Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու հիմնավորումները

Ազգային ժողովում այսօր հրավիրված արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է երկու միջնորդագիր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան կալանավորելու համաձայնոթյուն տալու վերաբերյալ:

Գլխավոր դատախազի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

- Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր քննությանն է ներկայացվում միջնորդագիրը Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի կողմից նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ «Քրեական օրենսգրքի» 235-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտագության ծառայության քննչական վարչությունում 2018 թվականի հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ:

«Քրեական դատավարության օրենսգրքի» 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով 2018 թվականի հունիսի 17-ին քրեական գործի նախաքննությունը իմ կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, միեւնույն ժամանակ, հաշվի առնելով նշված քրեական գործի բարդությունը, մեծածավալ անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգով հատուկ քննչական ծառայության եւ Ազգային անվտանգության քննչական ծառայության ղեկավարներին իմ կողմից հանձնարարություն է տրվել խմբով իրականցնել քրեական գործի հետագա նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մանվել Գիգորյանը, ապօրինի կերպով ձեռք բերելով մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող կամ փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում, ապա, քննության տվյալների համաձայն, սկսած 2018 թվականի մայիսի 5-ից ընտանիքի անդամների, ինչպես նաեւ այլ անձանց մասնակցությամբ սկսել է տեղափոխել, փոխադրել հրազեն հանդիսացող առարկաները տարբեր վայրեր՝ բառացիորեն մեջբերումը՝ մաքրելու նպատակով:

Այդուհանդերձ, 16.06.2018 թվականին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով հայտնաբեվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ հրազեն եւ ռազմամթերք, քրեական գործի նախաքննության ընթացքում Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են վեց խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել է 26 նռնակ, 19 հակատանկային ականանետ, տրոտիլային 12 պայթաղյուս, ավելի քան 17 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ հրազեն ու ռազմամթերք:

Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Արշալույս գյուղի Լճափնյա փողոց հանգստյան տուն 28 հասցեում գտնվող առանձնատանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է F-1 տեսակի 20 նռնակ, 18 ПГ-7 տեսակի հակատանկային ականանետ, 13 ПГ-7 տեսակի հակատանկային ականանետերի պայթուցիչ, մեկ РПГ-7В տեսակի հակատանկային ականանետ, գնդացրի երկու փող, յոթ 62 մմ տրամաչափի 8 հազար 360 փամփուշտ, ПК տեսակի ինքնաձիգի 3 հազար 128 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 6 հազար 690 փամփուշտ:

Մանվել Գրիգորյանին պատկանող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի վարչական շենք 30 հասցեում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 4 F-1 եւ երկու Г-1 տեսակի նռնակներ, 400 գրամանոց տրոտիլային 12 զանգված, 5.25 մմ տրամաչափի 14 փամփուշտ, 7.62 տրամաչափի 1 590 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 258 փամփուշտ, 12 տրամաչափի 10 փամփուշտ, 1 543 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ, 27 հատ КД պայթուցիչ, 8 հատ КД-Е էլեկտրական պայթուցիչ, 6 հատ նռնակի ճայթիչ:

Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոց 46 հասցեում գտնվող, Մանվել Գրիգորյանին պատկանող տան խուզարկությամբ հայտնաբերվել են 79 հրացան: Նշված տան խուզարկությամբ հայտաբերվել է նաեւ 71 միլիոն 760 հազար ՀՀ դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար, 67 հազար 350 եվրո, 246 հազար 500 ուկրաինական արժույթ: Բացի այդ Արմավիրի մարզի Արշալույս 19 փողոց 6 եւ էջմիածին քաղաքի Մաշտոցի 110 հասցեում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ Rolls Royce, Toyota Land Cruiser, Mercedes, Hummer, Range Rover Super Charge, ինչպես նաեւ խորհրդային արտադրության, նաեւ կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի վարչական շենք 30 հասցեում կատարված խուզարկությամբ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում սպասարկող անձանց համար նախատեսված աշխատասենյակում հայտնաբերվել են Երեւանի թիվ 50, թիվ 197, թիվ 164, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Էջմիածնի թիվ 4 դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված 2 հազար 067 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի պահածո, 44 հատ բանջարեղենի պահածո, 33 հատ ձեթ, 9 պարկ եւ 60 տուփ մակարոն, 14 տուփ թեյ, 140 հատ հիգիենայի պարագաներ եւ բժշկական տարբեր պարագաներ, դեղորայք` ընդհանուր 12 փաթեթ, զինվորական նախշերով պայուսակներ, 3 ստվարաթղթե տուփ ներքնաշոր:

Նշված պահածոների, խտացրած կաթի տուփերի միջից հայտնաբերվել են աշակերտների՝ թվով երեք ձեռագիր գրառումներ՝ «Իմ քաջ զինվոր» վերտառությամբ, որոնց բովանդակությունը վկայում է այն մասին, որ երրորդ դասարանի աշակերտները իրենց զորակցությունն են հայտնում ապրիլյան պատերազմին սահմանին կանգնած զինվորին:

Հարկ եմ համարում ընթերցել դրանիցից մեկը. Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի երրորդ «ա» դասարանի աշակերտինն է. «Սիրելի զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե: Ես հավատում եմ քո արիությանն ու տոկոնությանը: Եվս մի քանի տարի եւ ես կկանգնեմ քո տեղը եւ կշարունակեմ քո գործը, ես հավատում եմ քեզ, որ դու ամուր կպահես իմ երկրի սահմանները, որ պատվով կկատարես հայրենիքիդ ու հողիդ առաջ պարտքը: Հավատում եմ քեզ, զինվո՛ր, աղոթում եմ մեր հայրենիքի ու քեզ համար»:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ վերը նշված քննչական գործողությունների ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատությունից խուսափելու նպատակով, կապ հաստատելով խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է փոխանցել Արմեն Հակոբյանին, որ նա ներկայանա խուզարկության վայր եւ, բառացի մեջբերմամբ, ամեն ինչ իր վրա վերցնի: Բնականաբար, Գրիգորյանի հրահանգը կատարվել է, շուրջ 30 րոպե անց խուզարկության վայր է ներկայացել Արմեն Հակոբյանը եւ հայտնել, որ պահվող ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն:

16.06.2018 թվականին Գրիգորյանը Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է, ապահովվել են նրա բոլոր դատավարական իրավունքները: Վերջինիս պաշտպանի կողմից ձերբակալումը բողոքարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որի 17.06.2018 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է եւ Գրիգորյանի ձերբակալումը ճանաչվել է իրավաչափ:

Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը սահմանված կարգով անհրաժեշտ սնունդ, ինչպես նաեւ զինվորական հանդերձանք է տարմադրել «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը ինչպես իր կանոնադրական նպատակաների իրականացման նպատակով, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորականների կարիքները հոգալու համար:

Բացի այդ, 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ, օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար դարձյալ ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գրիգորյանը, իր ղեկավարած կառուցին վերը նշված նպատակներով հատկացված գույքը հափշտակել է, տեղափոխել այն իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների համար, այդ թվում իրեն պատկանող կենդանիենրին կերակրելու համար:

Բացի նշվածից, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին պատկանող տարածքում ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք պահելու դեպքի առթիվ «Քրեական օրենսգրքի» 235-րդ հոդվածի 1-ին մասով ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018 թվականի հունիսի 16-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից խուզարկություն է կատարվել նշված ընկերությանը պատկանող Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 19 հասցեում գտնվող շինությունում, որի ընթացքում ատրճանակից եւ դանակից զատ հայտնաբերվել է 36 միլիոն 884 հազար 370 դրամ, երեխաների կողմից զինվորներին ուղղված 8 նամակ, 27 հատ զինվորական կարճաթեւ շապիկ, ինչպես նաեւ զինվորական գուլպաներ, զինվորական ձեռնոցներ, սափրվելու ածելի, զինվորական երկարաճիտ կոշիկներ, հանդերձանքի այլ պարագաներ, 215 ստվարաթղթե արկղ մսի պահածո, 74 արկղ ձկան պահածո, 42 արկղ մակարոն, 2 պարկ աղ, 19 պարկ շաքարավազ եւ այլն: Նշված արկղերի եւ պարկերի վրա առկա են «Զինվորի համար», «Վաճառքի ենթակա չէ» գրառումները: Քրեական գործի նախաքննության ընթաքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ նշված ընկերության տնօրեն է հանդիսանում Մանվել Գրիգորյանի որդին՝ Արա Գրիգորյանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով 2018 թվականի հունիսի 17-ին նշված քրեական գործի նախաքննությունը եւս իմ կողմից հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը, որից հետո այն միացվել է արդեն իսկ ներկայացված քրեական գործին:

Հաշվի առնելով, որ հետաքննության մարմնի եւ քննիչի լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ ղեկավար անձանց, այդ թվում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպության կարիքների համար պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առանձին քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային եւ այլ ապրանքների յուրացման հատկանիշներ, ՀՔԾ քննիչի կողմից 2018 թվաանի հունիսի 17-ին որոշում է կայացվել յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ հարուցելու մասին: Նույնը օրը նշված քրեական գործը եւս միացվել է Գրիգորյանի եւ մյուսների կողմից ապօրինի կերպով հրազենի եւ ռազմամթերքի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը նախաքննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել եւ իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ղազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 եւ 30 հասցեներում գտնվող իրեն պատկանող առանձնատներում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող ընդհանուր թվով 17 հազար 606 տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ ТН տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 УСР РГМ-2 տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40 մմ տրամաչափի РПГ-7В տեսակի նռնականետ, որոնք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018 թվականի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:

Այսպիսով, Մանվել Սեկտորի Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով պահել է ռազմամթերք, այսինքն՝ կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն:

Բացի այդ, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ ԿՀ նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, քաղաքացիներից եւ կազմակերպություներից ստանալով հավաքագրված եւ իր որպես ԵԿՄ նախագահի վստահությանը հանձնված եւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած անձանց կարիքները հոգալու համար նախատեսված առանձնապես խոշոր չափերի արժեքով պարենային, տնտեսական ապրանքներ եւ հանդերձանք, որը ըստ նշանակության հասցեատերերին տալու փոխարեն քննությամբ դեռեւս չպարզված անձանց հետ հանցակցությամբ յուրացրել է:

Մասնավորապես դրանք պահեստավորելով Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ եւ 30-րդ հասցեներում գտնվող իրեն պատկանող շինություններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում առեւտրային գործունեություն ծավալող իր հետ փոխկապակցված «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ տարածքում ապրանքներն օգտագործել է իր հայեցողությամբ, անձնական կարիքների համար, այդ թվում սննդամթերքը ծառայեցրել է որպես կեր նշված տարածքներում պահվող վայրի կենդանիների կերակրման համար: Ընդ որում, խուզարկությամբ հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի եւ խտացրած կաթի արժեքը նախնական ստուգմամբ կազմում է շուրջ 7 միլիոն ՀՀ դրամ:

Այսպիսով՝ Մանվել Սեկտորի Գրիգորյանը ստացել եւ այլ անձանց հետ հանցակցությամբ յուրացման եղանակով հափշտակել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք, այսինքն՝ կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն:

Վերը նկարագրված փաստական հանգամանքները պարզվել եւ հիմնավորվել են հետեւյալ ապացույցներով.

-Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 եւ 30, էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոց 46 հասցեներում գտվող Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատներում խուզարկություն կատարելու մասին արձանագրություններով,

-հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ստացված նյութերը զննելու մասին արձանագրություններով, որոնց համաձայն սկսած 05.06.2018 թվականից, Մանվել Գրիգորյանը, վերջինիս ընտանիքի անդամները, ինչպես նաեւ այլ անձինք, ակտիվ գործողություններ են իրականացրել Գրիգորյանի բնակարանում, այլ վայրերում գտնող զենքերը տեղափոխելու, փոխադրելու, թաքցնելու ուղղությամբ,

-վկաների, Գրիգորյանին պատկանող առանձնատների աշխատակիցների ցուցմունքներով այն մասին, որ խուզարկված տները նաեւ փաստացի պատկանել են Մանվել Գրիգորյանին, վերջինս հաճախակի գտնվել է նշված առանձնատներում, դրանց սպասարկումն իրականացրած անձինք գործել են նրա հրահանգներով, հայտնաբերված պահածոյացված սննդամթերքն օգտագործվել է Մանվել Գրիգորյանի կենդանիներին կերակրելու նպատակով,

-Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 եւ 30 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների զննությամբ արձանագրությամբ, որի համաձայն նշված հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է Մանվել Գրիգորյանի սեփականության իրավունքը,

- Էջմիածին քաղաքի Մատոցի փողոցի 19 հասցեում գտնվող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ պատկանող շինությունում խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ,

-վկաների, զինվորներին պարենային օգնության պարագաներ, ապրանքներ տրամադրած անձանց ցուցմունքներով այն մասին, որ զինվորների համար նախատեսված սննդամթերքը ՀՀ տարածքում գործող դպրոցների եւ այլ կազմակերպությունների կողմից տրամադրվել են նաեւ ԵԿՄ ՀԿ տարածքային ստորաբաժանումներին,

- ՀՀ ՊՆ-ից ստացված եւ ապացույց ճանաչված գրությամբ, համաձայն որի ԵԿՄ ՀԿ-ին միայն 2016 տրամադրվել է ավելի քան 190 միլիոն դրամի պարենային, իրային եւ վառելքիաքսուքային միջոցներ, ընդ որում տրամադրված ապրանքների ցանկում առկա են նաեւ այնպիսիք, որոնք համընկնում են խուզարկության արդյունքում հայտնաբերվածների հետ,

-ինչպես նաեւ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությամբ, որի համաձայն մանրամասն նկարագրված համապատասխան առարկաները համարվում են հրազեն եւ ռազմամթերք:

Այսպիսով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին սույն գործով ներգավելու որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, եւ իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ղազարյանի, Ամեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գոյւղի Լճափնյա փողոցի 28 եւ 30, Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոց 46 հասցեներում գտնվող իրեն պատկանող առանձնատներում պահելու համար Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով միջնորդում եմ համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգավելուն եւ մեղադրանք առաջադրելուն:

Գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը, որը վերաբերում է Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալուն՝ ստորեւ.

-Ըստ էության քրեական գործի դատավարական նախապատվությունը եւ ձեռք բերված ապացույցների մասը քանի որ արդեն մանրամասն ներկայացվեց, ես կշրջանցեմ, եւ այս անգամ կփորձեմ ԱԺ դատին ներկայացնել այն հիմքերն ու հիմնավորումները, որոնք վկայում են, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ անհրաժեշտություն կա ընտրելու խափանման միջոց կալանավորումը: Մասնավորապես ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք, ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով.

Անձին իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձեռնմխելիության իրավունք, ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով, այդ թվում անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին նեկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է խափանման միջոցի կիրառման հիմքերը:

Կալանավորման պայմաններից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առնչությամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձեւավորել է ի թիվս այլնի դիրքորոշումներ այն մասին, որ հանցանքը կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածը ենթադրում է այնպիսի փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որը բավարար կլինի անաչառ դիտորդին համոզելու, որ տվյալ անձը հանցաք է կատարել, հետեւաբար իշխանությունների կողմից միջնորդության հիմնավորվածությունն ապահովելու նպատակով գործի հիմնական հանգամանքների վերաբերյալ ընդհանուր քննություն չկատարելը կհանգեցնի կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի ենթակետի խախտման:

Ինչ վերաբերում է «հիմնավոր» հասկացության բովանդակության բացահայտմանը, ապա դա կախված է գործի բոլոր հանգամանքներից: Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչեւ դատավճիռ կալանքի տակ պահելու ընդունելի չորս հիմնական հիմքեր՝ 1) մեղադրյալի դատաքննությանը չներկայանալու վտանգը, 2) վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը, 3) կկատարի նոր հանցանքներ 4) կկատարի հասարակական անկարգություններ:

Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ըստ էութjան նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Սույն գործի փաստական հանգամանքները դիտարկելով մեջբերված իրավական դիրքորոշումների համատեքստում, անհրաժեշտ է արձանագրել, որ քրեական գործով ձեռք բերված վերը վկայակոչված ապացույցները վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած Մանվել Գրիգորյանի կողմից հանցանք կատարելու վերաբերյալ: Այդ ապացույցներն անկողմնակալ դիտորդին ողջամտորեն հիմք են տալիս ենթադրեու, որ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահել է ռազմամթերք:

Գործով ձեռք բերված փաստական տվյալնեըը ուղղակիորեն հաստատելով Մանվել Գրիգորյանի անմիջական մասնակցությունն այդ գործողություններին, վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի որպես կալանավորման պայմանի առկայության մասին:

Անդադառնալով կալանավորման հիմքերին՝ անհրաժեշտ է փաստել, որ Մանվել Գրիգորյանին վերագրվում են հասարակական անվտանգության, ինչպես նաեւ սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություններ, որոնց համար պատիժը նախատեսված է մի դեպքում 2-6, մյուս դեպքում 5-8 տարի ժամկետով ազատազրկում:

Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հանցագործության բնույթը, այն է՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը բազմաթիվ անձանց ներգրավվածությունը, շրջանառվող ռազմամթերքի քանակը, ինչպես նաեւ բանակի, զինվորների համար նախատեսված ինչպես պետական միջոցներով այնպես էլ քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից որպես օգնություն տրամադրված գույքի հափշտակությունը, որին առեւերույթ կարող են ներգրավված լինել բազմաթիվ անձինք, վկայում են նրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին: Մանվել Գրիգորյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով առանձնակի դեր ու նշանակություն ունի այն հանգամանքը, որ նա արդեն իսկ ձեռնարկել է միջոցներ դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելով նախաքննությանը խոչընդոտելու ուղղությամբ:

Մասնավոապես ինչպես արդեն նշել էի, հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում պարզվել է, որ խուզարկության կատարման ընթաքցում 2018 թվականի հունիսի 16-ին ժամը 10:03-ին Մանվել Գրիգորյանը մեկ այլ անձի հեռախոսով կապ է հաստատել քննչական գործողությանը ներկա գտնվող որդու հետ, գործի քննությանը խոչընդոտելու, քրեական պատասխանատվոթյունից խուսափելու նպատակով հանձնարարել է, որ իր նշած անձը՝ Արմեն Հակոբյանը, ստանձնի ողջ պատասխանատվությունը, հայտարարի, որ ամբողջ հայտնաբերվածը ապրիլյան պատերազմից հետո բերել եւ պահել է այդտեղ: Ընդ որում, Մանվել Գրիգորյանի գործողությունների հետեւանքով Հակոբյանն ինչպես խուզարկության, այնպես էլ հարցաքննության ընթացքում փաստացի կատարել է հիշատակված հրահանգը: Վերոնշյալ հանգամանքները էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում Մանվել Գրիգորյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու, դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու եւ կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, քրեական օրենքով չթույլատրված նոր, այդ թվում՝ հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության հետ կապված արարք կատարելու հավանականությունը:

Նախկինում զբաղեցրած պաշտոնները, ծավալած հասարակական գործունեության բնույթը, ԱԺ պատգամավորի կարգավիճակով պայմանավորված որոշակի հասարակական դիրքը, հանցագործության կատարմանն այլ անձանց առերեւույթ մասնակցությունը, վերջիններիս նկատմամբ Մանվել Գրիգորյանի ազդեցությունը եւս հիմք են հանդիսանում ազատության մեջ մնալու դեպքում վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ողջամիտ կանխատեսման համար:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդածով, ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով միջնորդում եմ համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանին ազատությունից զրկելուն, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Տպել
5402 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր