրական եւ հետընտրական բախումները:

Ստացվել է այնպես, որ նախկինում նույն ընտրատարածքի համար պայքարող թեկնածուներն այսօր արդեն դարձել են նույն թիմի ու ռեյտինգային ցուցակի վարկանիշային թեկնածուներ:

Մասնավորապես, 2007 թվականից քաղաքականություն մտած անկուսակցական Մարտուն Գրիգորյանն անսպասելի մեծ թվով  ձայներ հավաքելով՝ հաղթեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին: Արդեն, 2012 թվականի խորհրդարանական ընտրության ժամանակ ԲՀԿ-ական դարձած Գրիգորյանը հաղթանակ տարավ մեկ այլ ՀՀԿ-ականի՝ Արման Սահակյանի հետ ընտրապայքարում:

Առաջիկա ընտրություններում այս թեկնածուներն առաջադրվել են ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակով, սակայն նոր Ընտրական օրենսգրքի համաձայն կրկին մրցակիցներ են համարվում, քանի որ բոլորն ապահովելու են իրենց անցողիկ շեմը:

Թե ինչպե՞ս է Մարտուն Գրիգորյանը պատկերացնում ընտրապայքարը նախկին մրցակիցների եւ ներկա թիմակիցների հետ, armtimes.com-ի հետ զրույցում պատգամավորը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Սա արտառոց երևույթ չէ, բոլորս միասին պայքարելու ենք թիմային հաղթանակի համար: Իսկ անցածի հետ կապված նեղվածություն չկա ո՛չ իմ, ո՛չ էլ, կարծում եմ, ձեր հիշատակած թեկնածուների մոտ»:

ԱԺ ընտրություններում հաջողությունների հասած Մարտուն Գրիգորյանին, սակայն չի հաջողվում ընտրվել կամ առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում:

2008 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում թեժ ընտրապայքար տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ: Վերջինս պարտվեց Վարդան Ղուկասյանին՝ 19363-30510 քվեների հարաբերակցությամբ: Հետընտրական բախումները Գյումրիում անխուսափելի եղան: Կարելի է ասել, որ այս երկու քաղաքական գործիչներն այժմ էլ թշնամիներ են:

Ընտրական կրքերը Գյումրիում առավել ինտրիգային  դարձան, երբ Մարտուն Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը փոխանակվեցին կուսակցություններով:

Գրիգորյանը 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո լքել էր ԲՀԿ-ն: Արդեն որպես անկուսակցական Գրիգորյանը 2017 թվականի փետրվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ առաջադրվում է ՀՀԿ-ի մարզային ցուցակով:

Այս հայտարարությանը նախորդել էր մեկ այլ սենսացիոն քաղաքական հայտարարություն. նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ի լուր աշխարհի տեղեկացրել էր, որ առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով: Նա սույն ցուցակում երկրորդ համարն է:  

Թե քաղաքական ինչպիսի՞ զարգացումներ տեղի կունենան Գյումրիում, այնքան էլ դժվար չէ ենթադրելը: Բավարար է հիշել միայն 2007 եւ 2012 թվականների նախընտրական եւ հետընտրական բախումները:

Ամեն դեպքում, armtimes.com-ը նախկին քաղաքապետից հետաքրքրվեց, թե առաջիկայում քաղաքական ինչպիսի՞ զարգացումներ կլինեն: Արդյո՞ք Մարտուն Գրիգորյանին համարում է իրեն մրցակից, քանի որ նախկինում քաղաքապետի պաշտոնի համար թեժ պայքար է մղվել երկուսի միջեւ:

«Պահ, պահ էդ ի՞նչ թեժ պայքար է մղվել՝ կրկնակի ձայներով հաղթել եմ: Այդ թեման, այդ անուն-ազգանունը ինձ չի հետաքրքրում: Ուրիշ լուրջ բաներից արի խոսենք: Ես այնքան բան ունեմ արած, որ իմ գործերից ինձ հարցեր տուր: Ես էլ կասեմ, որ այս-այս բաներն եմ արել: Ես ոչ մեկի հասցեին ոչ մի բան չեմ ուզում ասել, ժողովուրդը բոլորին ճանաչում է »,- նշեց Վարդան Ղուկասյանը եւ հորդորեց գրել այն՝ ինչ ասում է, թե չէ Նարեկացին կպատժի:

Մարտուն Գրիգորյանից զատ, Վարդան Ղուկասյանի հետ քաղաքական պայքար է մղելու նաեւ ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը: Նրանք թշնամացան այն ժամանակ, երբ կառավարության որոշմամբ՝ աղետի գոտում կառուցվող  բնակարանների բաշխման գործառույթն անցավ մարզպետարանին: Այդ թվականներին մարզն ու Գյումրին ղեկավարում էին Ղուկասյանը եւ Մանուկյանը: Նրանք այսօր էլ միմյանց երես չեն ցանկանում տեսնել:

Պակաս լարված չեն նաեւ Ղուկասյանի եւ ՀՀԿ-ական Արման Սահակյանի հարաբերությունները: Բան այն է, որ 2012-ի ԱԺ ընտրության ժամանակ, երբ Ղուկասյանը քաղաքապետ էր՝ մեծ-մեծ խոստումներ էր տվել Սերժ Սարգսյանին, որ ապահովելու է նախագահի փեսայի ընկերոջ անցողիկ շեմը: Ղուկասյանը ընտրություններին լավ չաշխատեց, իսկ Սահակյանը նախկին թիվ 34 ընտրատարածքից պատգամավոր չընտրվեց՝ պարտվեց Մարտուն Գրիգորյանին: Լավատեղյակները նշում են, որ այս դեպքից հետո Ղուկասյանի եւ Սահակյանի հարաբերություններն առ այսօր էլ լարված են:

ՀՀԿ-ի Շիրակի ռեյտինգային ցուցակի վերջնական տեսքից պարզ է դառնում, որ առաջիկայում բախումներ տեղի կունենան նաեւ Շիրակի մարզի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ գրեթե բոլոր թեկնածուների միջեւ: ՓԲԸ-ի ՇՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից եւ կուսակցությունից հատուկ թիվ ապահովելու հանձնարարական ստացել:

Ասվում է, որ Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, գազի գրասենյակում լուրջ հեղինակություն ունի, ընկերության աշխատակիցների մեծ մասը ղուկասյանական թեւից են: Չի բացառվում՝ այս կառույցի ձայների մեծ բաժինը Ղուկասյանին հասնի: Ղուկասյանից զատ ԲՀԿ-ն մեկ ներկայացուցիչ էլ ունի գազի գրասենյակում: 58 կոչվող թաղամասի գազի գրասենյակի ղեկավարը ԲՀԿ-ական Արմեն Բադեյանն է: Նա աշխատելու է Վարդեւան Գրիգորյանի համար: Հետաքրքրականն էլ այն է, որ Բադեյանի տեղակալը Մարտուն Գրիգորյանի թիմակիցն է եւ ձայներ է ապահովելու Գրիգորյանի համար:

Գյումրիից բացի խառն են նաեւ Արթիկի նախկին եւ ներկա ՀՀԿ-ականները: Այստեղ, նախկին ՀՀԿ-ական, այժմ՝ ՀՅԴ-ական Խաչատուր Վարագյանը եւ նրա ՀՀԿ-ական քաղաքապետ եղբայր Մխիթար Վարագյանը պայքարելու են նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի թեկնածու Մուշեղ Պետոյանի դեմ: Նրանց հարաբերությունները լարված էր դեռ Արթիկի 2016 թվականի քաղաքապետի ընտրությունների նախընտրական եւ հետընտրական շրջաններից:

Պակաս լարված իրավիճակ չէ նաեւ Մարալիկում: Այս քաղաքում ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի եւ ՀՀԿ-ի հետ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը:

Այս ընդհանրական պատկերից հետո մնում է հուսալ, որ ՀՀԿ-ականների ծեծ ու ջարդը եւ դանակահարության դեպքերը Գյումրի կամ Շիրակի մարզ չեն հասնի:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
14271 դիտում

«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում կխաղա ԱԻԿ-ի դեմ

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ինձ վրա մատ թափ չտաք. լարված իրավիճակ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին

Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

Երեկվա եւ այսօրվա միջեւ ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյանը պաշտպանում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Պատգամավորները Սահմանադրական դատարանի դատավոր են ընտրում (լուսանկարներ)

Մհեր Գրիգորյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացը

ԱՆ քրեակատարողական ծառայությունում մի շարք գնման գործընթացներ իրականացվել են օրենքի խախտումներով. ՊՎԾ

Հայկ Սարգսյանի տվյալներով՝ Չեխիայի արդարադատության նախարարը եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել

Հրդեհ Արմավիր քաղաքում.այրվել է ավտոմեքենա

Ներդրումներ է տապալել. ԱԱԾ-ն բացահայտել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինությունները

ՍԴ-միակ մարմինն է, որ ունի վերջնական իշխանություն՝ մեկնաբանելու այս պետության ամենաքաղաքական ակտը՝ Սահմանադրությունը

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինին ձերբակալվել է

Արցախում զինծառայողը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա մահացել է հիվանդանոցում

Կաջակցի՞ արդյոք ԿԽՄԿ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին

Պարտադրանքը, որ եղել է նախկինում, պետք է փոխվի. Հայկակ Արշամյան