«Լույսը» գրանցվել էր Տիգրան Սարգսյանի տան հասցեով եւ այս ելքը կանխատեսելի էր. Ա. Իշխանյան

«Լույս» հիմնադրամի գործունեությունը դադարելու մասին լուրը հանրային բուռն արձագանք գտավ: Շատերը դա համարեցին սաբոտաժ, նաեւ կարծիքներ հնչեցին, որ հիմնադրամն ավելի շատ ծառայում էր փող լվանալու նպատակին: Հիշեցնենք, որ «Լույսը» կրթաթոշակներ է տրամադրում՝ արտասահմանյան հեղինակավոր բուհերում ուսում ստանալու համար:

«Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին եւ ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ»,- երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել էր «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:

Բայց եթե մեջբերված տեքստի առաջին հատվածից կարող է տպավորություն ստեղծվել, որ հնարավոր է դադարեցվելու է միայն աշխատակազմի գործունեությունը, ապա երկրորդ մասը հիմք է տալիս մտածելու, որ խոսքը վերաբերում է առհասարակ հիմնադրամին: Այստեղից սակայն հստակություն չմտցրին եւ չպարզաբանեցին՝ գուցե հիմնադրամը շարունակելու է գործել նո՞ր աշխատակազմով:

«Որեւէ կերպ մեկնաբանել չենք կարող, որովհետեւ հավելյալ ինֆորմացիա ուղղակի այս պահին չենք տիրապետում: Ցանկացած հավելյալ ինֆորմացիա լինելու դեպքում, որը կվերաբերի մեր աշխատանքին, հիմնադրամի գործունեությանը եւ խորհրդի որոշմանը, անպայման շատ սեղմ, կարճ ժամկետներում կհրապարակվի կայքում, պարտադիր կտարածվի լրատվամիջոցների շրջանում: Այս փուլում մենք ունենք այն ինֆորմացիան, որն արդեն իսկ դարձրել ենք հրապարակային»,- ասաց «Լույս» հիմնադրամի բովանդակության պատասխանատու Կարինե Էվոյանը: Ինչ վերաբերում է այս ընթացքում անորոշ մնացած հարցին, թե ով է ծանուցել հիմնադրամի աշխատակազմի գործունեությունը դադարեցվելու մասին, Կարինե Էովյանը պատասխանեց, որ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն, նման որոշում կայացնում է խորհուրդը: «Լույսի» գործադիր խորհրդի կազմում են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը:

Նշված հիմնադրամի ակունքներում կանգնած է ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, որն էլ այդ գաղափարի հեղինակն ու նախաձեռնողն է: Աստիճանաբար, սակայն, նա դուրս էր մղվել հիմնադրամի կյանքից՝ չունենալով որեւէ մասնակցություն: Այսօր էլ Արթուր Իշխանյանն ասաց, որ տեղյակ չէ հիմնադրամի շուրջ տեղի ունեցողի մանրամասներին եւ չգիտի, թե այնտեղ ինչ է կատարվում:

««Լույսը» փորձեց իրագործել նախատեսված գաղափարների շատ փոքր մասը: Ստեղծված, մշակված եւ փորձաքննություն էին անցած հինգ հայեցակարգեր, որոնք ընդգրկում էին ուսումնառության տարբեր շրջաններ՝ ավագ դպրոցի, բակալավրիատի, մագիստրանտների եւ ասպիրանտների, ինչպես նաեւ առանձին հայեցակարգ կար ուսումնառության ավարտին նրանց հանրապետության կյանքում ներգրավելու վերաբերյալ: «Լույսը» չձեռնարկեց այդ հայեցակարգերի իրականացումը եւ միայնումիայն բավարարվեց կրթաթոշակների տրամադրման մասով»,- ասաց Արթուր Իշխանյանը:

Նա նաեւ նկատեց, որ «Լույսը» ի սկզբանե նախատեսված էր որպես պետական ծրագիր. պետբյուջեից հաստատագրված տողով հատկացում էր արվում՝ հիմնադրամի գործունեությունը ապահովելու նպատակով, իսկ բուն կրթաթոշակները եւ նման խնդիրները պիտի լուծվեին մասնավոր ներդրումների միջոցով: Առաջին երկու տարին պետական բյուջեից հիմնադրամին հատկացվել է 50-ական միլիոն դրամ: «Դա հրաշալի աշխատող ձեւաչափ էր, եւ եթե այդ ձեւաչափը հետագայում պահպանվեր, մենք այսօր այսպիսի իրավիճակի առաջ չէինք կանգնի, որովհետեւ հիմնադրամը կշարունակեր գործել որպես պետական ծրագիր, կլիներ պետական հոգածության ներքո եւ կախված չէր լինի անձերից»,- ընդգծեց Արթուր Իշխանյանը: Նա հիշեցրեց, որ արդեն 2008 թվականի ապրիլին հիմնադրամը գրանցվեց այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանի հասցեով եւ հայտարարվեց, որ այն հանդիսանում է մասնավոր նախաձեռնություն:

Երեկ ավելի ուշ հրապարակվեց նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ուղղված «Լույս» հիմնադրամի աշխատակազմին եւ կրթաթոշակառուների համայնքին: Նա հայտնել է, որ մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու հիմնադրամի ապագային միտված ծրագրերն ու դրանց ֆինանսավորման հնարավորությունները:

«2009 թվականին «Լույսը»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչեւ միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաեւ մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։ Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում եւ արարում են Հայաստանում` հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին»,- մասնավորապես ասված է նամակում: Դրանում նաեւ նշվում է. «Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալները օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։ Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը եւ հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության եւ ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը։ Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերը եւ դրանց ֆինանսավորման հնարավորությունները»։ 

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի համարում:

Տպել
9208 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են