Լուկաշենկոն անհարմար դրության մեջ է հայտնվել. երկու կոնֆլիկտ՝ մեկ նիստի ընթացքում

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը` նախ նեղ, ապա նաեւ ընդլայնված կազմով: Դրա ընթացքում որոշում կայացվեց 2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը Հայաստանին փոխանցելու վերաբերյալ: ԵԱՏՄ նիստից հետո կայացել է նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանը հանդես է եկել ելույթով: 

Անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանի ներկայացվածության հարցին՝ Փաշինյանը նշել է, որ թեեւ Հայաստանը չի պնդում անհապաղ քննարկել այդ հարցը եւ համապատասխան որոշում կայացնել՝ հարցը զգայուն է: Նա առաջարկել է այս թեման թողնել քննարկումների ընդհանուր օրակարգում` բոլորի համար փոխշահավետ լուծում գտնելու համար:

Այս խնդիրն առաջացել էր ՀՀ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո: «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրում ամրագրված Բարձրագույն տնտեսական խորհրդի կազմում են անդամ պետությունների ղեկավարները, իսկ Միջկառավարական խորհրդի՝ կառավարությունների ղեկավարները: Հայաստանի պարագայում երկու դեպքում էլ դա վարչապետն է:

Եվրասիական միջկառավարական խորհուրդն իրականացնում է հիմնականում հսկողական եւ խորհրդատվական գործառույթներ: ԵԱՏՄ անդամ պետությունների մեծամասնությունում վարչապետերն ունեն նմանատիպ գործառույթներ եւ նրանց դեպքում այս դրույթը տրամաբանական է: Սակայն Հայաստանի պարագայում՝ սահմանադրական փոփոխություններից հետո, այդ գործառույթներով զբաղվում են փոխվարչապետերը, որոնք ՀՀ օրենսդրությամբ իրավասու են երկիրը ներկայացնել նաեւ միջազգային հարթակներում: Ուստի, ԵԱՏՄ օրենսդրության Միջկառավարական խորհրդին վերաբերվող հատվածի վերախմբագրումն, ամենայն հավանականությամբ, պետք է կատարվի այնպես, որ թույլ տա երկրի փոխվարչապետերին եւս ներկայացնել երկիրը այդ հարթակում:

Իր ելույթի վերջում Փաշինյանը հույս է հայտնել, որ մեկ տարի անց «մենք կունենանք ավելի համախմբված միություն, որը կծառայի է մեր տնտեսությունների, պետությունների եւ ժողովուրդների շահերին»:

Նիստի ընթացքում ամփոփվել են ԵԱՏՄ տարեկան աշխատանքները Ռուսաստանի Դաշնության նախագահության ընթացքում: Այլ հարցերի հետ մեկտեղ անդրադարձ է կատարվել խոչընդոտների ու սահմանափակումների վերացման, ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Մասնավորապես վերջինի համատեքստում հետաքրքրական է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Պուտինի բանավեճը՝ գազի գնի շուրջ:

Լուկաշենկոյի վրդովմունքի պատճառը Բելառուսի սպառողների համար գազի թանկ գինն էր՝ 130 դոլար հազար խորանարդ մետր գազի դիմաց: Նրա խոսքով՝ հարեւան ռուսաստանյան շրջաններում սպառողները 70 դոլար են վճարում: Պուտինը հակադարձել է, որ եթե Մոսկվան Մինսկին գազը վաճառի շուկայական գնով, ապա այն կլինի ոչ թե 130, այլ 200 դոլար: Դրանից հետո Պուտինն առաջարկել է հարցը քննարկել փակ ռեժիմով՝ «այն ժամանակ, երբ լրագրողները զբաղված կլինեն այլ գործերով»:

Նիստից հետո Լուկաշենկոն հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցին, որ իր ելույթը կոռեկտ չէր: Նա նաեւ նշել է, որ ներողություն է խնդրել Պուտինից: Գազի գնի շուրջ քննարկումների վերաբերյալ նա չի ծավալվել, փոխարենը հանկարծակի հայտարարել է, թե երկրների ղեկավարները համաձայնության են եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցով:

«Մենք անսպասելի գրեթե ՀԱՊԿ գագաթնաժողով ենք անցկացրել, եւ, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը` դրական», - ասել է Լուկաշենկոն:

Լրագրողների այն հարցին, թե ով է լինելու գլխավոր քարտուղարը` Լուկաշենկոն պատասխանել է «բելառուս թեկնածուն»:

Այս հայտարարությանը պատասխանել է նախ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ: Դրանից հետո Լուկաշենկոյի հայտարարությանն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հարցը չի լուծվել: Իրոք, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն, դա միանգամայն նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել:

Լուկաշենկոյի հայտարարությունը շահարկումների առիթ էր դարձել նաեւ այն պատճառով, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում «երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական» էր համարել գլխավոր քարտուղարի հարցը՝ նշելով, որ կարեւորը փոխադարձ դաշնակցային պարտավորությունների կատարումն է:

Լուկաշենկոյի հայտարարությունը լիովին տեղավորվում է «նորեկ» Փաշինյանին «փորձարկելու» տրամաբանության մեջ: Սակայն, ակնհայտ կեղծ հայտարարությունն արդեն դուրս է գալիս կոռեկտության սահմաններից: Ինչեւէ, Լուկաշենկոն, թերեւս, չէր սպասում, որ ռուսական կողմը եւս կարձագանքի իր հայտարարությանը եւ հույս ուներ, որ «փոխհրաձգությունը» կշարունակի մնալ հայ-բելառուսական հարթության մեջ:

Այդուհանդերձ, անգամ այդ հարթության վրա Լուկաշենկոն հայտնվել է մի անհարմար իրավիճակում, երբ իր սկսած «խաղում» իրեն պատասխանում են այլ գործիքակազմով: Բանն այն է, որ Փաշինյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լուկաշենկոյից պարզաբանումներ պահանջելուն եւ նշել, որ արել է այն, ինչ ասել էր, որ պիտի անի: Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանում է պահանջել ու ինչպե՞ս է ընթացել խոսակցությունը, Փաշինյանը պատասխանել է.

«Եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց»:

Տպել
8456 դիտում

Գեթ 1 անգամ, 1 ծառ անօրինական հատելը պետք է բացառվի. Իջեւանի անտառտնտեսության տնօրեն

Իրանի հետ պատերազմն «աղետ» կդառնա. Պենտագոնի ղեկավարի թեկնածու

Վաշինգտոնում տեղի է ունեցել Առաջնորդների ֆորումը. մասնակցել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը

Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում (լուսանկարներ)

Արսեն Օհանյանը ներկայացրել է, թե ինչ է արել Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալի պաշտոնում

Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան

Շուրջ 320 անվանում 3.000 տուփ. բացահայտվել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք. ԱԱԾ

Մտածում էի, որ հանրային հեռարձակողի նախագահը վերջապես ընտրյալ է․ Տիգրան Պասկևիչյանի բաց նամակը

Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների եւ հայտնաբերել թմրամիջոց (տեսանյութ)

Լուրջ բան չկա. ՊՆ խոսնակը՝ Ելփին գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Կոտայքի մարզպետը պահանջում է չեղարկել Նոր Գեղիի փողոցը նախկին համայնքապետի անունով կոչելու որոշումը. դիմել է դատարան

ՄԻՊ-ը գործարկել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» վիրտուալ զրուցարան Messenger հավելվածում (տեսանյութ)

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են թիկունքային ապահովման խնդիրներ

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել. նրանք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին

«ԼԱՅԹ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով

Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է