Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո:

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ ձեզ դիմել որպես մի առաջնորդ, ով վերջերս դարձել է Հայաստանի վարչապետ ժողովրդական հեղափոխության արդյունքում, որն այժմ առավել հայտնի է որպես «Հայկական թավշյա հեղափոխություն»:

Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին: Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի և աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների:

Եվ դա պատահական չէր: Մեր նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն էր: Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն: Մենք հայտարարեցինք, որ եթե նույնիսկ բռնություն գործադրվեր մեր դեմ, մենք չէինք արձագանքի բռնությամբ: Մենք հայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսևորվելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով:

Մենք այս քաղաքական գործընթացն սկսեցինք ընդամենը մեկ տասնյակ մարդկանց հետ քայլարշավ կատարելով Հայաստանի երկրորդ քաղաքից` Գյումրիից դեպի մայրաքաղաք: Երբ հասանք Երևան և ցույց տվեցինք մեր վճռականությունն ու հավատարմությունը բռնություն չկիրառելու սկզբունքին, մեր ամբողջ ազգը միահամուռ և համերաշխ կերպով ոտքի կանգնեց ընդդեմ իշխող վարչակարգի: Եվ մենք հաղթեցինք բացառապես խաղաղ ցույցերի միջոցով՝ առանց գեթ մեկ կրակոցի և առանց զոհերի: Մենք հաջողեցինք հակառակ բոլոր կանխատեսումների. նույնիսկ հայտնի փորձագետները թերահավատ էին մեր հաղթանակի նկատմամբ:

Այդուհանդերձ, ես ընտրվեցի վարչապետ: Ես ընտրվեցի մի խորհրդարանում, որտեղ ունեի ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իմ սեփականը: Սակայն դա հնարավոր եղավ: Դա տեղի ունեցավ, քանի որ մարդիկ պահանջատեր էին և ընդամենը մեկ տարի առաջ ընտրված խորհրդարանն անսաց ժողովրդի կամքին՝ չունենալով այլընտրանք: Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը, ճիշտ այնպես՝ ինչպես նախկինում էր և հեղափոխության ժամանակ: Ինչո՞ւ է այդպես: Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի և ճնշումների գործադրմամբ:

Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին:

Այդ նույն ոգով մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի:

Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ: Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը:

Ստանձնելով պատասխանատվություն` մեր թիմն ունի հստակ տեսլական և հզոր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովմանը, ինչպես նաև խթանելու տնտեսական աճն ազատ և մրցակցային գործարար միջավայրի ու ներդրումների համար նպաստավոր մթնոլորտի միջոցով:

Պարոն նախագահ,

Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:

Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ: Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ:

Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար:

Պարոն նախագահ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Եվ վերջում չափազանց կարևոր եմ համարում իմ երախտագիտությունը հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի և մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար:

Պարոն նախագահ,

Մեր խորհրդակցությունների թեման, այն է` «Միավորված ազգերի կազմակերպությունը բոլոր մարդկանց համար. գլոբալ առաջնորդություն և համընդհանուր պատասխանատվություն խաղաղ, արդար և կայուն հասարակությունների զարգացման համար», ենթադրում է հետևողական մոտեցում Օրակարգ-2030-ին և կայուն զարգացման նպատակներին: Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա Զարգացման օրակարգը պետք է լինեն ներդաշնակ և մատչելի բոլորի համար: Ոչ ոք չպետք է անտեսվի, ինչը ենթադրվում է մեր հավաքական ջանքերում:

Ավելի վաղ՝ այս տարվա հուլիսին, Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրեց իր առաջին կամավոր ազգային զեկույցը կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Այս կարևոր իրադարձությունը համընկավ դարակազմիկ քաղաքական զարգացումների հետ, որոնք բնորոշվում են ակտիվ ժողովրդավարական գործընթացներով և լայնամասշտաբ բարեփոխումներով:

Հայաստանը հավատարիմ է գիտելիքահեն և նորարարական հարթակների արարման իր հանձնառությանը, որը կոչված է արագացնել Զարգացման օրակարգի իրականացումը: Այս առումով, մենք ընդունում ենք ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների անփոխարինելի դերը, ինչպես նաև այլ գործընկերների հետ համագործակցության կարևորությունը: Որպես ECOSOC- ի նորընտիր անդամ և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, Հայաստանը կնպաստի ներառական և կայուն աճին, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Տիկնայք և պարոնայք,

2018 թվականն այն տարին է, երբ կնշենք մարդու իրավունքներին առնչվող երկու կարևորագույն փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիայի 70-ամյակը: Այդ փաստաթղթերից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմությունը և նրանցից յուրաքանչյուրը դարձել է միջազգային իրավունքի զարգացման համար անկյունաքար:

Նրանք մեզ համար հիմք ծառայեցին Ցեղասպանության հանցագործության դեմ գլոբալ համաժողովի նիստերի շարք նախաձեռնելու համար: Այս տարի այն նվիրված կլինի կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը: Ակնկալում եմ ձեր ներդրումն ու գործուն մասնակցությունը Ֆորումի աշխատանքներին:

Տիկնայք և պարոնայք,

«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նշանաբանն է, որը տեղի կունենա հոկտեմբերին 2800-ամյա մայրաքաղաք Երևանում: Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է` աշխարհասփյուռ ֆրանկոֆոն ընտանիքին իր անդամակցությունը, մշակույթի, կրթության և նորարարության բնագավառներում համագործակցության միջոցով հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ջատագով լինելը: Ես վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցության մեր հրավերը, որը ենթադրում է միևնույն համատեքստում նախատեսված բազմաթիվ միջոցառումների անցկացում:

Շնորհակալություն»:

Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է նաև «Խաղաղապահ գործողություններ» թեմայով բարձր մակարդակի քննարկումներին:

Տպել
3228 դիտում

Սկսվում է ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը․ ովքեր կարող են մասնակցել

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)

«Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ԱՄՆ-ում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին (տեսանյութ)

3 օրում փրկարարները բռնել են 7 սահնօձ, 1 գյուրզա և շահմար

Ստացի՛ր քո եռագույն շապիկն ու միացի՛ր. ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթը՝ հուլիսի 5-ին

Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ (լուսանկարներ)

27-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված «Մազդա»-ին, վերջինս էլ՝ «Հոնդա»-ին

ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է կենսունակությունը. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Կայծակի հարվածը Արագածի լանջերին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը առցանց ասուլիս կտա. հայտնի են օրն ու ժամը

Մուշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է

Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»

Ինչպես ենք կարողանում վնասել այն, ինչը ստեղծելու խնդիր ունենք․ Անդրեասյանը՝ դպրոցներից մեկում կատարված գողության մասին

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը

Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին

Էջմիածնի բնակիչը երթուղայինում բջջային հեռախոս է գողացել

ԵՏՄ անդամ Հայաստանը պատրաստ է աջակցել հայկական շուկա մտնելու ցանկություն ունեցող ավստրիական ընկերություններին․ Սիմոնյան

Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին և վարչության ներկայացուցիչներին

Բարի գալուստ «Նոա» ընտանիք․ ֆուտբոլային ակումբը նոր պայմանագրեր է կնքել

Գավառի ԲԿ-ում առաջին անգամ կեսարյան հատումով եռյակ է լույս աշխարհ եկել

Լոռիում վերջին մի քանի օրում հայտնաբերվել է 10-ից ավելի մեքենա՝ բեռնված տարբեր ծավալի փայտանյութով

Ուժեղ քամին Գյումրիում պոկել է Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի տանիքի թիթեղները

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկում պատարագի ժամանակ սայթաքել է և ընկել

Ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել

Կյանքից հեռացել է կլարնետիստ Հովհաննես Վարդանյանը

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և Յուրի Վորոբյովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցերը

Շիրակի մարզի պարեկները բեռնատարի մեջ՝ արկղերով կանեփ, պլաստմասե շշերում էլ կանեփանման զանգվածներ են հայտնաբերել

Վթարային ջրանջատում Սյունիքում․ երկու բնակավայր 12 ժամ ջուր չի ունենա

Արարատում համագյուղացիների վեճն ավարտվել է  դանակահարությամբ․ կա ձերբակալված

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան ծառին է բախվել․ վարորդը հոսպիտալացվել է

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքին բացառում է որևէ քաղաքական միտում, նախընտրություն կամ ազդեցություն․ ՀՀ նախագահ

Նոր խաղադաշտի բացում՝ ֆուտբոլային խաղով․ ընկերական հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Բերման է ենթարկվել գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդը

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը՝ Սլովենիայի նախագահին

Հրդեհ է բռնկվել Արմավիրի բնակարաններից մեկում

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ

Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին