Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները ՝ կապված գործող վարչակարգի կողմից ընդդիմադիրների ու այլակարծության նկատմամբ մշտական բռնաճնշումների հետ: Իշխանությունները հերքում են որեւէ տեսակի ճնշումների առկայությունը:
«Ես քվեարկել եմ Ադրբեջանի ապագայի համար: Սա է ընտրության իմաստը: Մարդիկ արտահայտում են իրենց կամքը»,- ասում է Բաքվի բնակիչ Քամրան Աքփերովը:
Ալիեւն առաջին անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում 2003 թվականին իր հայր Հեյդար Ալիեւի մահից երկու ամիս առաջ: Հետագայում երկու հանրաքվեների միջոցով Ալիեւն է՛լ ավելի ամրապնդեց իր իշխանությունը ՝ վերացնելով նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումները եւ նախագահության ժամկետը դարձնելով 7 տարի:
«Քվեարկել եմ կայունության ու ժողովրդավարության օգտին: Կայունությունը կապահովի Ադրբեջանի ապագան»,- նշում է Բաքվի մեկ այլ բնակիչ Նիզամի Ասլանովը:
Չորեքշաբթի օրվա ընտրություններին, որին որպես դիտորդ մասնակցում է ԵԱՀԿ-ն, բացի գործող նախագահ Ալիեւից առաջադրվել է նաեւ 7 այլ թեկնածու: Քննադատները, սակայն կարծում են, որ վերջիններս իրական թեկնածուներ չեն, այլ իշխանության կողմից առաջ քաշված դրածոներ:
Այսօր Ադրբեջանում ընտրողների թիվը հասնում է 5,2 միլիոնի: Նախագահն ընտրվում է ուղիղ քվեարկության միջոցով՝ ձայների մեծամասնությամբ: Մասնակիցների թիվը որեւէ ազդեցություն չունի ընտրությունների կայացման վրա: