Երբ Հայաստանից մեկնեցի, այն շատ մռայլ էր, հիմա ինքնաբավ երկիր է. Ռուսական թատրոնի գեղղեկավարն աշխատանքի է անցել

Նոյեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նորընտիր գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

Նա մինչ այս աշխատում էր Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնում, որպես բեմադրող ռեժիսոր: Հայաստան, մասնավորապես՝ Ռուսական թատրոն նրան բերեց թատրոնի դերասանների համառությունն ու տնօրեն Ֆրեդ Դավթյանի կայացրած վերջնական որոշումը: Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի շուրջ ծավալված վեճերի եւ այլ մանրամասների շուրջ ՀԺ-ն զրուցել է նորընտիր գեղարվեստական ղեկավարի հետ:

- Պարոն Ներսիսյան, մեծ դժվարությամբ Ռուսական թատրոնը կողմնորոշվեց գեղարվեստական ղեկավարի հարցում: Սպասո՞ւմ էիք, որ ի վերջո, ընտրությունը ձեր վրա կանգ կառնի:

- Այդքան բանից հետո, ինչ-որ պահի արդեն չէի սպասում: Երբ ամռան սկզբին էլ ինձ հրավիրեցին թատրոն, այդ ժամանակ էլ էր շատ անսպասելի, անգամ մտքիս ծայրով չէր անցնում, բայց դերասաններն այնպիսի համառությամբ էին ինձ համոզում, որ անգամ պլանավորած արձակուրդս չեղյալ համարեցի եւ վերջին պահին ուղղությունս փոխեցի դեպի Հայաստան: Եկա, տեսա, թատրոնում ոմանց հետ շփվեցի եւ հենց այդ ժամանակ ցանկություն առաջացավ այստեղ գալու եւ աշխատելու: Հետո, երբ սկսվեցին բոլորիս հայտնի պատմությունները, որ ո՛չ, հիմա այսպես ենք անելու, որոշեցինք այլ կերպ, չէ այս կերպ... անկեղծ ասած՝ ներքին հակասական զգացողություններ ունեցա: Ես ոչ մի ձեւով չպայքարեցի այս պաշտոնի համար, եւ երբ թատրոնում ներկայացում անելու հարց դրվեց՝ մեծ հաճույքով համաձայնվեցի: Սակայն այդ հայտարարությունից հետո կրկին դադար եղավ, ես այդ ընթացքում Ռուսաստանում էի աշխատում, այնպես չէր, որ տանը բազմոցին նստած սպասում էի: Երբ տնօրեն Ֆրեդ Դավթյանը զանգահարեց, ես Վոլգոգրադում նոր ներկայացման վրա էի աշխատում: Նա ասաց, որ պատրաստ է պատասխանատու որոշում կայացնել եւ ինձ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակել: Կարծում եմ՝ Ֆրեդ Դավթյանը ճիշտ որոշում է կայացրել, որովհետեւ թատրոնն առանց գեղարվեստական ղեկավարի երկար գոյատեւել չի կարող, այլեւս ձգձգելն անիմաստ էր: Եթե այդ իրավիճակը շարունակվեր եւս կես տարի կամ մի փոքր շատ՝ թատրոնը կսկսեր մասնատվել:

- Հայտնի է, որ թատրոնի ներսում գեղղեկավարի երկու մրցակից ունեիք՝ դերասան Ռոբերտ Հակոբյանը եւ ռեժիսոր Նորա Գրիգորյանը: Արդեն հասցրե՞լ եք շփվել իրենց հետ: Ինչ եք կարծում, կստացվի՞ համատեղ արդյունավետ աշխատանքը, թե՞ նախկինում եղած մրցակցությունը կխոչընդոտի:

- Եթե նրանք, ում մասին դուք եք ասում՝ պրոֆեսիոնալներ են, չեն զբաղվում իրենց ամբիցիոզ ցանկությունների բավարարմամբ, այլ զբաղվում են թատրոնով, ապա չեմ կարծում՝ նման խնդիր լինի: Եթե նրանց ոչ թե ղեկավարի աթոռն է մտահոգում, այլ թատրոնի ապագան, ուրեմն կընդունեն խաղի այս կանոնները: Դերասանի հետ ես ծանոթ չեմ, այսօր եմ ծանոթանալու: Ինչ վերաբերում է Նորա Գրիգորյանին, ապա ասեմ, որ իմ այստեղ գալու առաջին իսկ օրվանից մենք միասին աշխատում ենք: Նա իրեն պրոֆեսիոնալ ձեւով է դրսեւորում, հետեւում թատրոնի բոլոր նորմերին: Ամեն դեպքում, թատրոնում պիտի կառուցվեն թե՛ մարդկային, թե՛ պրոֆեսիոնալ հարաբերություններ:

- Ճիշտ է՝ ընդամենը մի քանի օր է՝ ինչ այստեղ եք՝ Ռուսական թատրոնում, բայց հետաքրքիր է՝ նախնական ծանոթության փուլն ավարտվե՞լ է:

- Որոշ մարդկանց հետ ես արդեն ծանոթ եմ: Որոշներին դեռ ընդհանրապես չեմ տեսել: Այսօր հանդիպում եմ ունենալու բոլոր դերասանների հետ, անհատապես ամեն մեկին որոշակի ժամանակահատված կհատկացնեմ շփման համար: Ինձ դա հարկավոր է, պիտի հասկանամ, թե ով ինչ է ուզում այս կյանքից, ինչ է մտածում, ինչ է շնչում: Իսկ ընդհանուր առմամբ, այն մի քանի օրը, որ ես թատրոնում եմ՝ շատ բաներ եմ հասցրել հասկանալ:

- Իսկ թատրոնի ընդհանուր վիճակին՝ տեխնիկական մասին հասցրե՞լ եք ծանոթանալ:

- Այդ հարցն անգամ քննարկելն է սարսափելի (ծիծաղում է): Երբ դու Մոսկվայի գեղարվեստական թատրոնից, եւ ոչ միայն Մոսկվայի, այլեւ Ռուսաստանի ցանկացած թատրոնից հետո գալիս ես այստեղ, սկսում են արցունքներ հոսել աչքերից եւ դու հասկանում ես, որ 19-րդ դարում ես հայտնվել: Այստեղ խնդիրները շատ են, մեկ-երկու լամպ փոխելով չես լուծի: Իհարկե՝ կուզենայի սուպեր գերժամանակակից եւ տեխնիկապես հագեցած թատրոնում լինել՝ հագեցած լուսային ապարատուրայով եւ այլն, բայց ինչ արած: Այստեղ այնքան անտիկվար իրեր կան (ծիծաղում է): Իհարկե, սա իր դրական եւ բացասական կողմերն ունի, բայց ինչպես ցանկացած նորմալ մարդ, ես հասկանում եմ, որ եթե ուզում ենք բարձր մակարդակի մի բան անել, դրա համար միլիոններ է պետք ծախսել: Եթե հաջողվի պետական կամ հովանավորչական միջոցներով գումար տրամադրել, հիանալի կլինի, բայց այս պահին դա ֆանտաստիկայի ժանրից է թվում: Ինչ խոսք, միեւնույն է՝ ոչինչ չի կարող ստիպել մեզ թեւաթափ լինել, որովհետեւ թատրոնը, լավ թատրոնը առաջին հերթին արտիստներն են: Կարելի է գերհագեցած սարքավորումներ դնել, բայց նավթալինոտ բեմադրություններ անել, դա ոչ մեկին պետք չէ: Իհարկե, լավ է, երբ երկուսն էլ կա, բայց առաջին հերթին պետք է լինի կենդանի, ժամանակակից թատրոն, թատրոն, որը կքայլի ժամանակին համընթաց: Ինձ այս պահին մի բան է մտահոգում, որ ես տեսնեմ կյանքով լի, փայլող աչքերով արտիստների, ներկայացումների ընթացքում չտեսնեմ արհեստական շարժվող մի մարմին:

- Իսկ եթե տեսնե՞ք:

- Եթե տեսնեմ էլ, չի նշանակում, որ նրան պետք է ասեմ՝ վե՛րջ, ցտեսություն: Պետք է հասկանալ, գուցե նրան չեն ասել, որ ներկայացում խաղալիս պետք է ամեն ինչ միացնել, կա՛մ գուցե ասել են, բայց շատ վաղուց են ասել եւ նա մոռացե՞լ է: Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը փոխվում է, ծերանում է, ապա համալրվելով նոր արտիստներով՝ երիտասարդանում: 26 տարի առաջ, երբ ես այս թատրոնում ռեժիսոր էի աշխատում, իրենցից հիմա շատ քչերն են մնացել, թատրոնում նոր մարդիկ են, այն լրիվ ուրիշ է այսօր: Այն թատրոնը, որտեղից ես եմ գնացել, տիպիկ ռուսական թատրոն էր: Այն ժամանակ թատրոնի 90 տոկոսը ռուս արտիստներ էին, կամ մարդիկ էին, որոնք ավարտել էին Ռուսական տարբեր թատերականներ, այնտեղ էին կրթվել: Հիմա 99 տոկոսն այստեղ հայեր են: Ռուսական թատրոնն իր մենթալիտետով հայկական է: Որոշները տիպիկ ակցենտով են խոսում, որոշների մոտ ակցենտ չկա, բայց ժեստերն են հայկական: Ինչեւէ, այս թատրոնը ես 40 տարուց ավելի է՝ ինչ ուսումնասիրում եմ՝ թեկուզ հեռվից: Հասկանում եմ, որ ինձ բարդ աշխատանք է սպասվում, որովհետեւ ինչ-որ բաներ ինձ դուր են գալիս, ինչ-որ բաներ շատ են դուր գալիս, բայց ես ընդունել եմ մարտահրավերը:

- Որքան գիտեմ՝ ընտանիքով եք տեղափոխվել այստեղ: Նախկինում քանի՞ տարի եք ապրել Հայաստանում:

- Դեռ մենակ եմ, բայց որոշ ժամանակից ընտանիքս էլ կգա: Երբ այստեղից մեկնեցի, 21-22 տարեկան էի: Այդ ժամանակ Երեւանը ինձ համար մռայլ քաղաք էր: Ես ոչ թե նպատակ ունեի գնալ Ռուսաստան, այլ Մոսկվա, քանի որ 90-ականներից այնտեղ նոր թատրոններ բացվեցին, ամեն ինչ կար, եւ ես հասկանում էի, որ ինձ պետք է այնտեղ աճել: Բացի դա ստեղծագործող մարդը պետք է միշտ զարմանա: Այստեղ գալուց էլ, չեք պատկերացնի, ինչքան բանից եմ զարմացել:

- Ինչ եք կարծում՝ հարմարվելո՞ւ եք այստեղ:

- Երբ խոսում եմ այստեղի որոշ թերությունների մասին, հավատացեք, դա էլ եմ հումորով ասում: Անգամ եթե շա՜տ ուզենայի նեգատիվը տեսնել, ինձ միեւնույնն է կխանգարեր հումորի զգացումս: Եվ ի վերջո, ես այս թատրոնը հիշում եմ այն տարիներին, երբ ներկայացման ընթացքում լույսերն անջատվում էին, հանդիսատեսը մոմերով լուսավորում էր մեզ եւ ներկայացում նայում: Ալեքսանդր Սամսոնիչ Գրիգորյանը բացում էր բեմի ետնամուտքի դռները՝ մեքենայի լուսարձակներով լուսավորելու բեմը: Ինչ վերաբերում է հարմարավետությանը՝ հարմարավետություն չէի ուզենա, որովհետեւ երբ դու թատրոնում սկսում ես քեզ հարմարավետ զգալ, դա վտանգավոր է: Թատրոնը հաջողությունների, անհաջողությունների, սխալների, անկումների ու վերելքների կենտրոն է, եւ հենց դա է նրան սնում: Թատրոնը հանդիսատեսի համար էլ չպիտի հարմարավետ լինի: Չեմ ասում՝ աթոռին մեխեր պետք է ամրացված լինեն, այլ չգան նստեն, ասեն, ահա՝ գումար եմ վճարել, հարմար տեղավորվեմ, պոպկոռնը վերցնեմ, սպասեմ: Հանդիսատեսն էլ պիտի անակնկալի գա, մտածի, բանավիճի: Ինչ-որ առումով թատրոնը ժամանցի վայր է, բայց ինչ-որ առումներով էլ թատրոնը պետք է ներքին հարցեր լուծելու, բախումներ առաջացնելու վայր լինի:

- Թատրոնում բախումներ լինում են, բայց խոսքս անառողջ մրցակցության մասին է, մասնավորապես՝ երկրորդական եւ գլխավոր դերերի համար պայքարի: Մարդիկ կան, որ նախկին գեղղեկավարի օրոք արտոնյալներ են եղել, որոշներն էլ՝ ինչպես իրենք են ասում ՝ անտեսվել են: Ձեր ղեկավարման սկզբունքն ինչպիսին է լինելու:

- Ոչ ոքի հետ ընդհանուր կենսագրությամբ կապված չեմ: Եվ բացարձակապես ադեկվատ կարող եմ գնահատել իրավիճակը: Եթե դերասանը հրաժարվում է դերից, ես նրա հետ չեմ աշխատում: Ես տրամադրված եմ եւ հակված այն մտքին, որ դերասանը պետք է երախտապարտ լինի: Դերասանը՝ պրոֆեսիոնալ դերասանը, սալդատ է, իսկ երբ սկսում են պայքարը, թե ով է գլխավորը կա՛մ երկրորդական, այդ դեպքում, կամ իրենք են գնալու կամ՝ ես: Իմ կողքին աշխատող մարդկանց մոտ դա չպիտի գոյություն ունենա:

- Երկար տարիներ ՀՀ-ում չէիք եղել, այս տարի ամռանը եղաք: Պատմեք մի փոքր ձեր տպավորությունների մասին:

- Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ինձ շատ է դուր գալիս, որովհետեւ ես հիշում եմ Հայաստանը տխուր, նեղացած ու դեպրեսիվ: Երբ ամռանը եկա`ինձ զգացի ցիվիլ, ուրախ եւ շատ դրայվոտ երկրում: Երբ այստեղից մեկնեցի, այն մռայլ էր, իսկ հիմա սա ինքնաբավ երկիր է, որտեղ դու մեծ հպարտությամբ ես ասում, որ հայ ես: Եվ ներեցեք, բայց ես առաջին անգամ ուզեցի հայկական դրոշ վերցնել եւ ինձ մոտ մի տեղ դնել: Այսօր երիտասարդությունն էլ այլ է՝ ուրախ, ակտիվ, նախաձեռնող: Ես մեկնել էի մի երկրից, որտեղ դժվար էր պատկերացնել անգամ կարճ կիսաշրջազգեստով աղջիկների: Այսօր գլոբալ փոփոխություններ են եղել: Ամեն ինչում ստեղծագործական մեծ պոտենցիալ եմ նկատում:

Տպել
1026 դիտում

Բերման են ենթարկվել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամները

ՄԻՊ-ի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելել են հացադուլ հայտարարած անձանց

Բացահայտում. ՊՆ-ն մոտ 558 մլն դրամի բժշկական ապրանք է գնել, որոնք երբեւէ օգտագործել հնարավոր չէ

Լայն մայթերից գյումրեցիների ախորժակն էլ է լայն բացվում (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր

Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կարող է մեզ վրա հույս դնել. Սվիտալսկի

Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը

Լոռու մարզպետը դատի է տվել նախկին լրագրողին՝ ֆեյսբուքում իրեն վիրավորելու համար

Հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել. Մակունց

Մխիթարյանը խոսել է իր ընտանիքի հետ ու որոշել չգնալ Բաքու. ասել է թիմի գլխավոր մարզիչը

Վարույթը կասեցված եւ ՍԴ ուղարկված դատական ակտի դեմ հնարավոր է վերաքննիչ բողոք ներկայացնել. դատախազություն

Հնարավոր կլինի հանցագործության մասին անանուն հաղորդումներ ներկայացնել

Միջազգային մամուլը լի է Մխիթարյանի մասին նյութերով. երկրպագուները պահանջում են բոյկոտել ԵԼ-ն

2018-ի հունվար-ապրիլ ամիսներին Երեւանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 5200 լիտր բենզին. Կարապետյան

Մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է. խաղի ժամանակ ակնհայտ սխալ որոշում է կայացրել

Նախատեսված է 7-ից 100 տարեկան երեխաների համար. լույս է տեսել Երեւանի մասին գրված առաջին հեքիաթաշարքը

ԿԳ նախարարը տնօրեններին հրահանգել է փաստաթղթերն ընդունել ամեն օր. որոշ դպրոցներում տեղերը սպառվել են

Նախկինները հենց այնպես չեն զիջելու իրենց վերջին փրկօղակը

Հորդորում ենք լինել օբյեկտիվ. ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է անփաստարկ քննադատական հայտարարություններին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած