Միացում. բա Օլեգ Եսայա՞նը

11/09/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 9-ի համարում

Երեկ կառավարությունն իր հերթական նիստում ընդունել է մի քանի որոշումներ, որոնց արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկը, ըստ որոշ գնահատականների, դառնում է մի մոնստր կառույց, իսկ այլ գնահատականներով, ստանում է տրամաբանորեն իրեն հասանելիք լիազորությունները: Մի քանի շաբաթ առաջ կառավարության հավանությանն էր արժանացել մի հայեցակարգ, որով երկրի ֆինանսական ամբողջ համակարգի վերահսկողության գործառույթը դրվում է ԿԲ-ի վրա: Երեկ այս հայեցակարգին համապատասխան կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «Լիցենզավորման մասին» եւ շուրջ մեկ տասնյակ այլ օրենքներում ու «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերին: Ի՞նչ է սա ենթադրում:

Ներկայումս ԿԲ-ն վերահսկում է բանկային համակարգը: Արժեթղթերի շուկայի վերահսկողությունը դրված է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի վրա: Իսկ ապահովագրական ընկերությունների վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Եւ ահա այս փոփոխություններից հետո, մինչեւ տարեւերջ այս ամբողջ դաշտի վերահսկողը դառնում է բացառապես Կենտրոնական բանկը: Ինչո՞ւ: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, սա արդյունք է միջազգային փորձի այն վերլուծությունների ու ուսումնասիրությունների, որը կատարել է կառավարությունը.

«Մանրակրկիտ վերլուծվել է դրական փորձը, որը այսօր առաջարկվում է զարգացող երկրներին, եւ այդ փորձի ուսումնասիրությունից ելնելով՝ կառավարությունը հայտնել է իր հստակ դիրքորոշումը` որ մեր երկրում նույնպես նպատակահարմար է ներդնել միասնական վերահսկողական հայեցակարգը»,- ասում է պրն Սարգսյանը: Այս սկզբունքի ներդրման դրական կողմն այն է, որ կբարձրանա վերահսկողության արդյունավետությունը, միանման ծառայություններ մատուցող ֆինանսական կազմակերպությունները պետք է վերահսկվեն միեւնույն չափանիշներով: Այս ամենը հասկանալի է եւ գուցե նաեւ ընդունելի: Բայց այս հայեցակարգի ներդրման առավելությունները թվարկելիս պրն Սարգսյանը բերեց այնպիսի փաստարկներ, որոնց պետք է, մեղմ ասած, վերապահումներով մոտենալ:

Ամենակարեւոր առանձնահատկությունը, ինչպես նշեց ԿԲ նախագահը, այն է, որ մեկ միասնական մարմնի անկախությունն ապահովելը ավելի հեշտ է, քան մի քանիսինը: Խնդրեցինք պարզաբանել այս պնդումը: «Անկախության էլեմենտներից մեկը այդ կառույցների ֆինանսական անկախությունն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արժեթղթերի հանձնաժողովը ֆինանսավորվում է պետական բյուջեից, ինչը անկախության նվազման ամենակարեւոր չափանիշներից մեկն է: Եւ քանի որ այսօր նրանք դուրս են բերվում պետական բյուջեից եւ մտցվում են կենտրոնական բանկի կազմի մեջ, նրանց ֆինանսավորումը իրականացվելու է ԿԲ-ի հաշվին, ինչը ապահովելու է նրանց ֆինանսական անկախությունը գործադիր իշխանությունից»,- փաստարկեց ԿԲ նախագահը:

Նշանակում է՝ այդ հանձնաժողովը եւ մյուս հանձնաժողովները, ասենք՝ Ամալյանի հանձնաժողովը, ամենեւին էլ անկախ չեն, ինչպես պնդում էին մինչ օրս: Համենայն դեպս Կենտրոնական բանկի նախագահը ընդամենը մի քանի նախադասությամբ ապացուցեց, որ դրանք անկախ չեն: Իհարկե, հետո սկսեց համոզել, որ արժեթղթերի հանձնաժողովը, այնուամենայնիվ, անկախ է, որովհետեւ նա պետք է ֆինանսավորվեր ոչ թե բյուջեից, այլ արժեթղթերի շուկայի մասնակիցների վճարներից, բայց քանի որ մասնակիցներ, ըստ էության, չկան, ուստի կառավարությունն է իրականացնում ֆինանսավորումը: Սա, սակայն, այնքան էլ համոզիչ չհնչեց: Լավ, այս ամենը հասկանալի է: Իսկ ինչպե՞ս է ֆինանսական վերահսկողության միասնականացումը անդրադառնալու մեր` շարքային քաղաքացիների վրա:

Չի անդրադառնալու: Արժեթղթերի շուկա մեզ մոտ չկա, չկա նաեւ ապահովագրական շուկա: Այնպես որ, գոնե առաջիկա մի քանի տարիներին որեւէ ազդեցություն այս միասնականացումը չի ունենալու: Նույնիսկ հնարավոր չի լինելու ստուգել, թե որն էր ավելի արդյունավետ` միասնական վերահսկողությունը, թե ներկայումս գործող` ոչ միասնական վերահսկողությունը: Ի՞նչ տարբերություն, թե ով է վերահսկում արժեթղթերի շուկան, երբ այն գոյություն չունի: Իհարկե, ոչ մի տարբերություն: Ճիշտ նույնը կարելի է ասել ապահովագրական ոլորտի մասին: Չեղած բաների վերահսկողության արդյունավետությունը գնահատել, ուսումնասիրել, հետազոտել հնարավոր չէ:

Այնպես որ, կառավարության ընդունած այս հայեցակարգը թերեւս պետք է հետաքրքրի, օրինակ, արժեթղթերի դեռ գոյություն ունեցող հանձնաժողովի նախագահ Օլեգ Եսայանին, ով Ղարաբաղի ԱԺ նախագահի պաշտոնը կորցնելուց հետո եկավ Հայաստան եւ դարձավ մի կառույցի ղեկավար, որը շուտով պետք է լուծարվի: Իսկ որ պետք է միանշանակորեն լուծարվի, այդ մասին երեկ հայտարարեց ԿԲ նախագահը: Իմիջիայլոց, Տ.Սարգսյանն էլ պատկերացում չունի, թե ինչպիսին կլինի Եսայանի հետագա ճակատագիրը: «Բայց ինչո՞ւ եք ինձ հարցնում»,-Օլեգ Եսայանի կարիեռայի հնարավոր տարբերակների մասին մեր հարցին ի պատասխան մի թեթեւ վրդովվեց ԿԲ նախագահը:

Հայկ Գեւորգյան 

Տպել
859 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Նախագահի այցը Միացյալ Էմիրություններ ավարտվել է Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար