Ոչ շահեկան համեմատություն. դե, թռի՛ր վա՛գր

30/11/2018 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 30-ի համարում

Բոլորովին վերջերս հրապարակվեց Համաշխարհային բանկի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի համատեղ զեկույցը` «Գործարար միջավայրի եւ ձեռնարկատիրական գործունեության ուսումնասիրություն» անվանմամբ: Բանկերի փորձագետները ուսումնասիրությունները իրականացրել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ 27 երկրներում 1999-ին, 2002-ին եւ 2005-ին ու ներկայացրել իրավիճակի դինամիկան երկիր առ երկիր: Պետք է նկատել, որ կատարված ծավալուն աշխատանքի արդյունքը բավական ուշագրավ է: Այդ երկրներում հարցման են ենթարկվել բազմաթիվ ընկերություններ, եւ վերջիններիս առաջարկվել է նշել, թե ինչն է խանգարում իրենց բիզնեսին: Զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածը մասամբ արդեն ներկայացրել ենք ընթերցողին:

Ըստ այդմ, 2002-ի համեմատ 2005-ին ավելի շատ գործարարներ են նշել, որ իրենց բիզնեսին խանգարում են կազմակերպված հանցավորությունը, փողոցային հանցավորությունը, կոռուպցիան, դատական համակարգի աշխատանքը, բիզնեսի լիցենզավորումն ու թույլտվությունները, մակրոտնտեսական անկայունությունը եւ այլն: Փաստորեն, առնվազն այս առումներով Հայաստանում գործարար միջավայրը ավելի է վատթարացել 2003-ի համեմատ: Ամենաուշագրավը, ինչ խոսք, կոռուպցիայի խորացումն է, ինչը, ի հեճուկս Հայաստանում հատկապես վերջին երեք տարիներին հայտարարված կոռուպցիայի դեմ անխնա պայքարի ֆոնի, արձանագրել են բանկերի փորձագետները: Կազմակերպված հանցավորության ազդեցության ուժեղացումը բիզնեսի վրա նույնպես ուշագրավ է նրանով, որ հենց երկու-երեք տարի առաջ Հայաստանը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սկսեց դառնալ «կազմակերպված պետություն»:

Փորձագետների ուսումնասիրությունները արժեքավոր են ոչ միայն նրանով, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել առանձին երկրներում վերջին երեք տարիներին, այլ նաեւ նրանով, որ կարելի է համեմատել տարբեր երկրներում տիրող իրավիճակները: Համեմատություն կատարելով՝ մենք կարող ենք մեզ երջանիկ զգալ նրանով, որ ունենք Ադրբեջանի պես հարեւան: Բայց մեր երջանկությունը դրանով ավարտվում է, քանի որ ուսումնասիրության են ենթարկվել նաեւ  մեր մյուս հարեւանները` Վրաստանը եւ Թուրքիան: Այսպես, միայն Ադրբեջանում է, որ իրավիճակը ավելի շատ է վատթարացել, քան Հայաստանում: Այստեղ եւս կոռուպցիան խորացել է, կազմակերպված եւ փողոցային հանցավորությունը ավելի շատ է խանգարել բիզնեսին, քան երեք տարի առաջ: Երջանկացանք, հերիք է: Անցնենք Վրաստանին:

Այստեղ, ըստ հարցված գործարարների, կոռուպցիան նվազել է մոտ կիսով չափ: Զգալիորեն նվազել է կազմակերպված հանցավորության եւ փողոցային հանցավորության ազդեցությունը: 2002 թվականի համեմատ մակրոտնտեսական անկայունությունը որպես բիզնեսին խանգարող հանգամանք համարող գործարարների թիվը նվազել է մոտ 25 տոկոսով: Այստեղ չափազանց հետաքրքիր մի ցուցանիշ են ներկայացնում փորձագետները: Անցած երեք տարիներին հարկային վարչարարությունը որպես բիզնեսի խոչընդոտ համարող վրաց գործարարների թիվը նվազել է երեք անգամ: Սա ուշագրավ է նրանով, որ մեր պաշտոնյաները Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքները նվաստացնելու նպատակով նշում էին, թե հեղափոխությունից հետո գործարարներից հարկերը հավաքում են բռնի ուժով:

Վրաց գործարարները, սակայն, բոլորովին այլ կարծիք են հայտնել փորձագետներին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դրա հետ մեր համեմատությունը եւս շահեկան չէ մեզ համար: Կոռուպցիան վերջին երեք տարիներին նվազել է, մակրոտնտեսական անկայունությունը ավելի փոքր թվով գործարարների է խանգարում, դատական համակարգից բիզնեսի դժգոհությունը նվազել է, եւ ընդհանրապես, գնահատման ենթարկված 21 ցուցանիշներից Թուրքիայում գործարարության իրավիճակը բարելավվել է 15 ցուցանիշներով: Վրաստանում բարելավվել է ցուցանիշներից 13-ը, Հայաստանում` 11-ը: Ներկայացնենք եւս մի երկիր, որ ուսումնասիրվել է ՀԲ-ի եւ Եվրոբանկի փորձագետների կողմից:

Խոսքը Ուկրաինայի մասին է, որտեղ տեղի ունեցած հեղափոխությունը մեր իշխանությունները ներկայացնում են որպես դժբախտություն այդ երկրի համար: 2002 թվականի համեմատ կոռուպցիան որպես բիզնեսին խանգարող հանգամանք համարող գործարարների թիվը Ուկրաինայում նվազել է մոտ 20 տոկոսով: Կազմակերպված հանցավորությունը նվազել է կիսով չափ, հարկային վարչարարության բացասական ազդեցությունը նվազել է մոտ 30 տոկոսով: Կազմակերպված հանցավորության ազդեցությունը նվազել է մոտ 40 տոկոսով, փողոցային հանցավորությունը` մոտ 30 տոկոսով եւ այլն: Ներկայացվող 21 ցուցանիշներից Ուկրաինայում բարելավվել է 14-ը:

Մի ուշագրավ դիտարկում եւս: Մեր ներկայացրած այս 4 երկրներից միայն Հայաստանում է, ուր գործարարները ավելի շատ են դժգոհել ֆինանսավորման անհասանելիությունից: Այսինքն՝ մասնավորապես բանկերից վարկեր ստանալու դժվարությունը միայն մեր գործարարների կարծիքով է սկսել ավելի շատ խոչընդոտել բիզնեսին, քան 3 տարի առաջ: Ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Ուկրաինայում, ե՛ւ Թուրքիայում ներկայումս վարկեր ստանալու գործընթացը ավելի քիչ է խոչընդոտում բիզնեսին, քան 2002 թվականին: Մի խոսքով, «կովկասյան վագրի» «առողջությունը» այնքան էլ  լավ չէ, որքան կարծում են մեր իշխանությունները:

Հայկ Գեւորգյան

Տպել
1436 դիտում

Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել

Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով

Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)

Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ

85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ

Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ

Վե՛ր կացեք եւ քայլե՛ք, եւ երբե՛ք ու երբե՛ք չխեղճանաք, որովհետեւ դո՛ւք Թումանյանի սերունդն եք․ Նիկոլ Փաշինյան