100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Օգոստոսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց իր կառավարության գործունեության առաջին 100 օրը: 100 օրվա ամփոփման հանրահավաքային ձեւը, անշուշտ, աննախադեպ է, հետեւաբար նաեւ՝ անսովոր: Սակայն որեւէ այլ տարբերակ կլիներ ուղղակի անտրամաբանական: Վարչապետը այդ պաշտոնին է նշանակվել ժողովրդի անմիջական ճնշման ներքո, եւ հաշվետվությունն էլ պետք էր ներկայացնել ժողովրդին անմիջականորեն՝ հենց լեփ լեցուն հրապարակում: Հայաստանի ամենամեծ՝ Հանրապետության հրապարակում:

Այլ խնդիր է, որ հաշվետվության ներկայացման հանրահավաքային ձեւը տեխնիկական տեսանկյունից թույլ չի տալիս երկար ու մանրամասն ներկայացնել ցուցանիշները, վերլուծել դրանք, խոսել պատճառների ու հետեւանքների մասին եւ այլն: Եվ ուրեմն, ինչպիսին են նոր կառավարության գործունեության 100 օրերի արդյունքները:

Հեղափոխության օրերին, երբ արդեն ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը փլուզվում է, դժվար էր գտնել գոնե մի տնտեսագետի, որը համոզված չլիներ տնտեսական ցնցումների անխուսափելիության մեջ: Այդպիսին են պատմության մեջ տեղի ունեցած թերեւս բոլոր հեղափոխությունների հետեւանքները: Հեղափոխություններից հետո կամ կտրուկ արժեզրկվում է ազգային արժույթը, սկզբնական շրջանում գրանցվում է տնտեսական անկում կամ աճի տեմպի կտրուկ նվազում: Հայաստանում սա տեղի չունեցավ ոչ հեղափոխության օրերին, ոչ էլ դրան հաջորդած 100 օրերի ընթացքում: Սա թերեւս աննախադեպ իրավիճակ է, եւ դա արդեն իսկ լուրջ ձեռքբերում է: Բայց ոչ միայն տնտեսական ցնցումներ տեղի չունեցան, այլ նաեւ գրանցվեցին տպավորիչ մակրոտնտեսական ցուցանիշներ: Վարչապետը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց հեղափոխությունից հետո՝ մայիս-հունիս ամիսներին գրանցված ցուցանիշները եւ դրանք համեմատեց անցած տարվա նույն ամիսների հետ: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց արդեն հուլիս ամսվա նախնական ցուցանիշները, որոնք էլ ավելի տպավորիչ են: Եթե հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա հունիսի համեմատ աճել էր 9.6 տոկս, ապա հուլիսին այդ ցուցանիշը արդեն 11.1 տոկոս է: Ըստ այդ տվյալների, արդյունաբերությունում գրանցվել է 7.3 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 2.1, շինարարությունում՝ 0.5, առեւտրում՝ 7.7, ծառայությունների ոլորտում 24 տոկոս աճ:

Սրանք, իհարկե տնտեսությունը նկարագրող ընդամենը թվական տվյալներ են եւ ցույց են տալիս, որ հետհեղափոխական բացասական ցնցումների հեռանկարները անիրական են նաեւ առաջիկայում: Կան նաեւ այլ տվյալներ, որոնք անուղղակի, բայց ավելի բովանդակային տեսանկյունից են ցույց տալիս տնտեսության մեջ դրական միտումները: Խոսքը առաջին հերթին անշարժ գույքի գների մասին է: Հեղափոխության առաջին իսկ ամսվանից՝ մայիսից հետո բնակարանները թե Երեւանում, եւ թե հանրապետության մարզերում սկսել են աճել: Սա խոսում է հանրության կողմից դրսեւորվող դրական սպասումների մասին: Իսկ դրական սպասումները տնտեսության զարգացման կարեւորագույն գործոններից է:

Դրական սպասումների մասին է խոսում նաեւ բնակչության կողմից բանկերում ներդրված ավանդների աճը, ինչպես նաեւ վարկերի աճը: Բայց իրավիճակը ավելի լուրջ «աուդիտի» ենթարկելու, տնտեսությունում առկա ավելի խորը դրական եւ բացասական միտումները բացահայտելու համար 100 օրը քիչ է՝ շատ քիչ:

Կառավարությունից հանրության ակնկալիքները հիմնականում տնտեսության զարգացմանն են վերաբերվում: Ու դա բնական է: Բնակչության բարեկեցությունը ուղղակիորեն կախված է տնտեսության որակական, կամ ինչպես ասում են՝ ներառական աճից: Ու մարդկանց մի որոշակի խումբ անընդհատ քննադատում է կառավարությանը տնտեսական հստակ ծրագիր չունենալու համար: Իրականում կառավարության ծրագիրը ներկա փուլում չափազանց հստակ է ու ակնհայտ բոլորի համար: Անցած 100 օրերի ընթացքում կառավարությունը հիմնականում զբաղված է եղել տնտեսության զարգացման խոչընդոտները վերացնելով: Խոսքը կոռուպցիայի, օլիգոպոլիաների եւ հովանավորչության դեմ պայքարի մասին է: Եվ 100 օրերի ընթացքում արձանագրված ձեռքբերումները ակնհայտ են: Հայաստանում այլեւս չկան արհեստական մոնոպոլիաներ: Ոչ ոք, ոչ մի օլիգարխ հիմա նույնիսկ չի էլ համարձակվի որեւէ փոքր գործարարի արգելել այս կամ այն բիզնեսով զբաղվել: Համակարգային կոռուպցիան գրեթե ամբողջությամբ վերացել է: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները չեն զբաղվում բիզնեսով, չունեն «սիրելի» օլիգարխներ, չեն հովանավորում առանձին գործարարների: Սա մի իրավիճակ է, որին իբր ուզում էին հասնել նախկին բոլոր կառավարությունները ու տարիներով ռազմավարություններ էին մշակում, խորհրդակցություններ ու սեմինարներ էին անցկացնում բայց իրականում վիճակը ավելի էր վատթարանում: Իսկ գործող կառավարությանը 100 օրերի ընթացքում հաջողվեց կտրուկ իրավիճակ փոխել:

Սրան հաջորդելու է արդեն հաջորդ փուլը, երբ բիզնեսը կսկսի մեծածավալ ներդրումներ անել մեր տնտեսության մեջ: Հենց դա էլ պետք է բերի տնտեսական այնպիսի զարգացման, որը ուղղակիորեն կհանգեցնի բնակչության բարեկեցության աճին: Բայց դրա համար նույնպես ժամանակ է անհրաժեշտ: Այնպես չէ, որ ներդրողը մի օր որոշում է ներդրում անել եւ մյուս օրը առավոտյան մի քանի տասնյակ կամ հարյուր միլիոնների ներդրում է անում: Նախ անհրաժեշտ է ուսումնասիրել շուկան, վերլուծել ռիսկերը, հաշվարկել արտաքին ու ներքին պայմանները, գնահատել աշխատուժի կարողություններն ու ռեսուրսները եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ դրա համար ամիսներ, նույնիսկ տարիներ են պահանջվում:

Դասական տնտեսագիտության կանոններով կառավարությունը չպետք է ուղղակիորեն զբաղվի տնտեսության զարգացմամբ: Կառավարության հիմնական գործառույթը տնտեսության զարգացման համար պայմաններ ստեղծելն է: Այս տեսանկյունից անցած 100 օրերի ընթացքում գործող կառավարությանը հաջողվել է անել, մեղմ ասած, շոշափելի քայլեր:

Տպել
2937 դիտում

Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico

ԵԱՏՄ-ն կայացել է որպես ինտեգրացիոն միավորում. նրա անդամ բոլոր երկրները դրական արդյունք են արձանագրել. Մատվիենկո

ՀՀ ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

Մինչև 2024 թ.-ը 5-6 տարեկանների 90%-ը և 3-6 տարեկանների 70%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական հաստատություններում

Վանեցյանը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են. խնդիրը դա՞ է, թե ով է գրել. Կարապետյան

Այլ նախարարների հրաժարականների մասին քննարկում կառավարությունում չի եղել. Հակոբ Արշակյան

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանը ձեռքից բաց թողեց հաղթանակն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Կառավարությունը 9.4 մլն դրամ հատկացրեց՝ Թալիշում վիրավորված Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու համար

Հայաստանն ու Վրաստանը կարեւորել են երկու խորհրդարանների միջև ակտիվ շփումն ու համագործակցությունը

2 մեդալով. Հունահռոմեական ոճի ըմբիշները վերադարձան Հայաստան

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը

Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք. վարչապետը կատակեց

Հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, քանի որ սա կարեւոր միջոցառում է. վարչապետ

Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը. Վլադիմիր Բրեդով

Վանաձորում քիչ առաջ կրակոցներ են հնչել. մեկ անձ վիրավորվել է

Համակարգի շնորհիվ կապահովվի երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան

Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար