Պոլիկլինիկայի բժիշկները շոյվել են աշխատավարձի սպասվող բարձրացումից, բայց ոգեւորված չեն

Օգոստոսի մեկից բարձրանալու է առողջության պահպանման առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը: Նրանց թիվը շուրջ 10 հազար է: Տեղեկությունը երեկ հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ սոցցանցի ուղիղ եթերում: Նա ասել է, որ դա հնարավոր է դարձել՝ բյուջետային միջոցների տնտեսումների հաշվին: Խոսքը 700 միլիոն դրամի մասին է: Թորոսյանը չի բացառել, որ մոտ ապագայում այդ բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելու եւս մեկ հնարավորություն կարող է ստեղծվել:

«Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բարձրացնելու ենք պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների բժիշկների եւ միջին բուժանձնակազմի աշխատավարձը՝ մոտ 15%-ով: Կարողացել ենք 700 միլիոն դրամի տնտեսումը ուղղել հենց բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը»,- ասել է նախարարը:

«Ես կարծում եմ՝ այս բարձրացումը պետք է շարունակական լինի, եւ մենք այդ ուղղությամբ էլի ենք աշխատելու: Մոտ ապագայում դրա մասին հավելյալ ինֆորմացիա կհաղորդենք: Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ խնդրել եւ կոչ անել մեր բուժաշխատողներին, հատկապես առաջնային օղակի, որը ես շատ եմ կարեւորում. իսկապես արդարացնել իմ եւ մեր քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ եւ բարձրացնելով այդ վստահությունը՝ կանխարգելել հիվանդությունները ու թույլ չտալ, որ դրանք զարգանան եւ ավելի խորանան: Մենք պետք է ռադիկալ փոփոխությունների ենթարկենք առողջության առաջնային պահպանման օղակը, եւ հավանաբար կմտածենք մեխանիզմներ, որպեսզի բժիշկների եւ բուժհաստատությունների փոխհատուցումը լինի ոչ միայն մարդաշնչով, այլեւ կատարողականի, այսինքն՝ արդյունքների վրա հիմնված: Հետեւաբար ուզում եմ, որ ավելի զգոն լինեք եւ կատարեք ձեզ վրա դրված այդ ծանր պարտականությունը պատվով»,- եզրափակել է առողջապահության նախարարը:  

Առողջապահության նախարարությունից առայժմ չեն պատասխանել մեր հարցմանը, որով հետաքրքրվել էինք, թե հատկապես ինչ տնտեսումների մասին էր նշում նախարարը եւ այդպիսի ինչ օրինակներ կան: Թե առաջիկայում ուրիշ ի՞նչ խնայողություններ կլինեն եւ էլի որքա՞ն հնարավոր կլինի բարձրացնել առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձը, նույնպես հայտնի չէ: Իսկ մինչ այդ, հայտարարված հավելումը նրանց կարծես առանձնապես չի ոգեւորել: Համենայնդեպս, դա այդպես էր մեզ հետ զրուցած բուժաշխատողների դեպքում:

Իհարկե, նրանք շոյված էին ոլորտի պատասխանատուների այդ ուշադրությունից, բայց եւ նշում էին, որ իրենց ցածր աշխատավարձերի պայմաններում 15 տոկոսով բարձրացումը էական ոչինչ չի փոխելու: «Այնքան ցածր է մեր աշխատավարձը, որ 15 տոկոս բարձրացնելը ինչ պիտի փոխի: Ամբողջ օրը այստեղ եմ, 60 հազար դրամ եմ ստանում: Դա նորմալ չէ»,- ասաց Երեւանի N1 պոլիկլինիկայի սրտաբանը: Հաջորդ ամսվանից նրա աշխատավարձը փաստորեն կկազմի 69 հազար դրամ:

Թերապեւտները վարձատրվում են՝ ըստ սպասարկվող բնակչության քանակի: Նրանցից մեկն ասաց, որ իր սպասարկման տարածքում 1 600 անձ է հաշվառված: Աշխատավարձը 93 հազար դրամ է: Օգոստոսից աճը կկազմի 13 հազար 950 դրամ՝ ընդհանուր առմամբ հասնելով գրեթե 107 հազարի:

«Շոյված ենք, որ նախարարը հիշել է մեր մասին, որ հասկացել է, որ առաջին օղակի բժիշկները իրոք չարքաշ աշխատանք են կատարում եւ անշնորհակալ գործ են անում: Շատ շոյված ենք դրա համար, ուղղակի 15 տոկոսը այդ էական փոփոխությունը չէ»,- ասաց թերապեւտներից մեկը, որը, ինչպես եւ մեզ հետ զրուցած մյուս բուժաշխատողները, չցանկացավ անունը հրապարակել: Նա, միեւնույն ժամանակ, դժվարացավ ասել, թե որքան պետք է վարձատրվի բժիշկը՝ կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունն արդարացի համարելու համար. «Չգիտեմ, չեմ կարող ասել: Ցանկությունները շատ մեծ են, երկրի հնարավորությունները, պարզ է, որ քիչ»: Ինչ վերաբերում է աշխատավարձի չափը որոշելու գործող մեխանիզմին, երբ կարեւոր է բնակչության թիվը, նա կարծիք հայտնեց, որ դա ճիշտ տարբերակ չէ, եւ ինքը կնախընտրեր, որ բժիշկների աշխատանքը չափվեր՝ ըստ դրույքի:

«Ինչ է նշանակում՝ ընկնենք բնակչության հետեւից, որ մեզ տասը դրամ փող ավելացնեն: Դրույք պիտի լինի: Ամեն մի բժիշկ պետք է ունենա մեկ դրույք, կես դրույք, եւ այդ դրույքի համար պետք է հստակ վարձատրության չափ լինի»,- աշխատավարձի անկայունությունն ընդգծեց թերապեւտը:

«Մենք գոհ ենք, որ մտածել են մեր մասին, բայց դա մի քիչ քիչ է այս աշխատանքի համար: Իհարկե, միշտ, ինչքան էլ ստանանք, պիտի ասենք՝ քիչ է: Չենք բավարարվի: Բայց գոնե բյուջեի հնարավորությունների սահմաններում եթե ոչ մաքսիմալին, գոնե միջինին հասցվի: Հիմա մենք մինիմալից էլ մինիմալն ենք ստանում: Ինտելիգենցիան՝ բժիշկները, մանկավարժները արհամարհված էին մինչեւ այսօր: Բժիշկը պետք է ապահովված լինի, որ ուրիշ ոչ մի բանի մասին չմտածի: Միայն մտածի հիվանդին բուժելու մասին»,- ասաց N1 պոլիկլինիկայի մեկ այլ թերապեւտ:   

Ընդհանրապես առաջնային օղակում աշխատող բժիշկների վերաբերյալ դժգոհությունները բնակչության շրջանում շատ են: Մեր զրուցակից թերապեւտը չթաքցրեց, որ դա կարող է ուղիղ համեմատական լինել բժշկին վճարվող աշխատավարձին: «Ինչ-որ մի տեղ այդպես է: Գիտե՞ք ինչ, երբ վարձատրվում ես, աշխատանքդ գնահատվում է: Օրինակ ես եկել եմ առավոտյան, ժամը 13:30 աշխատանքս վերջացել է: Բայց մինչեւ հիմա նստած եմ, որ այս կիսատ աշխատանքները ավարտեմ: Մինչեւ ժամը 15:00-16:00-ն մնում եմ: Երբ վարձատրվում ես, արդեն ասում ես՝ դե ոչինչ: Ահա խնդրեմ, նայեք կտրոնները, այ այսքան հիվանդ եմ ընդունել՝ 20-30: Երեւի սրա կեսի չափ էլ արագության տակ առանց կտրոնի եկել են, էլ չեմ հարցրել՝ կտրոն ունես, չունես, արագ-արագ ընդունել եմ: Միայն հինգ հոգու համար անգլերենով հատուկ տեղեկանք եմ լրացրել՝ Չինաստան մեկնելու համար: Ամեն մեկի վրա երեւի մեկ ժամ է ծախսվել: Այս ծանրաբեռնվածությամբ աշխատել եմ: Պարզ չէ՞, որ փող չստանամ, պիտի դժգոհեմ: Որ ստիմուլ չի լինում, շատ ժամանակ զայրույթդ թափում ես հիվանդի վրա, նյարդայնանում ես՝ անկախ քեզնից: Բայց որ ստիմուլ կա, փող կա, հաճույքով ես աշխատում»,- ասաց պոլիկլինիկայի բժիշկ-թերապեւտը, որի սպասարկման տարածքում 3 հազար բնակիչ կա: Աշխատավարձը 130 հազար դրամ է: Բարձրանալուց հետո կկազմի 149 հազար 500 դրամ:

Տպել
6064 դիտում

Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սեւանա լճում

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ է կառուցվելու. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները. փոխոստիկանապետ

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի. Եվրոպայի հայերի համագումար

Մոտ 12մլն դրամ. Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ-ին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կվերադարձվի նախկին սեփանականտիրոջը. ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգումը

Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Իջեւանում քաղաքացիները մետաղյա ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկաններին․ Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում

Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ