Զեկույցը հիասթափեցնող է. ոստիկանությունն արձագանքել է ՄԻՊ զեկույցին

22/04/2017 schedule15:33

2016 թվականի հուլիսյան դեպքերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հիասթափեցնող է, այն զուրկ չէ վառ երեւակայությունից: Նման հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության հայտարարությունում ասվում է.

«ՀՀ ոստիկանությունն ավանդաբար հարգանքով է վերաբերվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ ոստիկանության գործունեության վերաբերյալ ցանկացած հրապարակումներին եւ զեկույցներին, վերլուծել է դրանցում նշվող քննադատություններն ու բացասական կարծիքները եւ փորձել ըստ հնարավորության շտկել բացթողումներն ու թերացումները ոստիկանական գործունեության բոլոր ուղղություններով:

Բացառություն չի կազմելու նաեւ հրապարակված արտահերթ զեկույցը, սակայն այս անգամ հարկադրված ենք հայտարարելու, որ զեկույցում տեղ գտած առանձին մտքեր, ձեւակերպումներ ու եզրահանգումներ զուրկ չեն զգացմունքայնությունից եւ վառ երեւակայությունից: Միգուցե պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը, կամ ոստիկանությունն ինքը չի կարողանում վեր կանգնել սուբյեկտիվիզմից, բայց երկու պարագայում էլ մի բան հաստատ է՝ զեկույցը չի տալիս այն հարցի պատասխանը, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2016 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում:  Եթե այս հարցի պատասխանն, այնուամենայնիվ, հստակ տրվեր, միգուցե ոստիկանությունը զեկույցն ընդուներ ի գիտություն՝ չհամաձայնելով դրա շատ դրույթների հետ:

Զեկույցի գիտահետազոտական արժեքը չի վնասվի, եթե որոշ փաստերի վերաբերյալ հասարակությանը ներկայացվեն նաեւ ոստիկանության մոտեցումները: Որպես իրավապահ պետական մարմին` ոստիկանության կողմից հանրության հետ անկեղծ երկխոսության մեջ մտնելու հնարավորությունները հայտնի չափով սահմանափակ են: Վերջին հաշվով՝ դրանք կարող են շահարկվել, ներկայացվել որպես վերջնական պետական դիրքորոշում, որակվել որպես դատարանների նկատամբ ճնշում գործադրելու փորձ, այն դեպքում, երբ տասնյակ անձանց նկատմամբ դեռեւս իրականացվում է քրեական հետապնդում: Այնուամենայնիվ, որոշ պարզաբանումներ ներկա պահին համարում ենք անհրաժեշտ:

Մարդու իրավունքների պաշտպանը՝ խոսելով իրադարձությունների պատճառահետեւանքային ընթացքի մասին, մոռացել կամ նպատակահարմար չի գտել անդրադառնալ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու իրական նպատակներին, որոնք ցայտուն կերպով երեւացին իրադարձությունների հենց առաջին օրը  նրանց կողմից տարածված հայտարարություններում: Մասնավորապես, խմբի անդամները լայն հասարակությանն իրազեկում էին ոստիկանական բազաներ եւ մի քանի բաժիններ գրավելու, զինված ուժերի զորամասերի` իրենց միանալու եւ ամբողջ երկրով մեկ ծավալվող ապստամբության մասին:

Ընդ որում, համայն հայությանը եւ բոլոր քաղաքացիներին հորդորում էին միանալ ապստամբությանը կամ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ապստամբներին: Կոչ էր արվում դուրս գալ փողոց, խմբեր կազմել, զինվել, գրավել ոստիկանական բաժինները, փակել փողոցները, զինաթափել ոստիկաններին, իսկ ապստամբությանը դիմադրող անձանց չեզոքացնել ըստ իրավիճակից բխող անհրաժեշտության: Բացի այդ, համազգեստ կրող ոստիկանները, որոնք չէին աջակցի ապստամբությանը, համարվում էին ապստամբության թիրախ եւ ենթակա էին չեզոքացման:

Կային տեղեկություններ, որ հարձակման էր ենթարկվելու «Էրեբունի» օդանավակայանը, պատանդ էին վերցվելու ոստիկանության բարձրաստիճան ծառայողների ընտանիքներ:

Թե իրավապահների պատանդառությամբ ու սպանություններով ուղեկցվող գործողություններն ու հայտարարությունները,  թե անընդհատ ստացվող օպերատիվ-հետախուզական տեղեկությունների վերլուծությունը, թե, այսպես կոչված, ինքնաբուխ հավաքների ժամանակ հնչող կոչերը, թե որոշ զանգվածային լրատվամիջոցներում եւ համացանցում տարածվող ապատեղեկատվությունը` ուղեկցվող զինված խմբի անդամների փառաբանմամբ, եւ թե նախապատրաստվող բռնի հանցագործությունների մասին Օպերատիվ կառավարման կենտրոնում պարբերաբար ստացվող ահազանգերը  առավել քան բավարար էին ենթադրելու, որ կատարվել է հանցագործություն՝ ուղղված սահմանադրական կարգի եւ պետական անվտանգության դեմ:

Ոստիկանության համար անվիճելի էր, որ կատարվում են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված նախապես մշակված գործողություններ, այսինքն՝  կազմակերպվում էր  պետական հեղաշրջում:

Նման եզրահանգումն, ըստ էության, հանցավոր խմբի գործունեության նախնական օպերատիվ-հետախուզական գնահատականն էր, որը չէր հավակնում լինել արարքների վերջնական քրեաիրավական գնահատական, ուստի ոստիկանական բոլոր հաջորդիվ գործողությունները ելնում էին հիշյալ իրողությունից ու պետական անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու` իրավապահ մարմինների պարտականությունից:

ՀՀ ոստիկանության կողմից իրականացված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ,  հանդիսացել են հակաահաբեկչական գործողություններ: «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ահաբեկչական բնույթի հանցագործություն է որակում օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պատանդների վերցման, մարդկային զոհերի հետեւանքներ առաջացնող գործողությունները: Հատուկ նշենք, որ հակաահաբեկչական միջոցառումները որեւէ առնչություն չունեն հանցավորների արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով /ահաբեկչությունը/ որակված լինելու կամ չլինելու հետ: Միջացառման հակաահաբեկչական բնույթը դեպքի օրերին հստակ չի հրապարակայնացվել  բացառապես ելնելով օպերատիվ-տակտիկական նկատառումներից, ինչի արդարացված լինելը ապացուցվեց դեպքերի հետագա զարգացումներով:

ՊՊԾ գնդի գրավումից հետո կազմակերպված բոլոր հավաքները (զեկույցում հիշատակվող որոշ բացառություններով) «խաղաղ» որակելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի կատեգորիկությունը ընդունելի չէ: Այն հավաքները, որոնք, ըստ դրանց փաստացի կազմակերպիչների արարքների, ուղղված էին կամ դիտավորություն ունեին խոչընդոտելու կամ խափանելու հակաահաբեկչական գործողությունները, ոստիկանության կողմից գնահատվել են որպես ոչ խաղաղ, իսկ ՀՀ ոստիկանության բոլոր միջամտող գործողություններն իրականացվել են գործող օրենսդրության, այդ թվում` «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախատեսված հիմքերով /տես օրենքի 12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ կետերը/:

Առերեւույթ խաղաղ թվացող հավաքների փաստացի կազմակերպիչները բացարձակապես չեն համագործակցել ՀՀ ոստիկանության հետ, երթերի ուղիները գաղտնի էին պահվում  նույնիսկ համակիր մասնակիցներից կամ դրանք իրականացվում էին ոստիկանությանն անակնկալի բերելու նպատակով:

Չնայած այս հանգամանքին, ՀՀ ոստիկանության կողմից նման հավաքները չեն ցրվել, այլ կիրառվել են սահմանափակումներ հավաքների ու նրանց առանձին մասնակիցների նկատմամբ: ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ:

Հավաքների ազատության իրավունքը սահմանափակվել է հանցագործությունների կանխման եւ հասարակական կարգի պաշտպանության լեգիտիմ նպատակներով, բխել է քաղաքացիական բախումներից ու մարդկային զոհերից խուսափելու, ՊՊԾ գունդը զավթած հանցավոր խումբը վնասազերծելու անհրաժեշտությունից, իսկ միջամտության համաչափությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատելու համար առնվազն անհրաժեշտ է պահպանել մասնագիտական էթիկան ու սպասել ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերի ավարտին կամ ոստիկանական ուժի անհամաչափ գործադրման վարկածը չներկայացնել որպես  իրականություն: Պաշտպանը տարրական պատկերացումներ չունի եւ բնականաբար չէր էլ կարող ունենալ օպերատիվ-հետախուզական այն տեղեկությունների բովանդակային լրջության մասին, որոնք կանխորոշել են ոստիկանության կողմից ընդունված հիմնական որոշումները, մասնավորապես` հավաքների ազատության սահմանափակումների մասով:

Տարօրինակ են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետեւություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանությունն իրավունք չունի արգելելու կամ սահմանափակելու անօրինական հավաքները: ՀՀ ոստիկանությունը սկզբնապես գործ է ունեցել չիրազեկված հավաքների հետ: Տեղական ինքնակառավարման մարմինները հավաքն արգելելու կամ սահմանափակումներ կիրառելու որոշում կարող են կայացնել միայն գրավոր իրազեկումներ ստանալու ու քննարկելու արդյունքում: Այլ պարագայում, համայնքի ղեկավարներն օբյեկտիվորեն իրավահարաբերություններից դուրս են մնում, իսկ հասարակական անվտանգության ապահովման եւ խաղաղ հավաքի մասնակիցների իրավունքների պաշտպանության պատասխանատուն մնում է ոստիկանությունը:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը  գերակայում են հավաքի ազատության նկատմամբ: Հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:

Վկայակոչված նորմերը ոստիկանությանը իրավունք են վերապահում օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում թե արգելելու չսկսված հավաքը եւ թե դադարեցնելու ընթացող հավաքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսում է հարյուրավոր ձերբակալվածների սահմանադրական մի շարք իրավունքների զանգվածային խախտումների մասին: Ձերբակալվածների իրավունքների զանգվածային խախտումների մասին հետեւությունները նույնքան անհիմն են, որքան պնդումներն այն մասին, որ մարդու իրավունքների խախտումներ ընդհանրապես տեղի չեն ունեցել: Բերման  ենթարկված  քաղաքացիները պահվել են այն վայրերում, որտեղ իրականացվել են քրեադատավարական գործողություններ եւ որոնք հարմարեցված էին մեծ թվով անձանց պահելու համար,    բոլորը  ծանուցվել են ազատության սահմանափակումից բխող իրավունքներին եւ դրանց իրականացման կարգին, հարգվել են  մարդկանց արժանապատվության, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները, ստեղծված են եղել բոլոր պայմանները Պաշտպանի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար: 

Բողոքների քննարկման արդյունքների հիման վրա Պաշտպանը  իրավասու է ընդունելու որոշումներ՝ համապատասխան պետական մարմինների այն պաշտոնատար անձանց կարգապահական կամ վարչական տույժի ենթարկելու կամ քրեական պատասխանատվության կանչելու առաջարկության մասին, որոնց որոշումներով կամ գործողություններով (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները: Մինչ օրս ոստիկանությունը գեթ մի որոշում չի ստացել նույնիսկ զեկույցում հիշատակված՝ թվով 155 անձանց բողոքների վերաբերյալ:  Կարելի է ենթադրել, որ կամ ոստիկանության որեւէ պաշտոնատար անձի չեն կարողացել պարզել, կամ բողոքի քննարկման արդյունքներով որոշումներ չեն կայացվել:

Իրավապաշտպան գործունեությունն անհամեմատ կշահեր, եթե քաղաքացիների իրավունքների սահմանափակումների եւ դրանց հետ կապված փաստական հանգամանքների մասին տեղեկությունները տրամադրվեին Հատուկ քննչական ծառայությանը, իսկ եթե տրամադրվել են` ոստիկանությունը Պաշտպանի էպատաժային ձեւակերպումներին մանրամասն  կարձագանքի  նախաքննության ավարտից հետո:

Լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի մասով Պաշտպանի մոտ առկա չփարատված կասկածները զեկույցում մեկնաբանվել են ի վնաս ոստիկանության: Մասնավորապես, Պաշտպանը եզրահանգում է, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացիական հագուստով անձինք ամենայն հավանականությամբ գործել են ոստիկանության աշխատակիցների անմիջական թողտվությամբ, եւ որ քրեական գործով քննությունը պետք է պարզի այդ անձանց ինքնությունը, ինչպես նաեւ` թե արդյոք այդ անձինք եղել են ոստիկաններ կամ գործել են ոստիկանության աշխատակիցների հրահանգով:

Պաշտպանն անիրազեկ է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների փաստերով հարուցված քրեական գործով Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաննների դատարանը (ԵԷԴ/0100/01/16) թվով 4 անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտելը) եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) դատապարտել է 1 տարի ազատազրկման եւ 200.000 դրամ տուգանքի: Եվս մեկ անձ դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով` 200.000 դրամ տուգանքի: Միաժամանակ, երեք անձի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակում է քննվել քրեական գործ` հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափով վնաս է պատճառել) հատկանիշներով:

Համենայն դեպս, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով զեկույցում հիշատակված քաղաքացիական հագուստով անձանց գործողությունների եւ ոստիկանության ծառայողների միջեւ որեւէ առնչակցություն չի հաստատվել:

Հեռու ենք այն մտայնությունից, որ  պաշտպանը իր զեկույցում պետք է զբաղվեր ոստիկանության գովաբանությամբ, բայց մարդու սահմանադրական իրավունքների  զանգվածային  խախտումների  ընդհանրական  «մեղադրանքը»,  ու ոստիկանության դեմոնիզացմանը  տուրք տալու տրամադրությունը, այնուամենայնիվ  խոսում է զեկույցի միակողմանիության,  կոնկրետ դեպքերով պայմանավորված՝ մեր հասարակության   անվտանգության  ապահովման  եւ մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանության  անհրաժեշտության հարցերի վերաբերյալ հավասարակշված վերլուծություններ կատարելու անընդունակության մասին:

Զեկույցը հիասթափեցնող է հենց այս տեսանկյունից»:

Տպել
3011 դիտում

Գյումրիում «Բալասանյան» դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառի համար ծառի ճյուղեր են կտրում (տեսանյութ)

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր. ԱԱԾ

Հանդիպումը, որը կայացավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է. Ֆրանսիայի ԱԳ նախարարը Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը. Հայկ Մարությանի շնորհավորել է Ստեփանակերտի օրը

Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո.Միրզոյանը հանդիպել է Նուլանդի հետ

Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը. Աճեմյանի բեմում են արցախի դերասանները

Կոչ եմ անում շինարարությունը տեղափոխել ՀՀ տարբեր հատվածներ. Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Build Armenia - 2021» էքսպոյին

Կողոպուտի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել

Քաղաքացին պետք է բավարարված և գոհ հեռանա՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու. Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՔԿԱԳ պետին

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Զորամասերից մեկում պատերազմի զոհերին նվիրված հուշաքար և մատուռ է բացվել (լուսանկարներ)

Ջանֆիդայի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտվել է

Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

«Օպելի» վարորդը սպառնացել է ոստիկանին, կոտրել մատնեմատը, պոկել կրծքանշանը, հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև

Գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում

«Օպելի» ուղղությամբ կրակած վարորդը ներկայացել է և կալանավորվել

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին կհայտարարվի մեկ րոպե լռություն

Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

Սահմանվել են տուգանքի նոր չափեր

Զբոսաշրջության ոլորտի առաջատար fvw Travel Talk գերմանական լրատվականի 10 էջը նվիրված է Հայաստանին

Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

Հանդիպել են ՀՀ և Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների նախագահները

«Երևանի ոսկերչական գործարանի» գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

Ֆրանսիական Շամոնիից՝ հայկական Դիլիջան. հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» (տեսանյութ)

Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը. նշվում է Ստեփանակերտի օրը

Երևանի կանաչապատման հիմնարկը նոր տեխնիկա ունի. հիմնարկում վարորդների խնդիր կա (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Կորոնավիրուսային իրավիճակն ավելի է վատթարանում. երեկ հաստատվել է 1066 նոր դեպք, գրանցվել՝ 23 մահ

Էդուարդ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանն ընդգծել է գերիների հայրենադարձման խնդրի քաղաքականացման անընդունելիությունը (տեսանյութ)

Հատուկ ծրագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Շենաթաղում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Երևանի մի քանի փողոցում և 4 մարզի որոշ համայնքներում լույս չի լինի

Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը