Կինը, շահարկելով Աննա Հակոբյանի անունը, հիվանդ երեխային օգնություն է առաջարկել ու խաբել

4-ամյա Սեդա Ապրեսյանի մոտ այս ամռանը հայտնաբերվել է աստրոցիտոմա՝ գլխուղեղի ուռուցք: Հիվանդությունը հայտնաբերվելուց մեկ շաբաթ անց երեխան բարձր ջերմություն է ունեցել եւ ընդունվել Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Մայրը՝ Լիանա Միրզոյանը, պատմում է, որ մի օր, երբ միջանցքում քայլելիս է եղել երեխայի հետ, հարեւան հիվանդասենյակում բուժվող երեխայի մայրը մոտեցել է, հարցուփորձ արել աղջկա առողջական խնդիրների մասին: Իսկ արդեն հաջորդ օրը եկել է ոմն Սրբուհու հետ, որն, ինչպես ասել է, մորաքրոջ աղջիկն է: Վերջինս ներկայացել է որպես վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական ու իր օգնությունն առաջարկել՝ արտերկրում երեխայի բուժման անհրաժեշտ գումարը հայթայթելու հարցում: «Ասաց՝ ես սրտացավ եմ, որ ասել է մորքուրիս աղջիկը, ուզում եմ օգնել: Մարդիկ հատուկ դիմում են ինձ, ես ինքս եմ եկել իմ ոտքով: Ներկայացավ, որ մենք աշխատում ենք Աննա Հակոբյանի հետ, իր օգնականն եմ, կա այսպիսի բարեգործական կազմակերպություն՝ «Խաղաղության աղավնի», որ ուռուցքով երեխաներին օգնում են, ես ուզում եմ ձեզ օգնած լինել: Ես էլ ուրախացա՝ խառնվեցինք իրար»,- վերհիշեց Լիանա Միրզոյանը:

Նախապատրաստել ու Սրբուհուն են տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են երեխայի հիվանդությանը, անձնագրերի պատճենները: Լիանա Միրզոյանի՝ Ռուսաստանում բնակվող հորաքրոջ աղջիկը մինչ այդ պայմանավորվածություն էր ձեռք բերել Բուրդենկոյի անվան Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում աշխատող բժիշկներից մեկի հետ, որը ստանձնել էր 4-ամյա աղջկա վիրահատությունը՝ պահանջելով 12 500 դոլար: Համապատասխան փաստաթղթերը նույնպես փոխանցվել են Սրբուհուն: «Վայ, որ բժիշկն էլ կա, գումարի չափը կա, հենց դա մեզ պետք է, կարեւոր է»,- մեր զրուցակցի փոխանցմամբ ասել է նա: Վերջինիս ազգանունը երեխայի մայրը չգիտեր, առանձնապես շատ տեղեկություններ էլ նրա մասին չուներ:

Հետո, սակայն Սրբուհին հայտնել է, որ Գերմանիայում աշխատող մի բժշկի հետ են պայմանավորվածություն ձեռք բերել, սպասում են, որ նա հրավեր ուղարկի, որպեսզի հատկացվի նաեւ գումարը: «Ես ասացի՝ իսկ Ռուսաստանի՞ բժիշկը: Նա թե՝ Գերմանիան է լավ, այնտեղ ոչ մի վիրահատություն չի լինելու, դեղորայքով բուժելու են, վեց ամիս իրենք ձեզ պահելու են, նույնիսկ երեխային թոշակ են տալու: Դե ծնող ենք, հավատացինք: Մտածեցինք Գերմանիայում ավելի լավ է, Գերմանիան փորձենք»,- ասաց Լիանա Միրզոյանը: Փոքրիկ Սեդայի ծնողները որոշել են սպասել, որովհետեւ հայաստանյան մասնագետները նրանց նախ առաջարկել էին երեխային տեղափոխել Գերմանիա, իսկ Ռուսաստանն ընտրվել էր մատչելիության պատճառով: Բայց տեսնելով, որ Գերմանիայում բուժումն ուշանում է ու այնքան էլ հաստատ չէ, որոշել են հարազատների տրամադրած ու իրենց ավտոմեքենայի վաճառքից գոյացած գումարով 4-ամյա աղջկան տեղափոխել Մոսկվա: Սրբուհին տեղյակ է եղել, որ նրանք այլեւս չեն ուզում սպասել, ինքնաթիռի տոմս են գնել, իսկ Մոսկվա հասնելուց ընդամենը կարճ ժամանակ անց հաղորդագրություն է գրել, թե ձեր գումարն արդեն կա, ինչ անենք: Լիանա Միրզոյանը խնդրել է պահել՝ ասելով, որ կվերադառնան: Բայց նրա այդ հաղորդագրությունն այդպես էլ անպատասխան է մնացել: Մոսկվայում աղջկան վիրահատել են: Բայց ուռուցքը ամբողջությամբ չեն հեռացրել՝ խորը տեղակայման պատճառով, որը նորից մեծացել ու ճյուղավորվել է, եւ դարձյալ մեծ գումարների անհրաժեշտություն կա:

Լիանա Միրզոյանը մեր ներկայությամբ զանգահարեց Սրբուհուն: Նա ասաց, որ այլեւս այդ կազմակերպությունում չի աշխատում, որ իրեն չեն վճարել չորս ամսվա աշխատավարձը, վստահեցրեց նաեւ, որ գումարը հետ է փոխանցել, քանի որ իրենք որոշել էին չսպասել ու մեկնել էին Մոսկվա: Միեւնույն ժամանակ նշեց, որ ինչ-որ մարդիկ ծրագրերը խառնել են: Անընդհատ, սակայն խուսափում էր հստակ անվանումներ նշել:

Բարձրախոսով նրանց զրույցի մի մասը ներկայացնում ենք ստորեւ:

Լ.Մ.- Աննայի հետ խոսենք, հա: Տես առաջ վստահ ասում էիր, որ Աննան կդասավորի: Միգուցե հիմա էլ ստացվի:

Ս. - Դե հիմա ես բան կանեմ, ինչքանով հնարավոր լինի, կփորձեմ, կասեմ: Աննայի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել էս պահին: Մինչեւ չխոսեմ, չեմ կարող ոչինչ ասել:

Լ.Մ. - Դուք Աննա Հակոբյանի հետ հիվանդանոցից խոսեցիք, չէ, էն կինը ասաց՝ կդասավորեն:

Ս. - Հա, ինքն էլ էնպես չէր, որ իրենց խոսքի տերը չէին, ուղղակի տվյալ մարդիկ, ովքեր որ մեզ հետ էին աշխատում, ինքը խառնեց իրար:

Լ.Մ. - Էդ կազմակերպությունը ոնց է կոչվում, նորից դիմենք:

Ս. - Դա եմ ասում, հիմա էդ կազմակերպության վրա ահագին թեմաներ կան, խոսակցություն կա, նոր ինչ եմ ասում, ես ինքս եմ դուրս եկել այդտեղից հիմա:

Լ.Մ. - Ինչ էր կոչվում, չե՞ն կարող օգնել, ընդհանրապե՞ս հնարավոր չէ:

Ս. - Ասում եմ՝ ես եմ դուրս եկել, իմ աշխատավարձը չեն տվել: Նրանք էլ ի՞նչ կարող են, որ էլ ինչ օգնեն: Իրենց փակել են:

Լ.Մ.- Կազմակերպության անունը ո՞նց էր:

Ս. - Ոնց է՜ր, վա՜յ, հեսա որ թղթերիս մեջ նայեմ, կասեմ:

Լ.Մ. - Էդ կազմակերպությո՞ւնն է Աննայից փողը վերցնում, փոխանցում:

Ս.- Աննան ոչ մեկին բացարձակ գումար չի տալիս: Դա հատուկ բան է, որը բոլորին ֆինանսավորում է՝ թե Կարմիր խաչին, թե մնացածին: Դրանք հատուկ բանկեր են, որոնք առձեռն ոչ մեկին գումար չեն տալիս: Բախտավոր Աննային, որ էդքան գումար ինքը ունենա: Ուղղակի իրենք թուղթը գրում են, տվյալները ներկայացնում են, երեխայի առողջականը, տան վիճակը եւ այլն, հանձնաժողովն է որոշում, ինչքան արժի տալ, ինչքան չարժի, արժի թե չարժի: Տանը մի հատ հասարակ «իմպորտնի» բան ունեցար, չեն տալիս ոչինչ: Մեքենա ունեցար, չեն տալիս, սեփականություն ունեցար, չեն տալիս, ասում է՝ վաճառիր քո երեխայի բուժման համար:

Լ.Մ.-Այդ բանկը ոնց է կոչվում, Սրբուհի ջան:

Ս. -Բանկի անունը կարծեմ Բարերար..., քարտի վրա կա գրած, Բարերարների չգիտեմ ինչ կազմակերպություն է ինքը: Կարմիր-սպիտակ քարտեր է իրենցը, վրան կարմիր տառերով «Բարերար» է գրած:

Լ.Մ. – Բայց, Սրբուհի ջան, մեր տունը չեկան ստուգեն:

Ս. - Որովհետեւ ես ասել եմ՝ իմ մորաքրոջ աղջիկն է: Ես ընենց վստահ եմ խոսացել, որ հաստատ իրենց կասկածի տեղիք չեմ տվել: Հիմա երկրորդ անգամն էլ խոսեմ իրենց հետ, չեմ կարող ասել ուրիշ բան, ես նորից պետք է ասեմ՝ մորաքրոջս աղջիկն է: Ընենց բան եմ ասել, որ մեր ազգանուններն էլ չհամընկնեն:

Լ.Մ. - Թղթերի մեջ բանկի ու կազմակերպության անունը կխնդրեի նայես:

Ս. - Հասնեմ տուն, կնայեմ, կասեմ:

Լ.Մ. - Աշխատել ես էդքան տարի, կազմակերպության անունը չգիտե՞ս:

Ս. - Դու ինչն ես ուզում, «Խաղաղության աղավնի՞ն»: Դա վաղուց չկա:

Երեկ, երբ տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Սրբուհուց, նա չցանկացավ խոսել: Հայտարարեց, որ Լիանա Միրզոյանին ինքը ոչինչ չի խոստացել. «Ես իրեն ոչինչ չեմ խոստացել ու ընդհանրապես ես ոչինչ չեմ ասել իրեն, լա՞վ: Մնացածը իրենց հետ ճշտեք», «Պատահական իմանալով՝ ուղղակի ասել եմ, որ սենց-սենց բան կա, կարող եք դիմել: Ես ուղղակի իրենց օգնել եմ ու այնպես է դուրս եկել, որ եւ ինձ են խաբել, եւ իրենց, այնպես չէ, որ ես եմ խաբել, կամ ինչ-որ նման մի բան»:

Հարցին, թե ուր է առաջարկել դիմել, նա պատասխանեց. «Ինչ-որ բարեգործական կազմակերպություն կա, Ռազմիկ Ավետիսյան է իրենց տնօրենը: ... Հիմա ես զբաղված եմ, աշխատանքի տեղն եմ, ինձ չի թույլատրվում շատ խոսել ու շատ բան ասել: Ես չունեմ ասելու էլ ոչինչ: Ցտեսություն ձեզ»:  

Տպել
4300 դիտում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

Սահակաշվիլիի կինը Վրաստանում պարտություն է կրել քաղաքապետի ընտրություններում

Բռնցքամարտի ֆեդերացիային սպառնու՞մ են. ահազանգում են եւ հորդորում պաշտոնյաներին հեռու մնալ իրենցից

Բացահայտվել է Երեւանում տերմինալների գողության երկու դեպք

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական

Խ. Աբովյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի. 60 տարի առաջ գրված համանուն օպերան կրկին կբեմադրվի

Բուժվող հիվանդն իրեն ցած է նետել Արտաշատի հիվանդանոցի 2-րդ հարկից ու ժամեր անց մահացել է

Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

ԵԹԿՊԻ ուսանողները բողոք ունեն. վաղը նրանց կհանդիպեն ռեկտորի պաշտոնակատարն ու բուհի խորհրդի նախագահը

ՀՀ դատախազությունը եւս չի ստացել Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու մասին որոշումը

Ս. Հովհաննիսյանը նշանակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

Ավարտվեց Բակո Սահակյանի ու «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումը. ինչ է քննարկվել՝ պարզաբանում է նախագահը

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրումը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց MasterCard ընկերության հետ անցկացրած համատեղ ակցիան