Գանձաքար համայնքը գնում է սնանկացման. գույքի վրա արգելանք է դրված (լուսանկարներ)

Տավուշի մարզի Գանձաքար համայնքը հայտնվել է սնանկացման եզրին: Ներկայումս գյուղի անշարժ գույքի վրա արգելանք է դրված, առաջիկայում կալանք կդրվի նաեւ բյուջեի վրա: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Գանձաքարի գյուղապետ Վարդգես Դովլաթբեկյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակի պատճառը նախկին գյուղապետի ու պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագիրն է, որը պատուհաս է դարձել գյուղի համար. «Գյուղում կիսավեր կինոթատրոնի տան շենք ունենք, որը գտնվում էր մշակույթի նախարարության բալանսում: 2014թ.-ի փետրվարի 17-ին համայնքի նախկին ղեկավար Շահեն Շահինյանը պայմանագիր է կնքել պետական գույքի կառավարման վարչության հետ, որ 2014-2016 թվականներին պետք է կատարի 176 մլն դրամի ներդրում, ինչի հիման վրա շենքը 1000 դրամով հատկացվել է համայնքին:

Համայնքի ղեկավարն այն ժամանակ ավագանուն ներկայացրել է միայն, որ շենքը 1000 դրամով տալիս են մեզ, մենք էլ՝ ավագանու անդամներս (Գանձաքարի ներկայիս գյուղապետը այն ժամանակ եղել է համայնքի ավագանու անդամ-խմբ), ստորագրել ենք, գյուղապետը մեզ չէր ասել ու ներկայացրել փաստաթղթերը՝ ներդրումներ անելու պարտավորության վերաբերյալ, այսինքն՝ ավագանու անդամներս տեղյակ չենք եղել: Ինքը միանձնյա գնացել, պայմանագիր է կնքել, ո՛չ աշխատակազմն է իմացել, ո՛չ էլ ավագանին այդ պայմանագրի մասին: Ես էլ եմ որպես ավագանի ստորագրել որոշման տակ, որ 1000 դրամով շենքը ընդամենը տալիս են համայնքին, մենք էլ կողմ ենք եղել»:

Գյուղապետի խոսքով՝ ամիսներ առաջ պետական գույքի կառավարման վարչությունից գրություն է ստացել, որով հայտնել են, որ պարտավոր են 176 մլն դրամի ներդրում անել, եթե ոչ՝ 36 մլն դրամից ավել տույժ-տուգանք են վճարելու. «Հանդիպեցի իրավաբանի հետ, ցույց տվեց կնքված պայմանագիրը, որը փաստացի չի կատարվել մեր կողմից: Իրենք դիմեցին դատարան, մենք դիմեցինք նախկին մարզպետին ու տարածքային նախարարին, որ համայնքը գնում է սնանկացման, խնդրեցինք օգնել: Մարզպետի՝ պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ գրությունը գույքի կառավարման պետական վարչությունը մերժեց: Վարչության պետ Արման Սահակյանը մարզպետին գրությամբ հայտնել է, որ իրենք իրավասու չեն չեղարկել պայմանագիրը»:

Գյուղապետն ասում է, որ չնայած պայմանագրում սուբյեկտը նշված է Գանձաքար համայնք, սակայն որպես գրավ է, որը ոչ կարող են վաճառել, ոչ էլ՝ օտարել. «Պետք է 176 մլն դրամի ներդրում անենք, որ նոր դառնա համայնքինը»:

Գյուղապետն ասում է, որ իրենք հրաժարվում են այդ շենքից, քանի որ համայնքի 79 մլն դրամ բյուջեով անգամ հնարավոր չէ նորոգել. «Մենք խնդրում ենք չեղարկել այդ պայմանագիրը, եթե համայնքի բյուջեն 79 մլն է, ո՞նց պետք ա արվի»:

Համայնքի ղեկավարն ասում է, որ մինչ պայմանագրի մասին իմանալը, իրենք մարզպետարանի հետ համատեղ նախագիծ-նախահաշիվ են կազմած եղել, ըստ որի՝ շենքի նորոգման համար անհրաժեշտ է 98 մլն դրամ գումար: Այս դեպքում, թե ինչու է գույքի կառավարման պետական վարչությունը հաշվարկել 176 մլն դրամ, անհասկանալի ու կասկածելի է. «Թե որտեղից է առաջացել իրենց գրած 176 միլիոնը, կամ ոնց են հաշվարկել՝ մեզ համար մութ է…Փաստորեն, իրենց նշած գումարի կեսով է հնարավոր նորոգել»:

Գյուղի բյուջեի վրա, չնայած դեռեւս արգելանք դրված չէ, փոխարենը, սակայն արգելանք է դրված համայնքի անշարժ գույքի վրա, ինչի արդյունքում որեւէ հողամասի օտարում կամ վաճառք հնարավոր չէ իրականացնել. «Բնակիչն ուզում է հող առնի, չենք կարողանում վաճառել, ամեն ինչ արգելանքի տակ ա, սրան էլ գումարած՝ տույժ-տուգանքներն օր օրի ավելանում են: Հունիսի 6-ին նշանակված է դատական նիստ, հայցվորը՝ գույքի կառավարման պետական վարչությունն է, ով իր 176 մլն դրամ գումարն է ուզում: Եթե չտվինք, պետք ա գան շենք-շինությունները վերցնեն, էնա թող գան մանկապարտեզն ու գյուղապետարանի շենքը վերցնեն գնան»:

Խնդրի մասին գյուղապետը նամակով տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի պատասխանը ստացել է հաշված օրերի ընթացքում: Ասում է՝ վարչապետը հանձնարարել է զբաղվել խնդրով. «Արդարադատության նախարարությունից արդեն փաստաթղթեր են պահանջել մեզանից, հույս ունեմ, որ արդար ձեւով այս հարցը կլուծվի»:

Գյուղապետը դժվարանում է ասել, թե ինչու է համայնքի նախկին ղեկավարը նման քայլի դիմել. «Չեմ կարող ասել, իրեն հարցրեք…ոչ մի կոնկրետ բան չի ասում մեզ, այստեղ ավելի շատ ինքը չի հասկացել ու գիտակցել, թե ինչ պայմանագիր է կնքում ու ինչ հետեւանքներ կբերեր դա»:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
1601 դիտում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում

Իմ սպասումն է, որ ժողովրդի կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)