Գյուղերի ճանապարհները վատն են, շտապօգնության մեքենաները տեղ են հասնում մինչեւ մեկ ժամում

Հայաստանում համայնքային ճանապարհները երբեմն այնքան անմխիթար վիճակում են գտնվում, ու դա, բացի տարատեսակ կենցաղային խնդիրների ու անհարմարությունների պատճառ դառնալուց, խոչընդոտներ է ստեղծում շտապ օգնության ավտոմեքենաների համար, որոնք շտապում են անհետաձգելի բուժօգնություն հասցնել դրա կարիքն ունեցող բնակչին:

Այդպիսի ահազանգեր են ստացվում Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի գյուղերից՝ Տուֆաշեն, Հայկասար, Հայրենյաց: Տուֆաշեն համայնքի ղեկավար Արտակ Եգորյանը մեզ հետ զրույցում ասաց, թե այնպես չէ, որ շտապ օգնությունը մերժում է կանչը, բայց տեղ է հասնում բավական ուշացումով: Նշված գյուղերը սպասարկում է Արթիկի շտապօգնության կայանը: «Արթիկ-Տուֆաշեն ճանապարհի երկարությունը 7 կմ է, եւ եթե շտապ օգնության մեքենան պետք է տեղ հասնի 10-15 րոպեում, գալիս է 30-40 րոպեում: Եթե ձմեռ է, խոչընդոտներն ավելի շատ են»,- փաստեց նա: Վիճակն այդպիսին է արդեն գրեթե մի ամբողջ հավերժություն: «Արդեն 25-30 տարի է՝ այդպես է: Վերջին անգամ այս ճանապարհն ասֆալտապատվել է 1982-1983 թվականներին»,- առավել հստակեցրեց Արտակ Եգորյանը: Շտապ օգնության բուժանձնակազմի ուշացումների պատճառով բարեբախտաբար՝ անդառնալի հետեւանքներ ու մահվան դեպքեր չեն եղել: «Նման բան չի եղել, Աստված չանի»,- արձագանքեց համայնքի ղեկավարը: «Փոսեր են՝ կես մետրանոց, տեղ էլ կա՝ մեկ մետրանոց: Ինչքան հնարավոր է, փոսալցում ենք անում: Թեքություն է, մի անձրեւ է գալիս, քշում, տանում է՝ շեբեն է, ավազ է: Որտեղից ինչ հայթայթում, փոսալցում ենք անում: Երեկ էլ քարի հանքից ավազ եմ բերել, որ այսօր փոսերը լցնենք: Այդ ավազն անհատույց է տրամադրվել, քանի որ հանքերը մեր տարածքում են գտնվում»,- շարունակեց նա:

Այսպես, պարբերաբար ժամանակավոր լուծումներ են գտնվում՝ ճանապարհը քիչ թե շատ կարգի բերելու: Հիմնավոր լուծումների համար Տուֆաշենում միջոցներ չեն եղել. «Եթե համայնքային բյուջեով 100-150, առավելագույնը՝ 200 հազար դրամ նախատեսեի, դրանով ի՞նչ կարող էի անել, միջհամայնքային ճանապարհի չորս կիլոմետրը լրիվ ավերված է»,- իր հերթին հարց ուղղեց մեր զրուցակիցը: Համայնքային իշխանությունները չեն հաշվարկել եւ պատկերացում չունեն, թե ճանապարհը բարեկարգելու համար իրականում որքան գումար է պետք: «Եթե 200 հազարից ավելի չունենք, ի՞նչ իմաստ ուներ հաշվարկելը»,- տարակուսեց Արտակ Եգորյանը:

Տուֆաշենի տարեկան բյուջեն ընդհանուր առմամբ 10 միլիոն դրամ է, որից 6 միլիոն 209 հազարը՝ պետական բյուջեից հատկացումներն են, իսկ սեփական եկամուտները կազմում են շուրջ 3 միլիոն 800 հազար դրամ: Նշված 10 միլիոնի 7 միլիոն 700 հազարն ուղղվում է աշխատավարձերի վճարմանը: Տուֆաշեն համայնքն ունի 420 բնակիչ:

Արտակ Եգորյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ երեք համայնքների՝ Տուֆաշենի, Հայկասարի եւ Հայրենյացի ճանապարհները վերակառուցվելու են Համաշխարհային բանկի ծրագրի միջոցներով: Հայկասար համայնքի ղեկավար Հրաչյա Բարսեղյանն էլ մանրամասնեց, որ նախատեսվում է աշխատանքները սկսել 2019 թվականի գարնանը եւ ավարտել նույն տարվա վերջին:

Հրաչյա Բարսեղյանը նույնպես հաստատեց, որ շտապ օգնության մեքենան ուշ է տեղ հասնում. «Արթիկից Հայկասար մոտ 10 կմ է, համարյա մեկ ժամ տեւում է»: Շատ ժամանակ, ըստ նրա, նաեւ տաքսիները հրաժարվում են գյուղի պատվերից: Համաձայնում են միայն այն դեպքում, եթե մեքենաները հին են կամ էլ թանկ ուղեվարձ են պահանջում՝ ասենք հազար դրամի փոխարեն երկու-երեք հազար դրամ:

«Այս ճանապարհները գործում են 1975 թվականից: Մի քիչ փոսալցումներ մենք ենք կատարել, բայց մի հատ անձրեւ է գալիս, տանում է»,- գործընկերոջը երկրորդեց Հրաչյա Բարսեղյանը: Եվ ինչպես նախորդ դեպքում, այս համայնքը նույնպես չի կարողացել սեփական միջոցներով բարեկարգել ճանապարհը: Հայկասարի ընդհանուր բյուջեն 6 միլիոն 300 հազար դրամ է, որից պետական հատկացումը՝ 3.5 միլիոն: «Հնարավորություն չի եղել: Հայկասարը կարո՞ղ է էդպես բաներ անել»,- ասաց Հրաչյա Բարսեղյանը եւ որպես հիմնավորում ներկայացրեց նախորդ տարիների ցուցանիշները. 1999 թվականին պետական բյուջեից համայնքի ստացած ֆինանսավորումը 41 հազար դրամ է եղել՝ նշված 3.5 միլիոնի փոխարեն: 2000 թվականին հասցվել է 500 հազարի, աստիճանաբար բարձրացվել է եւ միայն վերջին 4-5 տարիներին է, որ 3.5 միլիոն դրամ է կազմել: Հայկասարի բնակչության քանակը 236 է:

ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի N39-Ն հրամանի համաձայն՝ հաստատված են նաեւ շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները: Փաստաթղթի 14-րդ կետը, նաեւ գյուղական բնակավայրեր սպասարկող մարզային շտապ բժշկական օգնության ծառայության պարագայում սահմանում է հետեւյալը. «1) մինչեւ 20 կմ հեռավորության համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տեւողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն»: Խնդրո առարկա գյուղերն, ինչպես նշվեց, գտնվում են մինչեւ 20 կմ հեռավորության վրա: Նույն հրամանի 15-րդ կետով էլ ամրագրվում է. «Եթե գյուղական բնակավայրը գտնվում է դժվարանցանելի ճանապարհային հատվածում, հատկապես ձմեռային ամիսներին, ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տեւողությունը կարող է հասնել 30 րոպեի, որի մասին շտապ օգնության բրիգադի բժիշկը կամ ֆելդշերը պարտավոր են հայտնել դիսպետչերին»: Հայկասարի դեպքում, փաստորեն, այդ ժամանակահատվածը երկարաձգվում է մինչեւ մեկ ժամ:

Տպել
1066 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը