Բաքուն դադար է վերցրել. հակամարտությունը կարող է վերածվել աշխարհաքաղաքականի

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները գալիք տարում արցախյան խնդրի շուրջ հնարավոր զարգացումների վերաբերյալ: Դրա համար պարարտ հող է հանդիսացել սեպտեմբերից գործնական քայլեր արձանագրած հայ-ադրբեջանական երկխոսությունը, որի արդյունքում կտրուկ նվազեցին կրակոցները արցախա-ադրբեջանական սահմանին, ստեղծվեց օպերատիվ կապ: Դրան հետեւեցին ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մի քանի հանդիպումներ, որոնցից վերջինի արդյունքում Զոհրաբ Մնացականյանը, Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որում համանախագահ երկրները ողջունել էին հրադադարի ռեժիմի խախտումների զգալի կրճատումը եւ կողմերին կոչ արել շարունակել Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ «կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար»: Համանախագահները նաեւ հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերսկսի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը, որը «կնպաստի հակամարտության արդարացի եւ երկարատեւ լուծմանը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ծավալուն հարցազրույց է տվել Ռոսիա-24 լրատվականին, որում ամփոփել է անցնող տարին եւ ներկայացրել 2019 թ. սպասելիքները՝ զգալի տեղ հատկացնելով Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին:

Ալիեւը կրկին հույս է հայտնել, որ «2019 թ. դրական տեղաշարժեր կլինեն հայ-ադրբեջանական հակամարտությունում»: Հակամարտությունը նա փորձել է կապել նաեւ Հայաստանի ներքին սոցիալական խնդիրներին՝ նշելով, որ «ծանր սոցիալ-տնտեսական վիճակը հայ հասարակությանը գարնանային իրադարձությունների գործոններից մեկն էր» եւ սերտորեն փոխկապակցված էր «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության» հետ:

Նա նաեւ ասել է, որ «գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ցույց են տալիս, որ Հայաստանի կողմից ստատուս-քվոն պահելու քաղաքականությունն անհեռանկար է»: Ալիեւը բացատրել է դա նրանով, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը «զարգացման մեծ ճանապարհ է անցել, եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տնտեսական ներուժի ու այլ ցուցանիշների բալանսն արդեն վաղուց խախտված է»:

Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր վարած, ըստ էության, մեկուսացման քաղաքականությունը, որը «արդյունքներ է տալիս»: Նրա խոսքով՝ մեկուսացումից դուրս գալու եւ տնտեսական զարգացումն ապահովելու համար հայերին պետք է «դուրս գալ իրենց չպատկանող տարածքներից»:

Վերջինի հետ չհամաձայնվելը բարդ է. եթե այդպիսի տարածքներ հայտնաբերվեն՝ հայերն անպայման կլքեն դրանք: Իսկ եթե լուրջ՝ Ալիեւի հարցազրույցում արտահայտած մտքերը նորություն չեն: Դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի մոտեցումներում որեւէ փոփոխություն չկա: Կրկնվում են հին թեզերը՝ «Հայաստանի ներքին խնդիրները հակամարտության պատճառով են», «Ադրբեջանը հաղթում է Հայաստանին ռազմական, տնտեսական եւ քաղաքական դաշտերում»…

Սակայն այդ թեզերի դուրս երումը ներքին՝ ադրբեջանական հասարակության համար նախատեսված քարոզչական մակարդակից, այն էլ նախագահի միջոցով, բխում է ադրբեջանական քաղաքականությունում վերադասավորումներ կատարելու անհրաժեշտությունից:

Բաքուն խնդիր էր դրել էներգետիկ գործարքները եւ դրանցից եկող դիվիդենտներն ուղղել հակամարտության կարգավորման իր սցենարի օգտին՝ չխորշելով օգտվել անգամ «հարեւան եւ բարեկամ», իսկ իրականում՝ Կասպից ծովում մրցակից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից: Եղբայրական Թուրքիայի եւ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի նախաձեռնած «Թուրքական հոսք» գազատարն էլ միակ երեւացող խոչընդոտն էր ադրբեջանցի փորձագետների համար՝ Ադրբեջանը Եվրոպայի «էներգետիկ անվտանգության երաշխավոր» դիտարկելու տեսանկյունից:

Օգտվելով «Չմիացած երկրների շարժմանը» ներգրավվածությունից՝ Ադրբեջանը փորձեր էր կատարում տարածաշրջանում Ռուսաստանին հակակշռող ուժի դեր ստանձնել՝ այդ թվում Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հետ հակամարտությունը խաղարկելով: Այդուհանդերձ, եթե նույնիսկ Արեւմուտքում լրջորեն հետաքրքրվեն Ադրբեջանով, ապա դա արվելու է ԱՄՆ-ի կողմից՝ ընդդեմ Իրանի: Այդպիսով, արցախյան հիմնախնդիրը կկանգնի աշխարհաքաղաքական հակամարտության վերածվելու ռիսկի առջեւ:

Հարավային Կովկասը ռազմավարական կարեւորություն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար: Բացի բուն տարածաշրջանից, այն կարեւոր է նաեւ որպես Մերձավոր Արեւելքի վրա հաստատուն ազդեցություն ունենալու պարտադիր պայման: Դրանով է բացատրվում տարածաշրջանի կովկասյան ամենաթեժ հակամարտության նկատմամբ հետաքրքրության աճը՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման եւ Իրան-ԱՄՆ հակամարտության ուժգնացման ֆոնին:

Գալիք տարվա ընթացքում համաշխարհային ուժային կենտրոններից յուրաքանչյուրը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամենայն հավանականությամբ, առաջարկելու է խաղաղության սեփական տարբերակը՝ զուգահեռաբար մեղադրելով մյուսներին «ճգնաժամային»՝ պատերազմական իրավիճակ հրահրելու մեջ:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի «խաղաղասեր» հռետորաբանությանը, ապա Բաքվի վերցրած դադարը ժամանակավոր է եւ պայմանավորված է նրանով, որ այս պահի դրությամբ Ադրբեջանն այլ ելք չունի: Նախեւառաջ, ստեղծված իրավիճակում բարձրաձայն ռազմատենչ հայտարարությունները սխալ կընկալվեն միջազգային հանրության կողմից: Բացի դրանից, Բաքուն ոչ մի երաշխիք չունի, որ ռազմական գործողությունները բարենպաստ ընթացք կունենան իր համար. հայկական կողմն այսօր ավելի անկանխատեսելի է, քան 2016 թ. ապրիլին էր:

Տպել
4490 դիտում

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի