Որոշ դպրոցներ չունեն կրթություն տրամադրելու իրավունք. ԿԳՆ-ն շրջաբերական է ուղարկել

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառումից պարզ դարձավ, որ որոշ ուսումնական հաստատություններում կրթական գործունեություն է իրականացվում՝ առանց այդ իրավունքն ունենալու: Գերատեսչությունից մանրամասնում են, որ նման դպրոցները հիմնականում գտնվում են մարզերում, իսկ Երեւանում դրանք հատուկենտ կարող են լինել:

«Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր` կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք: Առայժմ այսքանը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նախարար Հարությունյանը:

Կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Այսինք՝ դպրոցներն այդպիսի ծրագրեր իրականացնելու համար պետք է ունենան համապատասխան լիցենզիա, ընդ որում՝ առկա յուրաքանչյուր ծրագրի համար: Այսինքն՝ թե տարրական, թե հիմնական եւ թե միջնակարգ կրթություն տրամադրելու համար անհրաժեշտ է ստանալ առանձին լիցենզիա:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում լիցենզիայի խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ 2010 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ դրանք վերակազմակերպվել են՝ դառնալով հիմնական եւ ավագ դպրոցներ: Որոշներն էլ դեռեւս շարունակում են գործել որպես միջնակարգ դպրոց:   

«Վերակազմավորման հետեւանքով պետք է դիմեին, որպեսզի, եթե լիցենզիա ունեն, դրանում համապատասխան փոփոխություններ կատարվեին, եթե չունեն, նոր լիցենզիա տրամադրեինք: Ժամանակի ընթացքում մենք շրջաբերականներ ենք ուղարկել մարզպետներին եւ քաղաքապետերին, բայց ներկա պահին կան դպրոցներ, նախակրթարաններ, որոնք դեռ չեն լիցենզավորվել»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը:

Հիմնական խնդիրն, ըստ նրա, կապված է դպրոցների սեփականության վկայականի հետ: Կան հաստատություններ, որոնք լիցենզավորման համար հայտ են ներկայացրել գործակալություն, բայց փաստաթղթերը թերի են համարվել ու մերժում է եղել հենց այդ վկայականի պատճառով:

«Լիցենզիայի պայման-պահանջների մեջ մտնում է նաեւ անշարժ գույքի՝ շենքի գրանցման իրավունքի վկայական ունենալը: Կան դպրոցներ, որոնց վկայականում նախկին անվանումներն են գրված եղել: Պետք է այդ վկայականը փոխվի տվյալ հաստատության նոր անունով, քանի որ իրավաբանական անձի անվան փոփոխություն է եղել: Այդ վկայականում շատ դեպքում գրված է մարզի, համայնքի անունը, գրված է Հայաստանի Հանրապետություն, բայց այն պետք է տրված լինի տվյալ կազմակերպությանը, որովհետեւ լիցենզիան մենք տալիս ենք կազմակերպությանը: Օրենքի պահանջ է դա»,- շարունակեց Մովսես Մովսիսյանը:

Դաշտը կարգավորելու նպատակով ԿԳ նախարարը հանձնարարել է նրան շրջաբերական ուղարկել բոլոր մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որ իրենց ենթակայությամբ գործող հաստատություններին առնչվող տեղեկությունները ճշգրտվեն եւ նախարարություն ներկայացնեն լիցենզիա չունեցող հաստատությունների ցանկը:

Բայց փաստորեն խնդիրն առկա է արդեն 8 տարի, եւ ամեն անգամ շրջաբերականներ են ուղարկվում: Լիցենզավորման գործակալության պետի խոսքով, այդ շրջաբերականներից հետո իրավիճակն աստիճանաբար կարգավորվում է: Թե վերջին տվյալներով քանի դպրոց է գործում առանց լիցենզիա ունենալու եւ որոնք են այդ դպրոցները, գործակալության պետը դժվարացավ ասել, քանի դեռ չկա համայնքներից ստացված համապատասխան տեղեկատվությունը:

Ամեն դեպքում ուսումնական հաստատություններն իրավունք չունեն գործունեություն ծավալել առանց լիցենզիայի: «Օրենքն ասում է՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով կարող են զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում: Տվյալ կազմակերպությունը պետք է լիցենզիա ունենա, որ իրավունք ստանա գործունեություն ծավալել: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝ նախադպրոցական կրթական ծրագիր, տարրական հանրակրթական ծրագիր, հիմնական հանրակրթական ծրագիր, միջնակարգ հանրակրթական ծրագիր: Օրենքն ասում է՝ այն կազմակերպությունները, որոնք լիցենզավորման ենթակա գործունեությամբ են զբաղվում, բայց չունեն լիցենզիա, համարվում է ոչ լիցենզավորված եւ իրավունք չունեն ընդունելություն կազմակերպել, իրավունք չունեն գործունեություն ծավալել»,- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին հղում արեց գործակալության պետը: Նաեւ ավելացրեց, որ իր ղեկավարած կառույցի իրավասությունների մեջ չի մտնում հետեւել՝ գործող ուսումնական հաստատությունները լիցենզիա ունեն, թե չէ:

Լիցենզիա տրամադրելիս հաշվի են առնվում մանկավարժական կազմը, ուսումնական տարածքը, ուսումնամեթոդական ապահովվածությունը, գրադարանի, համակարգչային լսարանի առկայությունը, լաբորատորիաների հագեցվածությունը եւ այլն: Ի դեպ, Մովսես Մովսիսյանը նշեց, որ կան նաեւ դպրոցներ, որտեղ աշակերտների քանակը թույլատրելիից շատ ավելի մեծ է: Այդ տվյալները նույնպես ամփոփման փուլում են:  

Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի դիտարկմանը, թե արտոնագիր-լիցենզիայի առկայության հարցում չհամոզվելու դեպքում ծնողները կարող են փաստի առաջ կանգնել, մեզ չհաջողվեց պարզել, թե հատկապես ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Խոսքը թերեւս վերաբերում է կրթության ոչ բավարար որակին: Կրթություն տրաադրելու իրավունք չունեցող դպրոցների ավարտական փաստաթղթերը չճանաչվելու հարց կարծես առայժմ առաջ չի եկել:  

Տպել
3377 դիտում

Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է. Times

106 մարտական հաշվարկ և 5 օպերատիվ խումբ պայքարել են խոտածածկ տարածքներում բռնկված 99 հրդեհի դեմ

Արեւելյան բազար. կյանքը զաբոռից այս կողմ

Թացը չորից ջոկելու «հարցարվեստը». սոցհարցումների սեզոնը բացվեց

Թիավարության աշխարհի առաջնություն. հայ թիավարողները կիսաեզրափակչում են

Ամփոփում. երբ մարդը դառնում է 286 տարեկան

Մեր ժողովուրդը քիչ չի աշխատում, բայց աղքատ է, ինչո՞ւ, որովհետեւ անարդյունավետ է աշխատում. տնտեսագետ

Տավուշում տեղի ունեցած վթարից տուժած 11 զինծառայողները որևէ լուրջ վնասվածք չեն ստացել. Ա. Հովհաննիսյան

ԱՆ նախկին պաշտոնյաների ապօրինությունների հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս (տեսանյութ)

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Բախվել են Mersedes-ն ու Opel-ը. Կան վիրավորներ (լուսանկարներ)

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում