Ստեղծել ենք հնարավորություն՝ ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռանալու համար. Փաշինյանի ելույթը

Իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստում ընթանում է վարչապետի ընտրության քննարկման հարցը: ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ինչից հետո ելույթ ունեցավ Փաշինյանը` անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքականության իր պատկերացումներին: Վարչապետի թեկնածուն նշեց, որ ուղիղ մեկ ամիս առաջ Գյումրիից մեկնարկած #Իմ քայլը շարժումը դրամատիկ եւ շրջադարձային կերպով փոխեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Գյումրիից Երեւան 215 կիլոմետրանոց այդ քայլարշավը, որն ի սկզբանե ներառում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի քանի տասնյակ անդամների ու համակիրների, 14 օր հետո հասավ մայրաքաղաք Երեւան, վերածվեց հանրահավաքային գործընթացի, ներգրավեց հարյուր հազարավոր քաղաքացիների՝ դառնալով երրորդ հանրապետության պատմության ամենազանգվածային քաղաքական շարժումը: Հայաստանի Հանրապետության առանց բացառության բոլոր քաղաքներում, գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունում բազմամարդ հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնց հիմնական կարգախոսն էր՝ «Քայլ արա, Մերժիր Սերժին»: Շարժման հիմնական նպատակը 2008թ.-ից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի իշխանավորման երրորդ ժամկետը կանխելն էր, որը կբերի իշխանափոխության:

Նրանք՝ ովքեր լավ գիտեն Հայաստանը, համոզված էին, որ Հայաստանի քաղաքացիները չեն հանդուրժի մեր երկրի էությունը գենետիկ մակարդակում խաթարող այդ գործընթացը եւ 10 տարվա իշխանավարումից հետո Սերժ Սարգսյանը եւ նրա նեղ շրջապատը փորձում են արեւելյան տիպի անձնիշխանություն՝ ընտանեկան իշխանություն ձեւավորել Հայաստանի Հանրապետությունում: Ու չնայած բազմահազարանոց ցույցերին՝ 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի կողմից Հայաստանի վարչապետ ընտրվեց ոստիկանական մի քանի շարքերով, փշալարելով ու զինտեխնիկայով շրջապատված Ազգային ժողովում: Իշխող վերնախավի հույսն այն էր, թե ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելով՝ հնարավոր կլինի նրանց ստիպել համակերպվել այդ փաստի հետ: Բայց Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ է՛լ ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Հանրահավաքները, բողոքի գործողությունները դարձան է՛լ ավելի զանգվածային: Բողոքի հսկայական ալիք բարձրացավ հայկական սփյուռքում, եւ «Քայլ արա՛, մերժիր Սերժին» կարգախոսը դարձավ համահայկական օրակարգ: Այս պայմաններում 2018 թվականի ապրիլի 22-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցան իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները:

Բանակցությունների մեր օրակարգը Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականն էր եւ իշխանության խաղաղ ու անցնցում փոխանցումը ժողովրդին: Բայց Սերժ Սարգսյանը իրավիճակից բխող այդ օրակարգը քննարկելու եւ լուծումների հանգելու փոխարեն ուղիղ եթերում, ըստ էության, սեփական ժողովրդին սպառնաց նոր Մարտի 1-ով եւ լքեց բանակցությունների վայրը: Դրանից ընդամենը մեկ ժամ անց Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համատեղ օպերատիվ խումբը ինձ՝ անձեռնմխելի անձ հանդիսացող Ազգային ժողովի պատգամավորիս, խաղաղ երթի միջից առեւանգելու եւ ձերբակալելու օպերացիա իրականացրեց: Ձերբակալվեցին նաեւ #Իմ քայլը շարժման առաջնորդության ներկայացուցիչներ Ազգային ժողովի պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: Դրանից առաջ մտացածին պատճառներով ձերբակալվել էին շարժման մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Ոչ խելամիտ եւ ապօրինի այս գործողությունները բառիս բուն իմաստով պայթեցրին ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Հայաստանում եւ Սփյուռքում բողոքի ակցիաները ալիքաձեւ ծավալվում էին, ամբողջ հանրապետությունը առանց չափազանցության դուրս էր եկել գործող իշխանության եւ կառավարության վերահսկողությունից եւ 2018 թվականի ապրիլի 23-ին, առերեսվելով ստեղծված իրավիճակին, Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից: Թվում էր, թե ահա եկել է հանգուցալուծումը, իրավիճակի սթափ գնահատականի վրա հիմնվելով՝ իշխող վերնախավը պետք է անհապաղ ճանաչի համաժողովրդական շարժման հաղթանակը եւ անմիջապես ձեռնամուխ լինի իշխանության խաղաղ եւ անցնցում փոխանցման գործընթացին:

Բայց ՀՀԿ վերնախավը Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ սեփական իշխանությունը պահպանելու հնարավորություն էր փնտրում: ՀՀԿ-ն մտադիր էր վարչապետի նոր թեկնածու առաջադրել եւ նրան հանձնել իշխանությունը: Այս դիրքորոշման հիմքում դրված էր այն մտայնությունը, թե քանի որ «ՄերժիրՍերժին» կարգախոսն իրականացված է՝ Հայաստանի եւ Սփյուռքի ժողովուրդը կբավարարվեն այդ իրողությամբ եւ կհանդուրժեն ՀՀԿ-ական նոր վարչապետի գոյությունը: Նման կերպ մտածողները հաշվի չէին առել մի կարեւոր հանգամանք՝ «քայլ արա՛ մերժիր Սերժին» կարգախոսը ուղղված էր ոչ թե մի անձի դեմ. քավ լիցի, մենք որեւէ անձի դեմ չենք պայքարել ու չենք պայքարելու, այլ այդ կարգախոսն ուղղված էր այն համակարգի դեմ, որը Սերժ Սարգսյանը մարմնավորում էր: Եվ ուրեմն, ժողովրդի նպատակը ոչ թե որեւէ անձին որեւէ անձով փոխարինելն է, այլ՝ Հայաստանում հաստատված կոռումպացված, հակաժողովրդական բիրտ համակարգը արմատախիլ անելը: Այս է պատճառը, որը Հայաստանի իշխանությունը առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին փոխանցելու հանրապետականի փորձերը է՛լ ավելի սրեցին ներքաղաքական իրավիճակը: «ՄերժիրՍերժին» կարգախոսին զուգահեռ ժողովուրդը որդեգրեց «ՀՀԿ հեռացի՛ր» կարգախոսը: Հանրապետության նույնիսկ ամենահեռավոր գյուղերը ընդգրկող աննախադեպ ժողովրդական ալիքը ի վերջո ՀՀԿ-ին օգնեց կայացնել կարեւոր որոշում՝ թեկնածու չառաջադրել այսօր՝ 2018 թվականի մայիսի 1-ին կայանալիք Հայաստանի վարչապետի ընտրություններում եւ իրադարձությունները զարգացան այնպես, որ Հայաստանն ու Սփյուռքը ավելի քան տասն օր ալիքող համաժողովրդական շարժումը ինքը վարչապետի թեկնածու առաջադրեց եւ ձեւակերպեց միահամուռ եւ աներկբա ժողովրդական պահանջ՝ այդ թեկնածուին առանց նախապայմանների ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ: Թվում էր, թե գոնե այս իրավիճակում ՀՀԿ-ն սթափ կգնահատի իրավիճակը եւ կառաջնորդվի Հայաստանի

Հանրապետության ազգային եւ պետական շահերով, կլսի ժողովրդի ձայնը, իր նպաստը կբերի համազգային այս աննախադեպ զարթոնքի դե յուրե արձանագրմանը, բայց հանրապետական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակում է մուկն ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ եւ մինչեւ այս պահն էլ չի հայտարարել, թե քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին, չնայած հասկանում են, որ դա է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու միակ ճանապարհը: Ընդ որում, հատուկ ուզում եմ ընդգծել, որ հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով սիրո եւ հանդուրժողականության, ազգային համախմբման եւ համերաշխության մեր գաղափարաբանությունից, մենք մեր քայլերով ստեղծել ենք բոլոր հնարավորությունները՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռացման համար, բայց երկար տարիներ սեփական ժողովրդին շղթաների մեջ պահված այս մարդիկ նման պահվածքը, թերեւս, հակված են ընկալել որպես թուլություն: Երեկ երեկոյից սկսած, ըստ օդում կախված լուրերի՝ Սերժ Սարգսյանն եւ Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որեւէ կերպ չքվեարկել Հայաստանի վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին: Հայտնի տանդեմը, պատկերացնո՞ւմ եք, համաժողովրդական ալիքը կասեցնելու եւ կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումները, կոմպրոմատները: Եվ ես ուզում եմ այս բարձր ամբիոնից շատ հստակ արձանագրել՝ պարոնայք, դուք չեք հասկանում եւ շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը եւ ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի եւ անցանկալի հետեւանքների: Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, որովհետեւ ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով: Եվ այս պահից Ազգային ժողովի ամբիոնից դիմում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու.

Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ, մի մնացեք տանը եւ այս պահին դուրս եկեք փողոց, եթե դա չեք արել դեռեւս եւ ուղղություն վերցրեք դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ, հեղեղեք Երեւանի եւ հանրապետության մյուս քաղաքների փողոցները եւ հրապարակները: Այս պահին դիմում եմ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ սիրելի՛ հայրենակիցներ, ձեր հույսն ու հաղթանակը ցանկանում են գողանալ եւ այս պահին, որտեղ էլ լինեք, դուրս եկեք փողոց եւ ի ցույց դրեք ազատ եւ երջանիկ Հայաստան ունենալու եւ կառուցելու ձեր կամքը, ձեր վճռականությունը: Սա օրհասական պահ է եւ երկար դարերի տառապանքի ու ավերի, ցեղասպանության ու գաղթի միջով անցած մեր ժողովուրդը այսօր չի կարող տանուլ տալ իր փառապանծ հաղթանակը, իր հզոր ապագան: Ես այս պահին դիմում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ եղբայրներ եւ քույրեր, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ ձեր ազատագրման ժամն է: Ձեզնից շատերի հետ մենք անընդհատ եղել ենք քաղաքական բարիկադների տարբեր կողմերում, սուր բանավեճեր, նույնիսկ լեզվակռիվների մեջ ենք եղել, բայց այստեղ եւ հիմա չի լուծվում որեւէ մեկի անձնական հարաբերությունների հարց, այստեղ լուծվում է հազարամյա ցնցումներ ու տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի ու ապագայի հարցը, այստեղ լուծվում է ՀՀ եւ ԼՂՀ հաղթական ապագայի հարցը, եւ հայ ժողովրդի հաղթանակին ձեր նպաստը բերելու համար ձեզնից չի պահանջվում ոչ մի, բացարձակապես ոչ մի զոհողություն, ձեզնից պահանջվում է անել ընդամենը մի գործողություն՝ կողմ քվեարկել ՀՀ ժողովրդական թեկնածուին եւ սրանով ի վերջո քանդել օտարվածության այն պատնեշը, որը, ցավոք սրտի, գոյություն ունի ձեր ու ժողովրդի միջեւ: Հասկացեք ի վերջո, ՀՀ-ում հաստատվել է նոր իշխանություն ու պաշտոնաթող անձանց սպառնալիքները որեւէ նշանակություն չունեն ու չեն կարող ունենալ, արեք ձեր քայլը եւ դրանով ծառայություն մատուցած կլինեք հայրենիքին ու ժողովրդին՝ նրան օգնելով րոպե առաջ դուրս գալ տասնյակ տարիներ շարունակվող ներքաղաքական խորը ճգնաժամից, նրան օգնելով վերջնականապես արմատախիլ անել հուսահատությունը Հայաստանից:

Տիկնայք եւ պարոնայք,

Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ մի քանի կարեւոր հարցերի եւ թյուրիմացությունների. շատերին զարմանալի եւ տարօրինակ է թվում, որ մենք հայտարարում ենք, թե ՀՀ նոր կառավարությունը արտաքին քաղաքական շրջադարձեր չի անելու: Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրության պարագայում Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, շարունակելու է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Այս դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, ոչ թե ինչ-որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ՝ ՀՀ ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից: Մենք ասել ենք, որ այս շարժման արդյունքում իշխանության եկել է ՀՀ ժողովուրդը եւ ժողովուրդը, շարժման ընթացքում բազմաթիվ փոփոխություններ պահանջելով, ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բնագավառում որեւէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում, ու մենք, որպես ժողովրդի հլու ծառաներ, պարտավոր ենք հաշվի առնել այս ուղերձը, հաշվի նստել այս ուղերձի հետ:

Մենք Ռուսաստանին համարել ենք եւ համարում ենք Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ համաժողովրդական այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որեւէ սպառնալիք չի ստեղծում: Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններին, եւ որեւէ կասկած չկա, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ ու էներգիա է տալու մեր անմիջական հարեւանների հետ մեր հարաբերություններին: Մենք խորացնելու ենք հարաբերությունները Եվրամիության հետ եւ Եվրամիության երկրների հետ, մենք ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար, Եվրամիության մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում: Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը եւ ամբողջական կիրառումը բխում է մեր շահերից: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունները նոր խթանի կարիք ունեն, մենք նպատակադրված ենք հստակ եւ գործնական քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար: Մենք խորացնելու ենք հարաբերությունները Չինաստանի հետ եւ արտաքին քաղաքական այս ուղղությունը համարում ենք շատ կարեւոր:

Մենք մեծ կարեւորություն ենք տալիս աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչը անկասկած կկազմակերպվի բարձր մակարդակով: Հայաստանը ամբողջությամբ պատրաստ է ստանձնել միջազգային այս հեղինակավոր կազմակերպության նախագահությունը: Մենք հավատարիմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին, քանզի համոզված ենք՝ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները: Մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի եւ դրա իրացման միջազգային ճանաչումը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավավասարության եւ ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության գործունեության կարեւորագույն ուղղություններից պետք է դառնա:

Տիկնայք եւ պարոնայք,

Համաժողովրդական այս շարժման ներհայաստանյան կյանքին վերաբերվող ամենակարեւոր եւ ուժեղ ուղերձը արդարության եւ ազատության պահանջն է, եւ մեր Կառավարությունը մտադիր է լիարժեքորեն իրագործել այս պահանջը: Անարդարության, կողմնակալության, վախի ու կաշկանդվածության մթնոլորտը մարդկանց ուղեկցում էր ամենուր, ես նկատի ունեմ մինչեւ այս թավշյա հեղափոխության մեկնարկը: Հանրային քաղաքական կյանքում, տնտեսական գործունեության մեջ, կրթություն ստանալիս, զինվորական ու պետական ծառայության ընթացքում, աշխատանք փնտրելիս եւ իրավունքները պաշտպանելիս, ամենուր մարդիկ բախվում էին այդ պրոբլեմի հետ: Այս քայքայիչ մթնոլորտին պետք է վերջ դրվի արագ եւ աներկբայորեն, ՀՀ որեւէ քաղաքացի այլեւս երբեք իրեն չպետք է նսեմացած կամ թույլ զգա չակերատավոր ուժեղ մեջք կամ անհրաժեշտ կապեր չունենալու պատճառով: Հայաստանի Հանրապետությունը, Սահմանադրությունն ու օրինականությունը պիտի դառնան այն ուժեղ մեջքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու: Բոլոր մարդիկ անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ եւ սա առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին: Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ ՀՀ ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի՝ ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա եւ ինչպես է փոփոխվում այդ ունեցվածքի կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ:

Բնականաբար, պաշտոնավարմանը զուգահեռ ապօրինի հարստացումը պետք է իր հետ բերի կոնկրետ հետեւանքների: Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որեւէ մեկի առաջ չի գործի որեւէ բան ներկրելու արգելք: Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որեւէ մեկին ճնշելով, հետապնդելով այլ՝ գոյություն ունեցող արգելքները անառարկելիորեն հանելով եւ վերացնելով, ինչպես նաեւ տնտեսական մրցակցությունը ապահովելով, գերիշխող դիրքից չարաշահումները բացառելով: Տնտեսության հիմքում պետք է լինի գիտելիքն ու նորարարությունը, ոլորտային դիվերսիֆիկացիան լինելու է մեր առաջնահերթությունների ցանկում եւ մեր տնտեսական քաղաքականությամբ հավասար ուշադրություն է դարձվելու տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ ապահովելով հնարավոր արտաքին եւ ներքին ցնցումներից: Սփյուռքի հետ հարաբերությունների հիմքում չպետք է լինի միայն Սփյուռքից ակնկալվող նյութական աջակցությունը, պետք է առավելագույնս ներգրավվեն Սփյուռքի հսկայական մարդկային եւ մասնագիտական ներուժը պետակաշինության գործում:

Տիկնայք եւ պարոնայք.

Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ հատկապես գյուղական համայնքներում, պարզապես տառապում են վարկային աներեւակայելի բեռի տակ, ինչը բազմաթիվ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար: Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով մարդկանց չիմացությունից եւ նրանց նեղ վիճակից, աներեւակայելի վարկային բեռներ են բեռնել քաղաքացիների վրա: Մարդկանց ոչ միայն վարկեր են տրվում աներեւակայելի բարձր տոկոսներով, այլեւ դրանց գումարվում է այսպես կոչված տխրահռչակ վերխերի ինստիտուտը եւ անելանելի վիճակում հայտնված քաղաքացին ստիպված է ստացած վարկի 20, 25 տոկոսը նվիրել վարկ տվող պաշտոնյային կամ կազմակերպությանը, հակառակ դեպքում ոչինչ չի ստանա: Մենք պետք է շուտափույթ լուծենք բոլոր վարկային տույժ տուգանքների այս խնդիրը, եւ սա պետք է անենք այնպես, որ չտուժեն նաեւ բանկերն ու վարկային կազմակերպությունները: Այս գործընթացը պետք է կազմակերպվի մտածված, անցնցում քննարկումների եւ բանակցությունների, փոխադարձ համաձայնության ճանապարհով: Մենք ընդհանրապես պետք է փոխենք քաղաքացու նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Մինչեւ ոչ հեռավոր անցյալը իշխանությունները ՀՀ քաղաքացուն մի գործառույթ էին վերապահվում, քաղաքացին նրա համար էր, որ խախտում անի ու տուգանվի՝ այսպիսով ապահովելով որոշ շրջանակների կայուն եկամուտները: Կործանարար այս փիլիսոփայությանը պետք է անմիջապես վերջ տրվի: ՀՀ քաղաքացու իմաստը ոչ թե տուգանվելն ու պատժվելն է, այլ՝ ապրելն ու ստեղծագործելը, սեփական հայրենիքում ազատ եւ երջանիկ լինելը եւ սրա համար, երբեմն պակասում են ոչ այնքան նյութական արժեքները, որքան համապատասխան մթնոլորտը: Եվ հիմա այս ամբիոնից, որպես ժողովրդի կողից առաջադրված վարչապետի թեկնածու, կարող եմ վստահ եւ աներկբա հայտարարել, որ համաժողովրդական այս շարժումը Հայաստանում եւ Սփյուռքում գեներացրել է մի այնպիսի հսկայածավալ էներգիա, որը հնարավորություն կտա ոչ միայն կանգնեցնել արտագաղթը Հայաստանից, այլեւ ի վերջո սկսել մեր ամենամեծ երազանքի՝ մեծ հայրենադարձության իրականացումը: Այս օրերին Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ: Սա այն վճռական գործոնն է, որը ոչ միայն բարձրացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը, այլեւ պայմաններ է ստեղծելու Ղարաբաղի հարցի հայանպաստ կարգավորման համար:

Ի վերջո, մարդկանց ու ներդրումների հոսքերը նշանակում է ռազմարդյունաբերական համալիրի թռիչքաձեւ զարգացում, մարդկային ռեսուրսի շարունակական ճգնաժամի հաղթահարում, ինչը մի քանի անգամ բարձրացնելու է Հայաստանի ազգային բանակի մարտունակությունը: Այս գործընթացների արդյունքում Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից: Հայաստանում մերժվածներ ու լքվածներ չպետք է լինեն, բայց այս իրավիճակին մենք պետք է հասնենք ոչ այնքան բարեգործական ճանապարհով, որքան մարդկանց ստեղծարար ընդունակություններն ու աշխատասիրությունը խթանելով: Մեր ձեռնարկած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը արդեն իսկ լրջագույն խթան է տվել այս նպատակի իրագործման համար: Մարդիկ Հայաստանում իրենց տեր են զգում այլեւս, իսկ տիրոջ զգացման ամենակարեւոր էֆեկտը գործողություն ձեռնարկելու, թեւերը ծալած չնստելու, սեփական խնդիրները սեփական ձեռքերով լուծելն է:

Տիկնայք եւ պարոնայք,

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ #Իմ քայլը շարժման ամենակարեւոր առաքելությունը քաղաքացու հաղթանակի ապահովումն է, Հայաստանի քաղաքացին պետք է համակվի հաղթողի, հաղթածի զգացողությամբ եւ որեւէ բան չպետք է նսեմացնի այդ զգացողությունը: Իսկ 90-ականների սկզբին ՀՀ քաղաքացուն համակած այդ զգացողությունը հետեւողականորեն ջախջախվել է բոլոր մակարդակի ընտրությունների արդյունքների հետեւողական կեղծման պատճառով: Եվ իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի խնդիրները խորացել են ընտրությունների կեղծման, այսինքն՝ ժողովրդի կամարտահայտումը աղավաղելու արատավոր եւ շարունակական պրակտիկայի ներդրումից հետո: Մեր Կառավարության ամենամեծ առաքելությունը ըստ այդմ՝ համարում եմ ազատ, արդար անառարկելի, թափանցիկ ընտրությունների ինստիտուտի վերականգնումը, ինչի համար պետք է գոյություն ունենա ոչ միայն ուժեղ քաղաքական կամք, այլեւ օրենսդրական հստակ երաշխիքներ: Սրա համար անհրաժեշտ է բացառել կրկնաքվեարկությունների որեւէ հնարավորություն, ինչի երաշխիքը պետք է ստեղծել քվեարկողների մատնահետքերի միասնական բազայի ստեղծման եւ Հայաստանից բացակա անձանց ակտիվ ընտրական ցուցակներից հանելու միջոցով: Պետք է իսպառ բացառվի ընտրակաշառքի բաժանումը եւ առաջիկայում կստեղծվի մասնագիտացված իրավապահ մարմին, որը պրոֆեսիոնալ կերպով կզբաղվի ընտրակաշառքները բացառելու եւ ընտրական այլ հանցագործություններ հետաքննելու կարեւորագույն գործը: Ամեն դեպքում մեզ համար ակնհայտ է, որ ընթացիկ քաղաքական գործընթացը պետք է պսակվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, թե կոնկրետ ինչ մեխանիզմներով պետք է իրականացնել արտահերթ ընտրությունների անցկացումը, առանձին քննարկման թեմա է: Բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս կարճ ժամկետներում անխուսափելի են՝ որպես Հայաստանում ժողովրդի անշրջելի իշխանության հաստատման եզրափակիչ փուլ:

Տիկնա՛յք եւ պարոնայք, սիրելի՛ հայրենակիցներ

այս ելույթում ես չանդրադարձա բազմաթիվ կարեւոր ոլորտների եւ առաջնահերթությունների, որոնք իսկապես չափազանց կարեւոր են, ես դա կանեմ Կառավարության գործունեության առաջիկա քննարկումների ժամանակ: Ուզում եմ ելույթս ավարտել այս պահի ամենակարեւոր արձանագրմամբ՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը վերածնունդ են ապրում, ազգային եւ պետական զարթոնքի մի երազային ժամանակաշրջանում:

Այս զարթոնքն անկասելի է ու անշրջելի: Եվ այսօրվա քննարկումը այն մասին չէ, թե ով ընտրվի ՀՀ վարչապետ, այս քննարկումը այն մասին է, թե ով է կիսում սեփական ժողովրդի ցնծությունը, բերկրանքն ու երջանկությունը եւ ով է, որ իրեն չի կարող երջանիկ եւ լավ զգալ, քանի դեռ չի դժբախտացրել սեփական ժողովրդին: Վիճակը նետված է, ժողովուրդը հաղթանակած է եւ ժողովրդի հաղթանակն ու ցնծությունը պետք է արձանագրվի հենց այսօր տեղի ունենալիք քվեարկության արդյունքներով: Եվ ուրեմն, կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում:

Շնորհակալություն

Տպել
2192 դիտում

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները