Լուսանկարում Հայաստանի, Ադրբեջանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչների հանդիպումը Վիեննայում, 16-05-16.

Հունիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Փաշինյանն ու Մնացականյանը հանդիպումների ընթացքում կարեւորել են համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:

Կարեւորվել են նաեւ կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին եւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի գագաթնաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը մինչ օրս շարունակում է համառորեն անտեսել:

Հերթական անգամ կարեւորվել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը։ Հայկական դիվանագիտության հրապարակային բառապաշարում վերջերս հաճախակի կրկնվող «խաղաղությանը նպաստող մթնոլորտ» արտահայտությունը պայմանավորված է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններով եւ կոնկրետ գործողություններով:

2016 թ. ապրիլից հետո Ադրբեջանը նոր թափով շարունակեց հարձակվողական սպառազինություններ ձեռք բերել: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:

«Պոլոնեզ» համակարգերի վերաբերյալ ավելի վաղ՝ ս. թ. փետրվարին, լուրեր էին տարածվել, որ Հայաստանին հաջողվել է չեղարկել այդ զինատեսակի մատակարարումը Բելառուսից Ադրբեջան: Բելառուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը նշել էր, որ ադրբեջանա-բելառուսական ռազմական համագործակցության շրջանակներում միտում կար Ադրբեջանին վաճառել նաեւ «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ները, «սակայն դրան դեմ էր Հայաստանը, որը Բելառուսի գործընկերն է ՀԱՊԿ-ում»: Այդուհանդերձ, Ադրբեջանն այսօր ունի «Պոլոնեզ» համակարգեր:

Վերջերս էլ ադրբեջանական եւ ռուսական մամուլում սկսեցին լուրեր տարածվել, որ Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենաներ: Դրանք օգտագործվել են Սիրիայում եւ դրական գնահատականի արժանացել ռուս մասնագետների կողմից: Ըստ արտադրողի, այդ մեքենաները կոչված են քաղաքի պայմաններում աջակցել տանկային ստորաբաժանումներին, որոնք այդ իրավիճակում բավական խոցելի են:

Բնականաբար, ռազմական տեխնիկան միայն զինանոցում իր առկայության փաստով չի կարող հաղթանակ ապահովել՝ տեխնիկան պետք է օգտագործել իմանալ: Այդուհանդերձ, վերջին շրջանում Ադրբեջանի հարձակողական սպառազինությունների ակտիվ ձեռքբերումները եւ անառողջ ռազմատենչ հայտարարությունները, մեղմ ասած, հակասում են հակամարտության խաղաղ կարգավորման փիլիսոփայությանը՝ Ադրբեջանն ակնհայտորեն նախապատրաստվում է հերթական պատերազմի:

Նման պայմաններում Մինսկի խմբի համանախագահներն անկարող են հակամարտության խաղաղ կարգավորման հարցում որեւէ օգնություն ցուցաբերել կողմերին: Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը կողմերին որեւէ բան պարտադրելու գործիքակազմ չի ենթադրում եւ, ըստ էության, ընդամենը պարտավորում է համանախագահներին կողմերի միջեւ բանակցությունների հարթակ հանդիսանալ: Հանուն արդարության, հարկ է նշել, որ բանակցային գործընթացի սկզբում, Մինսկի խմբի համանախագահները հաջողությամբ կազմակերպում էին այդ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները:

1997 թ. փետրվարի 14-ին վերջնականապես ձեւավորվեց եռանախագահության ինստիտուտը: Նույն տարվանից սկսած համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բազում առաջարկներ ներկայացրեցին կողմերին: Հուլիսին ներկայացվեց «փաթեթային» տարբերակը, դեկտեմբերին՝ «փուլայինը»: Հաջորդ տարի սեղանին դրվեց «ընդհանուր պետության» առաջարկը: Այն ենթադրում էր լայն ինքնավարության տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ Ադրբեջանի կազմում: ԼՂՀ-ն, ըստ էության, միայն քարտեզի վրա էր մնալու Ադրբեջանի կազմում, քանի որ ունենալու էր արտաքին կապեր հաստատելու, սեփական դրամի, կամավորական սկզբունքով Ազգային գվարդիա եւ ոստիկանություն ստեղծելու, սեփական բյուջեն տնօրինելու եւ Ադրբեջանի բանակին եւ ոստիկանության մուտքը ԼՂՀ արգելելու իրավունք: Այդ ամենը, սակայն, տրվելու էր ազատագրված տարածքների դիմաց:

2001 թ. տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի Քիվեսթյան հանդիպումը, որի արդյունքում ձեռք էր բերվել Լեռնային Ղարաբաղը` Լաչինի մի հատվածով Հայաստանի սուվերենության տակ դնելու եւ Ադրբեջանի՝ ՀՀ տարածքով Նախիջեւանի հետ անխափան կապ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածություն: Ընդ որում, տարածքների վերադարձի հարցը քննարկվելու էր միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Ինչեւէ, այդ տարբերակն էլ չընդունվեց պաշտոնական Բաքվի կողմից:

Մինչեւ ապրիլյան պատերազմը քննարկումներն ընթանում էին այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Դրանք եւս ենթադրում էին ազատագրված տարածքների վերադարձ: Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայից հետո կարգավորման վերաբերյալ բանակցությունները գտնվում են կոմայի մեջ: 2016 թ. ապրիլից հետո Ժնեւում, Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում կարեւորվել է 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը։ Այդ հարցերով քննարկումները նույնպես մինչ օրս որեւէ տեսանելի արդյունք չեն տվել:

Մինսկի խումբն, ըստ էության, գտնվում է ցայտնոտի մեջ և իներցիոն սկզբունքով շարունակում հանդիպումներ ունենալ կողմերի ներկայացուցիչների հետ՝ ադրբեջանական սպառազինությունների աճի ֆոնին: Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ չափազանց բարդ խնդիր է դրված: Եթե նախկինում նրանք պետք է բանակցող կողմերի համար հարթակ հանդիսանային, ներկայացնեին առաջարկներ, օգնեին երկու կողմերին գտնել փոխադարձ ընդունելի տարբերակ, ապա այժմ, երբ բանակցություններ չկան, նրանք կոչված են կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն իրատեսական չէ փոխվստահության բացակայության պայմաններում:

Փոխվստահության մթնոլորտն էլ անհնար է կառուցել Ադրբեջանի շարունակական եւ ակտիվ վերազինման պայմաններում: Քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի որեւէ բան պարտադրելու մանդատ՝ ադրբեջանական հերթական ագրեսիան զսպող միակ գործոնը միջազգային կառույցների հետ նախօրոք հստակեցնելուց հետո հայկական կողմի համարժեք (կամ անհամարժեք) պատասխանը կարող է լինել: Ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ, երբ փխրուն կայունությունը պահելու եւ խաղաղության շուրջ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ է զինվել եւ պարտադրել խաղաղություն:

Տպել
8538 դիտում

Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել պարետատուն

Աշոտ Փաշինյանն արդեն տանն է. վարչապետը լուսանկար է հրապարակել

Դատարանը մերժեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Թեժ գծի զանգերի նվազումը եւ ստուգայցերի արդյունքները վկայում են՝ խախտումները կտրուկ նվազել են․ ԱԱՏՄ

Դերասանն այլեւս չի միանա ռեստորաններում աշխատողների բողոքին. նախորդ անգամ նրան չեն լսել, բերման են ենթարկել, հարցը փակել

Աբրահամ Մանուկյանն ազատ կարձակվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվեց

Հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. ճանապարհը միակողմանի փակ է

Եթե իմ ստորագրմանն է գալիս օրենք, որը որևէ սահմանադրական խնդիր չունի, ո՞րն է իմ ընտրությունը. նախագահ

ՍԱՏՄ լայնածավալ ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ առաջին անգամ իրականացվել է բարեվարքության ստուգման գործընթաց

Օգոստոսին կմեկնարկի կենդանական աշխարհի հաշվառման գործընթացը

1 խաղում մրցավարական որոշումների արդյունքում չի կարող լուծվել առաջնության չեմպիոնի հարցը. ՀՖՖ նախագահը՝ «Շիրակին»

Անհամբեր սպասում ենք Աշոտին. Աննա Հակոբյանը լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել

Երեւանում ընդամենը 60 կմ/ժ արագություն սահմանելով՝ մեծ ողբերգության առաջ չենք կանգնի. Ղահրամանյան

Քննության արդյունքները ԳԹԿ-ն չի կարողանում ուղարկել դիմորդներին․ դրանք հրապարակվելու են քննական կենտրոններում

Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Դռնփակ դատական նիստի հետ կապված հարցեր եք ինձ ուղղում». դատավորը չխոսեց Ծառուկյանի գործով որոշումից

Լուսանկարում Աշոտ Փաշինյանը չէ. Հասմիկ Հարությունյանը՝ տարածվող լուսանկարի մասին

24 ժամով կասեցվեց Գյումրու միկրոյի շուկայի գործունեությունը (լուսանկարներ)