Երևան
16 °C
Սերժ Սարգսյանը ուղերձով դիմում է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի մասնակիցներին: Ստորեւ ներկայացված է ուղերձից մի հատված.
«Վեհափա՛ռ Տեր,
Հարգարժա՛ն պատգամավորներ,
Հարգելի՛ հյուրեր,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն աշխատանք։
Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: Այսօր եկել է այդ օրը: Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ: Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները: Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն և տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար։
Անշուշտ, խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլև ընկալելի և գործուն: Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել: Երբեմն ասում են, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չունենալ: Դա մինիմալիստական մոտեցում է: Այն ինձ համար անընդունելի է: Երկրի համար իրավական և քաղաքական վերափոխումների լրջագույն այս փուլում մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն»: Չէ՞ որ թերի կամ վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլև վնասաբեր է: Հանրության սպասելիքներն արդարացնող օրինաստեղծ գործունեություն իրականացնելը ձեր առաքելությունն է: Դուք՝ որպես այս գործընթացի հիմնական դերակատարներ, պատասխանատու եք դրա համար:
Սակայն խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործունեությամբ չի սահմանափակվում: Հայաստանի Հանրապետության փոփոխված սահմանադրությամբ նախատեսված անցումը կառավարման խորհրդարանական համակարգի ենթադրում է խորհրդարանի դերի էական բարձրացում նաև արտաքին քաղաքականության հարցերում:
Այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ Միջազգային խորհրդարանական կազմակերպությունները լավագույն ու թերևս ամենալայն հարթակներից են միջազգային հանրությանն այս կամ այն թեզը մատուցելու և հայկական դիրքորոշումը ներկայացնելու համար:
Այդ հարթակներում անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն իրականացնել, որպեսզի նվազեցնենք Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը՝ փոխարենն առաջ տանելով ճշմարտությունը:
Մեր խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է վերակազմակերպել այն՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները. մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն և հետևողականություն։ Սա իսկապես աշխատանքի տարողունակ և կարևորագույն մի ոլորտ է, որի մասին մենք ավելի մանրամասն խոսելու առիթ դեռ կունենանք։
Մայր օրենքի փոփոխությունից հետո խորհրդարանն այսուհետ օժտված է նաև սահմանադրական մարմիններ ձևավորելու՝ ընդլայնված կարևորագույն գործառույթով: Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ. սրանք Սահմանադրությամբ նոր կշիռ և ազդեցություն ունեցող արդարադատության մարմիններ են, որոնք կազմավորվելու են ձեր անմիջական մասնակցությամբ: Դա ժողովրդական և ժողովրդավարական բարձրագույն վստահությունն է, որ տրված է անկախ և պրոֆեսիոնալ դատական իշխանություն ձևավորելու համար: Դրա հետ մեկտեղ դուք կրելու եք այդ մարմինների գործունեության արդյունքների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքները:
Ես պատկերացնում եմ նաև կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ:
Համակարգ, որի զարգացմանը նպաստելը յուրաքանչյուրիս պարտքն է: Միայն այդպիսի համակարգն է թույլ տալու, որ իրենց ուժեղ և ապահով զգան բոլորը՝ պետությունը, ողջ հասարակությունը և դրա յուրաքանչյուր անդամ: Եվ այդ համակարգի զարգացման գործում, ձեր վերահսկողական ու զսպողական գործառույթներով, դուք առանցքային դեր եք կատարելու:
Գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, ինքնավար մարմինների ու քննիչ հանձնաժողովների ձևավորում. սրանք սահմանադրական այն գործիքներն են, որոնց կիրառմամբ խորհրդարանը ուղղակի կամ միջնորդավորված մասնակցելու է իրավապահ համակարգի, կամ ավելի ճիշտ է ասել՝ իրավապաշտպան համակարգի կատարելագործմանը:
Յուրաքանչյուր պատգամավորի հետևողականությունը և խորհրդարանական մշտական վերահսկողությունը պետք է հանգեցնեն նրան, որ այդ համակարգի գործունեության թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը հասնի սովորույթի մակարդակի, դառնա աշխատաոճ: Համոզված եմ, որ դուք դա գիտակցում եք:
Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն դարձնել կարևոր մի հանգամանքի վրա: Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ նորացված Սահմանադրությամբ էապես բարձրանալու է կուսակցությունների դերը մեր հասարակականքաղաքական կյանքում: Նաև շեշտել ենք, որ քաղաքական կուսակցությունների հիմնական շարժիչ ուժը լինելու են գաղափարակից համախոհները: Սակայն որպես երկրի Նախագահ և որպես հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի ղեկավար՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին հորդորում եմ արդարադատություն և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց ընտրելիս կամ մարմիններ ձևավորելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով: Միայն նման մոտեցմամբ մենք կարող ենք արդարադատության գործուն համակարգ երաշխավորել:
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ այդպիսի համակարգը կարող է հաջողություն ունենալ միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության:
«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ:
Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն: Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը: Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն և լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան:
Պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և փոխկապակցվածությունն ապահովելն է: Համենայնդեպս, պետական աշխատանքի երկար տարիների իմ փորձը դա է հուշում:
Պատկերացնում եմ Ազգային ժողովի և պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստիճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու և նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:
Ես դա անելու եմ նաև վաղը՝ առնվազն մինչև իմ՝ որպես Նախագահի պաշտոնավարման ավարտը:
Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք միասին կարողանալու ենք հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Չէ՞ որ խորհրդարանը նաև քաղաքական երկխոսության, բազմակարծության և տարբեր գաղափարախոսությունների արտահայտման գլխավորհարթակն է:
Այն քաղաքական մշակույթ ձևավորող կարևորագույն ինստիտուտ է, որտեղ պետք է սկիզբ առնի և բյուրեղացվի քաղաքական մրցակցությունը: Սահմանադրական նոր կարգավորումների լույսի ներքո Ազգային ժողովի գործունեությունը պետք է միտված լինի ոչ միայն պետականության ամրապնդմանը, այլև պառլամենտարիզմի զարգացմանը: Հավատացած եմ, որ կայացած պառլամենտարիզմը, իր գաղափարախոսական և վերահսկողական բոլոր դրսևորումներով, մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու:
Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի կամքը և պատրաստակամությունը՝ անցկացնելու ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի մասին վկայող ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Կարծում եմ՝ դուք նույնպես: Դուք ստացել եք անհրաժեշտ վստահության քվեն: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է: Մնում է շարունակել և առաջ տանել սկսած գործը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
2013 թվականին նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ՝ մենք այն պայմանավորում էինք իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
Երբ մենք խոսում էինք առկա հիմնախնդիրների մասին և դրանց մի մասը պայմանավորում կառավարման ձևի առանձնահատկություններով, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի ոչ հետևողական իրացմամբ, համակարգային առումով ոչ կատարյալ լուծումներով, քաղաքական և սահմանադրական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս հանգամանքին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին հաջորդած ժամանակահատվածը և հատկապես 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունները և հետընտրական իրավիճակը եկան հաստատելու, որ խնդիրների լուծման ճանապարհը մեր կողմից ճիշտ է ընտրված:
Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաև իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջև առկա անհամամասնությունները:
Այս փոփոխությունները բավարար սահմանադրական հիմք են ստեղծել, որպեսզի Հանրապետության Նախագահ – Ազգային ժողով, Հանրապետության Նախագահ – կառավարություն, Ազգային ժողով – կառավարություն փոխհարաբերություններում, ինչպես նաև պետական իշխանության տարբեր մարմինների մի-ջև սահմանադրական լիազորությունների առնչությամբ ծագած վեճերը լուծվեն ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում։
Սահմանադրական փոփոխությունները հաղթահարեցին գործադիր իշխանության գործառութային երկատվածությունը։ Գործադիր իշխանության գործառութային լիազորություններով օժտված է լինելու կառավարությունը, իսկ Հանրապետության Նախագահին վերապահված են լինելու պետության գլխին բնորոշ՝ գերազանցապես հակակշռող և զսպող լիազորություններ։
2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, կարևորելով Ազգային ժողովի օրինաստեղծ և վերահսկողական գործառույթների հետագա զարգացման խնդիրը, ամրապնդեցին Ազգային ժողովի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում, մեծացրեցին խորհրդարանի կշիռը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում, ընդլայնեցին նրա վերահսկողական լիազորությունների շրջանակը, ամրապնդեցին խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները։
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է պառլամենտում ներկայացված քաղաքական ընդդիմության դերը: Խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության և խորհրդարանական փոքրամասնության միջև է: Ուստի, խորհրդարանական փոքրամասնությանը Սահմանադրությունը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ:
Սահմանադրությունը խորհրդարանական ընդդիմությանը կարևոր դերակատարում է վերապահել սահմանադրական օրենքների ընդունման հարցում, որոնք պետք է արժանանան որակյալ մեծամասնության, այն է՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի հավանությանը. Ազգային ժողովի կանոնակարգ, Ընտրական օրենսգիրք, Դատական օրենսգիրք, Սահմանադրական դատարանի մասին օրենք, Հանրաքվեի մասին օրենք, Կուսակցությունների մասին օրենք և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք: Սրանք այն օրենքներն են, որ անմիջականորեն ազդում են մարդու հիմնական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև պետական իշխանության կազմակերպման վրա, ուստի պահանջում են ավելի մեծ կայունություն և ավելի լայն համաձայնություն:
Նույն կերպ խորհրդարանական փոքրամասնությունն ազդեցություն է ունենալու Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրության ժամանակ, ինչպես նաև դատական իշխանության մարմինների ձևավորման գործում, քանի որ դրանց համար ևս պահանջվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:
Դրա հետ մեկտեղ քաղաքական փոքրամասնությունն ունենալու է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և դրանք նախագահելու, Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաև որոշակի դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու հավելյալ հնարավորություններ:
Այս փոփոխությունների արդյունքում՝
1) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ,
2) Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
3) խիստ կնվազի իշխանության անձնավորումը,
4) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
5) կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը,
6) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացման շնորհիվ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանության և ընդդիմության երկբևեռ դասական քաղաքական համակարգ,
7) երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու հարցում, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ։
Հարգելի՛ պատգամավորներ,
Սահմանադրական նոր կառուցակարգերը մենք ամրագրել ենք բուռն ու երկարատև քննարկումների արդյունքում: Այս փոփոխությունների բուն նպատակն ավելի հավասարակշռված, արդյունավետ, վերահսկելի ու միասնական իշխանություն ունենալն է: Թե որքանով դա կհաջողվի, էապես կախված է այստեղ գտնվող մարդկանցից, առաջին հերթին այս դահլիճում ներկայացված կուսակցությունների, պատգամավորների ու կառավարության գործունեությունից:
Կառավարման խորհրդարանական ձևը պառլամենտի ու կառավարության գործունեության նոր կարգ ու փիլիսոփայություն է ենթադրում: Արդյունքում այս հարթակը դառնալու է այն թիվ մեկ քաղաքական ամբիոնը, որտեղից պետք է հնչեն անվտանգ, ապահով, արդար պետություն ունենալու ճանապարհներ մատնանշող ելույթներ:
Այս դահլիճը այն թիվ մեկ դահլիճն է լինելու, որտեղ պետք է քննարկվեն ու որոշումներ ընդունվեն մեր պետության արտաքին ու ներքին քաղաքականության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ: Ասել է թե ընդամենը շատ կարճ ժամանակ անց հենց ձեր որոշումներով է ամբողջությամբ պայմանավորված լինելու, թե ինչպիսի հայրենիք մենք կունենանք վաղը, հինգ տարի հետո, հիսուն, հարյուր տարի հետ:
Շարունակելի ...»:
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններն ուշադրություն գրավելու նպատակ ունեն. Զախարովա
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով. Զախարովա
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա
Բոլորս հասկանում ենք Թուրքիայի դեմ խաղի կարևորությունը. Իվու
Հատվող ծառերն այլևս կենսունակ չեն, թթվածնի արտադրության ֆունկցիան արդեն չեն կատարում. Խաժակյան
Հայտնի է՝ ով է սպասարկելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը
Իսրայելը նշել է, թե որ պարագայում հարվածներ կհասցնի Իրանին
Խստագույնս հետևել անվտանգության կանոններին. շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը զորամասեր
Հյուրանոցային քոթեջում մեծաքանակ թմրամիջոցներ պատրաստելու իրեր են հայտնաբերվել. կան կալանավորվածներ
Դե այնպես, ոչինչ. Մեդվեդևը ոչ այնքան արդյունավետ է անվանել թուրքական «Բայրաքթար»-ները
Սուբվենցիոն ծրագրերով մարզերում 80 նախագիծ է հաստատվել. հայտնի է ֆինանսավորման չափը
Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ուժեղացնում է ագրեսիվ քաղաքականությունը. պետնախարար
ԱՄՆ-ն Հայաստանի ԱԱԾ-ին ամենագնաց մեքենաներ կտրամադրի. մանրամասներ
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ. պատճառը կապված է Լաչինի միջանցքի փակման հետ
Վարժական հավաքներին մասնակից աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի
Զինծառայողը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից. մանրամասներ
Հայտնի է` երբ կանցկացվեն պահեստազորայինների վարժական հերթական հավաքները
Մշակույթը պետք է հասնի մարզեր, բովանդակություն պետք է լցնենք․ վարչապետ
Հայաստանն իր առաջարկներով է բանակցում, Ադրբեջանն՝ իր. Ջուլհակյան
Թուրքիայի հավաքականը վաղը կժամանի Հայաստան
Սպանել էր գեղհովիտցի տղամարդուն, հափշտակել խոշոր գումարը, ապա՝ դին թաքցրել անտառում
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագիր լինելու է․ վարչապետ
ՀՀ ավտոճանապարհներին իրականացվում են չափագրումներ, կազմվում՝ թերությունների ակտեր
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ–ի հանդեպ, դժվար է որակել. վարչապետ
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, արդեն իրականություն է. Նիկոլ Փաշինյան
Մի քանի կգ թմրամիջոց, հրազեններ, 51.900 դոլար և 187.700 եվրո․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)
Ադրբեջանը քանդում է հայերի տները, փոխարենը կառուցում տներ ադրբեջանցիների համար․ վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
36 ժամ ջուր չի լինելու Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մի շարք գյուղերում
Հրդեհից զոհված զինվորների դիերի դատաբժշկական եզրակացությունները ավելի մեծ հարցեր են առաջացրել. Նորիկյան
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնություն կնքելու իրական հնարավորություն կա. Բլինքեն
Լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Արմեն Գրիգորյանը կմեկնի Մերձբալթյան երկրներ
Ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է. Մարուքյան
Արտերկրում Պուտինի ձերբակալությունը հավասար կլինի պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինի Արմավիրի մարզում
Նոր երկրաշարժ Տաջիկստանում
Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ և զոհ
© 2023 Հայկական ժամանակ