Հայաստանում բռնությամբ եւ զենքով ոչ մի հարց չի լուծվելու. Սերժ Սարգսյանն՝ արկածախնդիրներին

22/12/2017 schedule15:54

Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում դեկտեմբերի 22-ին հանդես է եկել ելույթով, որում ասված է.

«Ուրախ եմ հերթական անգամ գտնվելու այս կառույցում, որտեղ տարիներ շարունակ աշխատելու պատիվ եմ ունեցել: Առիթից օգտվելով՝ կրկին ջերմորեն շնորհավորում եմ Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ այս ծառայությունը պետք է գործի լավ աշխատող ժամացույցի մեխանիզմի պես՝ օրական 24 ժամ, շաբաթական 7 օր: Հենց այդ պատճառով այս գործն անողները պետք է իսկական նվիրյալներ լինեն: Վստահ եմ, որ ձեր շարքերում ծառայող տղամարդկանց եւ կանանց հիմնական շարժառիթը աշխատավարձը, ուսադիրները, կոչումներն ու պարգեւները չեն: Ճիշտ է, դրանք էլ են կարեւոր, սակայն նրանց հիմնական շարժառիթն անմնացորդ նվիրումն է Հայաստանի անվտանգությունն ապահովելու սրբազան գործին:

Ձեր աշխատանքը հավասարապես ուղղված է պետության, հասարակության, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու եւ անհատի անվտանգությունն ապահովելուն: Հայտնի պատճառներով ձեր կատարած աշխատանքը հաճախ չի լուսաբանվում եւ հանրության համար այն հիմնականում մնում է աննկատ: Ոմանք կարող են նկատած լինել, որ ձեր աշխատասենյակներում լույսերն անգամ ամենաուշ ժամերին չեն մարում: Մեր քաղաքացիներն իրենց կյանքի եւ անվտանգության ապահովությա՛մբ թող նկատեն ձեր ծանր ու պատասխանատու աշխատանքի արդյունքները:

Ես, իհարկե, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով մեր երկրի անվտանգությանն առնչվող հարցերը, շատ լավ տեղյակ եմ ամեն ինչից: Վստահ եմ, որ ազգային անվտանգության ծառայողներն իրենց պարտականությունները կատարում են բարձր պատասխանատվությամբ եւ պրոֆեսիոնալիզմով: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում ծառայության ղեկավարությանն ու անձնակազմին՝ բարեխիղճ աշխատանքի եւ բարդ խնդիրներին գրագետ լուծումներ գտնելու համար:

Տարբեր առիթներով լինելով այստեղ՝ անհրաժեշտ եմ համարում ամփոփել ծառայության կատարած աշխատանքի արդյունքները, վեր հանել ձեր առջեւ դրված խնդիրները եւ ուղենշել այն առաջնահերթությունները, որոնք կարեւոր են երկրի անվտանգությունն ապահովելու համար:

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակ քաջ գիտակցում էինք, որ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակաբար փոփոխվելու եւ ձեւափոխվելու են: Անցել է ավելի քան տասը տարի, եւ այդ ընթացքում իրապես շատ բան է փոխվել: Անշուշտ, առկա վտանգներին դիմագրավելու մեր քայլերը եղել են համազոր եւ տվել են իրենց դրական արդյունքները: Սակայն մենք իրավունք չունենք բավարարվելու անվտանգության ոլորտում ունեցած ձեռքբերումներով: Ակնհայտ է, որ ներքին եւ արտաքին սպառնալիքները չեն պակասում: Ընդհակառակը՝ դրանք գնալով ստանում են առավել բազմաշերտ, երբեմն նաեւ քողարկված բնույթ:

Ուզում եմ ընդգծել, որ ներկայիս միջազգային եւ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է բարդ ու լարված մնալ: Դրանով էլ կանխորոշվում են այն խնդիրները, որոնց լուծմամբ անհրաժեշտ է երաշխավորել ազգային անվտանգության հիմնարար արժեքների պահպանումը: Ձեր դերն այստեղ դժվար է գերագնահատել, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունն այն մարմիններից է, որը կոչված է պաշտպանելու պետության ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, սահմանադրական կարգը եւ ամենագլխավորը՝ մեր բնակչության անվտանգությունը:

Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում այսօր հանդիպում են ահաբեկչության տարբեր դրսեւորումներ, որոնց դեմ միջազգային պայքարը գնալով նոր թափ է առնում: Լայնածավալ եւ միահամուռ միջազգային այս գործընթացին մենք եւս մասնակից ենք՝ թե՛ մեր անվտանգությունն ապահովելու, թե՛ մյուս պետությունների հետ պատշաճ համագործակցությունը երաշխավորելու համար:

Մենք ողջունում ենք նման համագործակցությունը եւ այն համարում ենք օրինակելի: Վստահ եմ, որ բոլոր պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերն այդ մահաբեր չարիքի դեմ պայքարում: Հետեւողական միջազգային համագործակցության խթանումը բոլոր տեսակների ահաբեկչական խմբավորումներին հաղթելու միակ ճիշտ եւ արդյունավետ ուղին է:

Ահաբեկչության դեմ պայքարում ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել դրա դրսեւորումների վաղ հայտնաբերմանն ուղղված ձեր ջանքերը: Ահաբեկչական սպառնալիքների համակողմանի վերլուծության եւ ժամանակին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դուք կարողացել եք կանխել թե՛ իրական ահաբեկչական վտանգները, թե՛ դրանց հետ սերտորեն կապված մի շարք հանցավոր դրսեւորումներ:

Միջազգային հեղինակավոր կառույցների դիտարկումներով, ինչպես նաեւ հենց մեր փորձագետների գնահատականներով, առաջիկա տարիներին ահաբեկչական սպառնալիքների նվազման միտումներ չեն կանխատեսվում: Այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը մշտապես գնահատվել է որպես համեմատաբար անվտանգ երկիր: Այդուհանդերձ, չենք կարող բացառել, որ մեր պետության աշխարհագրական դիրքով, մեր յուրօրինակ արտաքին միջավայրով կամ թերեւս զբոսաշրջիկների թվի աճով պայմանավորված՝ կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն իրենց նկրտումները Հայաստանում իրագործել հենց այդ եղանակով:

Հետեւաբար, այս չարիքի դեմ պայքարում պետք է ցուցաբերենք առավելագույն զգոնություն, պետք է սերտորեն համագործակցենք մեր դաշնակիցների եւ այլ շահագրգիռ ծառայությունների հետ: Մեր երկիրը լինելու է բաց, զբոսաշրջությունը մեր տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ավելին, տարբեր երկրների հետ մուտքի արտոնագրերի դյուրացումն ու ազատականացումը լինելու է շարունակական գործընթաց: Ուստի, դուք պետք է մշտարթուն լինեք: Գտնում եմ, որ հակաահաբեկչական ոլորտում ձեր գործողություններն անհրաժեշտ է երիցս աշխուժացնել:

Ահաբեկչության դեմ տարվող պայքարի մեթոդներն ու միջոցները անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել: Միայն այս դեպքում մենք կկարողանանք ավելի արդյունավետ պաշտպանել մեր քաղաքացիներին եւ պետական կառույցները, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Կարծում եմ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում մի քանի օր առաջ քննարկված խնդիրների օպերատիվ եւ գրագետ լուծումների շնորհիվ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել այդ չարիքին հակազդելու մեր կարողությունը: Նաեւ գտնում եմ, որ կառավարման նոր կարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ ապագա գործադիրի օրակարգում առաջնային հարցերից մեկը լինելու է ահաբեկչության դեմ պայքարի ներկայիս ռազմավարության վերանայումը՝ այն արդիականացնելու եւ ժամանակի պահանջներին համահունչ ու առավել ճկուն դարձնելու համար:

Ահաբեկչության տարատեսակներից մեկի՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի փորձը ցույց է տալիս, որ դրա սպառնալիքները նույնպես չեն պակասում: Ավելին, մենք պետք է աչալուրջ վերաբերվենք ընդհանուր առմամբ կիբեռանվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով, թե ինչ կարեւորություն է ստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը մեր կյանքում:

Արդի աշխարհում տեղեկատվական ցանցերը դարձել են յուրաքանչյուր պետության կարեւոր ենթակառուցվածքներից մեկը: Դրանց բնականոն գործունեությունը կենսական է թերեւս բոլոր բնագավառների համար: Այս ոլորտը մեր տնտեսության կարեւոր առաջնահերթություններից մեկն է, որտեղ զարգացման մեծ ներուժ եւ հեռանկար կա: Ակնհայտ է, որ այս բնագավառում մեր հաջողություններին զուգահեռ աճելու է նաեւ նման հարձակումների քանակը:

Մենք պետք է հանցավոր ուժերից պաշտպանենք ինչպես մեր երկրի ֆիզիկական, այնպես էլ թվային ենթակառուցվածքները: Միայն 2017 թվականի ընթացքում ձեր կողմից կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր եւ պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 1.5 միլիոն փորձ:

Խոսքս, իհարկե, միկրոխնդիրների մասին չէ: Մենք չենք պատրաստվում պարզունակ լուծումներ տալ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը կամ տեղեկատվություն հաղորդելու կամ տարածելու իրավունքը: Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է: Համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է այս միկրոխնդիրները լուծել ինքնակարգավորման մեխանիզմով:

Ազգային անվտանգության մարմինները պետք է գործեն միջազգային իրավունքի եւ լավագույն միջազգային փորձի շրջանակներում: Այստեղ հատկապես կարեւոր է միջազգային համագործակցությունը, եւ մենք պետք է պատրաստ լինենք քննարկելու նաեւ այս բնույթի համագործակցության բոլոր առաջարկությունները:

Մակրոմակարդակում, անշուշտ, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել տեղեկատվական եւ հաղորդակցային կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը: Այդ ենթակառուցվածքների շարքում են առաջին հերթին պետության պաշտպանության եւ անվտանգության համար օգտագործվող տեղեկատվական եւ հեռահաղորդակցության միջոցները, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական համակարգի բնականոն աշխատանքը եւ կայունությունն ապահովող ցանցերը:

Լավագույնս պետք է պաշտպանված լինեն տվյալների պետական շտեմարանները եւ ցանցերը, որոնց հանդեպ հանցավոր արտաքին հետաքրքրությունն ու ոտնձգություններն անխուսափելի են: Այդպիսի ոտնձգություններ կարող են լինել ինչպես հակառակորդ պետությունների եւ կազմակերպված ահաբեկչական կամ այլ տեսակի խմբերի, այնպես էլ անհատ, այսպես ասած, «պարտիզանների» կողմից: Մեր մասնագետները նրանցից պետք է առնվազն մեկ-երկու քայլ առաջ լինեն՝ ժամանակին իրագործելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:

Կարծում եմ՝ վերջերս իմ կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի» պատշաճ իրագործումը կուժեղացնի այս ոլորտում առկա գործիքակազմը, ինչը խիստ կարեւոր է արդի բարձր տեխնոլոգիաների անընդհատ զարգացման պայմաններում:

Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական եւ հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը: Հայաստանը պետք է արդյունավետորեն պաշտպանի իր ազգային-պետական շահը եւ իր ամեն մի քաղաքացուն: Դա տքնաջան եւ հետեւողական աշխատանք է, որը բնավ չի սահմանափակվում մեր պետության սահմաններով: Անհրաժեշտ է աշխատել ինչպես երկրի ներսում, այնպես էլ եւ, միգուցե, առավել եւս՝ արտերկրում:

Այս բնագավառում ձեր կատարված աշխատանքի ամփոփումը թույլ է տալիս որոշակի գոհունակությամբ խոսել արձանագրված հաջողությունների մասին: Միաժամանակ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, գլխավոր հակառակորդի հետախուզական գործունեության ծավալները եւ անընդհատ զարգացող հեռահաղորդակցության տեխնոլոգիաները մեզ ստիպում են անընդհատ աչալուրջ լինել: Որակական նոր բնույթ ունեցող սպառնալիքները պահանջում են դրանց հակազդման հավասարազոր քայլերի ձեռնարկում:

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ արդյունքները կարող են ավելի լավը լինել, եթե ձեր աշխատանքի ավանդական գործելաոճը համատեղվի ժամանակակից մեթոդների ու միջոցների խելացի գործադրման հետ:

Չափազանց կարեւոր եմ համարում մեր սահմանների պահպանության գործում կատարված աշխատանքը: Ազգային անվտանգության մարմինների ցուցաբերած զգոնության արդյունքում այս ոլորտում տարեցտարի արձանագրվում են դրական արդյունքներ:

Միաժամանակ, վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են: Տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումներով պայմանավորված միգրացիայի ավելացման միտումները թույլ են տալիս կանխատեսել, որ մի պետությունից մյուսն անցնելու համար տարբեր անհատներ եւ կազմակերպություններ փնտրելու են ապօրինի միգրացիոն նոր ուղիներ: Դա առաջացնելու է նաեւ այդ ուժերի անառողջ հետաքրքրությունը մեր երկրի սահմանների եւ տարածքի հանդեպ: Ուստի, այս բնագավառում պետք է ակտիվացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության եւ ոստիկանության հետ, վերացնել հնարավոր այն բացթողումները, որոնց առկայությունը կարող է նպաստել ապօրինի սահմանահատմանը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այստեղ ցանկացած չնչին թերություն կարող է գլխավոր հակառակորդի կողմից օգտագործվել դիվերսիոն-հետախուզական կամ ահաբեկչական խմբերի ներթափանցման նպատակով: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հարկավոր է նաեւ ակտիվորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները:

Ազգային անվտանգության ծառայության գործունեության մեջ հատկապես կարեւոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը: Սահմանադրական կարգի ամրությունը երկրի անկախությունը, պետության եւ ժողովրդի պաշտպանվածությունը երաշխավորող հիմնական նախապայմանն է: Այս արժեքը թիրախավորող ցանկացած քայլ իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար:

Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ եւ զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու եւ լուծելու համար Սահմանադրությամբ եւ օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները եւ մեխանիզմները: 

Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը եւ մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետեւողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են:

Նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Մեր իրավապահները պատրաստ են օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում եւ համարժեք միջոցներով հակազդել սահմանադրական կարգը վտանգող ցանկացած դրսեւորման:

Այստեղ պետք է անդրադառնամ եւս մի կարեւոր հարցի: Ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության եւ ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա: Նման հակադրումը կեղծ է եւ ինձ համար անընդունելի: Անվտանգությունը եւ ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված եւ փոխգործակցող երեւույթներ են:

Համոզված եմ՝ անվտանգության երաշխավորումն ազատության հաշվին կամ ազատության երաշխավորումն անվտանգության հաշվին հավասարապես վնասաբեր է: Տարիներ շարունակ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում հանրային անդորրի եւ համերաշխության ամրապնդմանը: Այդպես ենք , իհարկե, մենք աշխատելու նաեւ ապագայում:

Չեմ կարող շրջանցել անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում գրանցված ձեռքբերումները: Հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում ազգային անվտանգության մարմիններին հաջողվել է այս ասպարեզում կանխել կամ բացահայտել բազմատեսակ դեպքեր՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից մինչեւ համակարգչային վնասաբեր ծրագրերի կիրառմամբ հափշտակություններ:

Ձեր աշխատանքի արդյունքները զգալի են նաեւ հանցավորության դեմ պայքարի այլ ասպարեզներում: Խոսքս առաջին հերթին վերաբերում է ներպետական մակարդակում իրավախախտումների կանխարգելմանը: Ընդգծեմ նաեւ, որ ձեր ծառայության հետ իրավապահ մյուս մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում վերջին շրջանում բացահայտվել են տարաբնույթ հանցագործություններ, կանխվել զենքի եւ զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքեր եւ փորձեր, հայտնաբերվել են քրեական պատասխանատվությունից խուսափող, հետեւապես եւ՝ հասարակության համար վտանգ ներկայացնող մի շարք անձինք: 

Ձեր մասնագիտական գործունեության առաջնահերթ մյուս ոլորտը կոռուպցիայի դեմ պայքարն է: Վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիոն երեւույթների հնչեղ բացահայտումները, վստահ եմ, լավ ազդանշան են եղել՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս ճակատում տարվող աշխատանքն ավելի քան լուրջ հիմքերի վրա է դրված, սակայն ձեռք բերվածով բնավ չենք բավարարվելու:

Ավելորդ չեմ համարում այս կառույցում մեկ անգամ եւս ընդգծել, որ նմանօրինակ քայքայիչ դրսեւորումների դեմ պայքարը լինելու է ավելի սուր եւ ավելի կոշտ: Ուզում եմ տեղյակ լինեք, որ այս ասպարեզում ձեզնից իմ սպասելիքները շարունակելու են մեծ մնալ: Վստահ եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ունի բավարար փորձ եւ հաստատուն կամք այս խնդրի մեջ խորամուխ լինելու համար: Անհրաժեշտ են գործուն քայլեր պետական բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դատաիրավական համակարգում կոռուպցիոն դրսեւորումների պատկերը բացահայտելու համար:

Ամենայն ուշադրությամբ նաեւ անհրաժեշտ է հետեւել միջազգային կառույցների կողմից կատարված հետազոտություններին եւ վարկանիշներին: Կոռուպցիայի վերաբերյալ Հայաստանի ցուցանիշներում նահանջ չպետք է լինի: Անգամ եթե խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, անհրաժեշտ է գտնել եւ բացահայտել այն թերությունները, որոնք հանգեցնում են նման ընկալման:

Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է դրական տեղաշարժ: Մենք դա արել եւ անում ենք ոչ թե միջազգային կառույցների, այլ մեր համար: Դա են մեզնից ակնկալում մեր երկրի քաղաքացիները: Այս պարագայում եւս որեւէ արդարացում չեմ ընդունելու:

Դրական եմ գնահատում ազգային անվտանգության ծառայողների աշխատանքը համապետական միջոցառումների, այդ թվում՝ ընտրությունների անվտանգ անցկացումն ապահովելու գործում:

2018 թվականին Հայաստանում տեղի են ունենալու երեք խոշոր միջոցառումներ, որոնց հաջող անցկացումը պետք է պատվի հարց լինի բոլորիս համար: Խոսքս Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված տոնակատարությունների եւ հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին է:

Այս միջոցառումները նոր ասպարեզներ են բացում եւ հնարավորություններ ստեղծում՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: Մյուս կողմից դրանք առաջացնում են աննախադեպ պարտավորվածություն՝ այդ միջոցառումները պատշաճ եւ ամենակարեւորը՝ անվտանգ անցկացնելու առումով: Վստահ եմ՝ գիտակցում եք, որ այդ պատասխանատվության առյուծի բաժինը ընկնելու է հենց ձեր ուսերին: Իմ հանձնարարությունն է՝ շատ լրջորեն նախապատրաստվել այդ միջոցառումներին:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միշտ աչքի են ընկել իրենց հատուկ խառնվածքով, հայրենիքին անսահման, երբեմն անձնուրաց նվիրումով: Այսօր ներկա մեր վետերանները, կրելով թվարկածս որակները, իրենց օրինակով եւ փոխանցած գիտելիքներով մշտապես ոգեշնչել են ձեզ: Ձեր շարքերում ծառայել եւ ծառայում են եզակի մարդիկ, որոնց գործը հիրավի սխրանք եւ հերոսություն է եղել: Հենց այդ է պատճառը, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանքով է վերաբերվել այս ծառայության գործունեությանը:

Ազգային անվտանգություն ծառայությունում երբեք հեշտ չի եղել: Դուք էլ երբեք հեշտ ճանապարհներ չեք փնտրել: Վստահ եմ՝ արձանագրված ձեռքբերումներով չեք բավարարվելու:

Մեր նպատակն է՝ ստեղծել լավագույն նման ծառայությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ նաեւ ինչու ոչ՝ միջազգային մակարդակում: Այդպես պետք է ավելի ապահով ու ավելի անվտանգ միջավայր հաստատենք, նպաստենք երկրի տնտեսական բարեկեցության բարձրացմանը: Դա նաեւ երաշխավորելու է Հայաստանի կայուն տեղը կայացած ժողովրդավարությունների շարքում:

Այդ ճանապարհին մենք պետք է շարունակենք կատարելագործել ծառայության պրոֆեսիոնալ կարողությունները՝ պարբերաբար բարձրացնելով կադրերի մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման որակը՝ նոր մակարդակի հասցնելով կառույցի նյութատեխնիկական համալրումը: Ծառայության անձնակազմի եւ հատկապես՝ հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցների սոցիալական, ներառյալ՝ կենցաղային պայմանների բարելավման խնդիրները միշտ եղել եւ լինելու են ծառայության ղեկավարության եւ իմ՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում:

Մեկ անգամ եւս, հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ: Ուզում եմ նաեւ հատուկ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին: Վստահ եմ, որ ձեր ծառայության բացառիկ կարեւորության գիտակցմամբ եւ իրենց հոգատարությամբ նրանք մեծապես նպաստում են հանուն Հայաստանի Հանրապետության ձեր ծառայությանը»:

Տպել
2448 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք