ՀՀ վարչապետը կարեւորել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հանդես է եկել ելույթով:

Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւին հյուրընկալության եւ այսօրվա հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաեւ Տիգրան Սուրենի Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար:

Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաեւ անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը:

Նեղ կազմով նիստի ընթացքում մենք արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ ենք փոխանակել: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:

Կարճ կանդրադառնամ այսօրվա նիստի որոշ հարցերի:

Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար: Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար: Ապակենտրոնացումն ու բոլոր անդամ երկրների համար հավասար հնարավորությունների պահպանումը, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության մոնիտորինգը, երկրների իրավական առանձնահատկությունները հաշվի առնելն ու մյուս սկզբունքները, մեր կարծիքով, թույլ կտան հասնել սպասված արդյունքների: Դրան կնպաստի նաեւ մեր երկրներում առկա տնտեսական իրողություններով ու տեղեկատվական անվտանգության հարցերով պայմանավորված քայլերի հաջորդականության ու միջոցառումների ընտրությունը:

Այս համատեքստում խիստ օգտակար է անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին:

Օրինակ, Հայաստանում արդեն ձեւավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետեւելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձեւավորումը եւ այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը եւ այլն:

Ցանկանում եմ նաեւ նշել, որ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, որը կայանալու է Երեւանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 300-ի:

Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլեւ փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ:

Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար:

Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով ցանկանում եմ նշել, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի: Դրա հետ կապված կարեւոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձեւավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները:

Եզրափակելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետեւողական զարգացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2009 դիտում

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ոստիկանությունը Հրայր Թովմասյանին չպետք է թույլ տա վաղը մտնել դատարան. Ն. Բաղդասարյան

«Դիլիջան ՖԱ»-ի տերն ուզում է բյուջեն հասցնել 1 մլն դոլարի ու օգտագործել «Քրիստլ Փելըսի» իր կապերը

Մեքենաների կոտրված ապակիներ. ոստիկանները բացահայտել են գողություններ

«Կթողները» չկան, համազգային բյուջե ունենալու ժամանակն է

Փլուզում Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

Արման Թաթոյանը Իրանի ՓԲ պատվիրակության հետ քննարկել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Անասնագոմում հիվանդ տղայի հետ ապրող ազատամարտիկի հոսանքն են հիմա էլ անջատել (լուսանկարներ)

Վարչապետ Փաշինյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

Դավիթ Տոնոյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հարցեր

«ԷԼԱՐԴ»-ի փորձագետները ներկայացրել են Ամուլսարում իրականացված փորձաքննության նախնական եզրակացությունը

Սպանություն Գյումրիում. մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին

Գյումրու ավագանին Ֆրանկ Մյուլլերից ետ վերցրեց մեկ տարի առաջ տրված տարածքները