Մարտական տագնա՞պ է. ինչ կապ ունի ՊՆ խոսնակի գրառումը թուրքադբեջանական զորավարժության հետ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում օրը սկսեց հետեւյալ գրառմամբ. «Անցնող գիշեր ՀՀ եւ Արցախի սահմանին կրակոցներ քիչ են եղել, որեւէ կորուստ չի եղել: Բարի ծառայություն մեր զորքին»:

Սա բավական տարօրինակ բովանդակությամբ լուր էր: Հարց է առաջանում, ինչու է ՊՆ խոսնակը անհրաժեշտ համարել այսպիսի լուր հաղորդել: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սրացումներ էին սպասվում: Եւ հիմա, քանի որ ամեն ինչ հանգիստ է անցել, ՊՆ խոսնակը հարկ է համարում այդ մասին տեղեկացնել հանրությանը:

Այդպիսի բովանդակությամբ գրառումը տարօրինակ է նաեւ այն պատճառով, որ ամեն օր կարելի է դա անել: Բայց քանի որ Արծրուն Հովհաննիսյանը նախկինում երբեք նման բան չի արել, կամ արել է միայն սահմանում առանձնահատուկ սրված ժամանակահատվածներում, նշանակում է այս օրերին գործ ունենք նման իրավիճակի կամ դրա վտանգի հետ:

Մինչ կփորձեինք հասկանալ, թե ինչ է կատարվում, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են սկսել:    

«Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների զինված ուժերի միջեւ փորձի փոխանակումը, կոորդինացիայի զարգացումը, զինված ուժերի գլխավոր շտաբերի՝ զորավարժությունների համատեղ պլանավորման մարզումն է: Վարժանքներին ներգրավվել են զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, ականանետներ, ռազմաօդային ուժերի հարվածային եւ բեռնատար ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, զենիթահրթիռային համալիրներ: Զորավարժությունը կավարտվի մայիսի 5-ին: Նմանատիպ վարժանքներ Ադրբեջանը եւ Թուրքիան անցկացնում են 2013 թվականից»,- հաղորդում է «Ռազմ.info»-ն:

Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանում կրկին մասշտաբային զորավարժություններ էին, որում ներգրավված էին մոտ 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ եւ զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր: 

Դրանց ավարտին Զաքիր Հասանովը ՊՆ ղեկավար կազմի ընդլայնված նիստ հրավիրեց եւ հրահանգեց «պատրաստ լինել ամենակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ հնարավորինս լուրջ վնասներ հասցնել»:

Հաջորդ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու մարդկային կորուստ ունեցավ: Ապրիլի 24-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցից զոհվեց ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: Ապրիլի  28-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվեց ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Այդ օրերին, ինչպես նաեւ, անցած ուրբաթ ինտենսիվ կրակի տակ էր նաեւ Տավուշի մարզի Բաղանիս համայնքը:

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը, ակնհայտորեն կապ ունի վերը շարադրված խրոնոլոգիայի, եւ հատկապես այսօր մեկնարկած ադրբեջանաթուրքական զորավարժությունների հետ:

Սա նշանակում է, որ առնվազն առաջիկա հինգ օրերին հայկական պաշտպանական ուժերում մարտական առաջին աստիճանի պատրաստվածություն է հայտարարված լինելու:

Մյուս կողմից երկու շաբաթ առաջ տեղի ունեցածի տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմը զորավարժությունների ժամանակ նախ ոգեւորվում է, սեփական մարտական ոգին բարձրացնում, հետո անցնում այդ ոգեւորությունը ռեալիզացնելուն: Եւ հատկապես եղբայրական Թուրքիայի հետ անցկացվող այս զորավարժություններին հաջորդող օրերը նույնքան, եթե չասենք՝  ավելի վտանգավոր են լինելու:

Անցյալ շաբաթավերջին ընդլայնված կազմով խորհրդակցություն անցկացրեց նաեւ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չէին նշվում, բայց խորհրդակցությունը, թերեւս. ստեղծված իրավիճակին պետք է նվիրված լիներ:

Ընդհանրապես վերջին շրջանում թե բնակչության, թե փորձագիտական մակարդակով ավելի ու ավելի շատ է խոսվում հայ-ադրբեջանական սահմանային նոր սրացման հավանականության մասին: Սրան նպաստող մի շարք հանգամանքներ կան. գրանցվող միջադեպերը, Ադրբեջանի ղեկավարության ռազմական հռետորաբանության վերադարձը, լուրը, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է մատակարարվել Բաքու:

Հնարավոր սրացումներին, սակայն ամենից շատ կարող է նպաստել անցյալ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման տապալումը: Ակնկալվում էր այս հանդիպման արդյունքներով նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել: Մարտի 27-ին Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարեց. «Հույս ունենք, որ մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում՝ հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»:

Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԱՊԱ-ին ասաց. «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել»: 

Տպել
16536 դիտում

Փաշինյանն ու Ալիևը պատրաստում են իրենց հասարակությունները հակամարտության կարգավորման. НГ

Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է․ Ռիչարդ Հոգլանդ

«Վորլդ Վիժնի» հետ համագործակցության հիմքում երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու մղումն է․ նախարար

Ջերմություն, քաշի կորուստ․ Նորքի զինված խմբի գործով անցնող Արթուր Վարդանյանն առողջական խնդիրներ ունի․ ՄԻՊ

«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)

Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»

Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն