Կառավարության ծրագրի առաջին 50 օրը. արտաքին քաղաքականության փոփոխությունները

Մայիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ նոր կազմավորված կառավարության երդմնակալության արարողությունը, իսկ հունիսի 7-ին Ազգային ժողովը հավանություն տվեց նոր կառավարության ծրագրին: Ծրագրի հիմնական նպատակը երկիրը արտահերթ ընտրություններին նախապատրաստելն է եւ հեղափոխության ձեռքբերումները հնարավորինս կապիտալիզացնելը, սակայն, բնական է, որ ծրագրում անդրադարձ կար կյանքի այլ ոլորտներին եւս:

Մասնավորապես արտաքին քաղաքականության մասով առաջնահերթությունների թվում նշված էին ՀՀ միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, նոր շուկաների ձեռքբերումն ու դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնումը:

Առանձին ուշադրություն է հատկացված Արցախի հարցին: Ծրագրում նշված է, որ կառավարությունը արցախյան հիմնահարցի՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորման ջատագով է: Կա նաեւ հավելում առ այն, որ «բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը»։ Այդ նախադասությունը պարբերաբար հնչում է նաեւ երկկողմ եւ բազմակողմ հանդիպումների ընթացքում:

Նոր կառավարության ծրագրի նախագծում նշված է նաեւ, որ Արցախը որպես հակամարտության կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Այս ուղղությամբ երեւացող գործնական քայլեր դեռեւս չեն կատարվել:

Փոխարենը հստակ քայլեր են կատարվում հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ օրեր առաջ հրապարակված պաշտպանության համակարգի զարգացման տեսլականում մի շարք որակապես նոր մոտեցումներ կան: Յուրահատուկ ուշադրության են արժանի հակառակորդի ոտնձգությունը զսպելուն ու կանխելուն ուղղված գործողությունները, անցումը ճկուն պաշտպանության: Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանն էլ վերջերս չբացառեց Մինգեչաուրի ջրամբարի ռմբակոծումը՝ նշելով, սակայն, որ «դրա առիթն առայժմ չի տեսնում»:

Հայ-թուրքական հարաբերությունները որոշ չափով եւս կապված են արցախյան հարցի հետ: Դեռեւս մայիսի 9-ին Արցախ այցելության շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ նշելով նաեւ, որ «նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան»։ Հաշվի առնելով, սակայն, Արցախի չկարգավորված հարցը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Ցեղասպանության հարցով՝ կարելի է ենթադրել, որ հայ-թուրքական հարաբերությունները տեսանելի ապագայում չեն կարգավորվի:

Մեր մյուս երկու հարեւանների հետ հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններն այս կառավարությունը ստացել է որպես ժառանգություն: Առայժմ որեւէ լուրջ քայլ չի կատարվել հայ-իրանական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Միգուցե դա բացատրվում է Իրանի ներքաղաքական խառը վիճակով, սակայն չէ՞ որ Վրաստանում էլ ամեն ինչ այնքան հարթ չէր, երբ Թբիլիսի այցելեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իսկ նրանից հետո իր առաջին պաշտոնական այցով նաեւ ՀՀ վարչապետը:

Վերջինիս այցը բավական հագեցած էր, իսկ ջերմ բարեկամական մթնոլորտը թույլ է տալիս կարծել, որ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու եւ ՀԱՊԿ անդամ երկրներին կհաջողվի մի կողմ դնել աշխարհաքաղաքական հակասությունները եւ թեկուզ լոկալ մակարդակում ստեղծել նոր իրականություն:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին եւ մասնավորապես Ռուսաստանին, ապա այստեղ իրավիճակն ավելի բարդ է: Կառավարության ծրագրով նախանշված «Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացումը», ելնելով հայ-ռուսական հարաբերությունների մինչ հեղափոխությունը ձեւավորված որոշ ավանդույթներից, որոշակի հակասության մեջ է մտնում նույն ծրագրում նշված՝ հարաբերությունների՝ «բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա» հիմնված լինելու հետ: Հայ-ռուսական հարաբերություններին հատուկ է եղել «պատվիրատու-հաճախորդ» մոդելը, որի վերացումը հեղափոխությունից հետո ավելի ու ավելի ակներեւ է դառնում: Այն վերջնականապես ակնհայտ դարձավ Փանիկ գյուղի միջադեպից հետո, երբ հայկական կողմն, ըստ էության, ստիպեց ռուսական բազայի հրամանատարությանը ներողություն խնդրել: Ընդ որում, «հայկական կողմ» ասելիս առաջին հերթին նկատի ունենք հենց Փանիկի բնակիչներին:

Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, ապա այս հարցով կառավարության ծրագիրը նախատեսում է «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին առավել արդյունավետ դարձնել»: ԵԱՏՄ-ի մասով խնդիրներ չկան: Նիկոլ Փաշինյանն անգամ մասնակցեց հուլիսի 27-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին մասնակցում են անդամ երկրների կառավարության ղեկավարները, որոնք, սակայն, իրենց երկրներում նաեւ պետության ղեկավարը չեն: Այս քայլը ինքը՝ Փաշինյանը, բացատրեց նրանով, որ իր «չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ», իսկ «ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ»: Այլ է իրավիճակը ՀԱՊԿ-ի հետ: Հայտնի չէ, թե ինչպես այդ կառույցը կարձագանքի իր գլխավոր քարտուղարին մեղադրանք ներկայացնելուն:

Յուրահատուկ իրավիճակ է ձեւավորվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, որը ակներեւ դրսեւորվեց Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի ընթացքում եւ դրանից հետո: Վարչապետը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հանդիպումներ ունենացավ եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վարչապետի հիմնական ուղերձն այն էր, որ ՀՀ արտաքին քաղաքականության բազմակողմ մտածելակերպը չի փոխվել եւ Հայաստանը պատրաստակամ է խորացնել Եվրոպայի հետ համագործակցությունը:

Այդ մոտեցմանը պատասխանել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով՝ հայկական կողմի ուղերձն այն է, որ ԵՄ հանդեպ քաղաքականության մեջ փոփոխություն չկա, եւ իր մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության մեջ: Այդուհանդերձ նա նշել է, որ «հայկական կողմից հստակ գաղափարներ» ստանալու դեպքում համագործակցությունը հնարավոր է խորանա: Ինչեւէ, դա արդեն հետագա հանդիպումների եւ քննարկումների հարց է:

Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում զգալի փոփոխություններ եւս չեն նկատվում: Նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը հաջորդած ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը ԱՄՆ, նրա հանդիպումները կոնգրեսականների հետ, մեղմ ասած, տպավորիչ չէին: Միգուցե իրավիճակը հնարավոր կլինի շտկել ՄԱԿ-ի սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում՝ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելով: Սակայն դա էլ, թերեւս, չի կարելի լիարժեք հանդիպում անվանել:

Ընդհանուր առմամբ կառավարության գործունեությունը արտաքին քաղաքականության ուղղությամբ կարելի է գնահատել բավարար: Թերացումներն, իհարկե, արդարացված չեն, սակայն շատ դեպքերում բացատրվում են գործիչների անփորձությամբ: Ինչ վերաբերվում է հետագա քայլերին, ապա դեռեւս մեծ ծավալի աշխատանք կա կատարելու անգամ մինչեւ արտահերթ ընտրությունները, սակայն առաջնայինը, թերեւս, հեղափոխության՝ որպես հայկական «բրենդի» չափաբաժնի կրճատումն է, ինչպես նաեւ ներկա ձեռքբերումների ամրագրումը:

Տպել
5866 դիտում

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի