Ո՞ւմ էր ձեռնտու ադրբեջանական բողոքի ալիքը. ո՞վ էր իրական կազմակերպիչը

Ադրբեջանում մարեց վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ալիքը: Այն սկիզբ էր առել հունվարի 19-ին զանգվածային բողոքի ցույցով: Ցույցը կազմակերպվել էր ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Կազմակերպիչը Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդն էր, իսկ աջակիցների թվում էին «Մուսավաթ» եւ «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունների եւ այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:

Բողոքի ալիքի առիթ էր հանդիսացել հակակոռուպցիոն հրապարակումներով եւ տեսահոլովակներով հայտնի բլոգեր, քաղբանտարկյալ Մեխման Հուսեյնովին նոր մեղադրանք ներկայացնելը, իբր վերջինս ծեծի է ենթարկել բանտի աշխատակիցներից մեկին: Դրանից հետո բլոգերը հացադուլ էր հայտարարել, որին միացել էին մի քանի այլ քաղբանտարկյալներ:

Հունվարի 19-ին Բաքվի քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված ցույցը մեկնարկեց «Մեխսուլ» մարզադաշտում: Ոստիկանության տվյալներով՝ դրան մասնակցեց 2800 մարդ, մինչդեռ ընդդիմադիր գործիչները եւ ցուցարարները նշում էին 2-3 տասնյակ հազարի մասին: Այդ ցույցը, սակայն, աննախադեպ էր այլ պատճառով: «Մեխման, Մեխման», «Ազատություն» վանկարկումների հետ մեկտեղ ցույցի ընթացքում հնչեցին նաեւ հակակառավարական կոչեր, այդ թվում նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականը պահանջող վանկարկումներ:

Թերեւս հենց դա էր կարծիք ստեղծել, որ հարեւան երկրում սկիզբ առնող շարժումը կարող է վերաճել հեղափոխության: Սակայն Ալիեւը ճկունություն դրսեւորեց եւ, օգտագործելով ինֆորմացիոն հոսքերը, կարողացավ իր օգտին շրջել ստեղծված իրավիճակը: Հունվարի 21-ին ադրբեջանական մեդիադաշտում լուրեր տարածվեցին, որ իրավապաշտպանները Հուսեյնովին ազատելու խնդրանքով դիմել են Ալիեւին: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ ինքը՝ Հուսեյնովն է դիմել է նախագահին՝ նոր գործը կարճելու խնդրանքով: Չնայած նրան, որ ո՛չ Հուսեյնովի ընտանիքը, ո՛չ էլ նրա փաստաբանը տեղյակ չեն Հուսեյնովի խնդրանքի մասին՝ արդեն հաջորդ օրը Ալիեւի «առաջարկությամբ» Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քննչական մարմնին հանձնարարել է դադարեցնել քրեական գործը: Այդպիսով՝ Հուսեյնովը ազատ կարձակվի մարտին՝ ներկայիս ազատազրկման ժամկետը լրանալուց հետո, իսկ հեղափոխությունն Ադրբեջանում հետաձգվեց:

Ինչ վերաբերվում է մյուս քաղբանտարկյալներին, ապա նրանց վիճակը շարունակում է մնալ նույնը, իսկ հանրային ուշադրությունն այս թեմային նվազել է, ինչը հիմք է տալիս կարծելու, որ հունվարի 26-ին նախատեսված բողոքի ցույցը ավելի սակավամարդ է լինելու: Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ Բաքվի ոստիկանության վարչությունը մտադիր է հայտ ուղարկել քաղաքային իշխանություններին՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ցույցերն արգելելու միջնորդությամբ։ Պատճառն, ըստ ոստիկանապետի, այն է, որ վերջին ցույցերի ընթացքում այդ կազմակերպությունը ցուցադրել է «իր իսկական դեմքը» եւ փորձել անկարգություններ հրահրել։ Միջնորդությամբ առաջարկվում է այդ խմբի կազմակերպած ցույցերին թույլտվություն չտալ, «քանի դեռ նրանք չեն կարողանա կառավարել զանգվածները»։ Փաստացի, բողոքի ալիքից շահած դուրս եկան Ալիեւը, որին հաջողվեց իր «մարդասիրական» ժեստով գրավել հասարակության որոշ մասի համակրանքը, Բաքվի ոստիկանությունը, որին, ամենայն հավանականությամբ կհաջողվի նվազեցնել ցույցերի թիվը մայրաքաղաքում եւ հենց բլոգեր Մեյխան Հուսեյնովը, որը ազատ կարձակվի մարտին:

Իշխանության շահած դիվիդենդները հուշում են, որ ցույցերի իրական կազմակերպիչը կարող է լինել հենց ինքը: Ցույցերի նախապես կազմակերպված լինելու մասին են խոսում նաեւ մի շարք այլ մանրուքներ, ինչպիսիք օրինակ համացանցում տարածվող սակավաթիվ տեսանյութերում երեւացող դրոշների բացարձակ նույն չափսերն են:

Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները միակ «կասկածյալը» չեն: Բողոքի ալիքից բավական օպերատիվ կերպով օգտվել են նաեւ Արեւմուտքում: Հունվարի 17-ին ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել, որում պահանջել է ազատ արձակել բլոգերին եւ մի շարք այլ քաղբանտարկյալների: Իսկ հունվարի 21-ին ԵԽԽՎ-ում լսումներ են տեղի ունեցել Հուսեյնովի գործով, որի մասնակիցները քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ այլախոհներին հետապնդելու համար: Բողոքի ալիքին են անդրադարձել ամերիկյան Washington Post եւ Foreign Policy հեղինակավոոր պարբերականները՝ եւս քննադատության ենթարկելով ալիեւյան ռեժիմը: Այս ալիքը կազմակերպվածության առումով վերջին տարիներին, թերեւս, ամենահաջողն էր, ընդ որում ոչ այդքան ցույցերի, որքան միջազգային հանրության արձագանքի տեսանկյունից:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հարեւան երկրում տեղի ունեցող ցանկացած հակաիշխանական, ինչպես եւ ցանկացած իշխանամետ գործընթաց որեւէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ ինչպես արցախյան հարցի լուծման, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այլ հարց է, որ Ադրբեջանում իրական բողոքի ալիքի պարագայում այդ պետությունը կարող է կանգնել շատ լուրջ՝ ընդհուպ մինչեւ կազմալուծման վտանգի առջեւ, սակայն հունվարյան ցույցերը այդ դեպքը չեն:

Տպել
7616 դիտում

ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի անձնագրի խնդիրը լուծվել է. ֆեդերացիայի փոխնախագահ

Քոչարյանի կալանքը փոխելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ. մեղադրողը խնդրեց բեկանել այդ որոշումը

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հանդիսացավ Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորը

Հայկ Գեւորգյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է գնահատվում չհավաքագրված հարկային պոտենցիալը

Խաղաղություն էլ խաղացին. ինչպես է Ադրբեջանը դուրս մղում խաղաղության օրակարգը

Նույնիսկ եթե վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը անցնի 60%-ը, ողբերգական որեւէ բան չկա. Ատոմ Ջանջուղազյան

Դատավորն ունի 58 հազար դոլար, իսկ նրա կինը 91 հազար դոլար

Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ